Զինուորական նախարարութիւնը 1918-1920 թթ. Ռուբէն Տէր Մինասեան

276

Հայկական ուսումնասիրությունների ԱՆԻ կենտրոնը մաս-մաս՝ արևմտահայերենով և մեսրոպյան ուղղագրությամբ, ներկայացնում է Ռուբէն Տէր Մինասեանի ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹԻՒՆԸ աշխատությունը, որը տեղ է գտել Ռուբէնի Հայ Յեղափոխականի մը Յիշատակները բազմահատորյակի Է (7-րդ)  հատորում (Բ. հրատարակութիւն, Պէյրութ, 19179, էջ 123-348):

Ռուբէն Տէր Մինասեանը եղել է ՀՅԴ Բյուրոյի անդամ, Հայաստանի Առաջին Հանրապետության երրորդ ռազմական նախարարը:

ԱՆԻ-ին հիշեցնում է, որ առանձին հոդվածների վերնագրերը ինքն է դնում, որոնք սովորաբար տեքստից վերցված նշանակալի հատվածներ են:

________________________

Նախորդ մասը կարդալ այստեղ

Դեռ Հայաստանի Հանրապետութեան կազմակերպուելուց առաջ, 1917 թուին, Թիֆլիսի Ազգային Խորհուրդը հիմքը դրեց այս նախարարութեան, զինուորական բաժնի վարիչը նշանակելով Ստեփան Մամիկոնեանին, ինձ նշանակելով նրա օգնականը, իսկ ընդհանուր հրամանատար՝ Նազարբէկեանը: Այստեղ միայն պէտք է յիշատակել, որ 1918ին, Կարսի անկումից յետոյ, Ազգային Խորհրդի այս բաժինը միայն կորիզն էր մնացած, իսկ նրա ճիւղերի, զօրամասերի մեծ մասը քանդուած եւ փչացած էին պատերազմների հետեւանօք: Երեւանում, սակայն, որտեղ նահանջած էին զօրքերի մի մասը, Ազգային Խորհրդի ներկայացուցիչ-լիազօրը՝ Արամը, կարողացած էր զինուորական գործը դնել ժողովրդական ամուր գետնի վրայ, որի շնորհիւ կազմակերպուեցին Սարդարաբատի եւ այլ փառաւոր կռիւները եւ Երեւանեան Հանրապետութեան հիմքերը դրուեցին:

Մինչեւ կառավարութեան Թիֆլիսից Երեւան ժամանելը, 1918ին, Արամը վարում էր զինուորական գործերը իր յատուկ ձեւով, առանց կապուելու ընդհանրապէս ընդունուած զինուորական օրէնքներով եւ կանոններով: Նա՝ ժողովրդական կազմակերպութիւնը ճաշակաւորած եւ ուժեղացուած էր զինուորական արուեստով: Գուցէ այս ինքնուրոյն ձեւը քննադատութեան ենթարկուի զինուորական քննադատների կողմից եւ որոշ թերութիւններ գտնուին զինուորական գիտութեան տեսակէտից, բայց իրականութիւն է, որ կիրառած ժողովրդական-զինուորական ձեւերի շնորհիւ, առանց նիւթական եւ դրամական միջոցների, մի պատկառելի զինուորական ոյժ էր կազմակերպուած թուրքերի դիմաց, որից կ’ակնած էին նոքա:

Այս համառօտ ակնարկը գցեցի անցեալի վրայ, ոչ թէ այդ ժամանակուան պատմութիւնը տալու նպատակով, այլ ցուցադրելու այն կերպարանափոխութիւնները, զորս ունեցաւ զինուորական վարչութիւնը:

Երբ Հայաստանի անկախութիւնը յայտարարուեց եւ ընտրուեց առաջին վարչապետը՝ Քաջազնունին, նա ցանկացաւ զինուորական գործը կազմակերպել ճիշդ այնպէս ինչպէս ուրիշ երկիրներում, եւ ի մասնաւորի Ռուսաստանում: Արդէն մեր սպայութիւնը, որ ռուսական բանակի մէջ էր ծառայած եւ կրթուած, անհասկանալի եւ անընդունելի կը գտնէր Երեւանեան կազմակերպական նոր ձեւը՝ կիսաժողովրդական, կիսազինուորական:

Հաշտութեան պայմանները կռելուց յետոյ, երբ արդէն կռիւները դադրած էին, զինուորական գիտութեան վրայ կազմակերպելու պահանջը կը զգար սպայութիւնը: Եւ այդ նպատակով զինուորական նախարարի պաշտօնին կանչուեց մասնագէտ Հախվերդեան, որ հմուտ էր զինուորական գործերի մէջ եւ ոչ մի հոսանքի էր պատկանում: Այս վերջին հանգամանքը ոչ միայն կը բաւարարէր կուսակցութեանց մրցակցութեան եւ նախանձի, այլեւ կը համապատասխանէր այն ռուսական մտայնութեան, թէ «բանակը դուրս է քաղաքականութիւնից»:

Այս խիստ վիճելի հարցի լուսաբանութեան մէջ չեմ մտնելու, բայց այստեղ պիտի մատնանշեմ այն իրակնութիւնը, որ Հախվերդեանի նախարարութեամբ սկսւում է մի նոր շրջան հայ զինուորական կեանքի մէջ: Գլխաւոր հիմունքն է լինում- «Զինուորականութիւնը դուրս է քաղաքականութիւնից, ժողովրդական ոչ մի ոյժ մուտք պիտի ունենայ նրա մէջ, նրանք են զինուոր, որոնք ենթակայ են զօրակոչի, նրանք են ղեկավար, որոնք աւարտած են զինուորական դպրոց»:

Սա մի ճիշդ սկզբունք պիտի համարել մի բնականոն երկրի մէջ, զինուորական մտայնութեան բոլորովին համապատասխան, հետեւողական շարունակութիւնը ռուսական զինուորական դպրոցի: Ռուսական մտաւորականութիւնը եւ ժողովուրդը, դաստիրակուած լինելով ռուսական ոգուով, գրաւիչ պիտի գտնէին կիրառուած դրութիւնը միաժամանակ, կառավարութիւնը ու մտաւորականների մի խոշոր մասը, ապակուսակցական տեսակէտի վրայ կանգնած լինելով, ամէն կերպ կ’աշխատէին պետական ֆիզիքական ոյժը դնել չէզոք հողի վրայ, հեռու ժողովրդական հոսանքներից ու կուսակցական ազդեցութիւններից:

Զօրավար Հախվերդովը միանգամայն կը համապատասխանէր այդ պահանջին: Նա բառի բուն իմաստով զինուորական էր, հոգուով, մտքով, պատրաստութեամբ, եւ նա բոլորի աջակցութեամբ կազմակերպում է զինուորական գործը իր ուզածի նման՝ համապատասխան ռուսական զինուորական գիտելիքների: Զինուորական նախարարութիւնը պարզ մանրանկարն էր ռուս զինուորական նախարարութեան. իսկ բանակը իր ոգուով, իր վարժութեամբ եւ գործելակերպով, նոյնն էր ինչ ռուսական որեւէ զօրաբաժին: Ի զուր չէ, որ հայկական բանակը կը համարէին Դենիկինի բանակի մի մասը. նմանութիւնը մեծ էր թէ՛ կազմակերպութեան, թէ ձգտումների մէջ:

Այսպէս լինելով հանդերձ, Հայաստանն ունէր զօրք, մի փոքրաթիւ զօրք, որի թիւը 7.000-8.000ի կը հասնէր, հաշուելով մէջը հետեւակը, ձիաւորը, թնդանօթաձիգը եւ թիկունքի պաշտօնէութիւնը: Զինուորական բաժինների գլուխ կը գտնուէին մասնագէտ զօրավարներ, որոնք բազմամեայ փորձառութիւն ունէին ռուսական ծառայութեան մէջ. նրանցից ոմանք յայտնի էին նոյնիսկ ռուսական բանակում:

Երբ չէին գտնւում հայ ծագումով ղեկավարներ, ռուս ղեկավարներ էին գործում որոնց թիւը 400ի կը հասնէր, չհաշուած հասարակ պաշտօնեաներն ու զինուորները (որոնք փոքրաթիւ էին համեմատած ռուս ծագումով բարձր պաշտօնեաների): Այդպիսով Հայաստանի բանակը կազմակերպուած էր զինուորական մասնագիտական տուեալների վրայ. նա ունէր իր արժանիքները գիտական տեսակէտից, բայց ունէր իր թերութիւնները ոգու եւ ազգային տեսակէտից: Այս վերջին հանգամանքը դժգոհութիւններ առաջ բերած էր թէ՛ կուսակցական շարքերում եւ թէ Խորհրդարանում եւ այս դժգոհութիւնները աւելի քան սուր կերպարանք առին Վեդիբասարի ամիսներ տեւող անյաջող կռիւների ընթացքում: Դրանց խափանելու համար, Զինուորական նախարարի օգնական հրաւիրուեց Դրոն: Շուտով Հախվերդեանին փոխարինեց Զօր. Արարատեանը զինուորական նախարարի պաշտօնում:

