Ի՞նչ անուն տալ ադրբեջանցիներին

1446

Վերջերս Ֆեյսբուքում իմ և իմ ընկերների շրջանում բանավեճ ծավալվեց այն հարցի շուրջ, թե ինչ անուն տալ ադրբեջանցիներին, երբ անդրադառնում ենք ոչ վաղ անցյալի պատմությանը, մասնավորապես՝ նախքան 1939 թվականի անցքերին։

Ինչո՞ւ նախքան 1939 թվականը։ Հենց այդ թվականին տեղի ունեցավ Խորհրդային Միության երկրորդ մարդահամարը, որը և հստակություն մտցրեց, թե ինչ անուն պետք է տալ Խորհրդային Ադրբեջանում բնակվող մուսուլմաններին՝ շիա և սուննի։

Հենց 1939-ի մարդահամարում առաջին անգամ օգտագործվեց ադրբեջանցի եզրը, որ իր մեջ ներառում էր Ադրբեջանում բնակվող մուսուլմաններին՝ հիմնականում թյուրքալեզու կովկասյան թաթարներին, կովկասյան ժողովուրդներին, որոնք թյուրքալեզու չեն (լեզգիներ, ավարներ և բազմաթիվ այլ ազգություններ), իրանալեզու ազգերին (թաթեր, թալիշներ)։

Դրանից հետո Խորհրդային Միությունում անցկացվեց ևս 4 մարդահամար՝ 1959-ին, 1970-ին, 1979-ին և 1989-ին, որոնցում օգտագործվեց ադրբեջանցի եզրը ազգ, ազգություն իմաստով։

Ապշերոնում բնակվող լրագրող իմ գործընկերներից մեկը, ով այսօր Ադրբեջանում և նրա սահմաններից դուրս ամենահայտնի լրագրողներից է, ազգությամբ թաթ է։

Մի առիթով նրան հարցրեցի, թե ինչ ինքնություն է կրում։ Պատասխանը այսպիսին էր․ «Я азербайджанец, но по национальности – тат», թարգմանաբար՝ «ես ադրբեջանցի եմ, բայց ազգությամբ՝ թաթ»։

Այսպիսով, մարդը որպես քաղաքացիություն, երկրի անունով իրեն կոչում է ադրբեջանցի, բայց ազգությունը նշում է թաթ։

Հիմա տեսնենք, թե ինչ անուններ են օգտագործվել հայկական լրատվամիջոցներում, գրքերում, դիվանագիտական փաստաթղթերում։

Այսպես, 1918 թվականի մայիսին, երբ նախկին ցարական Ռուսաստանի մաս կազմող Անդրկովկասի մի հատվածում հիմնադրվեց Ադրբեջան անունով պետությունը, Թիֆլիսի և Երևանի հայկական լրատվամիջոցները սկսեցին օգտագործել ազրբեջանցի, ադրբեջանցի անվանումը։ Այս անունները հանդիպում են նաև Հայաստանի Առաջին Հանրապետության հիմնադիր հայրերի հաստափոր հատորներում։ Ազրբեջանցի անվան տակ հայերը նկատի ունեին թյուրքալեզու կովկասյան թաթարներին կամ մուսուլմաններին։

Իսկ ինչ անվանում էին տալիս հայ և օտար հեղինակներն ու լրատվամիջոցները Հայաստանի Հանրապետությունում, իսկ դրանից առաջ Երևանի նահանգում ու Հայկական մարզում (Армянская область) բնակվող մուսուլմաններին։

Ֆրանսիական ծագումով ռուսաստանցի պատմաբան Իվան Շոպենը, օրինակ, հստակ տարանջատում է մուսուլմաններին հետևյալ խմբերի՝ քրդեր, այդ թվում շիա ու սուննի, պարսիկներ, թաթարներ ու թուրքեր։ Շոպենի տվյալներով՝ նախքան Հայկական մարզի հիմնադրումը (1828-1840), այդ տարածքում, այսինքն՝ Արևելյան Հայաստանի մեկ հատվածում, մուսուլմանների մեջ մեծամասնություն էին կազմում քրդերը։

1933-ին Երևանում հրատարակվեց Զավեն Կորկոտյանի «Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)» կոթողային աշխատությունը։ Մոտ տասը տարվա տքնաջան աշխատանքից հետո Կորկոտյանը համակարգված ձևով ներկայացրեց  Հայաստանի բնակչությունը քաղաք առ քաղաք, գյուղ առ գյուղ 1831, 1873, 1886, 1897, 1908, 1914, 1916, 1919, 1922, 1926 և 1931 թվականների տվյալներով։

1897-ին անցկացվել է Ռոմանովների Ռուսաստանի առաջին և վերջին մարդահամարը, իսկ 1926-ին Խորհրդային Միության առաջին մարդահամարը։ Ի դեպ, այդ մարդահամարում այսօրվա ադրբեջանցիները անվանվում են թյուրք, թյուրքեր։ Ամբողջ Խորհրդային Միությունում թյուրքերի թիվը 1,706,605 հոգի է նշվում։

1831-ի մարդահամարում կամ, ավելի ճիշտ՝ հաշվառման մեջ, Հայկական մարզում բնակվող մուսուլմաններին Կորկոտյանը դրել է իսլամ տողի տակ։ Երևանի նահանգում, որը համապատասխանում էր Հայկական մարզին, 1873-ին և 1886-ին անցկացված հաշվառումներում  Կորկոստյանը օգտագործել է թաթար տողը։ 1922-ին (սա այն թվականն է, երբ դե յուրե անկախ, սակայն դե ֆակտո Մոսկվայից կառավարվող Հայաստանը, Վրաստանը և Ադրբեջանը որպես Անդրֆեդերացիա մաս կազմեցին Խորհրդային Միությանը) Կորկոտյանը օգտագործել է թրքո-թաթար եզրը։ Եվ վերջապես, 1931-ի հաշվառման համար Կորկոտյանը Հայաստանի մուսուլմաններին դրել է թուրքական խումբ տողի տակ։

Ի՞նչ անուն տալ ադրբեջանցիներին

Վերադառնանք այս հրապարակման վերնագրին․ ի՞նչ անուն տալ ադրբեջանցիներին, երբ այսօր նկարագրում ենք 1939-ից առաջվա որևէ իրադարձություն։

Եթե առաջնորդվենք Կորկոտյանի մեթոդաբանությամբ, ապա պետք է օգտագործենք թուրքական խումբ, թյուրք և թրքո-թաթար անվանումները կամ տարածված կովկասյան թաթար եզրը։

Եթե գիտական գրականության մեջ դա պարտադիր է, ապա ամենօրյա լրատվության մեջ կարող է շփոթ ստեղծել, հատկապես եթե չի հետևում բացատրությունը։ Հավանաբար արդարացված կլինի դիմել տողատակի կամ փակագծերի օգնությանը։ Այսինքն, գրել կովկասյան թաթար և փակագծում նշել, որ նրանք այսօրվա ադրբեջանցի թյուրքերն են։

Իմ հոդվածներում և հատորներում, երբ, օրինակ, անդրադառնում եմ 1905-1906 թվականների հայ-թաթարական արյունալի բախումներին կամ 1918-1920 թվականների հայ-թաթարական կռիվներին, սովորաբար փակագծերում նշում եմ, որ թաթարները այսօրվա ադրբեջանցիներն են։

Թաթուլ Հակոբյան

ԱՆԻ կենտրոն

Լուսանկարում՝ Երևանի ադրբեջանական թատրոնը 1939 թվականին