Բաղանիս-Այրում, Աշաղը Աքսիպարա, Խեյրիմլի և Ղըզըլհաջիլի գյուղերը վերադարձնելու դեպքում ի՞նչ պետք է կառուցել

1471

Արդեն ակնհայտ է, որ Հայաստանը առաջիկայում զինուժը հետ է քաշելու 4 գյուղերից՝ Բաղանիս-Այրում, Ներքին Ոսկեպար՝ Աշաղը Աքսիպարա, Խեյրիմլի և Ղըզըլհաջիլի:

Տեխնիկան արդեն աշխատում է:

Հայաստանը շտապ պետք է՝

ա/ կառուցի մեկ կամուրջ Կիրանց-Աճարկուտ հատվածում,

բ/ գազատարի ճանապարհը որոշ մասերում տեղափոխի ՀՀ տարածքի խորք,

գ/ Իջևան-Նոյեմբերյան ճանապարհի Ոսկեպարի հատվածում, որը կառուցվել է 2000-ական թթ, առնվազն երկու տեղում փոխի ուղին և մինչև 100 մետր քաշի ՀՀ խորք,

դ/ևս 3 հատվածներում ճանապարհն անցնում է ՀՀ-Ադրբեջան սահմանի բերանով և անվտանգությունից ելնելով տրամաբանական է այդ հատվածներում մի քանի տասնյակ մետրով հետքաշումը:

Եթե Ադրբեջանը իր զինուժը հետ չի քաշելու Տավուշի այն հատվածներից, որոնք նա գրավել է 1990-ական թթ, ապա դա կնշանակի միակողմանի զիջում:

Հայաստանի վարչապետը նախօրեին հայտարարեց՝ Ադրբեջանի պահանջած 4 գյուղերը՝ Բաղանիս Այրումը, Աշաղը Ասքիփարան, Խեյրիմլին և Ղըզըլհաջիլին, դե յուրե Հայաստանի տարածքում չեն՝ Ալմա-Աթայի հռչակագրի համաձայն։ «ՀՀ տարածքում երբեք այդպիսի անուններով գյուղեր չեն եղել»,- հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:

Պաշտոնական Բաքուն պահանջում է անհապաղ իրեն վերադարձնել Տավուշի մարզի և Ղազախի շրջանի սահմանագծին գտնվող չորս գյուղերի տարածքները։ Մեկնաբանելով երկու երկրների սահմանագծման և սահմանազատման հանձնաժողովների մարտի 7-ին կայացած նիստի արդյունքները, հաղորդագրություն է տարածել Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի գրասենյակը։ «Հայաստանի կողմից օկուպացված ադրբեջանական չորս ոչ էքսկլավային գյուղերը Բաղանիս-Այրում, Աշաղը Ասքիփարա, Խեյրիմլի և Ղըզըլհաջիլի, ենթակա են անհապաղ ազատման», նշվում է Ադրբեջանի փոխվարչապետի գրասենյակի հայտարարության մեջ։

Պաշտոնական Բաքուն պնդում է նաև, որ «սահմանների դելիմիտացիայի ընթացքում կորոշվի Հայաստանի կողմից օկուպացված ադրբեջանական չորս էքսկլավային գյուղերի ազատման հարցը»։ Ըստ Մուստաֆաևի գրասենյակի, դրանք են՝ Տավուշում գտնվող Յուխարի Ասքիփարա, Սոֆուլու, Բարխուդարլու,ինչպես նաև Նախիջևանին սահմանակից Քյարքի (հայկական անվանումը՝ Տիգրանաշեն) բնակավայրերը։

Ադրբեջանի փոխվարչապետի գրասենյակը կտրականապես հերքում է Հայաստանի կառավարության՝ այս շաբաթ հրապարակված պնդումը, ըստ որի՝ Հայաստանի 31 բնակավայրերի տարածքների մի մասը գտնվում է ադրբեջանական ուժերի օկուպացիայի տակ։ «Անհիմն է հայտարարել, թե Հայաստանին պատկանող 31 բնակավայրերի հողերը զավթված են Ադրբեջանի կողմից», ասվում  է Մուստաֆաևի գրասենյակի տարածած հայտարարության մեջ:

Թաթուլ Հակոբյան, 13 մարտի, 2024թ

ԱՆԻ կենտրոն