Ադրբեջանը չի ընդունում Հայաստանի 31 բնակավայրերի տարածքների զավթման փաստը՝ պահանջելով 4 գյուղ

1319

Ադրբեջանը հրաժարվում է ընդունել, որ զավթել է Հայաստանի 31 ոչ անկլավային բնակավայրերի տարածքները, «Ազատություն» ռադիոկայանին հայտնել են Ադրբեջանի հետ սահմանազատման հանձնաժողովը գլխավորող փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից, ըստ էության հաստատելով, որ Բաքուն Հայաստանից 4 գյուղ պահանջում է առանց զորքերը հայկական տարածքներից հետ քաշելու մտադրության։

«Ադրբեջանը բարձրաձայնում է հետևյալ տեղանունները՝ Բաղանիս Այրում, Աղաշը (ներքին) Ոսկեպար, Խեյրիմլի, Կըզըլ Հաջիլի, միաժամանակ հրաժարվելով ընդունել, որ ադրբեջանական օկուպացիայի տակ են գտնվում Հայաստանի 31 ոչ անկլավային բնակավայրերի կենսական նշանակության տարածքներ»,- ռադիոկայանին տեղեկացրել են փոխվարչապետի գրասենյակից:

Ոչ անկլավային այդ տարածքները, որոնք պաշտոնական Երևանը կենսական նշանակության է համարում, հինգ մարզերում են՝ Տավուշում՝ Բերքաբեր, Սարիգյուղ, Սեւքար, Վազաշեն, Պառավաքար, Մովսես, Արծվաբերդ, Չինարի, Այգեձոր, Սյունիքում՝ Քաջարանց, Սալվարդ, Գորհայք, Սառնակունք, Անգեղակոթ, Աղիտու, Նորավան, Վաղատին, Վերիշեն, Խոզնավար, Տեղ, Ներքին Հանդ, Արարատի մարզում՝ Պարույր Սևակ, Գեղարքունիքում՝ Սոտք, Կութ, Նորաբակ, Ներքին Շորժա, Վերին Շորժա, Ակունք, Կախակն, Կուտական, Վայոց ձորում՝ Ջերմուկ։