Նիկոլ Աղբալեանը, հայ դպրոցը, Դաշնակցութիւնը. Ռուբէն Տէր Մինասեան

261

Հայկական ուսումնասիրությունների ԱՆԻ կենտրոնը մաս-մաս՝ արևմտահայերենով և մեսրոպյան ուղղագրությամբ, ներկայացնում է Ռուբէն Տէր Մինասեանի ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹԻՒՆԸ աշխատությունը, որը տեղ է գտել Ռուբէնի Հայ Յեղափոխականի մը Յիշատակները բազմահատորյակի Է(7-րդ)  հատորում (Բ. հրատարակութիւն, Պէյրութ, 19179, էջ 123-348):

Ռուբէն Տէր Մինասեանը եղել է ՀՅԴ Բյուրոյի անդամ, Հայաստանի Առաջին Հանրապետության երրորդ ռազմական նախարարը:

ԱՆԻ-ին հիշեցնում է, որ առանձին հոդվածների վերնագրերը ինքն է դնում, որոնք սովորաբար տեքստից վերցված նշանակալի հատվածներ են:

________________________

Նախորդ մասը կարդալ այստեղ

ԳԼՈՒԽ Ը

ԼՈՒՍԱՒՈՐՈՒԹԵԱՆ-ԿՐԹԱԿԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹԻՒՆ

Այս կարեւոր բաժնի գլուխն անցած էր Ն. Աղբալեանը: Նա ժառանգութիւն էր ստացած նախորդ վարչութիւնից միմիայն 133 դպրոց, 383 ուսուցիչ, 11.136 աշակերտ: Աղբալեանից առաջ հարկ եղած ուշադրութիւնը չէր դարձւում կրթական գործի վրայ, ոչ թէ չկամութիւնից, այլ երկրի ծայր աստիճանի նեղութեան, սովի ու փոքրութեան պատճառով: Կառավարութեան ուշադրութիւնը գրաւուած լինելով գաղթականների ու որբերի փրկութեան գործով, նա կը գերադասէր դպրոցների յատկացուելիք ծախսն ու շէնքերը ծառայեցնել ֆիզիքական գոյութեան փրկութեան, քան բարոյականի, կրթականի:

Աղբալեանի նախարարութեան օրօք, այդ դժոխային պայմանները մասամբ կը շարունակէին, բայց նա կարողացաւ աւելին անել կրթական գործի համար, քան հնարաւոր էր: Նա կարողացաւ տարրական դպրոցների թիւը հասցնել (չհաշուելով Զանգեզուրի եւ Լոռիի շրջանները) 456ի, ուսուցիչների թիւը 1047ի եւ աշակերտներինը՝ 41,188ի: Այս թիւերը ցոյց են տալիս խիստ պարզ կերպով թէ ինչպիսի հսկայ թռիչք է արած տարրական կրթութիւնը Հայաստանում մի տարուան ընթացքում: Այս թիւերը կը մրցեն ոչ միայն այսօրուան, այլեւ գուցէ մի քանի տարի յետոյ լինելիք թիւերի հետ: Բայց եթէ յառաջադիմութեան ժամանակամիջոցը նկատի առնելու լինենք, գուցէ մեր անցեալի եւ ապագայի մէջ պիտի չլինի նման տարեգրութիւն: Տոկոսային յարաբերութիւնը ցոյց են տալիս եւ մի այլ կարեւոր հանգամանք. մեծ գործի դիմաց, մեծ խնայողութիւն է եղել ուժերի եւ ծախսերի, քանի որ 272 առ հարիւրով աւելացած աշակերտների դիմաց, դպրոցների թիւը աւելացած է 244 առ հարիւրով, իսկ ուսուցիչներինը միայն 190 առ հարիւրով: Այս թիւերը առանց երկար խօսելու, ցոյց են տալիս այն վարպետութիւնը եւ բարեխղճութիւնը, որ քիչ ուժերով՝ մեծ բեռ է քաշած լուսաւորութեան նախարարութիւնը:

