ԱՆԻ կենտրոնը և անունը չհրապարակել ցանկացող բարերարը մեկ տարով համաձայնագիր են կնքում

4110

Անունը չհրապարակել ցանկացող մի հայ բարերար պատրաստակամություն է հայտնել ուղիղ մեկ տարի՝ 2017 թվականի հուլիսից մինչև 2018-ի հուլիս, ֆինանսական աջակցություն ցույց տալ Հայկական ուսումնասիրությունների ԱՆԻ կենտրոնի աշխատանքներին:

Դա նշանակում է, որ ԱՆԻ կենտրոնը չի դադարեցնելու է իր գործունեությունը: Մենք տեղեկացրել էինք, որ ֆինանսական դժվարությունների պատճառով ԱՆԻ-ին դադարեցնում է գործունեությունը: Մեկշաբաթյա դադարից հետո՝ վաղվանից, ԱՆԻ-ին և նրա կայքը կվերադառնան աշխատանքային այն ռեժիմին, ինչ ունեցել են վերջին երկուսուկես տարիներին:

Մենք շնորհակալություն ենք հայտնում մեր բազմահազար ընթերցողներին, ովքեր այս օրերին իրենց աջակցությունը հայտնեցին: Դա մեզ պարտավորեցրեց անելու հնարավորը, որ ԱՆԻ-ին շարունակի իր գործունեությունը:

Հետևաբար, մենք առաջին հերթին շնորհակալություն ենք հայտնում հենց մեր ընթերցողներին:

Հատուկ շնորհակալություն ԱՆԻ-ի բարեկամներին, որոնց նվիրատվությունների շնորհիվ կենտրոնը և նրա կայքը երկուսուկես տարի գործունեություն ծավալեց:

Եվ, իհարկե, հատուկ շնորհակալություն անունը հրապարակել չցանկացող հայ բարերարին, ով կարևորեց ԱՆԻ-ի կատարած գործը և իր նվիրատվությամբ կանգնում է կենտրոնի կողքին և առնվազն մեկ տարով աջակցում նրա աշխատանքներին:

Ավելին, առաջիկայում մենք հնարավորություն կունենանք ընդգրկել հավելյալ մեկ, գուցե երկու աշխատակից, և մեր ընթերցողներին ներկայացնել նոր խորագրեր, նոր հոդվածներ, նոր ուսումնասիրություններ:

Մեր նշանաբանը նույնն է՝ հիշեցնել այն ամենը, ինչ հիշելը ձեռնտու չէ:

Մեր պատմության ամեն մի էջը պետք է հասանելի լինի հայ ժողովրդին:

Մենք պատմությունը շարունակելու ենք ներկայացնել իր մերկության մեջ:

Մեր պատվիրատուն հայ ընթերցողն է:

Եվ ամենահաճելին. Հայաստանի Հանրապետության հիմնադրման 100-ամյակի առիթով ԱՆԻ-ին վերահրատարակելու է վարչապետ Ալեքսանդր Խատիսյանի «Հայաստանի Հանրապետության ծագումն ու զարգացումը» կոթողային հատորը:

ԱՆԻ կենտրոն