Ես չեմ կարող Հայաստանը պատկերացնել առանց Ռուսաստանի․ Ռոնալդ Սյունի

3634

Չիկագոյի համալսարանի քաղաքագիտության և պատմության պատվավոր պրոֆեսոր Ռոնալդ Սյունին ելույթ է ունեցել Երևանում մայիսի 23-24-ն անցկացվող երկօրյա գիտաժողովին՝ «Անցումային շրջանի ավարտը․ Հայաստանը 25 տարի անց․ հիմա՞ ինչ» խորագրով։ Պրոֆեսոր Սյունիի ելույթից հատվածներ՝ թարգմանաբար ստորև։

«Եկեք մտովի վերադառնանք քառորդ դար առաջվա այն դժվարին և խանդավառ օրերը։ Դա հաղթական լավատեսության ժամանակաշրջան էր, բռնատիրության ավարտ և ժողովրդավարության խոստում, վերադարձ, ինչպես ասվում էր, քաղաքակրթության ճանապարհին և պատմության ավարտ՝ արևմտյան ոճի ազատական հասարակությունների համընդհանուր հաստատմամբ, որոնք նման կլինեին ԱՄՆ-ին և Բրիտանիային, սակայն կապահովեին Շվեդիայի և Նորվեգիայի բարեկեցության երաշխիքներ։ Հայաստանը, ինչպես սպասվում էր, կդառնար նոր Սինգապուր կամ Հոնկոնգ»,- ելույթն սկսեց Սյունին՝ շարունակելով, որ «լավատեսությունը շուտով բախվեց իրականությանը»․ նախկին խորհրդային հանրապետություններում՝ ժողովրդավարական գործընթացների մանիպուլյացիա, «անպարկեշտորեն հարուստ» օլիգարխների վերելք, որոնք կապված էին և ազդեցություն ունեին կամ մրցում էին կառավարության առաջնորդների հետ, տնտեսության անկում, բնակչության մեծ մասի ընչազրկում, Հայաստանի շրջափակում Ադրբեջանի և Թուրքիայի կողմից, Հայաստանի հարյուր հազարավոր քաղաքացիների արտագաղթ։

Պրոֆեսորը փաստում է՝ որոշ նախկին խորհրդային պետությունների, ինչպես օրինակ՝ բալթյան տարածաշրջանի եկրներին, հաջողվեց հաստատել և ամրապնդել ժողովրդավարական կառավարություններ, մինչդեռ մեծ մասին դա չհաջողվեց։

2007-ից ի վեր աշխարհում սկսվեց, որոշ քաղաքագետների բնորոշմամբ, ժողովրդավարական նահանջ, ասում է պատմաբանը։

Նրա պնդմամբ՝ Հայաստանն ու Ղրղզստանը ժողովրդավարության ճանապարհին ունեին ամենախոստումնալից մեկնարկը, սակայն պատերազմն ու քաղաքացիական լարվածությունը հանգեցրին նրան, որ երկու հանրապետություններում ոչ ժողովրդավար առաջնորդներ իշխանության եկան։

Ռուսաստանը ձախողված ժողովրդավարական անցումից արագորեն գլորվեց դեպի ավտորիտար համակարգ, որում մեկ նախագահը ճարպկորեն իշխանությունը փոխանցեց մյուսին։

Ռուսաստանում և նախկին խորհրդային հանրապետությունների մեծ մասում կանոն դարձավ «փափուկ ավտորիտարիզմը»՝ զուգորդված մանիպուլացվող ընտրություններով, մամուլի նկատմամբ պետության վերահսկողությամբ։

«Քաղաքականությունը չէր հանգում հաղթելուն, պարտվելուն, բանակցելուն կամ փոխզիջման գնալուն, այն հանգում էր ամեն գնով հաղթելուն և իշխանությունը պահելուն»,- նկատում է Սյունին։

Նախկին ԽՍՀՄ տարածքի առաջնորդներից շատերը առաջնորդվում են գրեթե նույն կանոններով, ինչ Կնքահայրը՝ Վիտո Կոռլեոնեն և նրա կլանը՝ ավելացնել սեփական իշխանությունն ու հարստությունը։

Պրոֆեսորը համոզված է, որ պատերազմներն ու պատերազմի սպառնալիքը, սառեցված խաղաղությունը «ժողովրդավարության թշնամիներն են և ավտորիտարիզմի ու ազգայնականության ընկերները»։

Հայերը պատմության ընթացքում մշտապես կանգնած են եղել վտանգավոր, անկանխատեսելի ապագայի առաջ, և նույն իրավիճակն այսօր է։

«Այն, ինչ տեղի է ունենում Ռուսաստանում, Թուրքիայում, Իրանում, Վրաստանում, Ադրբեջանում և ԱՄՆ-ում խորապես ազդում է Հայաստանի վրա»,- նշում է պրոֆեսորը։

Սյունիի խոսքով՝ հատկապես Թուրքիայում և Ռուսաստանում շրջադարձը ժողովրդավարությունից և Եվրոպայից դեպի ավտորիտարիզմ ու մոլի ազգայնականություն, դեպի եվրասիականության «աղոտ ու կցկտուր գաղափարներ» վտանգավոր հետևանքներ է ունենում Հայաստանի համար։

Ամփոփելով խոսքը՝ պատմաբանն արձանագրում է, որ այսպիսով, ԽՍՀՄ փլուզումից գրեթե 27 տարի անց ինքը չի կարող Հայաստանը պատկերացնել առանց Ռուսաստանի։

«Սակայն Ռուսաստանի և Հայաստանի միջև կայսերական հարաբերությունները նույնը չեն, ինչ խորհրդային ժամանակներում։ Այս փոքր երկիրը վտանգավոր տարածաշրջանում է, և, լավ թե վատ, հյուսիսային իր հսկա հարևանի պաշտպանության ու աջակցության կարիքն ունի»,- կարծում է պատմաբանը։

Նա ասում է, որ խորհրդային ժամանակաշրջանում շատերը Ռուսաստանի և Հայաստանի միջև կապերը գաղութատիրական էին համարում, սակայն Հայաստանի հարաբերությունները մերօրյա Ռուսաստանի հետ «շատ ավելի գաղութատիրական են», քան 1991-ից առաջ էր։

«Միությունը Երևանը մեծ գյուղից վերածեց մեծ մայրաքաղաքի՝ արդի ենթակառուցվածքներով, մետրոպոլիտենով, և հայերի ազատությունն ու ինքնիշխանությունը սահմանափակելով հանդերձ՝ ԽՍՀՄ-ը Հայաստանը դարձրեց կենսունակ ազգ-պետություն։ Սակայն Պուտինի Ռուսաստանը Խորհրդային Միություն չէ, և Հայաստանը Ռուսաստանի հետ ընդհանուր պետության մաս չէ։ Մոսկվան գերազանցապես մտածում է իր շահերի մասին, որոնք հաճախ հակասում են Հայաստանի շահերին։ Եվ, այդուհանդերձ, ես չեմ կարող Հայաստանը պատկերացնել առանց Ռուսաստանի։ Ես մտածում եմ՝ ինչպես է առաջիկա տարիներին այդ կապը օգնելու և խոչընդոտելու Հայաստանին և հայերին»։

«Հայաստանը չի կարող միայնակ թողնվել իր պարփակված ազգայնականությամբ»,- եզրափակեց Չիկագոյի համալսարանի քաղաքագիտության և պատմության պատվավոր պրոֆեսոր Ռոնալդ Սյունին։

 

Ստելլա Մեհրաբեկյան 

ՍիվիլՆեթ

Ռոնալդ Սյունիի ելույթի տեքստը ամբողջությամբ՝

I cannot imagine Armenia without Russia. The audience [1990] was not happy with my answer: Ronald Suny