Նոյն յառաջադիմութիւնը պիտի գտնենք բարձր դպրոցների մէջ՝ երկրորդական եւ բարձրագոյն: 1918-1919ին կային 6 միջնակարգ դպրոց, 177 ուսուցիչ, 3137 աշակերտ. 1919-1920ին՝ 20 միջնակարգ դպրոց, 305 ուսուցիչ, 5162 աշակերտ, մէկ համալսարան, 8 փրոֆեսոր, 200 ուսանող: Սրանով չէր սահմանափակւում կրթական գործը: 1919-1920 թիւերին, Երեւանում, Ալեքսանդրապոլում եւ այլուր հիմնուած էին հանրակրթական դասընթացքներ, ժողովրդական համալսարաններ, մասնագիտական դպրոցներ, Ալեքսանդրապոլում, Նոր-Բայազէտում երկրագործական դպրոցներ: Ծրագրւում էր բանալ մանկավարժական, մասնագիտական-արհեստից, համագործակցական, արուեստագիտական, երաժշտական, երկրաբանական, դեղագործական եւ զինուորական դպրոցներ: Իսկ սկաուտները հովանաւորւում եւ մեծ ծաւալ են ստանում: Կազմակերպւում է պատկէրահանդէս, հիմքը դրուեց պետական թանգարանի, գնուեցին արձաններ, նկարներ: Գրողները հովանաւորւում են եւ նպաստ ստանում նոյնիսկ Թիֆլիսում: Հեղինակների երկերի հրատարակութեանց համար 3,200,000 ռուբլի էր յատկացուած. 3, 200,000 ռուբլի՝ գիտական գրքերի թարգմանութեան, մէկ միլիոն՝ հնութիւնների պաշտպանութեան, 35,920,000՝ դպրոցների վերաշինութեան: Հիմնւում էին գրադարաններ, որնք միայն իշխան Արղութեան-Երկայնաբազուկից 20,000 կտոր գիրք են ստանում: Ծրագրւում էր լայնացնել սկսուած ստեղծագործ աշխատանքը, եւ նոր ձեռնարկների էր սկսուած, երբ տապալուեց Հայաստանը:

Սրանք բովանդակութիւնից զուրկ ձեռնարկներ չէին: Մշակուած եւրոպական մտքով կանոնագրերով եւ ծրագիրներով կը ղեկավարուէին յիշածս հիմնարկութիւնները. եւ  ոչ միայն քանակով, այլեւ որակով բարձրանում էին դպրոցները: Այս բոլորի մէջ մեծ բաժին ունէր Աղբալեանի վճիտ ուղեղը եւ հետագային, Ղազարեանի զգայուն խիղճը: Բայց ովքեր էլ լինէին գործի գլուխ կանգնածները, էականը այն էր, որ շնորհիւ կուսակցութեան, խորհրդարանի եւ հայ մտաւորականութեան՝ ստեղծուած էին բարենպաստ պայմաններ այդքան հսկայական աշխատանք ստեղծելու: Հայաստանի ղեկավարներին անուանում էին «վարժապետներ»ի կառավարութիւն քանի որ թէ՛ Բիւրոյի, թէ՛ կուսակցութեան եւ ի մասնաւորի խորհրդարանի մէջ ուսուցիչներ էին մեծամասնութիւնը, ոմանք նրանցից հմուտ ուսուցիչ, տեսուչ, եւ սիրով փարած իրենց արհեստին: Զարմանալի չէ, որ այդքան ուժերի միահամուռ կերպով պիտի յենարան դառնային լուսաւորութեան նախարարութեան: Բիւրոն ու խորհրդարանը ամէն տեսակի վարկ եւ միջոց չէին խնայում Լուսաւորութեան նախարարութեան, որ բարեխղճօրէն իր գործը վարում էր եւ յաջողութեամբ յառաջ մղում:

***

Լուսաւորութեան գործի մէջ այնքան փայլուն էր Աղբալեանը, երբ այնքան մէծ գործ էր կատարում, ապա ինչո՞ւ փոխուեց Աղբալեան, ինչո՞ւ նոյն կուսակցութիւնը, որ նրան ոյժ էր տուած այդքան ստեղծագործ աշխատանք կերտելու, բողոքող էր միաժամանակ նրա վարչութեան դէմ:

Որքան ես գիտեմ, դրա պատճառը երկուս չէր, այլ մէկն էր միայն, զուտ կուսակցական: Յայտնի է, որ Դաշնակցութիւնը իր հիմնադիրներից սկսած մինչեւ այժմս էլ՝ ուսուցիչների կուսակցութիւն է, եւ կամ գիւղացիի ու զինուորի: Ղեկաւար տարրը ուսուցիչ լինելով, նա լաւ էր հասկանում ուսուցչի դերը ոչ միայն մանուկ սերունդի մէջ, այլեւ պետութեան, հասարակութեան մէջ: Բիւրոն, կուսակցական մարմինները կը նայէին դաստիրակչական գործի վրայ իբրեւ ներկայի եւ ապագայի գրաւական մեր աշխարհահայեացքի հաստատման եւ անկախ Հայաստանի ամրապնդման համար: Ուստի խիստ խորթ աչքով կը նայէին լուսաւորութեան նախարարութեան այն անաչառութեան վրայ, որով նա դպրոցական եւ այլ գործերի մէջ անխտրօրէն ասպարէզ էր տալիս ոչ միայն մեր հակառակորդներին, այլեւ Հայաստանի անկախութեան թշնամիներին եւ հակառակորդներին:

Աղբալեանը՝ պաշտօնների ընտրութեան մօտենում էր ոչ թէ իբրեւ կուսակցական, այլ աւելի լայն, կրթական գործի կարիքների մասշտաբով: Նրա տեսակէտով, բոլոր քաղաքացիները հաւասար իրաւունքների եւ ասպարէզ պիտի ունենային ամէն մի տեղում, քանի որ նրանք չեն դատապարտուած արդարադատութեան նախարարութեան կողմից. բոլոր հոսանքները եւ կուսակցութիւնները իրաւունք ունեն պաշտօնի, քանի օրէնքը նրանց չի արգիլում այդ: Կրթական գործը մանաւանդ պահանջում է պատրաստուած մարդիկ, ուստի բոլորը, որոնք կը համապատասխանեն այդ պահանջին, պէտք է գործի քաշուին, առանց ի նկատի առնելու նրանց կուսակցական կամ անհատական դիրքը: եվ վերջապէս, կրթական նախարարութեան գործը չէ քննել անհատների քաղաքական, անհատական դիրքը, դա գործն է ոստիկանութեան եւ արդարադատութեան: Կրթական նախարարութեան գործն է ընտրել մարդկանց իբրեւ պաշտօնեայ, ի նկատի առնելով նրանց պատրաստութիւնները կրթական գործերի համար:

Ահա այս, եթէ կ’ուզէք, պետական, օրինական տեսակէտներով կ’առաջնորդուէր Աղբալեանը եւ իր նախարարութիւնը. տնտեսական կերպով ե՛ւ տրամաբանական էր, ե՛ւ համապատասխան օրէնքներին եւ նոյնիսկ մեր կուսակցութեան լայնախոհ աշխարհայացքին:

Բայց այդպէս լինելով հանդերձ, պէտք էր որ այդ տրամաբանական եւ օրէնքի վրայ յենուած տեսակէտը յաղթահարէր Աղբալեանը, եթէ չփոխէր իր ընթացքը, պէտք է տեղի տար աւելի նեղ կուսակցական մտածելակերպի. այնպէդ էլ եղաւ, եւ ահա թէ ինչու:

Պետական, օրինական աշխարհահայեացքի շնորհիւ, Հայաստանի դպրոցական գործի ղեկավարութեան մէջ մեծ բաժին էին ստանձնած ոչ միայն չէզոքներ, ժողովրդականներ, էսէռներ, էզդեկներ, այլ ամենից վտանգաւորները՝ բոլշեւիկներ: Սրանք, լիդերներից սկսած ինչպէս՝ Խանջեան, մինչեւ կարեւոր ու անկարեւոր գործիչները, դարձած էին ոչ միայն ուսուցիչներ, այլ տեսուչներ եւ շրջանային տեսուչներ: Այս մարդիկ չէին բաժանում Աղբալեանի տեսակէտը եւ մնում լոկ պաշտօնեայ, այլ, համաձայն իրենց կուսակցական տեսակէտներին (ինչպէս է այսօր կամ ցարերի ժամանակ), ուսուցչութիւնը կը նկատէին մի պարարտ ասպարէզ սերմանելու որոշ գաղափարներ եւ պատրաստելու սերունդ՝ որոշ ոգով ու շնչով: Բացի դրանից, ինչպէս մենք այսօր կամ առաջները՝ ուսուցչի հասարակական դերը յենարան արած, ժողովրդական լայն խաւերին ջանացած ենք վարակել մեր տեսակէտներով եւ կազմակերպել նրանց ըստ մեր աշխարհայացքի, նոյնպէս եւ բոլշեւիկ ուսուցիչները, բնականօրէն, այդպէս կը վարուէին եւ դպրոցներից դուրս իրենց կոմունիստական ցանցերը կը փռէին: Այդպիսով, մեր կառավարութեան «լայնախոհ» «պետական» օրինական եւ օրինապահ մտածելակերպը յանգում էր նրան, որ Դաշնակցութեան ստեղծած դպրոցների միջոցով, Անկախ Հայաստանի թշնամիները հիմքերը փորում էին եւ փորձում էին տապալել այն, զոր Դաշնակցութիւնը բիւրաւոր զոհերով կերտել էր:

Աղբալեանը եւ կրթական նախարարութիւնը, 1919ին, այդ վտանգաւոր երեւոյթները չէին նկատում, թէեւ այդ մասին քանիցս բողոքներ եւ դիտավորություններ եղած են կուսակացական շրջանակներից եւ Բիւրոյից: Դրանք նկատւում էին նեղ կուսակցական նախանձախնդրութիւն, անհանդուրժողութիւն: Բայց կեանքը գալիս էր ապացուցանելու օրէնքի եւ ծայրայեղ ազատախոհութեան թերութիւնը եւ կորստաբերութիւնը: Շուտով լինելու էին Հայաստանում բոլշեւիկեան խլրտացումներ, ապստամբութիւններ, որոնք կը դրժէին Աղբալեանի հիմնած կրթական կարգն ու մեթոտները: Նրա դրած ուսուցիչները եւ տեսուչները բոլշեւիկ դաւադրութեանց ղեկավարներ էին, որոնք զէն ի ձեռին մահը կը դաւէին ոչ միայն Աղբալեանի եւ նրա ստեղծագործութեանց, այլեւ ամբողջ Հայաստանի: Պէտք էր որ Աղբալեանը իր տեղը զիջէր նեղսիրտ համարուած կուսակցական Բիւրոյին, թէեւ նրա մեծութիւնը եւ ստեղծագործութիւնը թանկագին էին եւ գնահատելի թէ՛ կուսակցութեան եւ թէ հայութեան համար: Ժամանակն եկած էր 1920ին «անաչառութեան» ծնունդ այդ դաւադրութիւնը բնաջնջելու. ինչպէս Աղբալեանը կ’ասէր իր հիասթափութիւնից յետոյ, «օձեր սնուցինք մեր կուրծքերի վրայ, ջաղջախենք, փշրենք նոցա գլուխները»… Եւ իրօք, 1920ի Մայիսից յետոյ, սրբութեան տաճար դպրոցների միջից բազմաթիւ օձեր հանուցին եւ Դաշնակցութեան ցանկութեան համաձայն, ջախջախուեցին քարերի վրայ: Բայց թէ նրանց թոյնը արդէն, մասամբ, վարակած էր մեր մանուկներն ու ժողովուրդը: