Ապրիլյան պատերազմից մեկ տարի անց. ՀՔԱՎ զեկույց

3379

Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ

OPEN SOCIETY FOUNDATIONS

ՏԵՂԵԿԱՆՔ ԱՊՐԻԼՅԱՆ ՊԱՏԵՐԱԶՄԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ՄԵԿ ՏԱՐԻ ԱՆՑ 

ՎԱՆԱՁՈՐ 2017

Սույն զեկույցը պատրաստվել է Բաց հասարակության հիմնադրամների ֆինանսական աջակցությամբ:

Սույն զեկույցի մեջ արտահայտված տեսակետները, մեկնաբանություններն ու եզրակացությունները հեղինակներինն են և հնարավոր է, որ չհամապատասխանեն ֆինանսավորող կազմակերպության տեսակետներին:

Ներածություն

ՀՔԱ Վանաձորի գրասենյակը, ելնելով պետության կողմից քաղաքացիների կյանքի, առողջության իրավունքի պաշտպանության եւ անվտանգության ապահովման, դրանց խախտումների կանխարգելմանն ուղղված գործողությունների ուղղությամբ իրավական գնահատական տալու, հանրությանը պատշաճ իրազեկելու պարտականությունից, իրականացրել է 2016թ․ ապրիլի 2-5 ընկած ժամանակահատվածում պատերազմական գործողությունների (մինչեւ Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանի Հանրապետության Գլխավոր շտաբերի պետերի կողմից հրադադարի հաստատումը[1]) ընթացքում մահացության դեպքերի, հանգամանքների վերլուծություն, որի արդյունքները 2016թ․ նոյեմբերի 16-ին ներկայացվեցին «2016թ. ապրիլին պատերազմական գործողությունների ընթացքում մահացած զինծառայողների մահվան հանգամանքների և նրանց ընտանիքների սոցիալական ապահովության վիճակի մասին» զեկույցի ձեւով:

Սույն տեղեկանքում անդրադառում ենք ապրիլյան պատերազմական գործողությունների ընթացքում եւ դրանց հետեւանքով մարդու իրավունքների խախտումների, բացահայտված խնդիրների լուծման ուղղությամբ իշխանության կողմից իր պարտականությունների կատարմանը։

Անցած մեկ տարվա ընթացքում ապրիլյան պատերազմական գործողությունների արդյունքում բացահայտված խնդիրների վերաբերյալ հրապարակվեցին բազմաթիվ հոդվածներ, մեկնաբանություններ, սակայն իշխանությունների արձագանքը կարելի է գնահատել մի կողմից խիստ զուսպ, մյուս կողմից բացահայտված խնդիրների վերաբերյալ հանրային քննադատական գնահատականների անտեսում կամ լռության մատնում, այդ թվում՝ մեր կողմից հրապարակված զեկույցի նկատմամբ:

2016 թ. ապրիլյան պատերազմական գործողությունների  հետեւանքով զոհված զինծառայողների մահվան հանգամանքների վերաբերյալ կազմակերպության պաշտոնական հարցումները եւ դրանց արձագանքները մինչ զեկույցի հրապարակումը

(2016 թ. մայիս-նոյեմբեր)

2016թ․ ապրիլյան պատերազմական գործողություններից  հետո կազմակերպությունը մարտական գործողությունների եւ դրանց հետեւանքով մահացած զինծառայողների թվի, ռազմագերիների, անհայտ կորածների, մահվան փաստերով հարուցված քրեական գործերի եւ դրանց ընթացքի  վերաբերյալ տեղեկատվական հարցումներ էր ուղարկել ՀՀ պաշտպանության նախարարություն, ՀՀ գլխավոր դատախազություն եւ ՀՀ քննչական կոմիտե, որոնց պատասխանները եւս ամփոփվել էին Կազմակերպության վերոնշյալ Զեկույցում:

2016թ․ ապրիլյան պատերազմական գործողությունների հետեւանքով Հայաստանի Հանրապետությունում եւ Լեռնային Ղարաբաղում ադրբեջանցի ռազմագերիների կամ զոհվածների մարմինների առկայության վերաբերյալ Կազմակերպության 2016թ․ մայիսի 2-ի հարցմանն ի պատասխան ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ “Հայաստանի Հանրապետությունում կամ Լեռնային Ղարաբաղում ադրբեջանցի գերիներ կամ զոհվածների մարմիններ չկան”:

Կազմակերպությունը 2016թ․ հունիսի 18-ին  կոնկրետ անձանց մահվան փաստերով հարուցված քրեական գործերի եւ նրանց հարազատներին տուժողի իրավահաջորդ ճանաչելու վերաբերյալ հարցումներ է ուղարկել ՀՀ պաշտպանության նախարարություն,  ՀՀ քննչական կոմիտե եւ ՀՀ գլխավոր դատախազություն. ամբողջական տեղեկատվություն տրամադրել է միայն ՀՀ կենտրոնական զինվորական դատախազությունը:

2016թ. հունվար-հունիս ամիսներին ՀՀ զինված ուժերում եւ ԼՂՀ պաշտպանության բանակում մահացած ժամկետային և պայմանագրային զինծառայողների թվի եւ մահվան պատճառների  վերաբերյալ ՀՀ ՊՆ եւ ՀՀ գլխավոր դատախազությանը Կազմակերպության 2016թ․  հունիսի 24-ի  հարցումներին վերստին տեղեկատվություն տրամադրել է միայն ՀՀ գլխավոր դատախազությունը:

2016թ․ ապրիլյան պատերազմական գործողությունների հետեւանքով մարդու իրավունքների բազում խախտումների եւ զինծառայողների մահվան հանգամանքների վերաբերյալ հանրային քննարկումների կամ հանրային լսումների անցկացման նպատակով Կազմակերպության կողմից 2016թ․ սեպտեմբերի 7-ի գրությամբ առաջարկություն ներկայացվեց  ՀՀ ԱԺ պաշտպանության, անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովին: Հանձնաժողովը 2016թ․ հոկտեմբերի 3-ի պատասխան գրությամբ հայտնեց, որ դեռեւս 2016թ․ ապրիլի 5-ին դռնփակ քննարկում է անցկացվել ՀՀ ԱԺ լիագումար նիստից հետո՝  ՀՀ Պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանի և ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանի մասնակցությամբ։

2016թ․ ապրիլի 11-ին  Հանձնաժողովը հանդիպում է կազմակերպել ՀՀ առաջատար վերլուծաբանների հետ «Ադրբեջանի ռազմական ագրեսիայի արդյունքում ստեղծված իրավիճակը և հնարավոր զարգացումները» թեմայով, որի ընթացքում քննարկվել են հակառակորդի լայնամասշտաբ ռազմական գործողությունների, տարածաշրջանային զարգացումների, ռազմական, քաղաքական, դիվանագիտական, տեղեկատվական դաշտում Ադրբեջանի Հանրապետությանը հակազդելու նոր գործիքակազմի վերաբերյալ հարցեր։ Հանձնաժողովը հայտնել է նաեւ, որ 2016թ․ մայիսի 4-ին  ՀՀ ԱԺ պաշտպանության, անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովը կազմակերպել է դռնփակ քննարկում՝ ՀՀ պաշտպանության նախարարի, ՀՀ ԱԺ նախագահի տեղակալը, խմբակցությունների ղեկավարները, ՀՀ ԱԺ հանձնաժողովների նախագահները և ՀՀ ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի անդամների մասնակցությամբ, որի ընթացքում քննարկվել են ապրիլյան պատերազմի հետևանքով ստեղծված իրադրությանը և դրանից բխող իրականացվելիք գործողություններին վերաբերող հարցեր։

Հերթական քննարկումը տեղի է ունեցել 2016թ․ մայիսի 7-ին ԼՂՀ Ազգային Ժողովում ՀՀ և ԼՂՀ խորհրդարանների պաշտպանության ազգային անվտանգության և ներքին գործերի ու արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովների համատեղ դռնփակ նիստում՝ «Ապրիլյան պատերազմի հետևանքով ստեղծված ռազմա-քազաքական իրադրությունը և դրանից բխող գործողությունները» թեմայով։ Համատեղ նիստում քննարկվել են ԼՂՀ-ում ռազմական իրադրությունը, մարտահրավերները, ղարաբաղյան հիմնախնդրի շուրջ առկա արտաքին քաղաքական միջավայրին, պաշտպանության և արտաքին քաղաքականության ոլորտում ՀՀ և ԼՂՀ միջև փոխգործակցության ընդլայնմանն առնչվող հարցեր։

ՀՀ ԱԺ պաշտպանության, անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովը Կազմակերպության 2016թ․ սեպտեմբերի 7-ի գրության պատասխանում նշում է նաեւ, որ վերը նշված միջոցառումների շրջանակներում քննարկումների առարկա է եղել նաեւ Կազմակերպության կողմից առաջարկվող թեման:

Հարկ է նշել, որ վերը նշված քննարկումները անց են կացվել առանց քաղաքացիական հասարակության  ներկայացուցիչների մասնակցության, եւ հանրությանը որեւէ  տեղեկատվություն այդպես էլ չի տրամադրվել  ապրիլյան պատերազմական գործողությունների ժամանակ զինծառայողների զոհվելու հանգամանքների, պատերազմական գործողությունների արդյունքում բացահայտված չարաշահումների, զինծառայողների մարդու իրավունքների խախտումների փաստերով քննության իրականացման, դրանց արդյունքում բացահայտված խնդիրների եւ խախտումների համար պատասխանատու անձանց եւ նրանց պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ:

«2016թ-ի ապրին պատերազմական գործողությունների ընթացքում մահացած զինծառայողների մահվան հանգամանքների և նրանց ընտանիքների սոցիալական ապահովության վիճակի մասին» զեկույցի վերաբերյալ պետական մարմինների արձագանքը

2016 թ. նոյեմբերի 17-ին Զեկույցը ուղարկվեց ՀՀ զինվորական դատախազ Ա.  Հարությունյանին եւ ՀՀ Քննչական կոմիտեի նախագահ Ա. Հովսեփյանին, ՀՀ ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Կ. Նահապետյանին, ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Ա. Թաթոյանին՝ որպես ի գիտություն:

Մինչ այժմ զեկույցում ներկայացված խնդիրներին արձագանքել է միայն ՀՀ քննչական կոմիտեն, որի վերահսկողության և ՔԳՔԱ վարչության պետ Ա. Մելիքյանը գրությամբ  խնդրել է լրացուցիչ տեղեկություններ տրամադրել մահացած կամ զոհված զինծառայողների հարազատների վերաբերյալ նրանց՝ վարույթն իրականացնող մարմիններ հրավիրելու և նրանց մասնակցությամբ անհրաժեշտ քննչական գործողություններ կատարելու համար:

«2016թ-ի ապրիլին պատերազմական գործողությունների ընթացքում մահացած զինծառայողների մահվան հանգամանքների և նրանց ընտանիքների սոցիալական ապահովության վիճակի մասին» զեկույցում արձանագրված խնդիրները եւ դրանց պատճառների բացահայտման ուղղությամբ իրականացված գործողությունները

Կազմակերպության կողմից հրապարակված Զեկույցում արձանագրված խնդիրները կարելի է խմբավորել ըստ հետեւյալ ոլորտների.

  1. զինտեխնիկայի պատրաստվածության աստիճանը, անհրաժեշտ քանակի եւ որակի վառելիքի ապահովումը,
  1. զինամթերքի անհրաժեշտ քանակի առկայությունը եւ ժամանակին պատշաճ մատակարարումը,
  1. մարտական, այդ թվում՝ հետախուզական գործողությունների կառավարումը,
  2. մարտական դիրքերի տեխնիկական զինվածությունը եւ անվտանգության ապահովումը,
  1. մահվան հանգամանքների եւ պատճառների քննությունը,
  2. սոցիալական արդարության, զինծառայողների իրավունքների պաշտպանությունը:

Սույն տեղեկանքում ներկայացնում ենք նշված ոլորտներում արձանագրված խնդիրների, դրանց առաջացման պատճառների բացահայտման, ուսումնասիրության և լուծման ուղղությամբ իշխանությունների կողմից իրականացված գործողությունների վերաբերյալ ամփոփ նկարագրությունը՝ ըստ լրատվական միջոցներով տարածված տեղեկությունների եւ պաշտոնատար անձանց կողմից արված հայտարարությունների եւ մեկնաբանությունների:

Զինտեխնիկայի պատրաստվածության աստիճանի, անհրաժեշտ քանակի  եւ որակի վառելիքի ապահովման վիճակի վերաբերյալ խնդիրները եւ դրանց առաջացման պատճառների ուղղությամբ քննության իրականացումը

Կազմակերպության Զեկույցում անդրադարձել ենք պատերազմական գործողությունների ընթացքում զինտեխնիկայի անսարքության, անհրաժեշտ քանակով եւ որակով վառելիքի մատակարարման  խնդիրներին:

2016թ․ ապրիլյան պատերազմական գործողություններից հետո ԶԼՄ-ներով տեղեկություններ տարածվեցին զինտեխնիկայի անսարքության, հնացած լինելու մասին, որոնք, ըստ որոշ կարծիքների, պատճառ հանդիսացան մեծ թվով զոհերի[2]։ Այս մասին հայտնել են նաեւ զոհվածների հարազատները, որոնք տեսել են, թե ինչպես են տանկերը կանգնած վիճակում թողնված և որ դրանք չեն շահագործվել այն պարզ պատճառով, որ կամ եղել են անսարք, կամ վառելիք չի եղել[3] ։

Զոհված փոխգնդապետ Ալեքսան Առաքելյանի հայրը` Գևորգ Առաքելյանը, 2016թ․ ապրիլ ամսին ԶԼՄ-ներում հայտարարություն է տարածել այն մասին, որ ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ արձանագրվել են դիզվառելիքի փոխարեն տանկերի բաքերում ջուր լինելու, ինչպես նաև տանկերի էլեկտրական մարտկոցների բացակայության դեպքեր, որի կապակցությամբ ՊԲ համապատասխան զրահատեխնիկան ժամանակին չի կարողացել մեկնել մարտական գործողությունների վայր:

2016թ․ նոյեմբերի 17-ին՝ Զեկույցի հրապարակումից հետո, ՀՀ պաշտպանության նախարարի եւ նրա խոսնակի կողմից նշված տեղեկությունները համարվեցին ոչ արժանահավատ կամ «զինծառայողների հարազատների ծնողների էմոցիաների վրա խաղացած»:[4]

Նշված խնդիրներին հերթական անգամ անդրադարձ եղավ 2017թ․ ապրիլին ՀՀ Ազգային ժողովի ընտրությունների ժամանակահատվածում:

ՀՀ վարչապետը 2017թ․ մարտի 2-ին ՀՀ Ազգային ժողովում հարց ու պատասխանի ժամանակ հայտարարեց. «Ունենք կասկած, որ վառարանային վառելիքը հետո գնում է, կերոսինի հետ խառնվում է, եւ մենք շուկայում ունենում ենք անորակ նավթամթերք: Դուք շատ լավ հիշում եք, որ ապրիլյան դեպքերի ժամանակ մենք ունեինք բազմաթիվ դեպքեր, երբ որ մեր ռազմական տեխնիկան չէր աշխատում հենց դրա պատճառով»: [5]

2017 թ. մարտի 3-ին ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը, արձագանքելով Կարեն Կարապետյանի հայտարարությանը, հայտնեց. «կերոսին բանակի վառելիքին խառնում է Հայաստան նավթամթերք ներկրող Բարսեղ Բեգլարյանը՝ Ֆլեշի Բարսեղը։ Ինքը կապ չունի դրա հետ։ Եվ եթե փորձեն վառելիքի հարցը կոտրել իր վրա, ապա ինքը բոլոր մեղավորների անունները կհայտնի»: [6]

Նույն օրը` 2017թ. մարտի 3-ին, վառելիքի թեմային անդրադարձավ նաև գործող պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը: Նա կարևորեց վարչապետի մոտեցումը, համաձայն որի, պետք է մատակարարվող վառելիքի նկատմամբ սահմանվի վերահսկողություն եւ նշեց. «Իրականում, ինչպես հասկանալի է, Պաշտպանության բանակն իրականացնում է պատշաճ վերահսկողություն արդեն իսկ ձեռք բերված վառելիքի նկատմամբ: Միաժամանակ, ծայրահեղ իրավիճակներում բանակին կարող են անհրաժեշտ լինել նաև լրացուցիչ պաշարներ մասնավոր մատակարարի կողմից»[7]:

2017թ. մարտի 14-ին ՀՀ պաշտպանության նախարարությունը պաշտոնապես հերքեց ՀՀ վարչապետի հայտարարությունը`կապված անորակ դիզվառելիքի հետ[8]:

2017թ. մարտի 17-ին ՀՀ գլխավոր դատախազությունը տարածեց հայտարարություն, համաձայն որի 2016թ․ ապրիլյան քառօրյա պատերազմի ընթացքում վառելիքի հետ կապված խնդիրների պատճառով մարտական հատուկ մեքենաների խափանման, և հետևաբար մարտական առաջադրանքների կատարման ձախողման դեպքեր չեն արձանագրվել:

Միաժամանակ, ըստ tert.am կայքում 2017թ․ մարտի 17-ին հրապարակված նյութի՝ ՀՀ գլխավոր դատախազությունը հայտնում է, որ դեպքի առթիվ նախապատրաստված նյութերով վերը նշված հանգամանքները չեն հիմնավորվել, հերքվել են, և որոշում է կայացվել քրեական գործ հարուցելը մերժելու մասին»։ [9]

Armlur.am-ի 2017թ․ մարտի 20-ին տարածված տեղեկության համաձայն՝ սկանդալային այս թեման դարձել է ներիշխանական լուրջ հակասությունների պատճառ և չնայած հնչած բոլոր հայտարարություններին, վարչապետը շարունակում է պնդել, որ բանակին մատակարարվել է անորակ դիզվառելիք: Հետևելով վարչապետի հայտարարությանը՝ Պետական եկամուտների կոմիտեն վառելիքի ներմուծման եւ իրացման շղթայում խոշոր խախտում է բացահայտել: [10]

«Aravot.am»-ի  2017թ․ մարտի 20-ին տարածված տեղեկության համաձայն՝ «ԱՐԱԳԳ» ընկերությունը, որի տնօրենն է հանդիսանում Արարատ Թումանյանը, տարեսկզբից ներկրած վառարանային վառելիքն, օրենքը շրջանցելով, փորձել է իրացնել իբրեւ կերոսին ու դիզելային վառելիք: Վառելիքի մի մասը վաճառվել է Գորիսում վառելանյութի մանրածախ առեւտրով զբաղվող 2 անհատ ձեռնարկատիրոջ[11]:

Օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզ է դարձել, որ վերջիններս իրացրել են վառելանյութի մի մասը՝ դիզելային վառելիքի հետ խառնելով: Ներկրողը նաեւ հաշիվ-ապրանքագիր է դուրս գրել մեկ ընկերության անունով, սակայն հարկային օրենսդրությունը խախտելով՝ փաստացի մատակարարել է մեկ այլ ընկերության:

Տնտեսվարողը նոր խմբաքանակներ է ներկրել Իրանի Իսլամական Հանրապետությունից: Լաբորատոր փորձաքննությունը ցույց է տվել, որ ներկրված վառելիքը չի համապատասխանում մեր երկրում սահմանված ինչպես նախկին, այնպես էլ վերջերս փոխված չափանիշերին, ուստի մաքսային մարմինը չի թույլատրել ապրանքի ձեւակերպումը:

ՊԵԿ իրավախախտումների հայտնաբերման ու վարչական վարույթների իրականացման վարչության հետաքննության բաժնի պետ Արթուր Ուզունյանը հավաստիացնում է, որ «ՊԵԿ օպերատիվ հետախուզության վարչության աշխատակիցները նախկինում ներմուծված եւ մի քանի ընկերությունների վաճառված ենթադրյալ կերոսինից ու դիզելային վառելիքից փորձանմուշներ են վերցրել եւ ուղարկել փորձաքննության: Ստացված եզրակացությունների համաձայն` ներմուծված ենթադրյալ կերոսինն իրականում հանդիսանում է վառարանային վառելիք, իսկ ենթադրյալ կերոսինի եւ դիզելային վառելիքի խառնուրդը` վառարանային վառելիքի ու դիզելային վառելիքի խառնուրդ»[12]:

Կոմիտեի օպերատիվ հետախուզության վարչության 1-ին բաժնի պետ Վահրամ Ադամյանը ասում է,որ «ԱՐԱԳԳ» ընկերությունը վառելիքի մի մասը տեղափոխել է Արմեն Մուրադյանին պատկանող ջերմոց: Իսկ ջերմոցում տեղադրված 2 վառարանները նախատեսված չեն կերոսինի այրման համար: «Մարտ ամսին ընկերության ներկրած վառարանային վառելիքի ողջ խմբաքանակից վաճառվել է ընդամենը 285 լիտր, ինչը վկայում է Հայաստանում այդ ապրանքատեսակի պահանջարկի գրեթե բացակայության մասին:

«ԱՐԱԳԳ» ընկերության՝ վերջին ամիսների գործունեության մասին տվյալները հիմնավորում են, թե ինչու է ներկրողը ՊԵԿ-ի տեսադաշտում հայտնվել: Սակայն անտեսելով ակնհայտ խախտումները՝ գործարարը խնդրի հետ կապված դիմել էր նաեւ ԱԺ պատգամավորներից մեկին:

ՕՀՎ պետ Գարեգին Առաքելյանը նշել է, որ ներկրողի եւ նրա գործընկերների մոտ իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքները հիմք են տալիս պնդելու, որ տնտեսվարողները թույլ են տվել մի խումբ իրավախախտումներ՝ այդ թվում անապրանք գործարքներ իրականացնելու եւ սպառողներին մոլորության մեջ գցելու հատկանիշներով[13]:

Վարչապետի հայտարարությունից հետո բացահայտվեց դիզվառելիքի յուրացման ևս մեկ դեպք:  News.am-ի 2017թ․ մարտի 25-ի տարածած տեղեկության համաձայն,  2016թ-ի ապրիլից մինչեւ օգոստոս N զորամասի հրամանատար Մխիթար Ալեքսանյանը նույն զորամասի ՎՔՆ բաժնի պահեստարանի պետ, ենթասպա Աշոտ Յայլոյանի հետ պարբերաբար վատնել է իր հրամանատարությամբ գործող զորամասի հաշվեկշռում գտնվող և իրեն վստահված խոշոր չափի` 1 մլն 259 հազար դրամի 3 հազար 8 հարյուր 40 լիտր դիզելային վառելիք: Նախաքննության ձեռք բերած տվյալների համաձայն՝ զորամասի հրամանատարը Աշոտ Յայլոյանի հետ մի քանի անգամ 450-500 լիտր դիզելային վառելիք է լիցքավորել զորամասի հարակից տարածք մուտք գործած «Մանվել Գալստյան» ԱՁ տնօրեն Մանվել Գալստյանի կողմից ուղարկված մեքենայի ավտոցիստեռնը: Այնուհետեւ արդեն հափշտակված վառելիքը նշված մեքենայի վարորդ Արմեն Գրիգորյանի օժանդակությամբ տեղափոխվել է Գյումրիում գտնվող Մանվել Գալստյանին պատկանող բենզալցակայաններ, որտեղ արդեն կազմակերպվել է հափշտակված վառելիքի վաճառքը:

Ըստ նշված աղբյուրի՝ Մխիթար Ալեքսանյանին այդ հարցում օգնել են նաեւ Ռուդիկ Կարապետյանն ու Լեռնիկ Վարդանյանը:

Զորամասի հրամանատար, փոխգնդապետ Մխիթար Ալեքսանյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ, 3-րդ կետերով եւ 235-րդ հոդվածի 1-ին մասով, զորամասի պահեստարանի պետ Ա. Յայլոյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին,  2-րդ, 3-րդ կետերով եւ 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 3-րդ կետերով, զորամասի ուսումնական մասի դասախոս Լ.Վարդանյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38-179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 3-րդ կետերով, անհատ ձեռներեց Մ.Գալստյանին, վարորդին եւ իրացնողին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38-179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ եւ 3-րդ կետերով։

Հետաքրքրական է, որ այս գործով ոչ ոք կալանքի տակ չէ: Ալեքսանյանն ու Յայլոյանը ստորագրությամբ ազատ են արձակվել, իսկ Գալստյանը՝ գրավի դիմաց է ազատ արձակվել: Վարչապետ Կարեն Կարապետյանի հնչեցրած հայտարարության հետքերը դեռ թարմ են և շարունակվում են մեկը մյուսին մեղադրել  բանակին անորակ դիզվառելիք մատակարարելու համար[14]:

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի՝ անորակ նավթամթերքի պատճառով ռազմատեխնիկայի չաշխատելու վերաբերյալ աղմկահարույց հայտարարության առնչությամբ 06.03.2017 թ-ին կազմակերպությունը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել ՀՀ Գլխավոր դատախազություն: Դատախազությունը, սակայն, 2017 թ-ի ապրիլի 1-ին պատասխանելով՝ դրանք որակել է որպես վերացական բնույթ կրող և ենթադրությունների վրա հիմնված տվյալներ և հրաժարվել քրեական գործ հարուցել, միաժամանակ պատճառաբանել, թե «քառօրյա պատերազմի ընթացքում վառելիքի հետ կապված խնդիրների պատճառով մարտական հատուկ մեքենաների խափանման և մարտական առաջադրանքների կատարման ձախողման դեպքեր չեն արձանագրվել»:

Դատախազությունից հայտնում են նաև, որ քառօրյա պատերազմի ընթացքում զոհված փոխգնդապետ Ալեքսան Առաքելյանի հոր՝ տանկերի բաքերում դիզվառելիքի փոխարեն ջուր լինելու և մարտկոցների բացակայության մասին հայտարարության կապակցությամբ նախապատրաստված նյութերով վերը նշված հանգամանքները չեն հիմնավորվել, և սրա վերաբերյալ ևս քրեական գործ չի հարուցվել: Հայտնի չէ, թե ՀՀ գլխավոր դատախազությունը Կազմակերպության կողմից ուղարկված հաղորդման մեջ ներկայացված տեղեկությունների ստուգման, քննություն իրականացնելու վերաբերյալ հանձնարարություն տվել է որեւէ քննչական մարմնի, թե ոչ, սակայն, փաստ է, որ Կազմակերպության կողմից հանցագործության մասին հաղորդմանը ՀՀ գլխավոր դատախազությունը պատասխանել է ընդամենը գրությամբ: Մինչդեռ հանցագործության մասին հաղորդման վերաբերյալ պետք է ընդունվի որոշում քրեական գործ հարուցելու, կամ քրեական գործի հարուցումը մերժելու, կամ հաղորդումը վերահասցեագրելու մասին, որոնցից ոչ մեկը չի իրականացվել:  Կազմակերպությունը վերստին դիմել է ՀՀ գլխավոր դատախազություն վերը նշվածներից որևէ մեկ տարբերակով որոշում կայացնելու պահանջով:

Ամփոփելով վերը շված տեղեկությունները՝ կարող ենք արձանագրել, որ իրավապահ մարմինների կողմից բազմակողմանի, լրիվ եւ օբյեկտիվ քննություն չի իրականացվել ապրիլյան պատերազմական գործողությունների ընթացքում զինվորական տեխնիկայի խափանումների, անորակ վառելիքի մատակարարման եւ դրանց հետեւանքով մարդկային զոհերի փաստի ուղղությամբ, չեն բացահայտվել եւ պատասխանատվության չեն ենթարկվել պաշտոնատար անձինք:

Զինամթերքի անհրաժեշտ քանակի առկայության եւ ժամանակին պատշաճ              մատակարարման ուղղությամբ քննության իրականացումը

Կազմակերպության Զեկույցում արձանագրվել էր նաեւ 2016թ․ ապրիլյան պատերազմական գործողությունների ժամանակ անհարժեշտ քանակի եւ որակի զինամթերքի բացակայության եւ դրանց ոչ պատշաճ մատակարարման վերաբերյալ խնդիրներ:

Բեռլինում Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետության կանցլեր Անգելա Մերկելի հետ հանդիպման ժամանակ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ընդգծել է, թե մեր զինվորները ինքնապաշտպանությունն իրականացրել են 80-ականների զենքով[15], որը դարձավ հանրային ամենասուր քննարկվող հարցերից մեկը:

Նշված խնդրի քննարկման շրջանակում հանրային ուշադրության կենտրոն վերադարձավ դեռևս 2015թ․ հունիսին ստորագրված հայ-ռուսական համաձայնագիրը, որով ՀՀ-ն ՌԴ-ի կողմից հատկացված վարկի միջոցներով պետք էՌԴ-ից  գներ  $200 մլն զենք ու ռազմական նշանակության գույք, իսկ վարկի վճարման ժամկետ էր սահմանված 10 տարին: Ուշագրավ է, որ մինչ 2016թ․ ապրիլյան պատերազմական գործողությունները, 2016թ․ փետրվարին ռուսական աղբյուրները հրապարակեցին ռուսական վարկով Հայաստանին մատակարարվելիք զենքի ողջ տեսականին, որոնք ՀՀ-ն դեռեւս ձեռք չէր բերել[16]: Միայն 2016թ․ մայիսի 23-ին ՀՀ Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում  ՀՀ պաշտպանության  նախարար Սեյրան Օհանյանը հայտնեց, որ հայկական կողմն աշխատում է զենք ձեռք բերելու վերաբերյալ վարկային համաձայնագրի շրջանակում փաստաթղթային աշխատանքներն ավարտելու ուղղությամբ[17]: Բացի այդ, լրագրողների հետ հանդիպման ժամանակ Սեյրան Օհանյանը նշել է, թե ԼՂՀ ՊԲ դիրքերը մշտապես համալրվում են  գիշերային տեսանելիության սարքերով, ջերմատեսիլ սարքավորումներով, որպեսզի մարտական հերթապահության ժամանակ առաջադրված խնդիրներն ավելի արդյունավետ իրականացվեն[18]: Ուշագրավ է, որ դեռևս 2014 թ․ տանկային բիատլոնի ժամանակ հայկական թիմի շահած Տ-90 տանկը Հայաստան հասավ միայն 2016թ․ ապրիլի 27-ին։

2016թ․ նոյեմբերի 26-ին նորանշանակ ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը ՀՀԿ համագումարում հայտնեց, որ Հայաստանը սովետական ժամանակաշրջանից ժառանգել է զինամթերք եւ զինատեսակներ, եւ չի բացառում 80-ական թվականների զինանոցի առկայությունը[19]:

Մինչ այդ, անդրադառնալով Կազմակերպության զեկույցում պատերազմական գործողությունների ժամանակ  զենք-զինամթերքի մատակարարման խնդիրներին, ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը իր ֆեյսբուքյան էջում 2016 թ-ի նոյեմբերի 19-ին գրել է, որ փամփուշտի պակասը կապված է եղել ոչ թե զինամթերքի սպառման հետ, այլ մարտավարական զարգացումների հետ (օրինակ՝ հակառակորդը կրակային շրջափակման մեջ է վերցրել մեր դիրքերը) [20]։

Այսպիսով, սպառազինությունների, զենք-զինամթերքի ձեռքբերման ուղղությամբ իշխանությունների իրականացրած գործողությունների, նաեւ ռազմական գործողությունների ընթացքում կոնկրետ իրավիճակներում զինամթերքի մատակարարման հետ կապված խնդիրների ուսումնասիրության ուղղությամբ նույնպես չեն իրականացվել անհրաժեշտ քայլեր, կամ եթե իրականացվել են, ապա դրանց արդյունքների մասին վերստին որեւէ տեղեկատվություն հանրությանը չի ներկայացվել:

Խնդիրը վերաբերում է ոչ թե ռազմական գաղտնիքին, այլ պաշտոնատար անձանց, հրամանատարների կողմից այն գործողությունների գնահատմանը՝ թե քաղաքական մակարդակում, թե կոնկրետ մարտական բնագավառում, որոնց ոչ պատշաճ իրականացումը պատճառներից մեկն է հանդիսացել ապրիլյան պատերազմական գործողությունների ժամանակ մեծաթիվ զոհերի:

Այս խնդրի հետ կապված անհրաժեշտ ուսումնասիրության առարկա է հանդիսանում երկար տարիներ պաշտպանական բյուջեից զինամթերքի եւ զինտեխնիկայի համար հատկացված բյուջետային միջոցների ծախսման արդյունավետության քննության իրականացումը: Հաշվի առնելով տարիներ շարունակ պաշտպանական նպատակներով գնումներում կոռուպցիոն ռիսկերի առկայությունը՝ նման քննության չիրականացումը հանդիսանում է իշխանության կողմից պետության եւ նրա քաղաքացիների անվտանգության ապահովման բնագավառում ոչ միայն պարտականությունների ոչ պատշաճ կատարում, այլեւ դրանցում մեղավոր անձանց կողմից կատարված հանցագործությունների կոծկում: 

Մարտական, այդ թվում հետախուզական գործողությունների կառավարման հետ կապված խնդիրներ

Կազմակերպության Զեկույցում անդրադարձ է եղել նաև մինչ պատերազմական գործողությունների սկիզբը դրանց սկսվելու  վերաբերյալ հետախուզական տվյալների առկայությանը, նրանց հիման վրա որոշումների կայացմանը:

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը 2017թ․ ապրիլի 23-ին Bloomberg գործակալությանը տված իր հարցազրույցում հայտնում է. «Ստույգ տեղեկություններ, անշուշտ, չունեինք, որ ապրիլի 1-ը կարող է այդպիսի իրադարձությունների սկիզբ դառնալ, և եթե իհարկե ունենայինք, ադրբեջանցիները շատ-շատ մեծ կորուստներ կկրեին, և այս մի քանի մետրը, որ իրենք գրավել են, դա էլ չէին կարողանա գրավել»[21]: Մինչդեռ, ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, դեռեւս armlur.am կայքի 2016թ․ ապրիլ 7-ին տարածած տեղեկատվության համաձայն՝ հայտարարել է, որ   Հայաստանը ունեցել է հետախուզական տվյալներ Լեռնային Ղարաբաղի վրա Ադրբեջանի հնարավոր հարձակման մասին: «Մենք ունեցել ենք համապատասխան տեղեկություն մեր հետախուզությունից, որը պարբերաբար տվյալներ է հավաքում հակառակորդի կազմի, տեղափոխությունների և նրանց հնարավոր գործողությունների մասին: Հենց դա է հայկական ուժերին օգնել դիմակայել հակառակորդին ամբողջ առաջնագծով և հասնել հաջողությունների»,- ասել է նա[22]:

Նույն ժամանակահատվածում, 2016թ․ ապրիլի 22-ին lragir.am կայքում ուշագրավ տեղեկություններ հրապարակվեցին ստացված հետախուզական տվյալների նկատմամբ ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Յու. Խաչատուրովի վերաբերմունքի մասին:   Ըստ նշված կայքի տարածված նյութի՝ «գլխավոր շտաբի պետ Յուրի Խաչատուրովը ապրիլի 1-ին, երեկոյան ժամը 18:00-ին, բիլիարդ էր խաղում իրեն պատկանող «էյֆեր» բիլիարդի սրահում: Նրան ընկերակցում էին Կարեն Ճշմարիտյանը, Դավիթ Լոքյանը և Զորիկ անունով ևս մի պաշտոնյա: 18:30-ին բիլիարդի սրահ է մտնում Խաչատուրովի օգնականը և զեկուցում, որ հետախուզությունը հայտնում է, որ սկսվել է ազերիների լայնամասշտաբ տեղաշարժ: Գենշտաբի պետը այս լսելուց հետո, բառացի կարգադրում է ուշադրություն չդարձնել: 19:30-ին օգնականը նորից է մտնում սրահ և զեկուցում, որ հետախուզությունը հայտնում է, որ  ազերիների տեղաշարժը աննախադեպ է, մարդաշատ և լայնամասշտաբ: Գենշտաբի պետից ստանում է նույն պատասխանը, ուշադրություն մի դարձրեք: 20:00-ին օգնականը նորից է մտնում սրահ և հայտնում, որ հետախուզությունը հայտնում է, որ ազերիների լայնամասշտաբ տեղաշարժի հետ միասին սկսվել է նաև զինտեխնիկայի տեղաշարժ, որ ազերիները ծանր հրետանին մոտեցնում են առաջնագծին, որ ռմբակոծման հավանականությունը շատ բարձր է»[23]:

Ուշագրավ է, որ 2017թ․ մարտի 3-ին Մեդիա կենտրոնում կայացած ասուլիսի ժամանակ ասուլիսին մասնակից Ջանիկ Սիմոնյանը հայտնում է, որ Հադրութի դիրքերում է եղել ապրիլի 1-ի և 2-ի գիշերը: «Այդ գիշեր մենք հեռախոսագիր ենք ստացել, որ ժամը 4-ին հակառակորդի կողմից բացահայտ հարձակում է լինելու: Դա նշանակում է՝ պատերազմ է լինելու, դուրս եկանք, մտանք խրամատները ու մինչև հուլիսի 25-ը ես էնտեղ եմ մնացել» [24]:

Մինչդեռ Newsbook.am–ի 2016թ․ ապրիլի 22-ի հրապարակմամբ՝ ՀՀ Պնախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը Յու. Խաչատուրովի վերաբերյալ տարածված տեղեկատվությունը պարզաբանել է՝ նշելով. «Կեղտոտ հերյուրանք է, ոչ մի կերպ չի համապատասխանում իրականությանը»[25]:

Պատերազմական գործողությունների վերաբերյալ ուշագրավ անդրադարձ է կատարված aravot.am կայքի 2016թ․ հունիսի 15-ին տարածված հոդվածում, ըստ որի մի քանի օր շարունակ «համացանցում մի տեսանյութ է պտտվում, որն ամենայն հավանականությամբ, իրականացվել է ապրիլյան քառօրյա պատերազմի առաջին օրը՝ ապրիլի լույս 2-ի գիշերը: «Ոտքի Հայաստան» քաղաքացիական նախաձեռնության անդամ Անդրիաս Ղուկասյանի կողմից տարածված տեսանյութում երեւում է, թե ինչպես է ԼՂՀ սահմաններին մոտենում հակառակորդի զորքը: Հայ զինվորներն անընդհատ կապ են տալիս, որ հակառակորդը մոտենում է, կրակ բացելու թույլտվություն են հայցում, սակայն պատասխանը լինում է՝ սպասեք: ԼՂՀ դիրքերը պահող զինվորների կողմից լսվում են հայհոյանքներ, թե ինչու չեն թողնում կրակեն, քանի որ հակառակորդը գնալով ավելի է առաջ գալիս»[26]:

Ամփոփելով ներկայացված տեղեկությունները՝ կարող ենք արձանագրել, որ գոյություն ունի ակնհայտ հակասություն 2016թ ապրիլյան պատերազմական գործողությունների սկսելու վերաբերյալ ստացված հետախուզական տվյալների տիրապետման տեսակետից  մի կողմից ՀՀ նախագահ, ՀՀ ԶՈՒ գերագույն գլխավոր հրամանատար Ս. Սարգսյանի եւ ՀՀ պաշտպանության նախկին նախարար Ս. Օհանյանի  ունեցած տեղեկությունների կամ տեղեկացվածության միջեւ, եւ մյուս կողմից՝ ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Յու. Խաչատուրովի պահվածքի միջեւ:

Այսինքն՝ կարելի է ենթադրել, որ 2016թ ապրիլյան պատերազմական գործողությունների ժամանակահատվածում բացակայել է ՀՀ ԶՈՒ արդյունավետ ղեկավարումը, բացակայել է պատասխանատու անձանց կողմից միատեսակ տեղեկատվության տիրապետումը եւ, հետեւաբար, արդյունավետ համագործակցությունը:

Հայտնի չէ, թե արդյոք այս խնդիրն է հանդիսացել ապրիլյան պատերազմական գործողություններից հետո ՀՀ պաշտպանության նախարար Ս. Օհանյանի եւ ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Յու. Խաչատուրովի պաշտոնանկման հիմնական պատճառը: Ակնհայտ է, որ այս պաշտոնանկությունների պատճառների վերաբերյալ նույնպես հանրությունը չստացավ պատշաճ տեղեկատվություն:  

Մարտական դիրքերի տեխնիկական զինվածության եւ անվտանգության ապահովման հետ կապված խնդիրներ

Կազմակերպության Զեկույցում անդրադարձ է կատարվել նաեւ մարտական դիրքերի տեխնիկական զինվածության, անվտանգության միջոցների ապահովման, հակառակորդի գործողությունների արձանագրման նպատակով տեխնիկական ոչ արդյունավետ, ոչ պատշաճ հագեցվածությանը: Նշված պատճառներով մարդկային զոհերի փաստերով որեւէ քննության իրականացման կամ նրանց արդյունքների մասին նույնպես հասարակութունը իրազեկված չէ:

2017թ․ մարտի 31-ին «Արմենպրես»ի հետ զրույցում ՀՀ Պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննսիսյանը նշում է. «առաջնագծում անվտանգության տեսանկյունից զգալի քայլեր են արվել, հագեցվել են համապատասխան տեխնիկայով[27]: Եղել են նոր զինատեսակներով համալրումներ, որոնք ինչ-որ առումով երևում են, սակայն, ընդհանուր առմամբ, ամեն ինչ չէ, որ ասվում է: Հաշվի առնելով կատարված աշխատանքը` այսօր վստահաբար կարող ենք ասել, որ մեկ տարի անց ունենք ավելի պաշտպանված սահմաններ: Հայաստանը ձեռք է բերում տեխնիկական այնպիսի գերժամանակակից միջոցներ, որոնք թույլ կտան գործը պաշտպանության չհասցնել»:

Անդրադառնալով ապրիլյան պատերազմից հետո քաղած դասերին՝ նա նշել է, որ «նույնիսկ զորավարժության ժամանակ կատարվում են վերլուծություններ, դասեր են քաղվում, հետևաբար մարտական գործողությունների ժամանակ նույնպես հետևություններ են արվում»:

Ապրիլյան պատերազմից հետո հատուկ ուշադրության կենտրոնում է ռազմարդյունաբերության ոլորտը: Արծրուն Հովհաննիսյանը նշել է, որ այդ ոլորտը ընդհանուր պաշտպանության մակարդակի բարձրացման գործընթացում առկա ուղղություններից մեկն է: Նա ընդգծել է, որ այդ ոլորտում զգալի աշխատանք է կատարվում, որի մասին չեն կարող բարձրաձայել:

Արծրուն Հովհաննիսյանը նշում է,  որ մեկ տարի անց բոլոր հենակետերն արդեն հագեցվել են ջերմատես կամ գիշերային նշանառության սարքերով, իսկ բուն շփման գծում տեղադրվել են հզոր տեսախցիկներ, որոնք կարողանում են բազմակի անգամ մեծացնել պատկերը և ունեն ջերմատեսի գործառույթներ: Առաջնագծի նման հագեցումը տվեց իր դրական արդյունքը` ադրբեջանական բանակի դիվերսիոն փորձերը մեկը մյուսի հետևից տապալվում են, իսկ ԼՂ տարածք ներխուժելու վերջին փորձի ժամանակ (փետրվարի 25–ին) գրեթե ամբողջ խումբը հայտնվեց թակարդում և ոչնչացվեց, իսկ տեղի ունեցածը արձանագրվեց ինչպես տեսախցիկներով, այնպես էլ անօդաչու թռչող սարքերով /ԱԹՍ/: Զարգացավ ևս մեկ կարևոր ուղղություն` մեծապես ավելացավ ԱԹՍ–ների թիվը: Ընդ որում մեծացավ նաև ինքնաթիռային տիպի ԱԹՍ–ների թիվը, ինչպես օրինակ X–55–երը, որոնք իրենց լավ են դրսևորել նաև պատերազմի ժամանակ: Կարևոր է նաև հետախուզական նշանակության ԱԹՍ–ների ներդրումը, որոնք ունեն գործողության մեծ տրամագիծ (100–200 կմ) և լավ պաշտպանվածություն ռադիոէլեկտրոնային պայքարի միջոցներից: Ինչ վերաբերում է ծանր սպառազինությանը, ապա Հայաստանի անկախության 25–ամյակին նվիրված զորահանդեսի ժամանակ ցուցադրվեցին մի շարք համակարգեր, որոնք էապես փոխում են ուժերի դասավորվածությունը: Խոսքը «Իսկանդեր», «Սմերչ», «ԲՈՒԿ», «Ինֆաունա» համակարգերի մասին է:

Ըստ Արծրուն Հովհաննիսյանի՝ այս մատակարարումները նվազեցնում են նոր էսկալացիայի հավանականությունը, բայց ամեն դեպքում այն բացառել չի կարելի: Ուստի անհրաժեշտ է շարունակել այդ գործընթացը, ընդ որում խոսքը միայն գնումների մասին չէ: Շատ կարևոր է եղած տեխնիկայի արդիականացումը: Անցած տարվա աշնանը տեղեկատվություն շրջանառվեց, որ հայկական կողմի մոտ եղած Т–72 տանկերը արդիականացվելու են մինչև Т–72Б3М մակարդակ: Ընդ որում, արդիականացումը պետք է լիներ Հայաստանի տարածքում` «Уралвагонзавод»–ի հետ համատեղ: Սակայն դրանից հետո այս թեման այլևս չի արծարծվել: Ինչ էլ լինի, այս խնդիրը մնում է օրակարգում[28]:

Այսպիսով, ՀՀ ՊՆ մամուլի խոսնակը հավաստում է, որ սահմանային պաշտպանությունը, մարտական հենակետերը տեխնիկական միջոցներով հագեցվել են ապրիլյան պատերազմական գործողություններից հետո: Չի ներկայացվում, թե ինչ միջոցներով են դրանք իրականացվել:

Բայց և այնպես վերստին բաց են մնում հարցերը՝ թե

  1. ինչու չեն մարտական հենակետերը եւ ընդհանրապես սահմանային պաշտպանությունը հագեցվել ժամանակակից տեխնիկական միջոցներով անցած 15-20 տարիների ընթացքում
  2. ինչքան միջոցներ են հատկացված եղել պետական բյուջեից այդ նպատակներով եւ ինչպես են դրանք իրացվել
  3. ինչքանով է արդյունավետ եղել հատկացված միջոցների կառավարումը եւ ովքեր են պատասխանատու ձախողումների համար, որը բացահայտվեց ապրիլյան գործողությունների ժամանակ
  4. Ի վերջո, նշված հարցերի ուղությամբ որեւէ մարմնի կողմից ուսումնասիրություն կատարվել է, թե ոչ:

 Մահվան հանգամանքների եւ պատճառների քննության իրականացումը

Կազմակերպության Զեկույցում ներկայացված տվյալների համաձայն՝ 2016 թ. ապրիլի  2-5-ն ընկած ժամանակահատվածում պատերազմական գործողությունների հետեւանքով զոհված զինծառայողների թիվը կազմում է 77 հոգի, որը համապատասխանում է ՊՆ եւ ՀՀ կենտրոնական զինվորական դատախազության կողմից տրամադրած տվյալներին:

ՀՔԱ Վանաձորի գրասենյակի աշխատակիցները զոհված զինծառայողների մահվան հանգամանքների վերաբերյալ տեղեկություններ հավաքագրելու նպատակով հանդիպել են 2016թ. ապրիլ ամսին մահացած 94 զինծառայողներից 61-ի ընտանիքների հետ:

2016թ․ հունվարի 1 – հունիսի 18 ընկած ժամանակահատվածում մահացած 119 զինծառայողների մահվան փաստերով հարուցված քրեական գործերի վերաբերյալ պաշտոնական տեղեկություն ստանալու 2016թ․հունիսի 18-ի կազմակերպության հարցմանը  ՀՀ գլխավոր դատախազության 2016 թ. հուլիսի 4-ի պատասխանի համաձայն՝ միայն մահացած 50 զինծառայողի հարազատ է ճանաչվել որպես տուժողի իրավահաջորդ, 21-ը հրաժարվել են ճանաչվել որպես տուժողի իրավահաջորդ, մյուսների վերաբերյալ որեւէ տեղեկատվություն չի տրամադրվել:

2017թ․ փետրվարի 2-ին ՀՀ կենտրոնական զինվորական դատախազության կողմից տրամադրած  տեղեկատվության համաձայն՝ ԶՈՒ-ում 2016թ․ մահվան դեպքերով հարուցված քրեական գործերի մի մասը գտնվում է նախաքննության փուլում, որոշ քրեական գործերով որոշումներ են կայացվել քրեական գործերով վարույթները կասեցնելու մասին, իսկ մի մասով նախաքննությունն ավարտվել է: Չնայած կազմակերպության կողմից թվական տվյալների ներկայացման պահանջին, ՀՀ կենտրոնական զինդատախազությունը չի ներկայացրել որեւէ թվական տվյալ: Ավելին, հայտնի չէ, թե արդյոք բոլոր դեպքերով են հարուցվել քրեական գործեր:

Ապրիլյան պատերազմական գործողությունների ընթացքում մահացած/զոհված զինծառայողների ընտանիքների հետ հանդիպումների, նաեւ ԶԼՄ-ներով տարածված  տեղեկությունների հիման վրա կարող ենք պնդել, որ նույնիսկ մեկ տարի անց ընտանիքները իրենց  հարազատի զոհվելու հանգամանքների վերաբերյալ հիմնավոր եւ բավարար տեղեկությունների չեն տիրապետում:

Հիշեցնենք, որ Կազմակերպության Զեկույցում ապրիլյան պատերազմական գործողությունների ընթացքում, ըստ 3 ընտանիքի ունեցած տեղեկությունների, իրենց հարազատը վիրավորվել է եւ բուժօգնության մեքենայի անսարքության պատճառով չեն կարողացել տեղափոխել համապատասխան վայր՝ պատշաճ բժշկական օգնություն տրամադրելու համար: Սակայն, մինչ այժմ հայտնի չէ, թե արդյոք այս փաստերով հարուցվել են քրեական գործեր:

Կազմակերպության փաստաբանները ստանձնել են ապրիլյան պատերազմական գործողությունների հետեւանքով զոհված 2 զինծառայողների եւ նրանց հարազատների իրավական պաշտպանությունը՝ ներգրավվելով որպես տուժողի իրավահաջոդի ներկայացուցիչ: 2017 թ-ի մարտի 30-ին այդ գործերից մեկով որոշում է կայացվել քրեական գործով վարույթը կասեցնելու մասին:

2016թ ապրիլին պատերազմական գործողություններից հետո հարուցված քրեական  գործերը եւ պաշտոնանկությունները

2016թ․ ապրիլյան պատերազմական գործողություններից կարճ ժամանակ անց,  2016թ․ ապրիլի 26-ին, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով աշխատանքից ազատվեց ՊՆ երեք բարձրաստիճան պաշտոնյա՝ ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ- նյութատեխնիկական ապահովման դեպարտամենտի պետ Ալիկ Միրզաբեկյանը, ՀՀ ԶՈւ կապի զորքերի պետ–կապի և ավտոմատացված կառավարման համակարգերի վարչության պետ, գեներալ-մայոր Կոմիտաս Մուրադյանը, ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի հետախուզության վարչության պետ, գեներալ-մայոր Արշակ Կարապետյանը:

2016թ. մայիսի 18-ին իշխանությունը չարաշահելու համար մեղադրանք  առաջադրվեց ՀՀ ԶՈւ սպառազինության վարչության ավտոծառայութան պետ, գնդապետ Դավիթ Աբրահամյանին: Վերջինս իրեն լիովին մեղավոր ճանաչեց, ցուցմունք տվեց և ամբողջովին վերականգնեց ՀՀ պաշտպանության նախարարությանը պատճառված վնասը։

2016թ. մայիսի 23-ին ՀՀ ԶՈւ սպառազինության պետ-վարչության պետի պաշտոնից ազատվեց գեներալ-մայոր Մելսիկ Չիլինգարյանը: Մոտ մեկ շաբաթ անց հայտնի դարձավ, որ գեներալ-մայոր Մելսիկ Չիլինգարյանը, գնդապետներ Արմեն Մարգարյանը և Մհեր Պապյանը ձերբակալվել են: Ըստ ՀՀ քննչական կոմիտեի տարածած հաղորդագրության ձերբակալված ՊՆ գեներալն ու գնդապետերը կասկածվում են իշխանությունը չարաշահելու, իշխանազանցության, անգործության կամ ծառայության նկատմամբ անփույթ վերաբերմունք դրսևորելու մեջ[29]: Ըստ ՀՀ քննչական կոմիտեի 2016թ․ հունիսի 3-ին տարածած տեղեկատվության, ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ գեներալ-մայոր Մելսիկ Չիլինգարյանին և գնդապետ Արմեն Մարգարյանին հունիսի 2-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 2-րդ մասով, Մ.Պապյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 3-րդ մասով։ Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը։[30]

Նախնական քննության տվյալներով՝ նշված անձանց կողմից պաշտոնեական դիրքի չարաշահմամբ ձեռք են բերվել տարբեր ապրանքատեսակներ՝ շուկայական գնից բարձր, իսկ որոշ դեպքերում գնումները եղել են չպահանջված։ Մասնավորապես՝ բավարար ապացույցներ են ձեռք բերվել առ այն, որ առանց համապատասխան պահանջարկի ՍՊ ընկերության հետ կնքվել է շուրջ 145 մլն դրամի  պահեստամասերի մատակարարման վերաբերյալ  պայմանագիր, որի արդյունքում ձեռք են բերվել չպահանջված պահեստամասեր՝ ակնհայտ ուռճացված գներով։

Երկրորդ քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ գնդապետը, ի պաշտոնե  պատասխանատու լինելով  գնման ենթակա ապրանքների, ծառայությունների շուկայական գների ուսումնասիրությունը կազմակերպելու համար, անձնական շահագրգռվածությունից ելնելով, բարենպաստ պայմաններ է ստեղծել՝ մի շարք ապրանքների ձեռք բերման մրցույթում կոնկրետ ընկերության հաղթելու  հավանականության համար։ Արդյունքում՝  իր ազգականի կողմից ղեկավարվող ընկերության հետ ստորագրվել է պայմանագիր՝ շուկայականից շատ ավելի բարձր գներով 29 անվանում ապրանքատեսակների մատակարարման վերաբերյալ։

2016թ․ հունիսի 28-ին aravot․am կայքում հրապարակված նյութի համաձայն՝ փոխվել է ՀՀ պաշտպանության նախարարության սպառազինության վարչության նախկին պետ, գեներալ-մայոր Մելսիկ Չիլինգարյանի խափանման միջոցը:  ՀՀ Գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից տեղեկացրել են, որ խափանման միջոցը փոխվել է նրա առողջական խնդիրների պատճառով[31]:

Մհեր Պապյանի և Արմեն Մարգարյանի ազատ արձակման վերաբերյալ նյութեր չկան։

Այս քրեական գործի վերաբերյալ մինչ օրս ՀՀ քննչական կոմիտեի կողմից այլ պաշտոնական տեղեկատվություն չի ներկայացվել:

Այսպիսով, ապրիլյան պատերազմական գործողությունների ընթացքում մահացած զինծառայողների մահվան հանգամանքների, դրանց հանգեցրած պատճառների, այդ թվում՝ զինվորական հրամանատարության ոչ պատշաճ ղեկավարության, զինտեխնիկայի, զինամթերքի անհրաժեշտ քանակի բացակայության եւ տեխնիկական անսարքության, ոչ պատշաճ բժշկական ծառայության  տրամադրման եւ այլ քրեական հետապնդելի գործողությունների ուղղությամբ պատշաճ քննություն չի իրականացվել իրավապահ մարմինների կողմից: Ապրիլյան պատերազմական գործողությունների ընթացքում բացահայտված բազմաթիվ կոռուպցիոն հանցագործությունների վերաբերյալ հիմնավոր տեղեկությունների, փաստերի հիմքով քրեական հետապնդում չի իրականացվել,  պատշաճ քննություն չի անցկացվել:

Հասարակությանը որեւէ հիմնավորում չի ներկայացվել ԶՈՒ-ում պաշտոնանկությունների վերաբերյալ :

Սոցիալական արդարության, զինծառայողների իրավունքների պաշտպանության ուղղությամբ կատարված քայլերը

Կազմակերպության Զեկույցում բացի մահվան հանգամանքների վերաբերյալ տեղեկություններից, ներկայացվել է նաեւ մահացած զինծառայողների ընտանիքների սոցիալական ապահովության վիճակի վերաբերյալ տեղեկություններ, համաձայն որի՝ ուսումնասիրված 61 զոհված զինծառայողների ընտանիքների գերակշիռ մասը գտնվում է սոցիալապես անապահով վիճակում եւ բնակվում է ծանր կենցաղային պայմաններում[32]:

Զեկույցում արձանագրվեց, որ պատերազմական գործողությունների ժամանակ, որպես կանոն, առաջնագծում  գտնվել են սոցիալապես անապահով ընտանիքների երիտասարդները:

Տեղին է հիշեցնել, որ ՀՔԱ Վանաձորի գրասենյակը բազմիցս դիմել է ՀՀ պաշտպանության նախարարություն՝ պաշտոնատար անձանց ընտանիքներից զորակոչիկների թվի եւ ծառայության վայրերի մասին տեղեկություն ստանալու պահանջով: Ինչպես միշտ, ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ նման վիճակագրություն չի վարվում:

2016թ․ հունվարի 26-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը նշեց. «Պաշտպանության նախարարությունում ուսումնասիրել են ու իրենք էլ պարզել, որ վերջին տարիներին սահմանում զոհված զինծառայողները սոցիալապես անապահով ընտանիքների զավակներ են՝ հավելելով, որ նման հանգամանք կա և իրենք էլ գիտեն այդ մասին[33]»:

2016թ․ ապրիլի 28-ին, ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը, ի պատասխան լրագրողների հարցադրման, թե ինչու՞ է առաջնագծում կռվող և զոհված զինծառայողների մեծ մասն անապահով ընտանիքներից, նշել է. «Ես չեմ կարծում, որ իրավիճակն այդպիսին է, բոլոր ընտանիքների զավակներն էլ այսօր իրենց պարտքը կատարում են հայրենիքի հանդեպ: Ես կարծում եմ, որ դա ներկայացնում է մեր ամբողջ հասարակության սպեկտրը։ Ընդհանրապես, դուք էլ գիտեք, որ մեր երկրում աղքատության մակարդակը կազմում է 30 տոկոս»։ Նախարարը չի կարողացել տալ որևէ պաշտոնյայի կամ մեծահարուստի անուն, որի որդին ծառայում է առաջնագծում. «Ես այդպիսի տեղեկատվություն չունեմ, որ ձեզ կոնկրետ անուններ տամ [34]»:

2016թ․ մայիսի 2-ին 1in.am կայքում հրապարակման մեջ ներկայացվում է ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի հետեւյալ բացատրությունը. «Այստեղ նաև կան օբյեկտիվ հանգամանքներ, պետք է հաշվի առնել Հայաստանի սոցիալական վիճակը: Մեր հասարակությունը պետք է վերլուծի և հասկանա՝ ովքեր են կարողանում այսօր բարձրագույն կրթություն ստանալ, ովքեր են կարողանում գիտական թեզեր պաշտպանել և տարկետում ստանալ զինվորական ծառայությունից, ովքեր են կարողանում ասպիրանտուրա ընդունվել: Կարծում եմ՝ այս իրականության մեջ միջին և բարձր խավերի ընտանիքների երեխաներն են, որ ընդունվում են ուսումնական բարձրագույն հաստատություններ, և նրանց մեծ մասն էլ լրացնում է սերժանտական կազմը կամ այս կամ այն մասնագիտությունը, որոնք առաջնահերթ նշանակություն ունեն զինված ուժերում[35]»:

Հարկ ենք համարում նշել, որ ըստ Կազմակերպության տվյալների՝ 2010 թ-ի հունվարի 1-ից մինչ 2017 թ-ի ապրիլի 20-ի դրությամբ ՀՀ զինված ուժերում եւ ԼՂ պաշտպանության բանակում 465 մահացություններից որեւէ մեկը չի հանդիսանում  պաշտոնատար անձի  ընտանիքի անդամ:

 Այսպիսով, ապրիլյան պատերազմական գործողությունների ժամանակ արձանագրված սոցիալական արդարության աղաղակող խախտումների վերացման ուղղությամբ մինչ օրս իշխանությունների կողմից որեւէ ծրագիր, գործողություն չի իրականացվել:

Ավելին, ՀՀ պաշտպանության նախարար Վ. Սարգսյանի կողմից 2017թ ապրիլի 20-ի «Ազգ-բանակ-2017» համաժողովում ներկայացրած նոր ծրագրերը՝ «Պատիվ ունեմ» եւ «Ես եմ», ավելի են խորացնելու սոցիալական անարդարությունը եւ երկրի պաշտպանության ապահովման ծանրությունը ամբողջովին կտեղափոխվի սոցիալապես անապահով ընտանիքների վրա: Այն, որ առաջարկված ծրագրերը չեն հանգեցնելու սոցիալական արդարության վերականգնմանը՝ փաստում է նաեւ նախարար Վ. Սարգսյանը, ով նշել է. «Հավանականությունը, որ սոցիալապես անապահով ընտանիքի երեխան հայտնվելու է առաջանագծում, ի սկզբանե օբյեկտիվորեն ավելի բարձր է, որովհետև ավելի ապահով ընտանիքի երեխան ավելի հավանական է, որ ընդունվել է ԲՈւՀ: Երբ ինքը գալիս է հավաքակայան, ինքը ունի նախընտրություն ուսումնական զորամասի, մասնագիտական ծառայության՝ տանկիստ, հրետանավոր և այլն, և հնարավորությունը, որ նա կհայտնվի առաջնագծում, խրամատում, ավելի ցածր է, օբյեկտիվորեն, մինչև վիճակահանությունը[36]»:

Այս ամենը վկայում է, որ իշխանությունը որևէ ծրագիր չի պատրաստվում ներկայացնել սոցիալական անարդարությունը վերացնելու ուղղությամբ, այլ իր քաղաքականությամբ ավելի է խորացնում սոցիալական անարդարությունը զինված ուժերում։

Բոլոր հայտարարությունները եւ պնդումները վիճակահանությամբ ծառայության վայր որոշելու, զորակոչի ժամանակ հնարավոր կոռուպցիոն դրսեւորումների դեմ պայքարի մասին հերքվում են առնվազն զոհված զինվորների ընտանիքների սոցիալական անապահովության փաստերով:

1000 դրամների օրենքի եւ «Մարտիկ» հիմնադրամի մասին

2017թ. հունվարից ուժի մեջ մտավ «ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» ՀՀ օրենքը՝ համաձայն որի ՀՀ քաղաքացիների աշխատավարձերից հաշվարկվում և պետական բյուջե է փոխանցվում 1000-ական ՀՀ դրամ, որն ըստ Կազմակերպության խախտում է քաղաքացիների ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված սեփականության իրավունքը: Օրենքով դրոշմանիշային վճար դիտարկված 1000-ական դրամները գանձվում են հարկադիր ձևով և դրա դիմաց քաղաքացիները որևէ ծառայություն չեն ստանում, այնինչ 2005 թ. խմբագրությամբ ՀՀ Սահմանադրությունը «պարտադիր վճար» եզրույթը մեկնաբանելիս պարտադիր է համարում դրա դիմաց վճարողի օգտին պետական և տեղական ինքնակառավարման մարմինների կողմից իրավաբանական նշանակության գործողություններ կատարելը: ՀՀ քաղաքացիները հարկադիր վճարում են ինչ-որ դրոշմանիշերի համար, որոնց մասին տեղեկություն չունենք և դրա դիմաց որևէ ծառայություն չենք ստանում: Ստացվում է, որ Հայաստանի Հանրապետությունը ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի 1092-րդ հոդվածի իմաստով անհիմն հարստացել է՝ ՀՀ քաղաքացիներից հարկադիր ձևով գանձելով 1000-ական դրամներ: ՀՔԱ Վանաձորի գրասենյակի մի շարք աշխատակիցներ 2017 թ. մարտի 21-ին դիմել են Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան՝ պահանջելով պարտավորեցնել Հայաստանի Հանրապետությանը՝ վերադարձնել պետական բյուջե վճարված 1000-ական դրամները՝ որպես անհիմն հարստացման գումար: Ներկայացված հայցը ընդունվել է վարույթ եւ նշանակվել է նախնական դատական նիստ 2017 թ-ի հուլիսի 12-ին:

ՀՀ կառավարությունը, օրենքի նախագիծը հաստատելու ժամանակ, որպես հիմնավորում ներկայացնում է այն հանգամանքը, որ ինչպես ցույց տվեց ապրիլյան պատերազմը, որ ծավալուն մարտական գործողություններ սկսվելու պարագայում զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասները միայն պետական բյուջեի միջոցների հաշվին ամբողջ ծավալով հատուցելը խնդրահարույց է, և դրա համար անհրաժեշտ են ֆինանսավորման լրացուցիչ աղբյուրներ:

Օրենքի ընդունման ժամանակ ԶԼՄ-ներով վերստին լայնորեն քննարկվեց դեռեւս  2002 թ-ին ստեղծված «Մարտիկ» հիմնադրամի հետ կապված խնդիրները: Ի դեպ, «Մարտիկ» հիմնադրամը բավականին բուռն քննարկման թեմա հանդիսացավ նաեւ ապրիլյան պատերազմական գործողություններից հետո: Հիմնադրամը, որի հիմնադիրներից են հանդիսանում ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սերժ Սարգսյանը, ՀՀ պաշտպանության նախարարի նախկին 1-ին տեղակալ  Արթուր Աղաբեկյանը, ըստ իր կանոնադրության, իր գումարները կարող է ծախսել միայն Հայաստանի անվտանգությանն ու պաշտպանությանն սպառնացող վտանգի դեպքում, ՀՀ նախագահի, պաշտպանության նախարարի, կաթողիկոսի եւ հիմնադրամի նախագահի համաձայնությամբ: Սակայն, հիմնադրամի գործունեության մասին որեւէ տեղեկատվություն չի տարածվել:

Հիշեցնենք, որ դեռեւս 2011 թ-ին Կազմակերպությունը դատի էր տվել «Մարտիկ» հիմնադրամին եւ ՀՀ արդարադատության նախարարությանը՝ նշելով տեղեկատվություն ստանալու իրավունքի խախտումներ եւ պահանջելով, որ նախարարությունը պատասխանի, թե ինչ գործունեություն է իրականացրել հիմնադրամը, ինչ ծրագրեր է իրագործել, ինչ գումարներ է ծախսել եւ այլն, եւ արդյոք այս ամենի մասին հրապարակումներ կատարե՞լ է մամուլում, ինչպես օրենքն է պահանջում։ Նախարարությունն աբսուրդ պատասխան էր տվել. «Չունենք նման տեղեկություններ»։ Դատական երեք ատյաններից որեւէ մեկը համարձակություն չունեցավ բավարարելու տեղեկատվություն ստանալու սահմանադրական իրավունքը։ Դրանից հետո սկսեցին ձեւական հաշվետվություններ հրապարակել, որոնցից հնարավոր չէ հասկանալ, թե ինչ ծրագրեր են իրականացվել եւ ինչքան գումար է ծախսվել: 2015 թվականի փետրվարին «Մարտիկը» հրապարակել է նախորդ տարվա գործունեության վերաբերյալ հաշվետվություն, որում գրված է․ «Կազմակերպչական, կրթական, բարեգործական, քարոզչական եւ այլ ծրագրերի աջակցության համար ծախսվել է 107 մլն. 757 հազար 021 դրամ՝ այսինքն, մոտ 108 մլն.»։ Ինչ ծրագրեր են դրանք, որքան գումար է ծախսվել յուրաքանչյուրի համար, ովքեր են դրանք իրականացրել, հայտնի չէ։ [37]

2016թ-ի հունվարին «Մարտիկ» հիմնադրամը նմանատիպ հաշվետվություն է հրապարակել իր 2015 թ-ի ֆինանսական գործունեության վերաբերյալ:
Այդ հաշվետվության համաձայն, հիմնադրամը 2015թ-ին ծախսել է 81 473 116 դրամ, որից իրականացրած ծրագրերին հատկացրել է 58 575 732-ը: Հաշվետվությունը, սակայն, կրկին չի բացահայտում, թե կոնկրետ ինչ է արվել այդ գումարի շրջանակներում: Նշվում է միայն, որ գումարն օգտագործվել է «կազմակերպչական, կրթական, բարեգործական, քարոզչական և այլ ծրագրերի աջակցության համար»: Տարվա ընթացքում, 14 158 907 դրամի սահմաններում աշխատավարձ են ստացել հիմնադրամի 7 աշխատակիցներ, որոնց թվում գործադիր տնօրեն Սեդրակ Սեդրակյանը, ով  տարիներ շարունակ հանդիսացել է ՀՀ պաշտպանության նախարարության իրավաբանական վարչության պետ, որն, ի դեպ, «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի խախտում է, քանի որ նա հանդիսանում է քաղծառայող: Նրա տարեկան աշխատավարձը կազմել է 1 849 000 դրամ:[38]

Բաց է մնում այն հարցը, թե արդյոք 2017 թ-ի փետրվարին զբաղեցրած պաշտոնից պաշտպանության նախարարության իրավաբանական վարչության պետ Սեդրակ Սեդրակյանը ազատվելը կապ ուներ այս ամենի հետ, թե ոչ: ՀՀ ՊՆ խոսնակ փաստել է, որ այն կապ չունի դրա հետ՝ նշելով. «Ոչ, ոչ: Պարզապես արդեն տարիքային  անհամապատասխանության խնդիր կար»:[39]

Այսպիսով, որեւէ կերպ չանդրադառնալով պաշտպանության նպատակով պետական բյուջեից հատկացված գումարների կառավարման բնագավառում կոռուպցիոն ռիսկերի նվազեցմանը, հանրությանը որեւէ տեղեկատվություն չտրամադրելով բարձրաստիճան պաշտոնատար անձանց կողմից իբր զինծառայողների սոցիալական, առողջապահական  խնդիրնեերի լուծման նպատակով ստեղծված «Մարտիկ» հիմնադրամի միջոցների տնօրինման վերաբերյալ՝ իշխանությունը լրացուցիչ ֆինանսական բեռ է դնում ՀՀ քաղաքացիների վրա՝ իր պարտականությունները կատարելու նպատակով:

ԵԶՐԱՀԱՆԳՈՒՄՆԵՐ

Ամփոփելով ՀՔԱ Վանաձորի գրասենյակի «2016 թ-ի ապրիլին պատերազմական գործողությունների ընթացքում մահացած զինծառայողների մահվան հանգամանքների և նրանց ընտանիքների սոցիալական ապահովության վիճակի մասին» զեկույցում ներկայացված խնդիրների լուծման ուղղությամբ անցած մեկ տարվա ընթացքում իշխանությունների կողմից իրականացրած գործողությունները՝ արձանագրում ենք. 

  1. Ապրիլյան պատերազմական գործողությունների վերաբերյալ, այդ թվում՝ զոհվածների մահվան հանգամանքներին վերաբերվող հարցերով որևէ հանրային քննարկում չկազմակերպվեց՝ ոչ ՀՀ ԱԺ պաշտպանության, անվտանգության և ներքին հարցերով հանձնաժողովի, ոչ էլ ՀՀ պաշտպանության նախարարության կողմից: 
  1. Իրավապահ մարմինների կողմից բազմակողմանի, լրիվ եւ օբյեկտիվ քննություն չի իրականացվել
  • զինվորական տեխնիկայի ոչպատշաճ պատրաստվածության,
  • անորակ վառելիքի մատակարարման,
  • սպառազինությունների, զենք-զինամթերքի ձեռքբերման ուղղությամբ կոռուպցիոն ռիսկերի, նաեւ ռազմական գործողությունների ընթացքում կոնկրետ իրավիճակներում զինամթերքի մատակարարման խափանումների,
  • պաշտպանության նպատակով տարիներ շարունակ բյուջետային միջոցների իրացման նպատակայնության ու արդյունավետության հետ կապված լուրջ կասկածների,
  • զինծառայողների զոհվելու հանգամանքների,  զինծառայողների մարդու իրավունքների խախտումների փաստերով: 
  1. Ապրիլյան պատերազմական գործողությունների ընթացքում զոհված զինծառայողների մահվան հանգամանքների, դրանց հանգեցրած պատճառների, այդ թվում՝ զինվորական հրամանատարության ոչ պատշաճ ղեկավարության, զինամթերքի անհրաժեշտ քանակի բացակայության կամ դրանց ժամանակին չմատակարարման, զինտեխնիկայի տեխնիկական անսարքության, ոչ պատշաճ բժշկական ծառայության  տրամադրման եւ այլ քրեական հետապնդելի գործողությունների հետեւանքով պատշաճ քննություն չի իրականացվել իրավապահ մարմինների կողմից: 
  1. Գոյություն ունի ակնհայտ հակասություն 2016 թ-ի ապրիլյան պատերազմական գործողությունների վերաբերյալ հետախուզական տվյալների տիրապետման տեսակետից մի կողմից  ՀՀ նախագահ, ՀՀ ԶՈՒ գերագույն գլխավոր հրամանատար Ս. Սարգսյանի եւ ՀՀ պաշտպանության նախկին նախարար Ս. Օհանյանի  տեղեկությունների միջեւ, եւ մյուս կողմից  նրանց  և  ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Յու. Խաչատուրովի պահվածքի միջեւ: Արդյոք այս խնդիրն է հանդիսացել ապրիլյան պատերազմական գործողություններից հետո ՀՀ պաշտպանության նախարար Ս. Օհանյանի եւ ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Յու. Խաչատուրովի պաշտոնանկման հիմնական պատճառը՝ հայտնի չէ: Ակնհայտ է, որ այս պաշտոնանկությունների պատճառների վերաբերյալ նույնպես հանրությունը չստացավ պատշաճ տեղեկատվություն:

 

  1. Ապրիլյան պատերազմական գործողությունների ժամանակ արձանագրված սոցիալական արդարության աղաղակող խախտումների վերացման ուղղությամբ մինչ օրս իշխանությունների կողմից որեւէ ծրագիր չի մշակվել, որևէ գործողություն չի իրականացվել:

 

  1. Ապրիլյան պատերազմական գործողությունների ընթացքում բացահայտված բազմաթիվ կոռուպցիոն հանցագործությունների վերաբերյալ հիմնավոր տեղեկությունների և փաստերի ուղղությամբ, պատշաճ քննություն չի իրականացվել:  Հանրությանը չի ներկայացվել ԶՈՒ-ում պաշտոնանկությունների վերաբերյալ որեւէ հիմնավորում: Որևէ պաշտոնատար անձ պատասխանատվություն չի կրել զինծառայողների մահվան և դրանց հանգեցրած հանցավոր բացթողումների ու անգործության համար:

 

[1] http://life.panorama.am/hy/news/2016/04/06/ohanyan/465027

https://www.youtube.com/watch?v=gUqjTP7U6GU

[2] https://www.youtube.com/watch?v=vznTnqOEBqg

https://www.youtube.com/watch?v=GrQ59Bx-7eg

http://yelaket.am/?p=4285&l=am

[3] http://www.a1plus.am/1501977.html

[4] Tert.am-ի փոխանցմամբ Արծրուն Հովհաննիսյանն ասել է, որ զեկույցը ոչ պրոֆեսիոնալ է. «Զոհված զինծառայողների հարազատների ծնողների էմոցիաների վրա խաղացած զեկույց էր: Զինվորների մահից հետո այցելել են նրանց տները, օգտվելով ցասումից, նրանց վշտից, պատրաստել են նյութեր, որոնք նաև Պաշտպանության նախարարության դեմ նախատրամադրված են»։ Խոսելով վառելիքի խնդրի մասին, Արծրուն Հովհաննիսյանն ընդգծել է, որ վառելիքի հետ կապված խնդիր չի եղել և ասել է տանկից հնարավոր չէ վառելիքի մնացորդը թափել։

http://www.lragir.am/index/arm/0/right/view/143933

[5] http://armlur.am/667429/

[6] http://www.1in.am/2100528.html

[7] http://www.tert.am/am/news/2017/03/03/vigensargsyan/2297340

[8] https://shabat.am/am/article/121612/Vigen-Sargsyani-ghekavarats-gerateschutyuny-herqel

[9] http://www.azatutyun.am/a/28375644.html

http://www.tert.am/am/news/2017/03/17/aprilwar/2311948

[10] http://armlur.am/667429/

[11] http://www.aravot.am/2017/03/20/868094/

[12] http://www.aravot.am/2017/03/20/868094/

[13] Տե՛ս նույն աղբյուրը

[14]  https://news.am/arm/news/380671.html

[15] http://www.a1plus.am/1446243.html

http://panarmenian.net/m/arm/details/213719

[16] http://razm.info/80419

[17] http://panarmenian.net/m/arm/news/212955

[18] http://panarmenian.net/m/arm/news/213336

[19] http://www.1in.am/2053244.html

[20] https://web.facebook.com/arcrun/posts/1186280061407600?__mref=message_bubble&_rdc=1&_rdr

[21] http://www.panorama.am/am/news/2016/04/25/%D5%8D%D5%A5%D6%80%D5%AA-  %D5%8D%D5%A1%D6%80%D5%A3%D5%BD%D5%B5%D5%A1%D5%B6-Bloomberg/1568915

http://www.civilnet.am/news/2016/04/25/sargsyan-interview-bloomberg-karabakh-war-may-resume/291688

[22] http://armlur.am/512970/

http://www.tert.am/am/news/2016/04/06/ohanian2/1984880

[23] http://www.lragir.am/index/arm/0/country/view/131599

[24] http://www.media-center.am/hy/1488804181

[25] http://newsbook.am/?p=80846%2Fkextot+heryuranq+evoch+mi+kerp+chi+hamapatasxanum+irakanutyany+arcrun+hovhanisyan+&l=am

[26] http://www.aravot.am/2016/06/15/704114/

[27]http://www.pastinfo.am/hy/news/2017/03/31/%D5%84%D5%A5%D5%AF-%D5%BF%D5%A1%D6%80%D5%AB-%D5%A1%D5%B6%D6%81-%D5%B8%D6%82%D5%B6%D5%A5%D5%B6%D6%84-%D5%A1%D5%BE%D5%A5%D5%AC%D5%AB-%D5%BA%D5%A1%D5%B7%D5%BF%D5%BA%D5%A1%D5%B6%D5%BE%D5%A1%D5%AE-%D5%BD%D5%A1%D5%B0%D5%B4%D5%A1%D5%B6%D5%B6%D5%A5%D6%80/526766

[28]http://mitk.am/2017/04/%D5%A1%D5%BA%D6%80%D5%AB%D5%AC%D5%B5%D5%A1%D5%B6-%D5%BA%D5%A1%D5%BF%D5%A5%D6%80%D5%A1%D5%A6%D5%B4%D5%AB%D6%81-%D5%B4%D5%A5%D5%AF-%D5%BF%D5%A1%D6%80%D5%AB-%D5%A1%D5%B6%D6%81/

[29] http://panarmenian.net/m/arm/details/213719

[30] http://investigative.am/news/view/pn-pashtonyaner-kalanq.html

[31] http://www.aravot.am/2016/06/28/709245/

[32] Տե՛ս «2016թ-ի ապրին պատերազմական գործողությունների ընթացքում մահացած զինծառայողների մահվան հանգամանքների և նրանց ընտանիքների սոցիալական ապահովության վիճակի մասին» զեկույցը՝ http://hcav.am/wp-content/uploads/2016/11/%D4%B6%D5%A5%D5%AF%D5%B8%D6%82%D5%B5%D6%81%D5%9D-%D5%B4%D5%A1%D5%B0%D5%A1%D6%81%D5%A1%D5%AE-%D5%A6%D5%AB%D5%B6%D5%AE%D5%A1%D5%BC%D5%A1%D5%B5%D5%B8%D5%B2%D5%B6%D5%A5%D6%80%D5%AB-%D5%B4%D5%A1%D5%B0%D5%BE%D5%A1%D5%B6-%D5%B0%D5%A1%D5%B6%D5%A3%D5%A1%D5%B4%D5%A1%D5%B6%D6%84%D5%B6%D5%A5%D6%80%D5%AB-%D6%87-%D5%B6%D6%80%D5%A1%D5%B6%D6%81-%D5%A8%D5%B6%D5%BF%D5%A1%D5%B6%D5%AB%D6%84%D5%B6%D5%A5%D6%80%D5%AB-%D5%BE%D5%AB%D5%B3%D5%A1%D5%AF%D5%AB-%D5%B4%D5%A1%D5%BD%D5%AB%D5%B6.pdf

[33] http://www.panorama.am/am/news/2016/01/26/%D5%8D%D5%A5%D5%B5%D6%80%D5%A1%D5%B6-%D5%95%D5%B0%D5%A1%D5%B6%D5%B5%D5%A1%D5%B6/1518410

[34] http://www.1in.am/1905096.html

[35] Տե՛ս նույն աղբյուրը

[36]http://www.azatutyun.am/a/28444241.html

[37] http://www.1in.am/44536.html

[38] https://armeniasputnik.am/society/20161201/5652457/armenia-martik-poxer-himnadram.html

[39] http://www.panorama.am/am/news/2017/02/21/%D5%80%D4%BA/1731483