Սինայի թերակղզին վերադարձրած Իսրայելի օրինակն ենք բերում

4237

Շատ հայեր՝ լինեն Հայաստանում կամ Սփյուռքում, Իսրայելի օրինակն են բերում:

Երբ մենք Հայաստանի և Արցախի փրկության ճանապարհը տեսնում ենք Իսրայել դառնալու մեջ, ապա ինչու չենք տեսնում այն իսրայելցուն/հրեային, տվյալ դեպքում՝ հային, որ պետք է վերադառնա Հայաստան և Արցախ:

Բարոյական և այլ տեսակետից իրավունք չունենք որևէ հայի, ով ընտրությամբ և կամ ի ծնե բնակվում է Սփյուռքում, կոչ անելու լինել դեպի Հայաստան վերադարձող հայը և իր օրինակով ցույց տալ Իսրայել դառնալու հաջողությունը, ինչպես անում են աշխարհի տարբեր անկյուններում բնակվող հրեաները՝ վերադառնալով Իսրայել:

Բայց երբ Իսրայելի անունն ենք տալիս, ապա արդար կլիներ, որ ամենքս սկսեինք մեզանից և մեր օրինակով:

Երկրորդ, Սինայի թերակղզին վերադարձրած Իսրայելի օրինակն են՞ք բերում:

25 տարուց ավելի 2 գյուղ չվերադարձրեցինք՝ հայտարարելով, որ արյամբ ազատագրված հողը չեն վերադարձնում, բայց մյուս կողմից, անդադար Իսրայել ենք մեջբերում, որը 15 տարի անց Եգիպտոսին վերադարձրեց Սինայի թերակղզին՝ ճանաչման և խաղաղության դիմաց:

Ու գիտե՞ք, թե ինչ տարածք է զբաղեցնում Սինային: 60 հազար քառակուսի կիլոմետր: Երկու Հայաստանի Հանրապետություն:

Մենք խաղաղության դիմաց հրաժարվեցինք անգամ 2 գյուղ վերադարձնել, պնդելով, որ դա կանենք միայն կարգավիճակի դիմաց: 44-օրյա պատերազմում մեզ հաղթեցին, մեզանից՝ մեր 4.000 զոհերի գնով ու 10 հազար վիրավորներով, խլեցին տասնյակ բնակավայրեր ու մեզ ստիպեցին վերադարձնել 8.000 քառակուսի կիլոմետր:

Այսօր չունենք 2 գյուղը, չունենք 8.000 քառակուսի կիլոմետրը, չունենք խաղաղություն և ունենք Եռաբլուր ու Եռաբլուրներ Հայաստանի ու Արցախի բնակավայրերում:

Մտածել է պետք, թե ինչու:

Թաթուլ Հակոբյան

20 մայիսի, 2023թ, Ծաղկաձոր