Խատիսեանի վարչապետութիւնը եւ ներքին անել վիճակը. Ապրիլ, 1920

249

Հայկական ուսումնասիրությունների ԱՆԻ կենտրոնը այս կտորով ավարտում է Ռուբէն Տէր Մինասեանի ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹԻՒՆԸ աշխատության մաս-մաս ներկայացումը, որը տեղ է գտել Ռուբէնի Հայ Յեղափոխականի մը Յիշատակները բազմահատորյակի Է (7-րդ)  հատորում (Բ. հրատարակութիւն, Պէյրութ, 19179, էջ 123-348):

Ռուբէն Տէր Մինասեանը եղել է ՀՅԴ Բյուրոյի անդամ, Հայաստանի Առաջին Հանրապետության երրորդ ռազմական նախարարը:

ԱՆԻ-ին հիշեցնում է, որ առանձին հոդվածների վերնագրերը ինքն է դնում, որոնք սովորաբար տեքստից վերցված նշանակալի հատվածներ են:

________________________

Նախորդ մասը կարդալ այստեղ

Խատիսեանի վարչապետութեան շրջանին, որքան որ այս ճարպիկ եւ ջանասէր գործիչը աշխատանք կը թափէր իր դիրքը ամուր պահել եւ իր դահլիճը դարձնել հեղինակութիւնը եւ կամքը Հայաստանի, բայց ի զուր կ’անցնէին նրա փորձերը:

Հայաստանի Խորհրդարանը կազմուած էր համարեա դաշնակցականներից, քանի որ նրա միապաղաղութիւնը խանգարւում էր միայն մի քանի թուրքերով, 6 էսէսներով եւ մի չէզոքով, բայց, յաճախ հասարակ խնդիրների մէջ իսկ, մեծամասնութիւնը ձեռնպահ էր մնում եւ փոքրամասնութեան ձայներով էր որ կը պահուէր դահլիճը:

Դաշնակացական ֆրակցիայի ժողովների մէջ, բուռն վէճերի ու քննադատութեանց առարկայ էին դառնում Խատիսեանը եւ իր դահլիճը, հակառակ որ դաշնակցական ֆրակցիան իր մէջ բաժանուած էր զանազան խմբակցութիւնների, որոշ սկզբունքային եւ անհատական տարակարծութիւններով: Միայն կուսակցական աւանդութեան ու կարգապահութեան շնորհիւ էր, որ այդ անվստահութիւնը չէր արտայայտւում խորհրդարանի բաց նիստում, ու յանուն կուսակցական վարկի՝ կառավարութիւնը պահւում էր կուսակցական նախանձախնդիրների կողմից:

Խատիսեանը, շարունակական պալիատիւներով կարողանում էր այդ անկայուն վիճակով շարունակել կառավարել, յենուելով երբեմն այս, երբեմն այն կուսակցական խմբակցութեան վրայ, եւ դրա համար ստիպուած էր շարունակել իր գոյնը, կերպարանքը փոփոխութեան ենթարկել, ինչ որ աւելի եւս գցում էր նրա վարկը:

Ի՞նչն էր պատճառը դաշնակցական կառավարութեան հանդէպ՝ դաշնակցական խորհրդարանի անվստահ վերաբերմունքին: Դաշնակցական կառավարութիւն ասացի, քանի որ կառավարութեան բոլոր անդամները, բացի Զօր. Արարատեանից (Զինուորական նախարար), դաշնակցականներ էին, ե՛ւ վարչապետ Խատիսեանը, ե՛ւ Ներքին գործոց նախարար Գիւլխանդանեան, ե՛ւ ֆինանսների նախարար Ս. Արարատեան, ե՛ւ Դատական գործոց նախարար Ա. Չիլինգարեան, ե՛ւ Ա. Բաբալեանը (Խնամատարութեան նախարար): Ինչպէս այս անունները ցոյց կու տան, ոչ միայն դաշնակցականներից, այլ դաշնակցական կարեւոր գործիչներից էր կազմուած դահլիճը: Հակառակ այս հանգամանքին, կառավարութիւնը զգում էր իրեն թոյլ, անյենարան. համարեա ամէն օր քննադատութեան օր էր կառավարութեան համար եւ նա, կաշկանդուած, համարեա ամլութեան էր մատնուած:

Այս հիւանդոտ երեւոյթը շատերի կողմից, նոյնիսկ կառավարութեան կողմից, չէր բացատրւում իր խորութեամբ. շատ անգամ անհասկացողութեան վերագրում էին այս երեւոյթը: Իրականին մէջ, կառավարութեան անկայունութեան էական պատճառներն էին կուսակցութեան մէջ եղած երկուութիւնը (dualisme) եւ կուսակցութեան ու ժողովրդեան ծարաւը կտրուկ եւ ուժեղ քաղաքականութեան, որը կը բացակայէր Խատիսեանի իրաւախոհութիւն (compromis), բոլորին բաւարարելու քաղաքականութեան մէջ: Թուլութիւնը հետեւանք էր միայն ու միայն նրա կուսակցութեան ոյժն ու ձգտումները չըմբռնելուն:

Կուսակցութիւնը շարունակում էր մնալ այն գիտակցութեան, որ պետութիւնը իր ծնունդն է, որ զոհողութեան ընդունակը՝ ինքն է յանուն այդ պետութեան եւ անկախութեան պահպանման, որ հայ ժողովուրդը իր հետ է, որ ինքն է կազմակերպուած ոյժը, եւ, վերջապէս, որ ամբողջացնելու համար Դաշնակցութեան առաջադրած իդէալները՝ ինքը պիտի լինի առաջնորդողը եւ ուղղութիւն տուողը հայ ժողովրդի քաղաքական գծին:

Հակառակ կուսակցական ընկերների այդ մտայնութեան, խորհրդարանում եւ կառավարական անդամների ու պաշտօնեաների մէջ ստեղծւում էր մի այլ ուղղակի հակառակ մտայնութիւն, որ, կուսակցութիւնը ստեղծելով պետութիւն, իր դերը վերջացած է արդէն եւ պիտի թողնէ կառավարութեան եւ խորհրդարանին վարելու երկիրը անկախօրէն: Կուսակցութեան պարտքն է օժանդակել եւ յենարան դառնալ կառավարութեան: Եւ քանի որ իրենք են յանձինս խորհրդարանի ընտրուած ժողովրդի կողմից, կառավարութիւնը պատասխանատու է միայն խորհրդարանին, իսկ խորհրդարանը ժողովուրդին, որի քուէով է ընտրուած: Ահա այս՝ ինչպէս որակւում էր «պետական մտածելակերպի» մտայնութիւնն էլ արտացոլւում էր խորհրդարանում եւ մի խմբակցութիւնով ներկայանում:

Այս երկու տարբեր մտածելակերպերը՝ կուսակցական եւ պետական՝ հանրապետութեան սկզբից էլ գոյութիւն ունէին՝ առաջները թոյլ, բայց քանի գնաց՝ ուժեղացան: Երբ 1918 թուից մինչեւ 1920 Ապրիլի պատմութիւնը գրելու լինեմ, կ’անրադառնամ այդ անբնական դրութեան, բայց կ’ուզէի ասել որ այդ պայքարը հին էր: [ՀՅԴ] Թ. Ընդհանուր Ժողովը, որ պիտի վերջ տար դրան, չկարողացաւ: Նրա մէջ էլ նոյն երկուութիւնը առաջ եկաւ. այդ ժողովի արձանագրութիւններից եւ որոշումներից կը տեսնենք, որ պետականութեան հոսանքը՝ Ս. Վրացեանի ղեկավարութեամբ չկարողացաւ լիովին անցկացնել տալ պետական տեսակէտների թէզերը, եւ ոչ էլ միւս՝ կուսակցական ուղղութիւնը, որ ես էի պաշտպանում, կարողացաւ զուտ կուսակցական տեսակէտ անցկացնել:

Այս երկու հակամարտ ուժերից մէկը կամ միւսը պէտք է չէզոքանար եւ կամ միջին դրութիւն ստեղծուէր՝ բնականոն եւ միապաղաղ գործունէութիւն ունենալու համար:

Բայց ոչ մէկ հոսանքը միւսին տեղի չէր տալիս, եւ քանի գնում էր, թէ՛ Խորհրդարանի, թէ Կառավարութեան ոտքի տակից նրանց միակ յենարան Դաշնակցութիւնն էլ վրիպում էր:

Դրութիւնը փրկելու համար, Բիւրոյին մնում էր կա՛մ ամբողջ կազմով կառավարութեան մէջ մտնել եւ առնել իր ձեռքը երկրի սանձերը, եւ կամ իր անկախութիւնը ձեռք բերելու համար, յետ կանչել կառավարութիւնից Բիւրոյի երկու անդամները: Այս վերջին տեսակէտը բաժանում էր ե՛ւ դաշնակցական ֆրակցիան, որ տեսնելով որ կուսակցութեան ուժեղութիւնը անհրաժեշտ է իր իսկ վարկի համար, նոյնը պահանջեց կառավարութիւնից: Երկու անգամ գրաւոր դիմում եղաւ վարչապետին. նա համաձայն էր սկզբունքով, բայց անյայտ պատճառներով չգործադրուեց: Պիտի ասել, որ Աբրահամ եւ Սարգիս այնքան էլ տրամադիր չէին կուսակցական գործով զբաղուել, քանի որ կը գտնէին այդ ոչբեղմնաւոր:

Խնդիրը այս դրութեան մէջ էր, երբ Մոսկուայից եկաւ Արտաշէս Չիլինգարեանը եւ արտասահմանից՝ Համօ Օհանջանեանը: Սրանք կանգնեցին այն տեսակէտի վրայ, որ պէտք է ուժեղացնել կառավարութիւնը եւ գրեթէ անմիջապէս մտան կառավարութեան մէջ: Դրանով աւելի էր թուլանում Բիւրոյի դիրքը հանդէպ կառավարութեան եւ նա համարեա բոլորովին չէզոքանում էր: Իսկ կառավարութեան բոլոր ջանքերը ուժեղացնելու իր դիրքը յաչս ժողովրդի անօգուտ էին անցնում. նրա կազմը օր աւուր ուժեղանում էր աւելի կարող ընկերներով, բայց պետական ներքին կեանքը աւելի անկայուն էր դառնում: Դաշնակցութեան չէզոքանալով գլուխ էին բարձրացրած զանազան տարրեր, որոնք բացէ ի բաց պետութեան դէմ կը գործէին. մի կողմից զօրքը, սպայութիւնը, որը գնում էր դենիկինեան հովերով եւ նոյնիսկ Հայաստանի Հանրապետութիւնը ծիծաղելի կը համարէին եւ Հայաստանը ու նրա զօրքը մասը կը հաշուէին Ռուսիոյ: Միւս կողմէ բոլշեւիկներն էին, որոնք կառավարութեան ներողամտութիւնից օգտուելով, բացարձակ կը գործէին անկախութեան դէմ: Կուսակցութիւնը դժվարանում է ի գլուխ հանել, բժշկել, շտկել այդ հիւանդոտ վիճակը:

*****

Դաշնակցութիւնը իրեն առաջադրած էր լուծելու Միացեալ եւ Անկախ Հայաստանի հարցը, բայց այդ հարցի մասին չի կարելի ասել, որ միատեսակ ըմբռնում կար թէ՛ Խորհրդարանում, թէ՛ Կառավարութեան եւ թէ նոյնիսկ Դաշնակցութեան շարքերում: Բոլորն էլ խօսքով ընդունելով անկախութեան գաղափարը, ոմանք դէմ էին անկախութեան, իսկ ոմանք էլ հաւատով չէին վերաբերւում դէպի անկախութիւն: Այդ երեւոյթը պատճառ էր դարձած որոշ խմբաւարումների առաջ գալուն, որոնք իրարու դէմ կը պայքարէին եւ կը ցանկանային իրենց գիծը անցկացնել, բայց առանց արտայայտուելու բուն խնդրի մասին: Այդ խնդրի շուրջը, ինչպէս ասացի, ոչ ոք պարզ չէր արտայայտուեր, քանի որ դա  պատճառ պիտի դառնար ծանր պայմաններում պայքարը ուժեղացնելու. շատերի համար արտայայտուելը կը նշանակէր հերքել իրենց գոյութիւնը եւ իրենց գրաւած պետական դիրքերը:

Խորհրդարանից դուրս իբր կուսակցութիւն գոյութիւն ունէր բոլշեւիկեան հոսանքը, որը թէեւ չունէր իր ներկայացուցիչը խորհրդարանում, բայց եռանդուն գործունէութիւն ցոյց կու տար բանուորութեան, զօրքի եւ դպրոցների մէջ: Դրանք էին որ ամենից յստակ կերպով դէմ էին Հայաստանի անկախութեան, եւ տնտեսական, քաղաքական եւ այլ պատճառներով՝ Խորհրդային Ռուսաստանին կցուելը անհրաժեշտ էին համարում: Նրանք չէին քաշւում բաց կերպով գործելու Հայաստանի կարգերի դէմ եւ հիմքը փորելու կառավարութեան: Շատ անգամ Կեդր. Կոմիտէներից, Բիւրոյի կողմից գրաւոր եւ բերանացի հարցապնդումներ եղած էին ֆրակցիայի նիստերում, քննադատելով կառավարութեան անհասկանալի ներողամիտ եւ հովանաւորող քաղաքականութիւնը դէպի բոլշեւիկները, որոնք դէմ էին իր իսկ գոյութեան: Բայց անուշադիր էին անցնում այս բողոքները, քանի որ չկար նոյնիսկ դաշնակցական ֆրակցիայի մէջ այն միակամութիւնը, որ հարկադրէր կառավարութեան իր ընթացքը փոխելու: Երբ Բիւրոյի անդամ Ներքին գործոց նախարարը պատասխան էր տալիս, թէ ինքը յեղափոխական լինելով, չի կարող յեղափոխականներին հալածել, իր ճշմարտութեամբ իրօք բաւական դժուար կացութեան մէջ կը  դնէր իր ընկերներին: Շատերը բռնակալ կամ ոչ-յեղափոխական երեւալու համար՝ պիտի լռէին, իսկ մի մասի կարծիքով այդ ուղղութիւնը նպաստաւոր էր, քանի որ ըստ էութեան այդ քաղաքականութիւնը կը համապատասխանէր իրենց ներքին զգացմունքներին եւ ձգտումներին:

Մնում էր մի խմբակ Դաշնակցութեան ֆրակցիայի մէջ, որ չէր հասկանար այդ ձեւին ամրապնդել անկախութիւնը եւ անվնաս վիճակի մէջ կը մնար հանդէպ կառավարութեան, մանաւանդ որ վարչապետը միջին ճանապարհը բռնած էր չսիրաշահել թէ՛ բոլշեւիկներին, թէ նրանց հակառակորդներին: Ի հարկէ այս դրութիւնը երկար պիտի չտեւէր եւ մի օր պիտի պայթէր, բայց ստեղծուած էր մի անախորժ տրամադրութիւն, նուաստացուցիչ թէ՛ կուսակցութեան եւ թէ կառավարութեան վարկի համար:

Մի օրինակ հարիւրաւորներից կարելի է յիշել իբրեւ նմոյշ: Մեռած էր սոցիալ-դեմոկրատ եւ ի վերջոյ բոլշեւիկ Զոհրաբեանը: Նրա յիշատակը յարգելու համար, հանդէս է կատարւում քաղաքային դումայի առջեւ. հոն են բոլոր բոլշեւիկ ականաւոր գործիչները. հոն են նաեւ Հայաստանի կառավարութիւնը եւ իր վարչապետը: Ճառեր են խօսում: Եւ Մռաւեանը, փոխանակ մեղմելու իր յարձակումները կառավարութեան ներկայութեամբ, ձաղկում է հոն կանգնած ներկայացուցիչներին եւ վերջացնում՝ «Կեցցէ Խորհրդային Ռուսաստանը, կեցցէ համաշխարհային յեղափոխութիւնը, կեցցէ Խորհրդային Հայաստանը»: Յաջորդում է դատախազ Մալխասեանը. «Անկցին բռնապետութիւնները, կեցցէ Ռուսաստանը եւ յեղափոխութիւնը» գոչում է: Եւ այդ միտինգը, թէ ցոյցը, ոչ մի արկածով չի վերջանում. ընդհակառակն, շքով ու պատուով աւարտւում է յօգուտ բոլշեւիկների:

Չգիտեմ, անհրաժե՞շտ էր այդ ազատամտութիւնը. եթէ անհրաժեշտ էր, յամենայն դէպս կարիք չկար կառավարութեան մասնակցութեան մի ոչ ստիպողական ակտի, որի մէջ ինքը պիտի խայտառակուէր: Այդ դէպքերը մթագնում էին անկախութեան գաղափարը եւ թուլացնում նրա պաշտպաններին:

Բոլշեւիկների արտացոլումը խորհրդարանում կար յանձինս Էսէռների, որոնք մինչեւ Հանրապետութեան անկումը հակառակ էին անկախութեան գաղափարին եւ յաճախ Խոնդկարեանի, Թումանեանի եւ միւսներու բերանով խորհրդարանի բեմից «Կեցցէ Ֆեդերատիւ Ռուսաստանը եւ նրա մաս Հայաստանը» կը գոչէին: Եւ ջատագով կը հանդիսանային ներողամտութեան ե՛ւ Ռուսիոյ հետ միացման քաղաքականութեան, ում կողմից էլ լինէր, թէկուզ բոլշեւիկների կողմից: Նրանց միշտ կը ձայնակցէին Արտաշէս Մելքոնեանը, որ վերջը ապստամբութեան կազմակերպիչներից եղաւ, ինչպէս նաեւ խորհրդարանի թուրք անդամները: Մի խումբ երկչոտ դաշնակցականներ՝ Ա. Օհանջանեանի գլխաւորութեամբ, կողմնակից էին Էսէռներին, եւ միայն կուսակցական կարգապահութեան ոյժն էր, որ նրանց թոյլ չէր տար միշտ ձայնակցել նրանց:

Մի խումբ էլ կար միջին տեղը բռնող՝ Վրացեանի, Ջամալեանի գլխավորութեամբ, որ կամուրջ էր այսպէս ասած ռուսական կամ բոլշեւիկեան ուղղութեան եւ ծայրայեղ անկախութեան կողմանկիցների կամ աւելի շուտ ազգայնականների միջեւ: Այս խմբակը տարօրինակ էր իր կազմով: Նրա շաղկապող օղակն էր անկախութեան գաղափարը, թէեւ միւս խնդիրների մէջ տարակարծութիւններ միշտ կը պատահէին: Այս խմբակը խայտաբղետ էր այն տեսակէտից, որ իր մէջ ամփոփում էր Դաշնակցութեան չափաւոր եւ ծայրայեղ տարրերը, ինչպէս օրինակ ինձ, Տէրէնեանին, թուրքահայերին եւ ծայրայեղ սոցիալիստ հաշուող Վահան Խորէնիին, Արշակին եւայլն: Սրանց ձգտումն էր Հայաստանը եւ կառավարութիւնը հայացնել, լեզուով, սովորույթով ու օրէնքով. անխնայ լինել բոլոր նրանց դէմ, որոնք դէմ են անկախ Հայաստանին եւ տատանուողներին չհաւատալ:

Աւելի աջ, խորհրդարանից դուրս կային տարրեր չէզոքների մէջ, ինչպէս Մամիկոնեանը եւ զօրքի ղեկավարները, սպայութիւնը, որոնք կը տենչային Ռուսիան, բայց ոչ կոմունիստական, այլ դենիկինեան: Սրանք ոյժ էին կազմում, քանի որ նրանց ձեռքին էր զօրքը, եւ եթէ Դենիկինը յաջողէր, դրանց կողմից վտանգը առաջ պիտի գար, ինչ առաջ եկաւ հետագային բոլշեւիկների կողմից:

Ահա այս տարամերժ հոսանքներն էին, որ կը թուլացնէին կառավարութիւնը եւ պատճառ կը դառնային նրա անկայունութեան, նրա անբեղմանւոր գործունէութեան, եւ որ գլխաւորն է՝ վարկի բացակայութեան: Եւ որքան որ հանգամանքներն էին պատճառը նրա այդ թուլութեան, բայց ամենագլխաւոր պատճառը այն էր, որ կառավարութիւնը ցանկանալով սիրելի լինել բոլորին, ցանկանալով յենուել բոլորի վրայ միաժամանակ,- արհամարւում էր բոլորի կողմից եւ իր բազմաթիւ յենարաններից ոչ մէկը չէր ծառայում իրեն հաւատարմօրէն: Նրան բացակայում էր կամքը եւ ուղղութիւնը, եւ ինքը այն սկզբունքին լինելով որ խորհրդարանի ցուցմունքներով պիտի շարժուի, խորհրդարանի այս կամ այն խմբակի ուժեղանալու եւ թուլանալու հետ, նրա գոյնն էլ՝ կարմիր, երբեմն սեւ, երբեմն տժգոյն կը դառնար: Իսկ կուսակցութեան վրայ յենուել նա չէր կարող, քանի որ նա չէզոքացուած էր. Բիւրոն  էլ չունէր իր դիմագիծը, քանի որ նա չէր սնուցանւում իր խմբերից ու Կեդր. Կոմիտէներից, այլ տարուած էր պետական հոգերով:

Եթէ մի ամուր յենարան կար, դա դաշնակցական մասսան, ստորին խաւերն էին եւ մասնաւորապէս տաճկահայութիւնը, բայց սրանց կարեւորութիւնը տուողը չկար: Առողջ բնազդներից առաջ եկած բողոքները, խնդիրները՝ միշտ անլսելի կը մնային եւ այդպիսով նրանք, յոգնած, չէին ուզում կարծես յենարան ծառայել: Այս բոլորի վրայ աւելացած տնտեսական ճգնաժամը, Վեդիի տակ զինուորական անյաջողութիւնները, թուրքերի ապստամբ վիճակը, արտաքին անյոյս դրութիւնը, Ադրբեջանի եւ Վրաստանի վերաբերմունքը, դարձնում էին Կուսակցութեան եւ Հայ ժողովուրդի վիճակը աղիտային:

Նեղութեանց հետ, ներքին պայքարներն էլ կը սրուէին եւ անտանելի կը դարձնէին դրութեան շարունակութիւնը: Ամէնքը, ամէնքը կը ցանականային փոխել մի բան՝ անել այդ կացութիւնից դուրս ելնելու, բայց իրօք ոչ ոք ցոյց չէր տալիս մի ուղի, թէ ի՞նչ է անելու, ո՞րն է այն ճանապարհը որ պիտի ամրացնէ երկրի տնտեսականը, դրամականը, ռազմականը, ապահովէ թէ՛ դրսի, թէ ներսի թշնամիներից, ամրացնէ կառավարութեան վարկը եւ հեղինակութիւնը: Բոլորն էլ կ’որոնէին, կ’որոնէր կառավարութիւնը, առանց գտնելու այն ոյժը, այն յենարանը, որ պիտի լուծէր այդ բոլորը:

ՎԵՐՋ ՌՈՒԲԷՆԻ ՅՈՒՇԵՐՈՒՆ