Կազանյան փաստաթուղթը մի փոքր ավելի վատն է, քան մադրիդյանը. Թաթուլ Հակոբյան

1664

Սարգսյանն իր ելույթում կրկին ակնարկեց 7 շրջանների վերադարձման մասին

Այսօր ՀՀ վեցերորդ գումարման Ազգային ժողովի անդրանիկ նիստի ժամանակ ծավալուն ելույթով հանդես եկավ նաև Սերժ Սարգսյանը: Նա իր ելույթում անդրադարձավ տարբեր ոլորտների և խնդիրների: Սարգսյանը նաև խոսեց արցախյան խնդրի մասին, նշելով, որ ստատուս քվոյի փոփոխությունը մեզ համար ընդունելի է, բայց միայն ու միայն հիմնահարցի համապարփակ կարգավորման դեպքում:

«Հայաստանը բազմիցս է կողմ արտահայտվել փոխզիջման հիման վրա հանգուցալուծման գնալու օգտին, որի էությունը Արցախի ինքնորոշման իրավունքի ճանաչումն ու իրացումն է։ Այս մոտեցումն էր արտացոլված Կազանի փաստաթղթում»,- ասել էր Սարգսյանը և ընդգծել, որ թեև այն մերժվեց Ադրբեջանի կողմից, բայց նախորդ փաստաթղթերի նման ի պահ չհանձնվեց ԵԱՀԿ քարտուղարություն, այսինքն` շարունակում է մնալ որպես վերջին աշխատանքային փաստաթուղթ:

«Հարցի վերաբերյալ ելույթում արված շեշտադրումներից ես նկատեցի, որ նա անուղղակի կերպով քննդատեց Լևոն Տեր- Պետրոսյանին, ասելով` արդար չէ, որ ներսից են քննադատում, թե իշխանություններն իբր պահպանում են ստատուս քվոն և չեն ուզում գնալ լուծման, հարցի կարգավորման: Նա  նաև ասաց, որ դա հասկանալի կլիներ, երբ նման մեղադրանքներ Բաքվից հնչեին: Սերժ Սարգսյանն անուղղակիորեն քննադատեց մադրիդյան առաջարկները, որոնք բանակցվել են Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ժամանակ: Նա փորձեց ցույց տալ, որ այն փաստաթուղթը, որն ինքն է բանակցել 2008 թվականից ի վեր, այն է` կազանյան փաստաթուղթը, ավելի լավն է, քան մադրիդյանը»,- Araratnews.am-ի հետ զրույցում անդրադառնալով Սերժ Սարգսյանի ելույթին` Արցախի հարցի հետ կապված ասաց լրագրող, «Սիվիլիթաս» հիմնադրամի փորձագետ Թաթուլ Հակոբյանը:

Ինչ վերաբերում է վերը նշված փաստաթղթերի համեմատությանը, մեր զրուցակիցն ընդգծեց. «Հրապարակվել է մադրիդյան փաստաթուղթը, սակայն ամբողջական չի հրապարակվել կազանյանը, հետևաբար մենք չենք կարող համեմատել այդ երկու փաստաթղթերը, թե դրանցից ո´րն է լավը կամ ո´րն է պակաս վտանգավոր Հայաստանի և Արցախի պետական շահերի համար: Հետևելով Ղարաբաղի կարգավորման հարցին` կարող եմ ասել, որ կազանյան փաստաթուղթը մի փոքր ավելի վատն է, քան մադրիդյանը, թեև Սերժ Սարգսյանն այսօր իր ելույթում հակառակն էր պնդում: Նաև զարմանալի էր, որ նա ասաց, թե որևէ մեկը չի կարող ճիշտ ներկայացնել կազանյան փաստաթուղթը: Սա տարօրինակ էր այն իմաստով, որ ինքն է բանակցում, և եթե կա մեկը, որ պետք է  ճշգրիտ ներկայացնի դա, ինքն է, ինչը չարեց իր այդ ելույթում: Բայց նա գրեթե ամբողջությամբ կազանյան փաստաթուղթը բացահայտել էր 2016 թվականի նոյեմբերի 17-ին ռուս լրագրող Կիսելյովի հետ հարցազրույցում, ասելով, որ 2011-ին Հայաստանն ու Արցախը պատրաստ էին Ադրբեջանին վերադարձնել 7 շրջան, սակայն Ադրբեջանը չհամաձայնեց և էլի 7-8-9 նոր պայմաններ առաջադրեց, և այդպիսով բանակցությունները փակուղի մտան:

Նա նաև իր ելույթում նշեց, որ իրենք կգնան ստատուս քվոյի փոփոխության, եթե Ղարաբաղի կարգավիճակի հարցը միաժամանակ  լուծվի: Նա նաև նշեց, որ, այո´, իրենք պատրաստ են գնալու ստատուս քվոյի փոփոխության և չեն ուզում, որ ղարաբաղյան հարցի լուծումը,  այդ ծանր հարցը թողնել ապագա սերունդների ուսերին»:

Թաթուլ Հակոբյանը նաև ընդգծեց, որ, այո´, այսօրվա ելույթը նույնպես նշանակում է, որ հայկական կողմը պատրաստ է նման փոխզիջումների կամ զիջումների գնալ, իսկ Ադրբեջանը պատրաստ չէ և չի ուզում գնալ կազանյան ճանապարհով, որովհետև, որքանով արդեն մենք ենք հասկանում, Ադրբեջանն անգամ ստանալով խոստում Հայաստանից, որ կվերադարձնի 7 շրջան, անգամ այդ պայմաններում չի ընդունում, որ Արցախն իրավունք ունի անցկացնել հանրաքվե և որոշել իր ճակատագիրը, կարգավիճակը, որը պիտի ընդունվի Ադրբեջանի կողմից:

Ինչ վերաբերում է նրան, որ ըստ Արցախի Սահմանադրության` այդ յոթ շրջանները երկրի տարածքային ամբողջականության մաս են կազմում, ապա ինչպե՞ս է ՀՀ նախագահը խոսում շրջանների վերադարձի մասին, Թաթուլ Հակոբյանն ասաց. «Այո´, խոսքը վերաբերում է Արցախի Հանրապետությանը, որը սահմանադրորեն համարում է, որ Արցախում չկա անվտանգության գոտի, և չկան ազատագրված տարածքներ, այլ այդ 7 շրջանները՝ 5 շրջաններն ամբողջությամբ, երկուսը` մասամբ, Արցախի Հանրապետության մաս են կազմում, և սա հարցի մի կողմն է: Մյուս կողմից` մենք գիտենք, որ ընթանում է  բանակցային գործընթաց, և միայն բանակցային գործընթացի վերջնարդյունքում պետք է որոշվի Լեռնային Ղարաբաղի իրավական կարգավիճակը: Իհարկե, այստեղ մենք կարող ենք գտնել հակասություններ, ասելով, որ մի կողմից Արցախը այդ տարածքները սահմանադրորեն համարում է իրենը, և մյուս կողմից` Հայաստանի նախագահը բանակցում է, սակարկում է այդ 7 շրջանները և ավելին՝ ոչ միայն սակարկում է, այլև հրապարակավ հայտարարում, որ պատրաստ է այդ տարածքները վերադարձնել Ադրբեջանին, նշելով նաև, որ Հայաստանն ու Արցախը պատրաստ էին վերադարձնել: Այստեղ, իհարկե, հակասություն կա իրավական տեսանկյունից, բայց մենք բոլորս հասկանում ենք, որ ղարաբաղյան հակամարտությունում միջազգային միջնորդները փորձում են հարցին քաղաքական լուծում տալ: Իսկ քաղաքական լուծում նշանակում է, որ կարող են շրջանցվել որոշ իրավական խնդիրներ»:

– See more at: http://araratnews.am/sargsyann-ir-eluythum-krkin-aknarkec-7-shrjanneri-veradardzman-masin/#sthash.rx20s6PQ.dpuf