Թալեաթ. «Հայերը կեղտոտ և զզվելի ազգ են»

1185

Թբիլիսիի հայկական ԱԼԻՔ ՄԵԴԻԱ(http://www.aliq.ge/) հետ համագործակցաբար, ԱՆԻ կենտրոնը մաս-մաս ներկայացնում է «Հայոց ցեղասպանությունը վրաց պարբերական մամուլում 1914-1918 թթ.» աշխատության հայերեն թարգմանությունը, որը կատարում է ԱԼԻՔ ՄԵԴԻԱ-ի աշխատակից Նորիկ Գասպարյանը: Հատորի առաջաբանը գրել է պատմական գիտությունների դոկտոր-պրոֆեսոր Օթար Ջանելիձեն:

Հավաքածուն հրապարակվել է «Վրաստանի հայ համայնք» կազմակերպության կողմից և «Հայ-եվրոպական ֆեդերացիա հանուն արդարադատության և ժողովրդավարության» Վրաստանի գրասենյակի աջակցությամբ: Աշխատանքում տեղ են գտել Հայոց ցեղասպանության մասին Վրաստանի խորհրդարանի ազգային գրադարանի վրացական տարեգրության բաժնի նյութերը: Ծրագրի հիմնական նպատակն է թեմայի շուրջ ծանոթացնել վրաց ընթերցողին խորհրդարանի արխիվային նյութերի հետ:

Հավաքածուն պատրաստել են Գևորգ Յագուտովը, Ռազմիկ Բադալյանը, Արթուր Միրզոյանը, Էդուարդ Սահակյանը, Ալեքսանդր 0հանյանը:

Այս շարքի նախորդ մասը կարդալ այստեղ
_______________________

Վրաստան 1915/08/18 #71

Թալեաթ Բեյի լավատեսությունը

Օսմանյան կայսրության ներքին գործերի նախարարը «Բեռլիներ թագեբլատ»-ի թղթակցին ասել է. «Մեր ռազմական և քաղաքական իրավիճակն այնպիսին է, որ բուլղարա-օսմանական համաձայնությունը տեղի ունեցած ամենալավ իրողությունն է»:

Նախարարը հրաժարվել է Ռումինիայի վերաբերյալ տեղեկություններ հայտնել, իսկ հայերի մասին Թալեաթ Բեյն ասել է. «Հայ հեղափոխականների հետապնդման մեջ որևէ զանցանք չկա, պարզապես ակտիվ ենք գործում: Հայերի կողմից լքված տարածքները կբնակեցնենք օսմանցիներով»:

Վրաստան 1915/08/22 #75

Բաքու

Վանից Բաքու ուղևորված հայ փախստականների վրա քրդերը հարձակում են իրականացրել: Շատերին սպանել են: Բաքվի և Մակետաժի խաները մեծ գթասրտություն են ցուցաբերել փախստականների նկատմամբ: Ռուսաստանի հյուպատոսությունը միջոցներ է ձեռնարկել մեղավորներին պատժելու և ավարը վերադարձնելու համար:

Վրաստան 1915/08/29 #81

Բուխարեստ, օգոստոսի 26

Ստամբուլից տեղեկացնում են` նախարարների խորհրդի վերջին նիստի ժամանակ որոշվել է չեղյալ հայտարարել հայոց պատրիարքի համազգային խորհուրդը: Մեծ թվով հայեր են բանտարկվում:

Վրաստան 1915/09/3 #84

Հայերի մահապատիժը

Ստամբուլի ռազմական պարետը հրամայել է քաղաքում հայտարարություններ տարածել, որոնք ապացուցելու են թերթերի նախնական տեղեկությունները, թե վերջին ժամակաշրջանում հայ հասարակությունը և քաղաքական գործիչները մահապատժի են ենթարկվելու Օսմանյան կայսրությանը դավաճանելու համար:

Վրաստան 1915/09/5 #86

Աթենք, սեպտեմբերի 1

Թերթերի հաղորդմամբ` 150 հազար հայ փախել է Էնիշուքրի և Աֆիոն Կարահիսարի լեռներ։

Վրաստան 1915/09/6 #87

Եվս մեկ անգամ փախստականների մասին

Ինչպես Էջմիածնից տեղեկացնում է եպիսկոպոս Ներսեսը, Վանի վիլայեթից ևս 25 հազար հայ է փախուստից դիմել Կովկաս: Մի քանի հազար մարդ ապաստան է գտել Պարսկաստանում:

Հայրենիք 1915/09/11 #173

Փարիզ

Ծովային ռազմական նախարարությունը տեղեկացնում է, որ Ֆրանսիայի հածանավերը 5 հազար հայ են ազատել, ովքեր թաքնված են եղել Ջեբել Մուսա (Մուսա լեռ) լեռներում՝ Անտիոքի ծովափին: Նրանք օսմանցիների դեմ պայքարել են հուլիսից: Սնունդը և ռազմամթերքն արդեն վերջանալիս է եղել: Հայերին հածանավերով տեղափոխել են Պորտ Սայիդ:

Ժողովրդական թերթիկ 1915/09/11 #378

Հայերի փրկությունը ֆրանսիացիների օգնությամբ

Փարիզ, սեպտեմբերի 8

Ռազմական նախարարի տեղեկատվություն. Ֆրանսիական հածանավերը փրկել են 5 հազար հայի, ովքեր Ջեբել Մուսա լեռներում՝ Անտիոքի նավահանգստից հյուսիս, հուլիս ամսից կռվել են օսմանցիների դեմ: Նրանց մոտ արդեն վերջացել էր սնունդն ու ռազմամթերքը: Հայերին հածանավերով տեղափոխել են Պորտ Սայիդ:

Վրաստան 1915/09/12 #91

Այց երեխաների ապաստան

Սեպտեմբերի 10-ին Կովկասի փոխարքա Վորոնցով Դաշկովի կոմսուհին այցելել է Կրծանիսիում գտնվող հայ փախստական երեխաների ապաստանը, որտեղ 340 երեխա է ապրում: Կոմսուհու հետ է եղել Մեսրոպ եպիսկոպոսը: Կոմսուհին մեծ ուշադրությամբ ուսումնասիրել է բոլոր բաժինները և երեխաներին քաղցրավենիք հյուրասիրել: Երեխաները կոմսուհուն ծաղիկներ են նվիրել:

Վրաստան 1915/09/27/ #103

Օգնություն փախստականներին

Կովկաս

Թերեքի և այլ շրջանների ղեկավարների հրամանի համաձայն, փախստականներին պետք է օգնել որքան հնարավորություն կա, քանի որ Կովկասում և հարակից տարածքներում նրանց թիվը գնալով աճում է: Երկրորդ Աթոնի մենաստանը նույնպես օգնություն է ցուցաբերել փախստականներին:

Վրաստան 1915/09/29 #104

Կես միլիոն մանաթ աքսորվածներին

Ինչպես տեղեկացնում են մեր ընթերցողները, ներքին գործերի նախարարությունում, սեպտեմբերի 10-ին, տարբեր հաստատությունների ներկայացուցիչների մասնակցությամբ ժողով է տեղի ունեցել` աքսորվածների օգնության ձևաչափը որոշելու նպատակով: Վրաց հասարակության կողմից հավաքին մասնակցել է երդվյալ փաստաբան պ-րն Դ. Ճիաբերաշվիլին: Վերջինս տեղեկացրել է թավադ-ազնաուրների մարշալի պաշտոնակատար թավ. Դ.Է. Չոլոկղաշվիլիից ստացած տեղեկությունը, առ այն, որ հավաքը որոշել է  փախստականներին տրամադրել կես միլիոն մանաթ և այդ գումարը ուղարկել Երևան և Ղարս: Չոլոկղաշվիլին հեռագրով խնդրել է ներքին գործերի նախարարից՝  նշված գումարն ուղարկել թագավորի տեղակալի հրամանով: Սեպտեմբերի 27-ին Չոլոկղաշվիլին հեռագիր է ստացել պարոն Ճիաբերաշվիլիից, որի համաձայն, կես միլիոնը կուղարկվի թագավորի տեղակալին, նշված կարիքները հավասարաչափ բավարարելու համար տարբեր ազգերի միջև:

Վրաստան 1915/10/3 #107

Հայերի կոտորածը

Ամերիկյան հետաքննիչ հանձնաժողովը Լոնդոնում հեռագիր է փոխանցել, որտեղ խոսվում է օսմանցիների կողմից հայերի կոտորածի մասին: Լորդ Կրիումը պատգամավորական պալատում հայտարարություն է արել, ըստ որի, Սասուն գավառում հայերը մեկ առ մեկ ոչնչացվել են, գյուղերն ու քաղաքները հավասարվել հողին:

Վրաստան 1915/10/3 #107

Տեղեկություն վրաց տեղահանվածների մասին

Թբիլիսիի գուբերնիայի թավադ-ազնաուրների ղեկավարի պաշտոնը զբաղեցնող թավ. Դ. Է. Չոլոկղաշվիլին հետևյալ հեռագիրն է ուղարկել Դ.Զ. Ճիաբերիշվիլիին, ով վրաց հասարակության անունից մասնակցում է փախստականներին օգնություն ցուցաբերելու նպատակով, Ներքին գործերի նախարարությունում տեղի ունեցած հավաքին:

«Վրաց բարեգործական հասարակության» տեղեկատվությամբ, աքսորված վրաց ուղղափառների, կաթոլիկների և մահմեդականներ թիվը մոտավորապես հետևյալն է.

Բաթումիի շրջան – 24.500
Արդվինի շրջան – 30.000
Ախալցիխեի մարզ – 1.500
Ախալքալաքի մարզ – 3.000
Սուխումի շրջան – 6. 400
Սենակի մարզ – 1.500
Զուգդիդիի մարզ – 2.000

Ընդամենը – 59.900

Նրանց հոգածությամբ զբաղվում է միայն «Վրաց բարեգործական հասարակությունը», այլ կազմակերպություններ գրեթե օգնություն չեն ցուցաբերում: Անհրաժեշտ է հնարավորինս շատ գումար պահանջել՝ վրաց բարեգործական հասարակության ղեկավարությանը տալու համար:

Վրաստան 1915/10/4 #108

Մենք և հարևանները

Մեկ դարը բավարար էր, որ նոր եկած հայերը հիմնավոր տեղավորվեն Անդրկովկասում: 1897 թվականի մեկ օրվա բնութագրումը ցույց է տվել, որ աքսորված հայերի թվաքանակը գրեթե հավասարվել է վրացիների ընդհանուր թվին:

Այսօրվա համաշխարհային պատերազմը նորից հայ փախստականներին  արևելյան ու հարավային Անդրկովկաս է ուղարկել: Ալիքն այնքան մեծ է, որ հնարավոր է հարթավայրերն ու սարերը լցվեն նրանցով: Ոչ ոք հստակ չգիտի՝ որքան է հայ փախստականների իրական թիվը, սակայն, եթե թերթերը չեն ստում, ապա նրանց թիվը հասնում է 300 հազարի:

Չնայած նման դեպքերի, «գրուզինի» կողմից համախմբած թվերը հայ փախստականների վերաբերյալ բավականին զգալի է և մտահոգիչ: Եթե գործընթացը շարունակվի 10 տարի, հայերի հետքը նույնիսկ չի մնա նախկին Հայաստանում և ընտանիքներով հանդերձ բնակություն կհաստատեն այստեղ:

Վրաստան 1915/10/18 #120

Կիլիկիա-Զեյթուն
Կիլիկիայում և Զեյթունում հայերը ապստամբել են: Մեծ  թվով հայեր կոտորվել են:

Վրաստան 1915/10/23 #124

Հայկական հարցը

Հայկական հարցին բավականին կոշտ են վերաբերում ինչպես Օսմանյան կայսրությունում, այնպես էլ Գերմանիայում: Ահա, օրինակ ինչ է երգում Թալեաթ բեյը. «Կփորձեմ 40 տարով գոնե ջնջել հայերի բարեփոխումների մասին հարցը… Հայերը կեղտոտ և զզվելի ազգ են: Նրանց ոչնչացմամբ որևէ մեկը որևէ բան չի կորցնի»: Այս մասին գրում են նույնիսկ գերմանական  ազատական թերթերը: «Հայկական հարցը անգլիացիների կողմից չափազանցված է, արհեստական ստեղծված, որպեսզի խառնվեն Օսմանյան կայսրության ներքին գործերին: Անգլիայի փողը և Անգլիայի կողմից հրահրումից իրենք օգուտ են ստանում այն, որ հայ ազգը կնստի մեղադրյալի աթոռին և դարի դավաճանի անուն կկրի: Բնական է, որ նման պայմաններում օսմանցիները պիտի լինեն հայերի թշնամիները: Այդ պատճառով, չենք էլ զարմացել, որ ասում են թե Անատոլիայի անկիրթ ժողովուրդը և մոլեռանդ հոգևորականները հայերին կոտորում են»:

Հայրենիք 1915/10/24 #205

Հայկական հարցը

Հայկական հարցին կոշտ են վերաբերում ինչպես Օսմանյան կայսրությունում, այնպես էլ Գերմանիայում: Ահա օրինակ ինչ է երգում հայտնի Թալեաթ Բեյը. «Կփորձեմ 40 տարով գոնե ջնջել հայերի բարեփոխումների մասին հարցը… հայերը զզվելի և կեղտոտ ազգ են: Նրանց բնաջնջմամբ որևէ մեկը որևէ բան չի կորցնի: Այս մասին գրում են նույնիսկ գերմանական լիբերալ թերթերը: «Հայոց հարցը անգլիացիների կողմից արհեստական ստեղծված, չափազանցված է, որպեսզի իրենք կարողանան խառնվել Օսմանյան կայսրության ներքին գործերին: Անգլիական փողերը և Անգլիայի կողմից հարցի հրահրումն օգուտ է բերում միայն իրենց, քանի որ հայ ազգը կնստի մեղադրյալի աթոռին և դարի դավաճանի անունը կկրի: Բնական է, որ նման պայմաններում օսմանցիները պիտի լինեն հայերի թշնամիները: Այդ պատճառով, չենք էլ զարմանում, որ ասում են, թե Անատոլիայի անկիրթ ժողովուրդն ու մոլեռաբնդ հոգևորականները կոտորում են հայերին»:  Կրկնում է վերևի պարբերությունը Ա.Ա.

Հայրենիք 1915/10/25 #206

Հայերի կյանքը

Զեյթունից Հալեպ և Օգոնիո են տեղափոխել բոլոր հայերին, որտեղ վերջիններս սովից ու ցրտից մահանում են: