Դաշնակցութիւն-Ստեփան Շահումեան գործակցութիւնը. Ռուբէն Տէր Մինասեան

167

Հայկական ուսումնասիրությունների ԱՆԻ կենտրոնը մաս-մաս՝ արևմտահայերենով և մեսրոպյան ուղղագրությամբ, ներկայացնում է Ռուբէն Տէր Մինասեանի ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹԻՒՆԸ աշխատությունը, որը տեղ է գտել Ռուբէնի Հայ Յեղափոխականի մը Յիշատակները բազմահատորյակի Է հատորում (Բ. հրատարակութիւն, Պէյրութ, 19179, էջ 123-348):

Ռուբէն Տէր Մինասեանը եղել է ՀՅԴ Բյուրոյի անդամ, Հայաստանի Առաջին Հանրապետության երրորդ ռազմական նախարարը:

________________________

Գլուխ Ա.

Նախորդ մասը կարդալ այստեղ

Հակառակ մտածողները նկատի ունէին թուրք-թաթարական ծրագիրները՝ Հայկական Հարցը եւ Հայերը ոչնչացնելու, նկատի ունէին նաեւ Վրաստանի երկդիմի դիրքը, եւ բնաւ չէին ցանկար յենիլ եւ գործակցիլ այդ ուժերի հետ: Նրանք կը մտածէին, որ պէտք է պայքարիլ մինչեւ պատերազմի վախճանը, յենիլ լոկ հայկական ուժերի վրայ, օգտագործել այն ռուս ուժերը, որոնք մնացած էին ճակատներում, ջանալ բոլշեւիկեան իշխանութեան գործակցութիւնը ձեռք բերել եւ միաժամանակ բոլշեւիկացած զօրամասերին պահել կովկասեան սահմաններում՝ ինչ գնով լինի:

Թէ՛ Դաշնակցութեան մէջ նման մտածողները եւ թէ Ազգային Խորհուրդի համամիտները ստիպուած պիտի լինէին իրենց այդ ուղղութեանը ընթացք տալ այսպէս ասած, ըստ Երզնկեանի ժառգոնի, «թիկունքային» քաղաքականութեամբ, որովհետեւ, մինչեւ 1918 թուականի Մայիսը, Անդրկովկասեան Սէյմում նստած Ջաֆարովները, Հաջինսկիները, Օպիզինովները միայն մի մտածողութիւն ունէին՝ ջարդել ռուս նահանջող զօրքը, Անդրկովկասի սահմաններից հեռացնել ռուս տարրը, որ խոչընդոտ էր իրենց թուրանական ծրագիրներին: Նրանց եռանդը այդ ուղղութեամբ խիստ բեղմնաւոր եղաւ Ակտամ, Շամխոր կայարաններում, որտեղ ռուս զօրքերը ջարդուեցին եւ այրուեցին գնացքների մէջ: Նոյն քաղաքականութիւնը ունէին վրացի ղեկավարները, բայց աւելի զգոյշ եւ քաղաքակիրթ ձեւով: Նրանք կը ջանային դատարկել Վրաստանը ռուս տարրից, հող պատրաստելու համար իրենց անկախութեան: Թիֆլիսից նրանք ճարպիկօրէն ճամբու կը դնէին ռուս զօրքերը դէպի Ակտամ եւ Շամխոր, իսկ իբրեւ սոցիալիստներ եւ հակաբոլշեւիկներ, հայոց Ազգային Խորհուրդի մօտ պատուիրակ կը ղրկէին Արամայիս Երզնկեանին, պահանջելով որ «հոս նստած մարդիկ պէտք է յանձնեն Անդրկովկասեան իշխանութեան»: Այդ ժամանակում Թիֆլիս գտնուող Խանոյեան, Դանուշ Շահվերդեան, Կասեան, Ցինձացէ եւ միւսները, լաւ գիտեն մանրամասնութիւնը այս դէպքերու, քանի որ նրանք եւս վտանգի տակ էին եւ կը խորհրդակցէին հետս՝ իրենց ապահովութեան եւ բոլշեւիկեան վերին կոմիսար Շահումեանի իշխանութեան հաստատման պայմանների մասին:

