Հայաստանը քրդական հարցում ամենևին վերջինը չէ, հաճախ անտեսում ենք մեր հաղթաթղթերը

1362

Մենք ամենևին վերջինը չենք քրդական հարցում, և քրդական ղեկավար շրջանակների հետ իմ շփումներից կարող եմ վստահաբար ասել, որ նրանք մեզ չեն համարում փոքր պետություն։ Ես քուրդ, թուրք գործիչների մոտ արել եմ այդ շեշտադրումը, որ մենք գուցե փոքր պետություն ենք, բայց մեծ ազգ ենք, և այս ընկալումը կա քրդական իրականության մեջ։ Այլ է, որ մենք չմտնենք այդ փոքրի կերպարի մեջ․ ՍիվիլՆեթի տաղավարում Թաթուլ Հակոբյանի հետ զրույցում ներկայացնելով Իրաքյան Քուրդիստանի շուրջ իրավիճակը՝ այսպիսի դիտարկում արեց Երևանի պետական համալսարանի Միջազգային հարաբերությունների և դիվանագիտության ամբիոնի վարիչ, քրդագետ Վահրամ Պետրոսյանը։

Հարցին, թե Իրաքյան Քուրդիստանի դե յուրե անկախացումը ինչ է նշանակում տարածաշրջանի, մասնավորապես, Հայաստաաի համար՝ հաշվի առնելով փաստը, որ մենք էլ ունենք քուրդ և եզդի ազգաբնակչություն, Պետրոսյանը պատասխանում է․ «Պետք չէ շփոթել մարտահրավերներն ու սպառնալիքները։ Մեր ժողովրդի մտածելակերպում կա մարտահրավերը որպես սպառնալիք ընկալելը։ Եթե Քուրդիստան, ապա որտե՞ղ։ Եթե Իրաքյան Քուրդիստանում ստեղծմանը զուգահեռ մենք էլ աշխատանք տանենք, դա միանշանակ սպառնալիք չէ»։

«Մենք պետություն ենք և պետք է դեր ունենանք։ Մենք ամենևին վերջինը չենք քրդական հարցում և քրդական ղեկավար շրջանակներից գործիչների հետ շփումներից կարող եմ վստահաբար ասել, որ նրանք մեզ չեն համարում փոքր պետություն։ Եվ ես քուրդ, թուրք գործիչների մոտ արել եմ այդ շեշտադրումը, որ մենք գուցե փոքր պետություն ենք, բայց մեծ ազգ ենք, և այս ընկալումը կա քրդական իրականության մեջ։ Այլ է, որ մենք չմտնենք այդ փոքրի կերպարի մեջ»։

Ի՞նչ ներկայություն ունի այսօր Հայաստանն Իրաքյան Քուրդիստանում

Խոսելով Իրաքյան Քուրդիստանում Հայաստանի ներկայության մասին՝ քրդագետը որպես սկզբունքային իրողություն է նշում Էրբիլում բացված գլխավոր հյուպատոսությունը։

Պետրոսյանի համոզմամբ՝ այլ իրողություն է բիզնես ներկայությունը։ Նա պատմում է, որ բազմաթիվ քուրդ գործիչներ անձնական շփումներում իրենց անհանգստությունը կամ գուցե դժգոհությունն են հայտնել, որ Հայաստանի ներկայությունն այնքան էլ մեծ չէ, չկան ներդրումներ, որ երկու կողմերի միջև տնտեսական համագործակցության ներուժն ավելի մեծ է։

«Սա կարող է նաև լինել մեսիջ մեր որոշ գործարար շրջանների համար։ Մենք բոլորս գիտենք, որ Հայաստանն ինքը ներդրումների կարիք ունի և մենք պետք է առաջին հերթին խթանենք, գրավենք ներդրումներ, բայց այս իրողությունը կա՝ մեր տնտեսական ներկայությունը Իրաքյան Քուրդիստանում թույլ է»։

Ընդ որում, Վահրամ Պետրոսյանի կարծիքով, հայաստանյան ներկայությունը կարող է լինել և բիզնես, և կրթական ոլորտներում, ներդրումը կարող է լինել նաև կադրային ռեսուրսների առումով։

«Մշակութային դաշտում Հայաստանը այնպիսի ներդրում ունի քուրդ ժողովրդի պատմության մեջ, որ չունի ոչ մի ժողովուրդ։ Սա ոչ թե հայկական մաքսիմալիզմն է իմ մեջ խոսում։ Նրանք կարող են ժամեր շարունակ նշել՝ առաջին անգամ Հայաստանում էր, որ քուրդ ժողովրդի պատմության մեջ եղել է սա, սա, սա․․․Եվ միայն ռադիոն չէ։ Ինքը՝ Իրաքյան Քուրդիստանի նախագահ Մասուդ Բարզանին է նշում․ Մեզ համար Երևանի ռադիոն ազատ երկրի ազատ ձայն էր և միակ ելքը դեպի արտաքին աշխարհ։ Դա մեծ ռեսուրս էր»,- ասում է քրդագետը։

Մենք հաճախ անտեսում ենք մեր հաղթաթղթերը և ուշադրություն ենք դարձնում հնարավոր կործանարար գործոնների վրա

Վահրամ Պետրոսյանի դիտարկմամբ՝ մենք ունենք լծակներ, հաղթաթղթեր և պետք է դրանք այնպես օգտագործենք, որ չգա հակահաղթաթղթերի պահը։

«Խաղ է։ Այս խաղում կարող ես ճիշտ քայլեր անել և արդյունքում պարտվել։ Բայց չխաղալու դեպքում այս պարագայում պարտությունը հաստատ է։ Ստեղծվում է գործոն, որը հաշվի է առնելու, թե ինչ ուղի է անցել և ովքեր են իրենց դրացիները»։

Նոր պետությունը մարտահրավեր է բոլոր պետությունների համար, ասում է Պետրոսյանը, այդ թվում՝ Հայաստանի, բայց այն նաև պոտենցիալ դաշնակից է։

Իրաքյան Քուրդիստանի հայկական համայնքի կյանքի մասին

Հայկական համայնքի ներկայացուցիչները բավական լուրջ և հայրենասեր անձինք են, որոնք ապրելով այնտեղ՝ Թուրքիայի հետ սահմանին, պահում են հայկական ինքնությունը, նկատում է Պետրոսյանը և հավելում, որ ցավոք այն ներկայում մեծ չէ։

Խոսում են տարբեր թվերի մասին, հաստատ կարելի է ասել, որ 2500-ից ավելի չէ։

«Համայնքը, այո, կա և կարող է մեծ դեր ունենալ, բայց մենք էլ մեր դերը պետք է ունենանք այդ համայնքն ամրապնդելու գործում։ Երկիրը պետք է կանգնի իր համայնքի կողքին։ Իրաքահայերի համայնքը այն համայնքն է ներկայում, որն օգնության կարիք է զգում, բայց նաև ռեսուրս է, կամուրջ մեզ համար Իրաքյան Քուրդիստանի իշխանությունների հետ քննարկումներում։

Չմոռանանք նաև, որ Իրաքյան Քուրդիստանի խորհրդարանում ունենք մեկ պատգամավոր ու նաև այն, որ բոլոր գործիչները, որոնք մեծ դեր ունեն և ազգությամբ հայ են, ունեն փեշմերգայի [Իրաքյան Քուրդիստանի զինուժ] անցյալ, այսինքն ծառայել են քուրդ ժողովրդին։ Այնպես որ, այդ CV-ն [ինքնակենսագրություն] նույնպես կարող է որոշակիորեն ծառայել մեր շահերին, երկու ժողովուրդների շահերին»։

Նրանք, կարելի է ասել, 100 տոկոսով հայ են և 100 տոկոսով՝ քուրդ։

Իրաքյան Քրդստանը անկախության ճանապարհին. զրույց քրդագետ Վահրամ Պետրոսյանի հետ