Հայ-ադրբեջանական հանդիպում Մցխեթում

784

Վրաստանի Մցխեթ քաղաքի «Gino Wellness» հյուրանոցում՝ մարտի 21-24-ը, տեղի ունեցավ հայ և ադրբեջանցի փորձագետների երկրորդ հավաքը՝ նվիրված Արցախյան հակամարտության պատմության վերաբերյալ ամբողջական արխիվ ստեղծելու մտադրությանը և հնարավորություններին:

Առաջին նման հանդիպումը կայացել էր 2016 թվականի նոյեմբերի 30-ից դեկտեմբերի 2-ը Թբիլիսիում: Առաջին հանդիպման եռօրյա քննարկումների հիմնական նպատակն էր պարզել՝ հնարավոր է՞ արդյոք ստեղծել Ղարաբաղյան հակամարտության մասին ամբողջական արխիվ (փաստաթղթերի հավաքածու, տեսանյութեր, մամուլի հրապարակումներ, լուսանկարներ), որո՞նք են խոչընդոտներն ու բարդությունները, ի՞նչ ժամանակաշրջան պետք է ընդգրկի այն և բազմաթիվ այլ հարցեր:

Քննարկումների արդյունքում կազմակերպիչները և հակամարտության մեջ ներգրավված երեք կողմերի՝ Հայաստանի, Արցախի և Ադրբեջանի հասարակական սեկտորի ներկայացուցիչները նախնական պայմանավորվածություն էին ձեռք բերել անհրաժեշտության դեպքում ևս մեկ հանդիպում կազմակերպել՝ ավելի առարկայորեն քննարկելու խնդիրը և հետագա քայլերը:

Եվ ահա երկրորդ՝ Մցխեթի հանդիպման ընթացում, փորձ արվեց հասկանալ առկա դժվարություններն ու մարտահրավերները, այդ թվում Ադրբեջանում ստեղծված ներքաղաքական բարդ վիճակը, որը չափազանց դժվարացնում է ադրբեջանցի հետազոտողների աշխատանքը:

Ինչպես Թբիլիսիի հանդիպմանը, այնպես էլ Մցխեթի քննարկումներին հայ և ադրբեջանցի ներկայացուցիչներից (լրագրողներ, փորձագետներ, հետազոտողներ) բացի, մասնակցում էին նաև դեռևս ամբողջական տեսք չստացած նախագծի կազմակերպիչները՝ բրիտանացիներ և շվեյցարացիներ:

Հակամարտությունների մասին (լինեն դրանք ներքաղաքական, ազգամիջյան կամ միջպետական) արխիվներ ստեղծվել են տարբեր երկրներում և տարբեր ժամանակներում: Մցխեթի հանդիպմանը հրավիրվել էր արգենտինյան Memoria Abierta արխիվի ստեղծման պատասխանատուներից, ով ներկայացրեց, թե ինչպես է հավաքվել և արխիվացվել 1976-1983 թվականների բռնապետական ժամանակաշրջանի մասին պատմող նյութերի ամբողջական հավաքածուն՝ բանավոր պատմություններ, փաստաթղթեր, հոդվածներ, վկայություններ, նկարներ:

Ինչպես Թբիլիսիի, այնպես էլ Մցխեթի հանդիպմանը՝ որպես Սիվիլիթաս հիմնադրամի փորձագետ, մասնակցել է նաև լրագրող Թաթուլ Հակոբյանը:

Հանդիպումները կազմակերպել էին բրիտանական «Conciliation Resources» («Հաշտեցման պաշարներ») ՀԿ-ն և «Swiss Peace» («Շվեյցարական խաղաղություն») հիմնադրամը՝ գերմանական «Bosch» («Բոշ») հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ:

Ակնկալվում է, որ վեց ամիս հետո կկայանա ևս մեկ հանդիպում

Թաթուլ Հակոբյան, Մցխեթ