1919ի նախարարական այս փոփոխութիւնը հիմնական փոփոխութիւն առաջ չբերեց զինուորական կազմակերպութեան մէջ: Պահպանուեց տառացի կերպով Հախվերդեանի կառուցած զինուորական կազմուածքը, եւ այդպէս էլ պիտի լինէր, քանի որ Արարատեանը նոյն ռուսական դաստիրակութիւնն ունէր ինչ Զօր. Հախվերդեանը, այն տարբերութեամբ միայն, որ Արարատեանը աւելի համեստ էր իր զինուորական պատրաստութեամբ եւ ստեղծագործական տաղանդով եւ միայն առաւելութիւն ունէր՝ հայերէն խօսել գիտէր: Զօրավար Արարատեանը նախարար լինելով, չունէր առանձին մի ծրագիր. աստճանով, պատրաստութեամբ եւ բնաւորութեամբ աւելի ցած էր քան իր սպայակոյտում նստած զօրավարները, ինչպէս Նազարբէկեան, Հախվերդեան, Սիլիկեան, Գամազով, Բիսենկօ եւայլն, եւ նա շարունակում էր ինչ սկսուած էր, անում էր այն ինչ գլխաւորապէս Հախվերդեանը կը թելադրէր կամ կը ներշնչէր:

Զօր. Արարատեանի նախարարութիւնը աւելի շուտ քողարկուած Հախվերդեանի նախարարութիւնն էր. Արարատեանը դերը կը սահմանափակուէր Հախվերդեանի կողմից պատրաստուած զինուորական իշխանութեան թէզերը պաշտպանելով Խորհրդարանում. յաճախ, լրիւ բացատրութիւնները առնելու համար, հարկ կը լինէր Կոմիսիայում Հախվերդեանին եւ Նազարբէկեանին կանչել լուսաբանութեանց համար:

Այս ժամանակամիջոցում, որոշ փոփոխութիւններ մտան Զինուորական նախարարութեան մէջ, Դրոյի զինուորական նախարարի օգնական նշանակուելով, բայց այդ փոփոխութիւնները աւելի մասնակի բնոյթ ունէին: Դրոն իրեն նպատակակէտ էր դարձրել Վեդիբասարի ճնշումը եւ իր ամբողջ ուշադրութիւնը կեդրոնացած էր այս ճակատի զօրամասերի եւ զինուորական գործողութիւնների վրայ: Այդ պատճառով, եթէ նախարարութեան մէջ հիմնական փոփոխութիւնները յառաջ չեկան, բայց գործող բանակի թիւը զգալի չափով աւելացաւ եւ կազմակերպուեց: Դրան նպաստում էր եւ այն հանգամանքը, որ զինուորական նախարարի օգնական Դրոն յաճախ իբր արեւելյան ճակատի հրամանատար դուրս կը գար եւ անձամբ կը ղեկավարէր Վեդիի ճակատի գործերը: Եւ այսպէս օր աւուր ուժեղանում էր զօրքը եւ բազմանում:

1919ին, զէնքի տակ էին կանչուած 5 դաս. անյայտ էր թէ Հայաստանում իւրաքանչւր դաս որքա՞ն զինուոր պիտի տար, որովհետեւ չկար ճիշդ վիճակագրութիւն Հայաստանի ազգաբնակչութեան: Անհամեմատ մեծ թիւով մարդիկ էին կլանում թիկունքային աշխատանքների համար, ինչպէս օրինակ, սպայակոյտի, զինամթերքային կէտերի, վերակացուների (պարենաւորման), հեռագրերի եւ այլ բազմաթիւ հիմնարկութիւնների վրայ: Եւ եթէ հաշուելու լինենք դրանց վրայ սպաների դենշչիկներին (ծառայողներին) եւ գործող բանակի թիկունքում աշխատողներին, ինչպէս օրինակ աբոզշչիկներին, այդ պարագային զօրակոչի ենթարկուած սպաների եւ զինուորների 60 տոկոսից աւելին դառնում էին հաց ուտողներ եւ հազիւ 40 տոկոսն էր որ պիտի գործող բանակում դառնար թնդանօթ, սուր կամ սուին բռնող: Ուժերի այս անհամեմատ աննպատակայարմար դասաւորումը, եթէ չասեմ վատնումը, բխում էր ընդունուած դրութիւնից:

Օրինակ ունենալով ռուս զինուորական օրէնքները, կազմակերպւում էին սպայակոյտերը, զինամթերքի կէտեր եւայլն, այն ձեւով որ կիրառում էին ռուսները. հսկայածաւալ Ռուսիոյ համար դա անհրաժեշտ էր, բայց երբ փոքրիկ Հայաստանը նոյն դրութեամբ առաջնորդւում էր՝ թիկունքը նախ կազմակերպելով ռուսական դրութիւններով, այլեւս մարդկային ուժեր քիչ պիտի ունենար գործօն բանակը լրացնելու համար: Ահա այդ էր պատճառը, որ Հայաստանի զինուորական կառուցուածքը մի հրէշ էր, որի գլուխն ու փորը մարմնի երեք-չորրորդը կը բռնէր, իսկ գործող անդամները՝ փոքրիկ, աննշան:

Այս համեմատութիւնը չափազանցուած չպիտի համարել, որովհետեւ 1919ին Զինուորական նախարարութեան հաշուից օգտւում էին 18.000 մինչեւ 24.000 հոգի, իսկ սւինների կամ սրերի թիւը 5.000ից 9.000, նայած տարուայ ո՛ր ժամանակամիջոցին ենք ի նկատի առնում: Թուերի այդ տարուբերումը առաջ էր գալիս հիւանդութեանց չափից եւ զօրակոչի խիստ կամ թոյլատու հսկողութեան աստիճանից: Յամենայն դէպս, ինչ պարագաներում էլ վերցնելու լինենք, գործօն բանակի քանակը թոյլ էր համեմատած բանակի ընդհանուր թուին: Եթէ վերցնելու լինենք 1919ի վերջին միայն գործող բանակի թուերը, կ’ունենանք հետեւեալ պատկերը.

Հետեւակը բաժանուած էր 7 գնդերի, որից մինը Ղազախի միլիցիայի գունդը, միւսը տաճկահայերի գունդը: Գնդերը բաղկացած էին մէկից երեք գումարտակներից (bataillon), այսպէս.-

Ա. գունդ – 2 գումարտակ – 1.200 մարդ

Բ. գունդ – 2 գումարտակ – 1.200 մարդ

Գ. գունդ – 3 գումարտակ – 1.500 մարդ

Դ. գունդ – 2 գումարտակ – 1.200 մարդ

Ե. Գունդ – 2 գումարտակ – 1.000 մարդ

Զ. Ղազախի միլից. գդ. – 1 գում. – 1.000 մարդ

Է. Վանեցիների գունդ – 1 գումարտակ 800 մարդ

Գումարը գործող հետեւակի 7.900 մարդ

Հեծելազօրքը՝ մի վաշտ (brigade), երկու գնդից եւ գունդը երեք գումարտակ (escadron) պիտի բաղկացած լինէր, բայց փաստօրէն կար

Ա. գնդում 250 ձի եւ թուր.

Բ. գնդում 100 ձի եւ թուր.

Լեռնային 2 մարտկոց (batterie), մինը 2, միւսը՝ 4 թնդանօթներով. ընդամէնը 6 թնդանօթ:

Դաշտայինը 4 մարտկոց (batterie) իւրաքանչիւրը՝ 4 թնդանօթ, ընդամենը 16 թնդանօթ:

Ծանր (գաուբիցա) 2 մարտկոց (batterie) իւրաքանչիւրը՝ 2 թնդանօթ. ընդամէնը 4 թնդանօթ:

Ընդամենէը մօտ 300 զինուորով:

Այդպիսով գործող բանակի թիւն էր 7.900 սուին, 350 թուր, 26 թնդանօթ, մօտ 8,550 մարդկանցով, կլոր թիւով մօտ 9.000 մարդ: Սա նորաստեղծ Հայաստանի համար մի խոշոր թիւ էր, քանի որ մեր զօրքը չէր ներկայացներ խաժամուժ մի ամբոխ, այլ կազմակերպուած մի բանակ, ռուսական իմաստով:

Բացի յիշեալներից, կային ե՛ւ զօրամսեր, որոնք կարող էին համարուել գործօն բանակի մաս եւ ներքին ապահովութեան եւ թիկունքի կազմակերպման զօրաբաժիններ: Բանակի համար ֆիզիքական ոյժ ներկայցողները հետեւեալներն էին.-

Գողթանի առանձին բաժին՝

Նժդեհի ղեկավարութեամբ 180 սուին-թուր

Յատուկ զօրաբաժին Դարալեագեազի, Ղարաբաղի եւ Զանգեզուրի (Դրոյի զօրամաս) 1.000

Երեւանի պահակային գունդ                    1.000

Ալեքսանդրապոլի պահակային գունդ      1.000

Կարսի պահակային գունդ                        400

Սահմանապահ վարիչ, Կասելիովի           300

Ընդամէնը՝                                                3.880

Այս ուժերից, զինուորական տեսակէտից արժէքաւոր էր յատուկ զօրաբաժինը, իսկ միւսները արժէք կը ներկայացնէին միայն իրենց տեղի վրայ: Ի զուր չէր որ Խորհրդարանի զինուորական յանձնախմբում հարց էր բարձրանում շարունակ կամ կրճատել մանաւանդ պահակային զօրամասերի թիւը եւ կամ տալ նրանց այլ բնոյթ:

Երկրի ամրութիւնները պաշտպանելու համար ձեռնարկուած էր Կարսի եւ Ալեքսանդրապոլի ամրութիւնների պաշտպանութեան գործին: Հոն գտնուող հարիւրաոր թնդանօթների եւ ամրոցների օգտագործութիւնը վեր էր Հայաստանի ֆիզիքական կարողութիւնից: Բայց սաղմնային վիճակի մէջ սկսուած էր ամրոցներից մի մասը կազմաւորուիլ՝ Կարսում մօտ 30, իսկ Ալեքսանդրապոլում 4 բերդային թնդանօթներ կազմաւորուած էին իրենց ծառայողներով: Թնդանօթների սպասարկութեան մօտ 400 մարդիկ էին զբաղուած:

***

Յիշեալ բոլոր ուժերը առաւել կամ պակաս զինուորական ոյժ կը ներկայացնէին եւ նրանց պատրաստութեան վրայ տրտնջալու քիչ առիթներ կային: Ընդհանուր առմամբ, նրանց կարգապահութիւնը եւ զինուորական դաստիրակութիւնը, եթէ ոչ լաւ, գոնէ բաւարար պէտք էր համարել: Նրանց միայն մի բան էր պակասում՝ ոգին, այսինքն պարտքի եւ պարտականութեանց պարզ գիտակցութիւնը եւ այն կիրքը զինուորի, որով նա դառնում է մոլեռանդ իրեն առաջադրուած խնդիրների գործադրման, որը պիտի դառնայ եւ մղիչ ուժը նրա անձնուիրութեան եւ զոհաբերման:

Ինչպէս ասացի, բանակի կազմակերպման կողմից մի մեծ թերութիւն կար, դա թիկունքի ուռուցումն էր: Առաջինը հերթին, բաւականաչափ ուժեր էին կլանւում Զինուորական նախարարութեան, սպայակոյտի եւ միւս շտաբների մէջ: Մէջն առած այդ հիմնարկութեան ծառայողները եւ պահակային վաշտերը, դրանց թիւը պակաս չէր 500ից: Սա մի շօշափելի թիւ էր Հայաստանի համար, մանաւանդ որ դրանց մէջն էին մտնում բազմաթիւ սպաներ, որոնք աւելի բեղմնաւոր աշխատանք պիտի տանէին գործօն բանակում:

Զգալի թիւ էր կազմում նաեւ Հայաստանի ուժերի համար դենշչիկների (սպային ծառայող զինուոր) գոյութիւնը: Այս զինուորների թիւը 1500ից պակաս չէր, որոնք իբր ծառաներ, թիկունում կամ ճակատում, չէին ներկայացնում զինուորական արժէք, բայց իրենց թիւով եւ նիւթի սպառումով մեծացնում էին բանակի թիւը եւ ծախսերը: Դենշչիկների վերացման եւ նրանց գործօն բանակի մէջ մտցնելու խնդիրը քանիցս քննութեան նիւթ էր եղած զինուորական Յանձնախմբի մէջ, բայց այդ առաջարկները դէմ էին ռուսական զինուորական ուստաւներին (կանոններին), ուստի ընդդիմութեան կը բախէր մանաւադ բարձրաստիճան սպայութեան կողմից: Այս խնդիրը աւելի եւ աւելի կը հասունանար եւ անհրաժեշտ կը դառնար դենշչիկների դրութիւնը վերացնել: Թէեւ դրանով որոշ անյարմարութիւններ պիտի ստեղծուէին սպաների համար, բայց այդ կրճատումով պիտի զօրանար բանակը 1.500 սուինով. իսկ թիկունքում պատսպարուելու եւ տեղաւորուելու վատ հոգեբանութիւնը մասամբ պիտի վերանար:

Էտապնի (օթեւանի) կէտերը, կոմենդանտսկի ռոտաները (վաշտ), սբորնի (հաւաքման) կէտերը՝ խիստ անհրաժեշտ էին թէ՛ ներքին զինուորկան-վարչական, թէ՛ զօրակոչի եւ թէ զօրքերի փոխադրութեանց դիւրութեան համար: Սրանք հիմնարկութիւններ էին, որ զինուորական իշխանութեան թոյլ պիտի տային առանց որեւէ այլ նախարարութեան միջամտութեան եւ օգնութեան իր գործերը անկախօրէն կարգադրելու: Բայց ներքին գործոց նախարարութիւնը արդէն իր ոստիկաններով զբաղուելու էր զօրակոչի խնդրով, եւ առանց այն էլ պահելու էր ոստիկանական կազմը. ուստի նսեմանում էին կոմենդանտսկի ռոտաների եւ սբորնի պունկտերի դերերը: Իսկ Հայաստանի փոքրիկ տարածութիւնը եւ փոխադրուող զօրաց փոքրաթուուիւնը անհրաժեշտ էին դարձած էտապնի պունկտերի գոյութիւնը: Զինուորական պունկտերի թիւը 40ի հասնում էր եւ ծառայողների ու սպաների թիւը՝ 1.000ից աւելի էր: Այդ թիւը կրճատելու պահանջը կը զգացուէր, որի իրագործման համար առաջարկներ կային զինուորկան յանձնախմբի կողմից, բայց արգելքների կը հանդիպէին, քանի որ զինուորական չափուած եւ ձեւուած ձեւերն ու կանոնները պիտի խախտուէին այդ առաջարկների գործադրման հետեւանօք:

Նոյնպէս ուժերի աւելորդ ցրում պիտի նկատել երկաթուղիների պահպանման յատկացուած բաժիններով, կարաժի յատկացուած ծառայողները, հեռագրատան եւ հեռախօսին յատկացուած շտաբները: Սրանց յատկացուած ուժերի թիւը 1000ից աւելի պիտի համարել: Չի կարելի ասել, թէ այս ուժերի անհրաժեշտութիւն չէին ներկայացներ եւ չէին կատարում ստեղծագործ աշխատանք. ընդհակառակն, զինուորական կարգապահութեան եւ ճշդապահութեան հետեւանօք, այս բաժիններն էին որ Հայաստանի ստեղծագործման սկզբին, ամենադժուարին պայմաններում համարեա ոչնչից ոտքի կանգնեցրին երկաթուղին, շինեցին ռադիոկայաններ, փչացած ինքնաշարժները նորոգեցին, փոխադրական գործը կազմակերպեցին, կտրուած հեռագրաթելերը շինեցին եւ յարդարեցին հեռագրային, հեռախօսային հաղորդակցութիւնը:

Սակայն, որքան որ զինուորական իշխանութիւնը իւր հրամայական պահանջներին բաւարարելու համար՝ կապի եւ հաղորդակցութեան համար պէտք էր, որ իր ուժերը նախ եւ առաջ լարէր. փաստ-հեռագատան, հաղորդակցութեան նախարարութիւնը  շտաբներով զուգահեռաբար նոյնպէս կազմակերպւում էր եւ կամաց-կամաց իր գործին վարժւում: Նա նոյնպէս կլանում էր մարդկային ուժեր՝ մասնագէտներ թէ զինուորական տարիքի մարդիկ:

Այս հանգամանքը անշուշտ պիտի ազդէր բանակի վրայ. նա նկատի պիտի առնէր հայ ժողովրդի փոքրաքանակութիւնը եւ անհրաժեշտութիւնը իր ֆիզիքական եւ մտաւոր ուժերի կեդրոնացման՝ առաւելապէս ստեղծագործութեան եւ ինքնապաշտպանութեան համար, առանց կրկնակի ուժեր վատնելու միեւնոյն նպատակի համար:

Կարդալ նաև՝ 

Հայկական բանակը 1918-1920/21-ին