Անդրանիկի և մյուս խմբերը լուծարելու, հայերի և թաթարների լավ հարաբերությունների հարցերը Պոլսում․ սեպտեմբեր 15, 1918թ

3388

Հայկական ուսումնասիրությունների ԱՆԻ կենտրոնը ներկայացնում է Աստվածատուր (Ասատուր) Խաչատրյանի օրագրությունը, որը վերաբերում է հայ ժողովրդի համար ճակատագրական Տրապիզոնի, Բաթումի և Պոլսի 1918 թ․ բանակցություններին։ Հեղինակը իր ծանոթագրության մեջ նշում է․ «1919 դեկտեմբերին ՀՀ վարչապետ Ա․ Խատիսեան ինծի պաշտօն յանձնեց ընտրել ու կարգի դնել Տրապիզոնի և Բաթումի հայ-թրքական դիւանագիտութեան վերաբերեալ բոլոր պաշտօնական գրութիւնները հրատարակութեան համար և գրել նախաբանը»։

——————————————————

Հայկական Հանրապետության խաղարարար պատգամավորության նիստերի արձանագրություններ

25 հունիս-18 հոկտեմբեր, 1918թ, Կ․ Պոլիս

Նիստ 22

Սեպտեմբերի 14-ի երեկոյան ժամը 6-ին, ներկա էին՝ Ահարոնյան, Ալ. Խատիսյան, Պապաջանյան, խորհրդական Գ․ Խատիսյանը և առաջին քարտուղարը:

Երևանից և Թիֆլիսից եկած Հայաստանի խորհրդարանի անդամ Արտաշես Բաբալյանը տվեց մանրամասն զեկուցում բոլոր խնդիրների մասին, որ ներկայումս հետաքրքրում է թե մեզ, թե կառավարությանը։

Նախ նա զեկուցեց ամբողջ անցած դարձածի պատմությունը, կառավարության և Ազգային խորհրդի տեղափոխությունը Երևան, կառավարության կազմավորումը, հարաբերությունները թուրքերի հետ․․․

․․․ Երկրորդ կարևոր կետը, որի վրա մեր ուշադրությունը հրավիրում է զեկուցողը, պարենավորման խնդիրն է։ Առաջիկայում հացը պակասելու է, դրա համար մեր կառավարությունը դիմել է Ադրբեջանին և խնդրել փոխարինաբար հաց տալ մեր գաղթականների համար։ Այժմ խնդրում են մեզ, որ այստեղ մենք աշխատենք թուրքական կառավարության միջոցով ազդել Նուրի փաշայի վրա, որ նա էլ հաջողեցնի Ադրբեջանից մեզ փոխարինաբար հաց տալը։

Կառավարությունը զբաղված է նաև Ղարաբաղի խնդրով և պնդում է, որ մենք ամեն կերպ պնդենք Ղարաբաղը մեր ձեռքում պահելու համար․․․ Բաբալյանի ասելով, այժմյան քաղաքական իրավիճակը այնպիսին է, որ մենք չպետք է զիջող լինենք մեր տարածքային պահանջենի վերաբերյալ։

Նիստ 23

Սեպտեմբերի 14-ի երեկոյան ժամը 6-ին, ներկա էին՝ Ահարոնյան, Ալ. Խատիսյան, Պապաջանյան, խորհրդական Գ․ Խատիսյանը և առաջին քարտուղարը:

․․․ Բաբալյանը շարունակեց զեկուցումը․․․ Վերջացնելով զեկուցումը՝ Բաբալյանը նորից պնդեց իր առաջարկած գլխավոր կետերի վրա, որոնց վրա պիտի աշխատի պատվիրակությունը․

1․ գաղթականության վերադարձի խնդիրը,

2․ պարենավորման խնդիրը, այն է՝ Ադրբեջանից 2 միլիոն փութ հաց խնդրել Նուրի փաշայի միջոցով․․․

Նիստ 24

Սեպտեմբերի 15-ի երեկոյան ժամը 9․30-ին, ներկա էին՝ Ահարոնյան, Ալ. Խատիսյան, Պապաջանյան, խորհրդական Գ․ Խատիսյանը և առաջին քարտուղարը: Ներկա էր նաև Բաբալյան։

Ժողովը զբաղվեց արծարծելով այն խնդիրները, որոնք բխում էին Բաբալյանի զեկուցումից։ Որոշվեց դրանցից կարևորների մասին առանձին դիմումներ անել Նեսսիմի բեյին և Էնվեր փաշային։

Ահա դրանց ամփոփումը․

1․ Անդրանիկի խմբի և ուրիշ խմբերի լուծարելու, երկաթուղագծի ապահովությունը, զորքերի կանոնավոր և անարգել տեղափոխությունը մեր աջակցությամբ։

2․ հայերի և թաթարների [ադրբեջանցիներ- խմբ․ ԱՆԻ-ի] լավ հարաբերությունները Ադրբեջանում և մեզ մոտ։ Խալիլ փաշայի վկայությունը։

3․ Պարենավորման խնդրի վերաբերյալ՝ Ադրբեջանից փոխարինաբար հաց խնդրել, աշխատել այստեղից [Պոլիս] ազդել Նուրի փաշայի վրա, որ օգնի մեզ այդ խնդրում․․․

9․ Ղարաբաղի խնդիրը դնել անպայման և պնդել։

Այդ խնդիրների մասին Ալ․ Խատիսյանին հանձնարարվեց վաղը ևեթ խոսել արտգործնախարար Նեսսիմի բեյի հետ և դրանից հետո որոշվեց տեսակցություն խնդրել Էնվեր փաշայից և նրա հետ խոսել կարևորագույն պահանջների մասին։

Նիստ 25

Սեպտեմբերի 20-ի երեկոյան ժամը 10-ին, ներկա էին՝ Ահարոնյան, Ալ. Խատիսյան, Պապաջանյան, խորհրդական Գ․ Խատիսյանը, Բաբալյանը և առաջին քարտուղարը:

․․․ Ժողովը մանրամասնորեն ծրագրեց այն հարցերը, որ պիտի տրվեն Էնվեր փաշայի հետ վաղը ունենալիք տեսակցության ժամանակ։

1․ գաղթականների վերադարձի խնդիրը․․․

2․ պարենավորման խնդիր, այն է՝ խնդրել Ադրբեջանից 1 միլիոն փութ հաց և միջնորդել Էնվեր փաշայի մոտ, որ ազդի Նուրի փաշայի վրա այդ ուղղությամբ․․․

5․ Էրզրումից վերադարձնել Ալեքսանդրապոլի շրջանի տեղահանվածներին, թվով մոտ 8000 գաղթականների մասին խոսելիս հատկապես կանգ առնել Ախալքալաքի և Արեշի շրջանի գաղթականների վիճակի վրա։

ՀԱԱ, ֆ․ 200, ց․ 1, գ․ 8, թ․ 32-99։ Բնագիր, ձեռագիր։ 

Աստվածատուր Խաչատրյան, «Արևելահայ և թուրք դիվանագիտական հարաբերությունները», Հայաստանի ազգային արխիվ և ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտ, Երևան, 2010, էջ 244-247:

Հ․ Գ․ Արտաշես Բաբալյանը ծնվել է 1886-ին, Շուշիում։ ՀՅԴ անդամ, Հայաստանի Առաջին Հանրապետության խորհրդարանի անդամ, ապա նախարար։ Կարսի 1920թ․ հոկտեմբերի 30-ի անկման ժամանակ գերվել է քեմալականների կողմից։ Առաջին Հանրապետության անկումից հետո հաստատվել է Պարսկաստանում, մահացել է Թեհրանում, 1959-ին։