Այս միջանկեալ պատմական ակնարկը նետեցի նրա համար, որ պարզ լինի թէ ինչո՛ւ Դաշնակցութեան խոշոր մասը եւ Ազգային Խորհուրդի մի մասը իրենց քաղաքականութիւնը պիտի տանէին անլեգալ (ապօրինի) միջոցով: Ուրիշ կերպ անհնարին էր, քանի որ թէ՛ բոլշեւիկը եւ թէ ռուսը առհասարակ՝ անցանակալի տարրեր էին դարձած Անդրկովկասում:

Ամէնից անկաշկանդ էր Բագուի Հայոց Ազգային Խորհուրդը. հոն Անդրկովկասեան իշխանութիւնը խիստ անուանական էր, ըստ երեւոյթին, ռուսները թողելով Հայաստանը եւ Անդրկովկասը՝ բնաւ միտք չունէին թողնելու ե՛ւ Բագուն: Այնտեղի հայութիւնը յստակ կերպով կանգնեց մինչեւ վերջը դիմադրելու տեսակէտի վրայ, եւ մի ճակատ էր կազմած բոլշեւիկների հետ՝ ընդդէմ բոլոր միւս ուժերի: Բագուի այդ դիրքը աւելի տեղական նշանակութիւն ունէր քանի որ հոն եղած ուժերը լոկ Բագուն պաշտպանելու կարողութիւնն ունէին եւ վճռական փոփոխութիւն չէին կարող անել Անդրկովկասեան քաղաքականութեան վրայ: Ճիշդ է, Բագուի ուժերը հասան մինչեւ Նուխիի շրջանը, մինչեւ Քուռի ձախ ափերը, բայց նրանք չկարողացան հասնել Գանձակ եւ Թիֆլիս, ուրտեղ տիրապետող էր թուրք-գերման արեւելումը:

Բագուի ընթացքը արձագանք պիտի գտնէր դաշնակցականների մէջ, թէեւ Դաշնակցութիւնը ի պաշտօնէ կապուած էր թաթար-վրացական խմբակցութեան: Բոլշեւիկեան բարձրագոյն կոմիսարը՝ Ստեփան Շահումեանը, փախստական վիճակում ընկնում է Գանձակ, որտեղ ապաւինում է Դաշնակցութեան օժանդակութեան: Գանձակի հայկական մասը արդէն ինքնիշխան մի կառավարութիւն էր, որի համար «Թիֆլիսի իշխանութիւն» չկար. նա կը սպասէր հայկական իշխանութեան՝ նրան միանալու համար: Շահումեանին պաշտպանում է Գանձակի շրջանի ղեկավար բժիշկ Հայկ Մելքումեանը, որ հայկական գիւղերով, լեռների վրայով փոխադրում է Շահումեանին Թիֆլիս, Դաշնակցութեան «մաուզերիստների» պաշտպանութեան ներքեւ:

Գանձակի դաշնակցական ղեկավարի եւ Անդրկովկասի բարձրագոյն բոլշեւիկ ներկայացուցիչի Թիֆլիս գալու բուն նպատակն էր՝ մի քաղաքականութեան բերել Անդրկովկասը եւ տալ նրան բոլշեւիկեան արեւելում, յենելով Բագուի ուժի եւ բանակի մնացորդների վրայ: Այս գործը դժուար էր յաջողեցնել, քանի կը տիրէր մենշեւիկների եւ թաթարների մտայնութիւնը, զոր վերը բացատրեցի: Շահումեան կարող էր այդ իրականացնել յենելով միայն հայերի վրայ, աւելի ճիշդը Դաշնակցութեան վրայ, որն էր միակ շօշափելի ուժը: Արդէն նա այդ յանձն առած էր, քանի որ իւր կեանքն իսկ վստահած էր դաշնակցականներին: Երկու անգամ Դանուշ Շահվերդեանի տանը տեսակցութիւններ լինելուց յետոյ, վերջնական ծրագիրը կը մշակուի հայ-բոլշեւիկ համագործակցութեան, Ելիզաւետեան փողոց թիւ 194 տան մէջ:

Այն նոյն օրը երբ Անդրկովկասեան վարչութիւնը հրաման կը հանէր գտնել Շահումեանին եւ զայն ձերբակալել, երբ Երզնկեան եւ Ղազարեան՝ Շահումեանի գլուխը կը պահանջէին Ազգային Խորհուրդից՝ Ազգային Խորհուրդի զինուորական ուժերի վարիչ Ռուբէն Տէր Մինասեանը եւ Զաւրիեւը Շահումեանի հետ գործունեութեան նախագիծ կը կազմէին, Երեւանից ունենալով ե՛ւ Արամի կարծիքները:

Գործունէութեան նախագիծը կը կայանար հետեւեալ հարցերում.

1.- Տաճկահայաստանը պիտի լինի անկախ. դիմադրութիւնը պիտի շարունակուի թուրքերի դէմ. Շահումեանը պիտի ջանայ, որ ռուս զօրքերը մնան ճակատում:

2.- Անդրկովկասում ստեղծւում է հայկական կանտոն, ըստ Շահխաթունու սահմանագծման ծրագրին:

3.- Թիֆլիսն ու Բագուն լինելու են ազատ քաղաքներ:

4.- Սարիղամիշ-Կարս հասած 39րդ զօրաբաժինը պիտի պահել Հայաստանում:

5.- Պարսկաստանից նահանջող Բարաթովի զօրամասերից մի զօրաբաժին կանգնեցնել Ջուլֆա-Նախիջեւանում:

6.- Ուժեղացնել Գանձակի հայկական մասը ռազմամթերքներով՝ հոն փոխադրելով Ալեքսանդրապոլի պահեստներից:

7.- Թիֆլիսոււմ կազմուած ղարաբաղցիների գունդը ուղարկել Շուշի եւ ուժեղացնել Ղարաբաղը:

8.- Թիֆլիսի մօտ (Տրեխովերոսկայ) հաւաքուած զօրքերը ոտքով ուղարկել Գանձակ, Ղազախի վրայով:

9.- Բագուից, Գանձակից, Շուշշից ուժերը շարժել եւ Բագու-Թիֆլիս, Բագու-Երեւան ճանապարհը բանալ:

10.- Մինչեւ այդ գործողութեանց լինելը, բոլշեւիկները կը մնան հանգիստ եւ յեղաշրջման մասին չեն մտածեր:

11.- Զեմլեակի խումբը, երրորդ հայկական գունդը, Օսիկ Փիրումեանի հեծելազօրը, Մովսէսեանի հրետանին, պիտի մնան Թիֆլիսում. երբ Շուշի-Բագու գիծը բացուի, այդ ուժերը, կորիզ կազմելով, պիտի համախմբեն իրենց շուրջը բոլշեւիկ ուժերը եւ պիտի յեղաշրջում կատարեն: Մինչ այդ, թէ՛ Երեւանը եւ թէ Թիֆլիսը պիտի մնային ձեւականօրէն հակառակ բոլշեւիկ շարժման եւ պիտի պաշտպանէին եղած դրութիւնը:

Այս ծրագրի մասը անհնարին եղաւ իրագործել: Շահումեանը, որ Ալեքսանդրապոլ էր անցած, չկարողացաւ խուժան դարձած զօրամասերին խօսք հասկացնել: Գանձակը ուժեղացուեց. Ղարաբաղի գունդը դժուարութեանց հանդիպեց հասնելու Շուշի. իսկ Բագուն չկարողացաւ կապուել Շուշիի եւ Գանձակի հետ: Փաստօրէն, այդ որոշումների վերջին կէտը ի զօրու պիտի մնար եւ մնաց, թէեւ վերջին հաշուով կարելի չէ նախատեսել, թէ ի՞նչ հետեւանք պիտի լինէր եթէ վերջին կէտը Շահումեանի ցանկութեան համաձայն, չմտնէր պայմանի մէջ: Դա կը դառնար մեր կողմից անհաշիւ մի քայլ, բայց եթէ միւս մեր հաշիւներն ալ անօգուտ անցան, գուցէ այդ անհաշւից մի բան դուրս գար, մանաւանդ որ շուտով Բրեստ-Լիտովսկն էր լինելու:

