Թուրքական զորքերը գրավում են Կարինը (Էրզրում), Տրապիզոնը, Բաթումը և Կարսը. 1918-ի գարուն

2179

Հայկական ուսումնասիրությունների ԱՆԻ կենտրոնը շարունակում է ներկայացնել Աստվածատուր (Ասատուր) Խաչատրյանի օրագրությունը («Արևելահայ և թուրք դիվանագիտական հարաբերությունները», Հայաստանի ազգային արխիվ և ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտ, Երևան, 2010), որը վերաբերում է հայ ժողովրդի համար ճակատագրական Տրապիզոնի, Բաթումի և Պոլսի 1918 թ․ բանակցություններին։ Հեղինակը իր ծանոթագրության մեջ նշում է․ «1919 դեկտեմբերին ՀՀ վարչապետ Ա․ Խատիսեան ինծի պաշտօն յանձնեց ընտրել ու կարգի դնել Տրապիզոնի և Բաթումի հայ-թրքական դիւանագիտութեան վերաբերեալ բոլոր պաշտօնական գրութիւնները հրատարակութեան համար և գրել նախաբանը»։

Աստվածատուր Խաչատրյանի օրագրությունը ԱՆԻ կենտրոնը մեսրոպյանից վերածել է աբեղյանական ուղղագրության։ Այն ներկայացնում ենք մաս առ մաս։ Ներկայացվող մասերի խորագրերը ԱՆԻ կենտրոնն են։

———————————————————

Տրապիզոնի բանակցությունները

Նույն օրը գումարվում է նաև Սեյմը՝ քննության առնելու կառավարության գործունեությունը, ասելու իր վերջին խոսքը։

Արտահայտվում են բոլոր կուսակցությունները․․․ խոսում բուռն ռազմաշունչ ճառեր, և այն տպավորությունն է ստեղծվում, որ ամբողջ Կովկասի ժողովուրդը մեկ մարդու պես պիտի ծառանա նենգ թշնամու դեմ և դուրս նետի իր սահմաններից։

Վարչապետ Գեգեճկորին [ասում է], որ նույն միջոցին, երբ տեղի են ունենում հաշտության բանակցությունները, մեր սահմանների վրա շարունակվում է արյունահեղությունը և օսմանյան բանակը շարունակում է իր առաջխաղացումը։

Արտահայտվում են նաև Հ․Յ․ Դաշնակցությունը և Հարությունյանը՝ նախ իբրև հայ և երկրորդ՝ իբրև դաշնակցական։ Հարությունյանը հայտնում է, որ Թուրքիան չի բավականանալու նույնիսկ Բրեստի գծած սահմաններով, այլ պիտի առաջանա մինչև Բաքու, սա է նրա վաղեմի ծրագիրը։ [Թուրքերը] անցնելու են Հայաստանով ՝ ոչնչացնելու հայերի մնացորդները, ուստի հայությանը այլ բան չի մնում, քան մեռնել զենքը ձեռքին։

Ապա բեմ է բարձրանում Մուսավաթի ներկայացուցիչ Ռուստամբեկովը և Կովկասի իսլամների կողմից հայտարարում՝ մենք գործոն դեր չենք կարող ունենալ այս պատերազմում և գործոն պատասխանատվություն էլ չենք ստանձնում․ մենք թուրքերի դեմ չենք կռվի։

Չխենկելին Տրապիզոնից հեռագրում է, որ ճակատի դրությունը վատթար է, հրամանատարներն ու զորքը իրենց բարձրության վրա չեն, չեն կարող կռվել։ Սրանով հանդերձ, Սեյմը պատերազմ հայտարարեց և ինչ եղավ արդյունքը։

Ապրիլ 13-ին Բաթումի բերդապահ հրամանատարը 24 ժամվա վերջնագիր է ստանում թուրք զորքի հրամանատարից ՝ պարպել ամրոցներն ու քաղաքը, և հակառակ բերդապահի խնդրանքին՝ պայմանաժամը երկարացնելու 24 ժամ, հարձակումը սկսվում է, և 48 ժամ հետո քաղաքն արդեն թուրքերի ձեռքում էր։

Կարսի առջև դիմադրությունը շարունակվեց 10 օր, այս տասնօրյա ժամկետը բավական էր համոզելու Սեյմին, որ պատերազմ շարունակել չի կարող։

Ապրիլի 22-ին Սեյմը հանդիսավոր կերպով Կովկասը հայտարարում է անկախ ռամկավար դաշնակցային հանրապետություն։ Անկախ Կովկասի Սեյմը որոշում է նոր կառավարությանը հանձնարարել ՝ հաշտության կոչված բանակցությունները վերսկսել։

Նոր կառավարության նախագահ Չխենկելին ապրիլի 23-ին հեռագրում է Վեհիբ փաշային. «Մենք ընդունում ենք Բրեստի դաշնագրությունը և պատրաստ ենք պատվիրակներ ուղարկել, բանակցությունների նոր վայր նշանակել Բաթումը: կովկասը հայտարարել է իր անկախությունը, որով և կատարված է Ձեր ապրիլի 13-ի պահանջը: Կարսը դատարկելու համար խնդրում եմ տալ պետք եղած պայմանաժամը»:

Այս պայմաններով Չխենկելին հեռագրում է նաև Կարսի ճակատի հրամանատար զորավար Նազարբեկյանին և հանձնարարում բանագնացներ ուղարկել թուրքական ճակատը և ճշտել չեզոք գոտին, մինչև Կարսի պարպվելը:

Ապրիլի 24-ին Վեհիբ փաշան պատասխանում է Չխենկելուն. «Այսօր իսկ հրամայեցի դադարեցնել պատերազմական գործողությունները, որոնք տեղի են ունենում 1877-ի սահմանից անդին… Կարսի դեմ ուղղված գործողությունը պիտի շարունակվի, … թուրք հրամանատարին պատվիրված է բանակցել Կարսը պարպելու համար: Բանակցությունների համար տրապիզոնը լավագույն տեղն է»:

Այսպես, ուրեմն, Կովկասի Հանրապետության այնքան մեծ աղմուկով հայտարարած պատերազմը վերջացավ խայտառակ պարտությամբ: Վրաց ճակատի վրա դիմադրությունն այնքան թույլ եղավ, որ 48 ժամից Բաթումի պես ուժեղ բերդաքաղաքը իր բոլոր ռազմական հարստությամբ ավար դարձավ օսմանյան չնչին ուժողվ հարձակվող զորքի ձեռքը և մի քանի օրերի ընթացքում օսմանյան զինվորները արդեն Վրաստանի սիրտ Քութայիսի նահանգում էին:

Այլ պատկեր էր Հայաստանի ճակատում: Հաշտության բանակցությունները սկսված ժամանակ ախոյան բանակները գտնվում էին Բեգլի Ահմեդ-Սարիղամիշ-Կարս կես ճանապարհին, և հայ բանակը քայլ առ քայլ նահանջով տեղի էր տալիս իրենից երեք անգամ ավելի թուրք ուժի առջև և հայ հրամանատար Նազարբեկյանը խորհում էր գոնե Կարսի առջև կանգնեցնել թուրք բանակի առաջխաղացումը: Բայց Չխենկելու խնդրած զինադադարը և Վահիբի դրած պայմանները Կարսը դնում էին անպաշտպան վիճակում:

Ապրիլի 25-ի երեկոյան ժամը 5-ին թուրքերն արդեն Կարսի տերն էին:

Ահա շրջանի կոմիսար Ձամոևի հեռագիրը. «Թիֆլիսից եկած կարգադրության համեմատ Կարսի ամրոցների հանձնումը այնքան անակնկալ և չափազանց շուտ տեղի ունեցավ, որ Կովկասի ամրությունը ամեն կերպ պաշտպանելու պատրաստված ազգաբնակչությունը ստիպված եղավ թողնել բառացի ամեն ինչ և լքել Կարսը ապրիլի 25-ի երեկոյան ժամը 5-ին: Մեկնելու միջոցին Կարսը շրջապատված էր բոցերով: Այրվեցին լավագույն շենքերը: Գաղթող ժողովրդի պատկերն աննկարագրելի է: Շրջանի կոմիսար՝ Ձամոև»:

Թուրքերի գործելակերպը շատ պարզ էր: Այնքան ժամանակ էի տալիս, որ ոչինչ հնարավոր չէր դուրս հանել և շատ անգամ, ժամանակը չլրացած, որևէ պատրվակ բերելով, ներխուժում էին և ամեն բան գրավում:

Կարին, Տրապիզոն, Բաթում և Կարս բերդաքաղաքներում թուրքերը գրավեցին ավելի քան չորս միլիարդ ռուբլի միայն պետական հարստություն:

Լուսանկարում՝ Կարսը մեր օրերում