Հրաչյա Քոչարի հոդվածը Մեծ Եղեռնի 50-ամյակի առթիվ – «Խորհրդային Հայաստան», 1965թ, ապրիլի 24

3428

1890-1920 թվականների երեք տասնամյակը մեր բազմադարյան պատմության ամենաողբերգական, ամենահերոսական, ամենավիպական շրջանն էր, որ ունեցել է միլիոնավոր նահատակներ, զոհերի մեջ եղել են գիտուններ ու բանաստեղծներ, ճարտարապետներ ու երաժիշտներ, բժիշկներ ու փիլիսոփաներ, հերոսների մեջ` ռամիկ հողագործներ ու մշակներ, արհեստավորներ ու հովիվներ, այգեպաններ ու նույնիսկ վանքերի մենակյացներ:

Ժողովուրդն ազգովին պատմությունից ջնջվելու վտանգի տակ էր: Հարյուր հազարավոր անզեն մարդիկ, փոքր ու մեծ խմբերով, ձորերում ու կիրճերում գնդակահար էին լինում, կամ կամուրջներից նետվում էին լեռնային գետերի կատաղի ալիքների մեջ, ամբողջ բազմություններ մեռնում էին Սիրիայի ու Իրաքի ավազուտներում: Դահիճները չէին խնայում նույնիսկ ծծկեր երեխաներին ու զառամյալ ծերունիներին: Սարսափելի է հիշել մանրամասնությունները: Բայց հիսուն տարի հետո էլ մենք կարող ենք մխիթարվել մեր ժողովրդի տոկունությամբ ու կենսունակությամբ, ապրելու, մահվանը դիմադրելու նրա մեծ կամքով, ջարդարարներին դիմադրելու նրա արիությամբ, որ երեւաց այն դաժան տարիներին:

Եւ ցավալի էր, որ նոր ժամանակների մեր պատմագրությունը չէր հիշում գոնե ժողովրդի ճշմարտապես հերոսական դիմադրության դրվագները, Սասունի ու Տարոնի կռիվները, Վանի քաջարի պաշտպանությունը, Շապին-Գարահիսարի հերոսամարտերը, հայ գյուղացիների խիզախ ընդվզումը Մուսա լեռան վրա, զեյթունցիների վերջին դյուցազնությունները: Մեր պատմությունից դուրս էր մնում նույնիսկ քսաներորդ դարի Ավարայրը՝ Սարդարապատը, որի սպիտակավուն հողի վրա, հին Արմավիրի այդ դաշտում, ժողովուրդը, արդեն հազար տեղով մարմինը խոցոտված, արյունաքամ, հուսահատ, ոտքի ելավ ոչ թե հաղթելու, այլ պատվով մեռնելու համար, դեմքը՝ թշնամուն ուղղած, թիկունքը՝ էջմիածնի, Գեղամա լեռների ու Սեւանի կողմը: Եւ կատարվեց հրաշքը… ժողովուրդը, որ պատրաստվել էր մեռնելու, հաղթեց, ջախջախեց թշնամու գերազանց ուժերն ու ետ մղեց նրան Ախուրյանի մյուս ափը: ժողովուրդը հաղթանակեց Սարդարապատում, երկու տարի էլ զարհուրելի տառապանքներ կրելով, 1920 թվականին իր հինավուրց երկրում ստեղծեց նոր հասարակարգ, որը չպետք է թույլ տար այլեւս եղեռնի ու ողբերգության կրկնություն, պետք է վերջ տար դարերի տանջանքներին:

Հայ ժողովրդի ողբերգությունը՝ մեծ եղեռնը, ծրագրվել ու ծրագրվում էր թուրքական պետության ամենաբարձր պաշտոնատներում՝ դեպքերից դեռ տասնամյակներ առաջ: Թուրքական պետական մտածողությունը կայսրության մեջ ապրող մյուս ազգերի պահանջներին ու դժգոհություններին վերջ տալու, «ազգային հարցն» իր երկրի ներսում լուծելու միակ ճանապարհն այդ ազգերին ոչնչացնելու, նրանց բնաջնջելու ճանապարհն էր համարվում: Այդպես են վարվում այլ ազգերի հետ բոլոր ցեղապաշտները: Ցեղապաշտությունը, որ ստոր, կույր, անմարդկային կիրք է, բնականաբար, հասնում է գենոցիդի քաղաքականության, երբ ցեղապաշտները կանգնած են տիրող ազգության ու նրա պետության գլուխ:

Արյունոտ սուլթան Աբդուլ Համիդի առաջին մինիստր Քեամիլ փաշան դեռ 1878 թվականին «հայկական հարցը» լուծելու թուրքական եղանակի մասին ասել է. «Հայ ազգը վերացնելու, անհետ եւ անճիտ անելու ենք: Դա գլուխ բերելու համար բան չի պակասում մեզ: Ամեն գործիք պատրաստ ունենք… Կուսակալ դատավոր, հարկահան, ոստիկան, վերջապես ամեն ինչ: Կրոնական պատերազմ կհայտարարենք, դյուրին պատերազմ այնպիսի մի ազգի դեմ, որ ոչ զենք ունի. ոչ զինվորություն, ոչ պաշտոն»:

Ժողովրդասպանության, ազգասպանության ամբողջական մի ծրագիր էր սա, թուրքական պետական մտածողության կոնցեպցիա, պետական դոկտրինա:

Այսպես էին մտածում սուլթան Աբդուլ Համիդն ու իր առաջին մինիստրը 80-ական եւ 90-ական թվականներին 1895-1897 թվականների ջարդերն այս պետական մտքի գործողությունն էին՝ այսպես էին մտածում երիտասարդ թուրքերը, «Միություն եւ առաջադիմություն» կուսակցության ղեկավարները 1908-1909թթ.. նույնիսկ այն օրերին. երբ «եղբայրություն եւ հավասարություն» խոսքերն էին կրկնում սրբապղծորեն: Այդ մտածողության գործադրությունն էին 1915-1916 թվականների զանգվածային ջարդերը: Այդպես էին մտածում Կարաբեքիր փաշան ու նրա նման թուրք զորավարները 1920 թվականին, գրավելով նաեւ արեւելյան Հայաստանի մի մասն ու այստեղ էլ կոտորածներ սարքելով:

Քեամիլ փաշայից հետո Թուրքիայում շատ անգամներ պետական հեղաշրջումներ եղան, բայց ժառանգաբար, մեկի ձեռքից մյուսին անցավ այդ դոկտրինան եւ նրա գործադրությունն ավելի կատարելագործվեց, ավելի ահավոր չափերի հասավ: Թուրքական պետության այդ մտածողություններն անհայտ չէին հայ ժողովրդին: Դրանք եւ տեսություն էին, եւ պրակտիկա: Քեամիլ փաշայի այդ հայտարարությունը թարգմանվել ու տպվել էր Կովկասում հրատարակված «Փորձ» հանդեսում, դեռեւս 1879 թվականին: Ուրեմն, թուրքական բռնությունների եւ ազգասպանության այդ վայրենի ծրագիրն ու նրա գործադրությունը հայ ժողովրդի մեջ պիտի դիմադրություն հարուցեին ու կազմակերպություններ ստեղծեին՝ այդ դիմադրությունը ղեկավարելու համար:

Սակայն, հայ ժողովրդի դատը տնօրինելու հավակնող կուսակցությունները հարբել էին երիտասարդ թուրքերի «հեղափոխական» խոստումներից, որ չէին զինել ժողովրդին ամեն տեղ եւ ամենուրեք, պաշտպանություն չէին կազմակերպել, ինչպես ժողովուրդն ինքը վարվեց Վանում ու Սարդարապատում:

Հավիտյանս հանցավոր կմնան հայ ժողովրդի ու նրա պատմության առաջ դաշնակցություն կուսակցության ղեկավարները, որոնք դաշինք կնքելով թուրք իթթիհադականների կուսակցության ղեկավարների հետ ու հավատով նրանց, մոլորեցրին հայ ժողովրդին, դահիճների հետ եղբայրություն քարոզելով, նրանք զինաթափում էին արհավիրքը նախազգացող խիզախներին, հարկադրում էին զենքերը հանձնել թուրք պետությանը: Ադանայի հայկական ջարդերից հետո էլ դաշնակցության գործիչները շարունակում էին նույն քաղաքականությունը: Վանում, նույնիսկ իրենց սպանությունից մի քանի օր առաջ, Վռամյանն ու Իշխանը հաղորդում էին խոնարհ լինել Ջեղեթ փաշայի պահանջներին. «դասալիք» հայերին առաջարկում էին ներկայանալ թուրքական իշխանություններին:

Իրենց այդ վարքի առաջին զոհերն էլ հենց իրենք եղան, բայց անաչառ ու խիստ պատմությունը չի կարող արդարացնել նույնիսկ զոհվածներին:

էնվեր եւ Ջեմալ փաշաներն ու նրանց ուղղակի կամ անուղղակի գործակիցները ասել, կրկնել են նաեւ, որ իբր թե թուրք ժողովուրդը նահապետական ժողովուրդ էր, իսկ հայերը վաճառական ու արդյունաբերող ազգ էին, որ շահագործում էին խեղճ, նահապետական թուրք ազգին եւ դրանով ատելություն հարուցում նրա մեջ, որ հայկական կոտորածներն այդ «զայրույթի» հետեւանք էին: Դա մի թափանցիկ կեղծիք էր, որ ապացուցվեց հենց այդ կոտորածների օրերին, երբ ոչնչացվում էին առաջին հերթին գավառների հայ բնակչությունը, հայ գյուղացիները, իսկ քաղաքներում՝ արհեստավորներն ու մտավորականությունը: Եթե որեւէ դաս համեմատաբար քիչ ոչնչացվեց, դա քաղաքների մանր առեւտրականներն էին:

Հայ ժողովրդի կոտորածների դեմ հոգու անհուն զայրույթով խոսել ու գրել են Լենինն ու լենինյանները, խոսել ու գրել են Մաքսիմ Գորկին ու Վալերի Բրյուսովը, Նիկոլայ Մառն ու Եվգենի Տառլեն, հարյուրավոր ռուս գիտնականներ, գրողներ, լրագրողներ ու բանաստեղծներ: Դատապարտել են ջարդարարներին ու դատաստան պահանջել Արեւմուտքի եւ Արեւելքի մարդասերները՝ Ժան ժորեսն ու Անատոլ Ֆրանսը, Կարլ Լիբկնեխտն ու Վասիլ Կոլարովը, լեհ բանաստեղծ Յազվեցկին եւ անգլիացի դոկտոր Գիբոնսը, Ջոն Ռիդն ու Ֆրիտյոֆ Նանսենը, վերջապես Մուսա լեռան քառասուն օրվա դյուցազներգությամբ իր անունը հայ ժողովրդի սրտում անմահացրած ավստրիացի գրող Ֆրանս Վերֆելը եւ հարյուրավոր ուրիշ մարդիկ:

Նրանք բոլորը վկայել են, որ հայ ժողովրդին ոչնչացնում էին, որովհետեւ նա ազատություն էր երազում, որովհետեւ հոգով նա ծառանում էր բռնության, ստրկության, խավարի, հետամնացության, բանտային դաժան կյանքի դեմ, ձգտում էր հաղորդակից դարձնել մարդուն արժանի ազատ կյանքին, որովհետեւ նա պաշտպանում էր իր պատիվը, իր ընտանեկան սրբությունները, իր լեզուն ու իր ազգային ինքնությունը:

Սակայն հիշենք, որ աշխարհի ազնիվ մարդկանց համակրանքի, կարեկցության, բողոքի ու զայրույթի խոսքերը չօգնեցին, եւ մեկուկես միլիոն ժողովուրդ զոհվեց քաղաքակիրթ աշխարհի աչքի առաջ: Չօգնեցին ոչ Անատոլ Ֆրանսի, ոչ Նանսենի շանթալի խոսքերն ու ծանր մեղադրանքներն եւրոպական պետությունների հասցեին: Չօգնեցին, որովհետեւ իմաստուններն ու ազնիվ հոգիները զենք ու բանակներ չունեին, իսկ զենք ու բանակ ունեցողները չունեին ազնիվ հոգի ու իմաստություն:

Աշխարհը եւ պետություններ կառավարող այդ մարդիկ շահամոլ եսասերներ էին, ոսկու պարկերին երկրպագող, ազգերի արյունը դիվանագիտական շուկաներում սակարկող, անսիրտ ու անհագուրդ վաճառականներ, որոնք չէին խորշում մարդկանց ու ժողովուրդներին սպանելուց, երբ այդ արյունոտ արհեստի մեջ շահ էին տեսնում:

Սպանվեց, բայց չմեռավ հայ ժողովուրդը:

«Հայաստանը մեռնում է, բայց նա կվերածնվի, – ասել է Անատոլ Ֆրանսը ճշմարիտ մարգարեի պես, – նրան մնացել է շատ քիչ արյուն, թանկագին արյուն, որից կծնվի մի հերոսական սերունդ»:

Այդպես էլ եղավ: «Շատ քիչ, թանկագին արյունից» ծնվեց մեծ սխրագործությունների ընդունակ նոր, հերոսական սերունդ, որն իր երջանկությունը եւ իր ապագան կերտելով, չի մոռանում իր ժողովրդի զարհուրելի անցյալը: Այդ անցյալի արյունոտ էջերը թերթելով, նա առավել բուռն, առավել խոր սիրով կսիրի իր ժողովրդի պատմության այսօրվա օրը, կհասկանա նրա սոցիալիստական վերածնության պատմական խորհուրդն ու վեհությունը:

1915 թվականի եղեռնի զարհուրելի օրերին մարդակեր Թալեաթ փաշան մի հայ գործչի հետ խոսելիս ասել է. «Մենք այնպես կջարդենք ձեր ազգը, որ հիսուն տարի շարունակ ուշքի չգաք եւ չմտածեք ինքնուրույն ազգային կյանքի մասին»:

Սա մարգարեություն է: Դահիճներն էլ երբեմն փորձում են մարգարեանալ, բայց դահիճները միշտ էլ հիմար գուշակներ են եղել, որովհետեւ տխմարաբար հավատացել են իրենց կացնի եւ իրենց կեռ յաթաղանի զորությանը:

Վիրավոր, արյունաքամ, կես մեռած, կես կենդանի հայ ժողովուրդն այդ ցինիկ «մարգարեությունից» ընդամենը հինգ տարի հետո տանջագին դալարումներով ոտքի կանգնեց, շտկեց իրանը շահագործությամբ:

Այդ մեծ, բարի, այդ հզոր արեւը ճառագեց վիթխարի, առասպելական ուժով, շունչ ու կյանք տվեց մեր ժողովրդին:

Դա Հոկտեմբերի արեւն էր: Նա ծագեց հյուսիսից, որ ջերմացնի մեր մոլորակի կյանքը, լույսով ողողի նրա բոլոր մութ ծալքերն ու խորշերը:

Եւ Հայաստանի դաշտերում վերստին լսվեց հայկական հորովելը, քաղաքներում կրկին բարձրացան դղյակներ: Եւ նոր քաղաքներ ծնվեցին, եւ նոր հավատի նորաոճ կոթողներ հղացավ հայ ճարտարապետի միտքը: Իսկ այսօր, հիսուն տարի հետո, հայ ժողովուրդը հաստատուն կանգնած հայրենի հողի վրա՝ իր բարձրիկ սարերի պես երեւում է աշխարհին: Նրա մասին խոսում են ոչ թե կարեկցությամբ, այլ հարգանքով, ոչ թե խղճահարությամբ, այլ հիացմունքով:

Հայաստան անունն այսօր հայ պանդուխտի հողին համակում է հպարտությամբ ու պարծանքով, որովհետեւ հայրենի հողի վրա ինչ որ ստեղծվում է, երբեք չպիտի քանդվի այլեւս, ինչ հուշարձաններ որ երկինք են խոյանում, երբեք չպիտի խորտակվեն, պիտի ապրեն հավերժական կյանքով, որովհետեւ հայրենիքը մենակ ու անօգնական չէ, նա եղբայրության ուխտով կապված է եղբայր ժողովուրդների հետ: Իսկ այդ նվիրական ուխտն ու սրբազան դաշինքն ավելի զորավոր ու հզոր են, քան աշխարհի բոլոր չարագործների չար մտադրությունները:

Մեր հայրենիքը կրկնակի սիրելի է մեզ համար, որ արդար աշխարհի հետ է, բանական ճանապարհի վրա, ապահով արհավիրքներից եւ եղեռնից: Այս ճշմարտությունը փայլուն կերպով գիտակցեց ամերիկահայ գրող Վիլյամ Սարոյանը: Հինգ տարի առաջ նա եկավ Հայաստան: Տեսավ հայրենիքը, նրա բնությունը, մարդկանց, նրա նյութական ու հոգեւոր կյանքը եւ վերադարձի օրը ասաց. «Ես կսիրեմ Հայաստանն ինչպես որ նա կա իր որդեգրած գաղափաներով, իր ընտրած ճանապարհով»:

Մեր հայրենիքի փառքի ու հմայքի, նրա ուժի ու զորության գաղտնիքները ճշմարիտ որ նրա որդեգրած գաղափարներն են, նրա ընտրած ճանապարհը` դեպի արեւը, դեպի անմահությունը:

Ապրեց մեր կենսասեր ու կենսունակ ժողովուրդը, վերածնվեց փյունիկի նման, բուժեց իր վերքերը եւ նոր հերոսներ ու նոր իմաստուններ ծնեց, որոնց հոգու վրա չկա անցյալի մրուրը, որոնք ծնող ժողովրդի ազնիվ առաքինությունները՝ մարդասիրությունը, այլասիրությունը, բոլորի հետ համերաշխ ապրելու նրա երազը ժառանգելով, հարստացնում է նրա հոգեւոր կյանքը, նոր խոսքով ու նոր գաղափարներով, նոր գրքերով ու նոր երգերով, որոնց իմաստն ու խորին խորհուրդը ժողովուրդների համերաշխությունն ու բարեկամությունն է, հավիտենական խաղաղության կարոտը:

Լեցուն է այսօր մեր ազգային կյանքը: Բայց ես մտքով տեսնում եմ սիրելի Հայաստանը նաեւ տասնամյակներ հետո, չկա մի թիզ հող, որ ծարավ լինի ու չոր, արեւի տակ շողում է իր հին ափերը վերադարձած Սեւանը, կապույտ երկնքի տակ ծփում է Ախուրյան նոր լիճը, Գուգարաց աշխարհից անտառներ է տարածվել, բոլոր կողմերից գրկվել են լայնանիստ Արագածը, շառաչում է մի վիթխարի անտառ Գեղամա լեռներում, որ ժողովուրդը կոչել է «Նահատակների անտառ»: Մտքով տեսնում եմ գալոց օրերի հայ պատանիներին ու աղջիկներին, ականջիս հնչում են հայոց նոր երգերը եւ առավել գեղեցկացած հայոց լեզուն: Նրա մեջ չկան այլեւս «սփյուռք», «սփյուռքահայություն», «գաղութահայ կյանք», «գաղութահայություն» բառերը, որովհետեւ միավորվել է հայ ժողովուրդը, կատարվել են դարավոր բաղձանքները, աշխարհում բոլոր ժողովուրդների մեջ ստեղծվել են համերաշխություն, փոխադարձ հավատ ու վստահություն: Բոլոր ազգերն իրար լույս ու ջերմություն են պարգեւում:

Այդպես եմ տեսում ես Ապագան: Եւ հավատում եմ պատմությանը եւ իմ երեւակայության տեսիլներին:

«Խորհրդային Հայաստան», 1965, ապրիլի 24. թիվ 96. էջ 4:

Հ. Գ. Այս հոդվածը վերցրել ենք Edgar Pahlavuni (Էդգար Պահլավունի) ֆեյսբուքի օգտատիրոջ էջից