Բացի Շահումենաի հետ այդ բանակցութիւններից, Երեւանում գործակցութիւն կար բոլշեւիկների հետ: Ասացի որ Երեւանը Կովկասեան Հայաստանի կեդրոնն էր դարձած այդ ժամանակներում: Իսկ այդ կեդրոնի կեդրոնական անձն էր Արամը: Նա ուղարկում է Թիֆլիսի վրայով այժմ դաշնակցականասէր դարձած Մակինցեանին՝ դէպի Մոսկուա: Քանի որ Արամը չկայ, Մակինցեանին կը մնայ պարզել այն հրահանգները եւ սպառնալիքները, որ Երեւանն ունէր Մոսկուայից: Ինձ յայտնի է միայն այսչափը, Արամի տոմսակից: «Ապահով անցկացրէք: Անհրաժեշտ է: Պէտք է մենք ամէն կերպ միանանք Ռոստոմին (Բագուին): Քու էշը քշիր: Մեր մէջքը թէ ամուր չլինի, կը կրկնուի 1915 թիւը»: Այս տոմսակը բաւական էր, որ հասկանալի լինէր Արամի մտահոգութիւնները. նրա հիման վրայ էլ, Մակինցեանը ապահով հասաւ Վլադիկաւկազ:

Նոյն ծրագիրների համար էր, որ Զաւիրեւը հետագային անցաւ Մոսկուա, որտեղ իբրեւ պատանդ պիտի պահուէր Շահումեանի դիմաց, թէեւ Զաւրիեւը փաստօրէն հոն գացած էր Շահումեանի կիսատ թողած գործը գլուխ հանելու համար:

Այս վերյիշումները արժէքաւոր են այն մտօք, որ այսօրուան դրութիւնը եւ քաղաքական հակամարտութիւնները Անդրկովկասում՝ համարեա մնացել են նոյնը: Հայ ժողովուրդը, յենած ռուս տարրի վրայ, մինչեւ 1918 Մայիս 28, նպատակ է ունեցած Անդրկովկասեան Հայաստանի սահմանագծման խնդիրը կարգադրել եւ ստեղծել անկախ Հայաստան տաճկաց նահանգներում: Բայց ռուս ուժը եղել է խախուտ եւ դաւադիր, որովհետեւ բոլշեւիկ Ռուսաստանը, անտեսելով հայկական ուժը, զոհաբերում էր Հայաստանն ու Անդրկովկասեան գաւառները թուրք եւ թաթար խմբակցութիւնը: Միւս կողմից, թուրք-թաթարական ուժը յաղթող է հանդիսանում մինչեւ 1918 թիւը. նա հարկադրում է Պաթումում կռել պայմանագիր, որը փաստօրէն ոչ այլ ինչ էր եթէ ոչ Անդրկովկասեան Հայաստանի եւ Հայաստանի բաժանումը Տաճկաստանի, Ադրբեջանի եւ Վրաստանի միջեւ, միայն մի փոքր կտոր թողնելով հայերին՝ երեւոյթները փրկելու համար:

***

1918 Մայիս 28ին, թէեւ Ազգային Խորհուրդը իրեն յայտարարած էր «հայաբնակ գաւառների գերագոյն իշխանութիւն», բայց փաստօրէն ստեղծուած էր անկախ Հայաստան Արարատեան աշխարհի բեկորների վրայ: Ստեղծւում էր հայկական կառավարութիւն մի փոքրիկ հողամսի վրայ, որին ոմանք կը համեմատէին գերեզմանոցի եւ ոմանք էլ գաղթականական կայանի հետ: Պաթումով գծուած Հայաստանը կը պարփակէր իւր մէջ ճիշդ ներկայ Խորհրդային Հայաստանը. առանց Ալեքսանդրապոլ-Արարատ կայարանի երկաթուղու գիծը իւր երկու կողերով: Հայաստանը կը ներկայացնէր իրական մի բանտ, մի գաղթակայան:

Ինչո՞ւ այդ դրութեան համակերպեց Հայոց Ազգային Խորհուրդը. պատասխանը պարզ է: Պէտք էր շատից քիչը փրկել: Հայութիւնը պարտուած էր եւ յաղթողն էր թուրք-թաթարական-վրացական խմբակցութիւնը, որի դէմ մէն մենակ նա անկարող էր իւր դատը պաշտպանել, իւր երկիրները վերագրաւել:

Ի՞նչ յոյսեր ունէր նորակազմ Հայաստանը: Նա այլեւս յոյսեր չունէր ոչ բոլշեւիկներից, ոչ Ռուսաստանից, նրանք լքած էին իրենց վատօրէն: Նա յոյսեր չունէր թուրք-թաթարական եւ վրացական մեծահոգութեան վրայ: Նրանց կողմից Հայաստանը բաժան-բաժան անելու փաստը ակներեւ էր բոլորի համար: Մի յոյս էր մնում, հեռաւոր մի յոյս. գուցէ պատերազմի բախտը փոխուէր յօգուտ Դաշնակիցների: Գուցէ նրանց միջոցով իւր դատը շահէր: Մինչ այդ, պէտք էր համակերպիլ, պէտք էր ներքուստ կազմակերպուիլ:

Կար Երեւանում՝ Հայաստանի Կառաւարութիւն, Հայաստանի Փարլամենտ, որի նախագահ Աւետիք Սահակեանը չէր քաշուի ամբիոնից յայտարարել՝ ի ներկայութեան թուրք ներկայացուցիչ, որ «բանտի դռները պիտի բացուին մի օր, պիտի փշրուին շղթաները»: Իսկ Հայաստանի փաստական դիկտատորը՝ Արամը, իւր նախկին ընկեր՝ յաղթական Խալիլ փաշայից (որ եկած էր Երեւան այցի)  կը պահանջեր սահմանների ընդարձակում եւ ապրելու հնարաւորութիւն:

Յաղթական Խալիլ փաշան չէր մերժեր սկզբունքով Հայաստանի հողերի ընդարձակման պահանջը: Նա կանխիկ կ’առաջարկէր որ հայեր դատարկեն Զանգեզուրի Մեղրի գաւառակը, որպէսզի իրենք անմիջապէս կապուին Բագուի հետ. ի փոխարէն դրան պատրաստ էր ի հաշիւ Ադրբեջանի ընդաևձակել Հայաստանի սահմանները դէպի Ջիւանշիօր եւ Վարանդա: Դա փաստօրէն կը նշանակէր ուժ տալ փան-թուրանիզմին: Նա կ’առաջարկէր զինուորական դաշինք կնքել Դաշնակիցների դէմ: Այս կը նշանակէր վերջին յոյսն էլ ջուրը ձգել, առանց երաշխաւորութիւն ունենալու թէ թուրք-գերմանական միջոցներով պիտի լուծուի Հայական Հարցը:

Այդ խօսակցութիւնները ոչնչով վերջացան, մնաց եղած վիճակը: Միակ օգուտը եղաւ այն, որ Արամի անձնական կապի շնորհիւ, Խալիլ փաշան Հայաստանին շնորհեց 25.000 փութ ցորեն գաղթականաց համար եւ հրահանգ տուեց Բաշգեառնի շրջանի Միլլի ձորի մէջ եղած թաթարներին՝ հեռանալ տաճկական հողեր, հայ գաղթականներին տեղ բանալու համար: Ահա այս երկու դրական կարգադրութիւններից շահեց Հայաստանը: Եկած ցորենը բաժանուեց սովահարներին: Իսկ Միլլի ձորը զօրքով եւ թնդանօթներով դատարկուեց թաթարներից, թէեւ կը վախենային շատերը, որ Ուլուխանալու նստած թուրքերը միջամտեն: Ինչ էլ որ լինէր, դա անհրաժեշտ էր, հողի խնդիրը մասամբ գոնէ թեթեւացնելու համար:

1918ի Դաշնակիցների յաղթութեան օրէրն էին գալիս:

Բախտի անիւը կը դառնար յօգուտ Հայաստանի: Գերման զօրքերը կը պատրաստուին ձգտել Վրաստանը, իսկ Բագուից ու Ադրբեջանից կը շտապեն հեռանալ տաճիկ զօրքերը: Տաճկական զօրքերը սկսում են դատարկել հայկական գաւառները՝ Լոռի, Ախալքալաք, Ալեքսանդրապոլ, Սարտարապատ, Ղամարլու, Շարուր, Նախիջեւան, Սուրմալու, Կարս:

Բանտի դուռները բացուած էին. հայկական զօրքերը կը հետեւէին թուրք նահանջող զօրքերին եւ մէկը մէկի յետեւից կը գրաւեն ու հայկական իշխանութիւն կը հաստատեն դատարկուած գաւառներում:

Գաղթական դարձած հայ ժողովուրդը կը հետեւի հայ բանակին եւ իւր հայրենի օճախը կը շէնցնէ: