Արցախյան պատերազմում և 1994-ից ի վեր հայկական կողմի զոհերի ընդհանուր թիվը՝ 9.700

4893

1991-1994 թվականների Արցախյան պատերազմում և Հայաստան-Ադրբեջան սահմաններում տեղի ունեցած ռազմական գործողությունների ընթացքում, ինչպես նաև 1994 թվականի մայիսյան անժամկետ հրադադրից ի վեր հայկական կողմերը՝ Արցախը և Հայաստանը, ընդհանուր առմամբ տվել են շուրջ 9.700 կորուստ՝ զոհ:

Այս թվերը պաշտոնական չեն, այլ արդյունք են իմ շարունակական հետազոտությունների: Այս թվերի մեջ ներառված չէ Արցախի և Հայաստանի խաղաղ՝ քաղաքացիական բնակչությունը:

Վերջին ամիսներին ես մի քանի հրապարակում եմ ունեցել այս զգայացունց թեմայով, փորձելով հնարավորինս ամփոփ ներկայացնել զոհերի թվերի մասին ամբողջական տվյալներ:

Ըստ իմ վերջին տվյալների, որոնք կարող ենք ոչ ամբողջական լինել, Արցախյան պատերազմում Արցախի զոհերի թիվը 3.300-ից ավելի է: Այս թիվը ցույց է տալիս, որ պատերազմի տարիներին ամենածանր բեռը ընկած է եղել հենց արցախցի ազատամարտիկների ուսերին, ինչը բնական է, քանի որ պատերազմը ընթանում էր Արցախում, արցախցին կռվում էր իր տունը, ընտանիքը, երեխաներին, պատիվն ու հայրենիքը պաշտպանելու համար:

Այս 3.300-ից շուրջ 2.700-ը գրանցվել է հենց պատերազմի տարիներին, իսկ շուրջ 600-ը՝ 1994-ի մայիսյան անժամկետ զինադադարից ի վեր:

Այստեղ պետք է նշեմ նաև, որ 3.300-ի մեջ չեն ներառվել պատերազմի տարիներին Արցախի քաղաքացիական բնակչության զոհերը, որոնց ընդհանուր թիվը շուրջ 1.500-ի սահմաններում է:

Այսպիսով, ընդամենը 140.000 բնակչություն ունեցող Արցախը ընդհանուր առմամբ տվել է 4.800 զոհ զինվորականների և քաղաքացիական բնակչության շրջանում: Այս թվի մեջ մենք չենք ներառել անհետ կորածներին, քանի որ, ինչքան էլ հույսը աղոտ լինի, որ նրանք կարող են ողջ լինել, այդուհանդերձ, անհետ կորածներին չի կարելի դնել զոհվածների շարքում: Գուցե նրանք կամ նրանցից մեկը մի օր ինչ-որ հրաշքով տուն դառնա:

Հայաստանից Արցախյան պատերազմում և հայ-ադրբեջանական սահմաններում ռազմական գործողությունների ընթացքում զոհերի ընդհանուր թիվը, կրկին ըստ իմ հետազոտությունների, կազմում է շուրջ 6.500: Այս թիվը ներառում է 26 տարվա ժամանակահատված՝ 1990-ից մինչև 2016 թվականը՝ ներառյալ Ապրիլյան քառօրյա պատերազմը:

Այս հրապարակման մեջ ես զերծ եմ մնալու դասակարգել զոհերի թիվը մինչև 1994-ը և 1994-ից հետո, քանի որ ուսումնասիրությունները շարունակում եմ և կա նաև մեթոդաբանության խնդիր:

Ամենակարևորը, որ ես պատշաճ ուշադրություն չեմ դարձրել իմ նախորդ հրապարակումների մեջ, վիրավորված և հաշմանդամ դարձած ազատամարտիկներն են, որոնք հետագայում, այդ թվում՝ 1994-ի զինադադարից ի վեր, մահացել են պատերազմում ստացած վերքերի պատճառով: Այս զոհերը պետք է՞ դնել Արցախյան պատերազմի զոհերի ընդհանուր ցանկում: Իմ կարծիքով՝ այո, և այս թվերի մեջ ես ներառել եմ նաև վիրավորված և հետագա տարիներին մահացած ազատամարտիկներին: Ահա այդ պատճառով է, որ կորուստների ընդհանուր թիվը 1990-2016 թվականների համար արդեն մոտեցել է 10 հազարի սահմաններին:

Իմ նախորդ հրապարակման մեջ ներկայացված թիվը, որ 1994-ի զինադադարից ի վեր Արցախից և Հայաստանից զոհերի ընդհանուր ավելի քան 2.000 է, ամբողջական չէ: Այդ թիվը 2.000-ից զգալիորեն բարձր է: Այդ թվի մեջ մտնում են ինչպես մարտական, այնպես էլ՝ ոչ մարտական կորուստները: Հաշվի առնելով թեմայի զգայացունց լինելը և այն, որ դա կարող է դառնալ ներքաղաքական շահարկումների առարկա, ես նոր ամփոփ տվյալներ կներկայացնեմ ապրիլի 2-ի խորհրդարանական քվեարկությունից հետո, երբ կրքերը հանդարտված կլինեն:

Եվ վերջում՝ Սփյուռքից Արցախյան պատերազմում զոհերի թվի մասին, ինչը ցավալիորեն շահարկվում է նաև ներքաղաքական նպատակներով: Նախ պետք է դասակարգել, թե ինչ նկատի ունենք Սփյուռք ասելով: Ջավախքը, որ Արցախյան լեռներում տվել է մեկ տասնյակից ավելի զոհ, Սփյուռք է՞: Իսկ Ռուսաստանից ու նախկին խորհրդային հանրապետություններից հանուն Արցախի մարտնչածները Սփյուռք ե՞ն: Իսկ ի՞նչ դասակարգման տակ դնել ազատամարտիկին, ով ծնվել է Թեհրանում, 1960-ականներին հաստատվել Խորհրդային Հայաստանում և զոհվել Արցախյան ազատագրական պատերազմում:

Սա էլ հատուկ ուսումնասիրության թեմա է, որը ես շարունակում եմ և ամբողջացնելու դեպքում կներկայացնեմ այն: Կարող եմ այս պահին ասել, որ Արցախյան ազատամարտում Սփյուռքի զոհերի թիվը, ներառյալ վերոնշյալ կատեգորիաները, 20-ի սահմաններում է, որոնց թվում՝ Մոնթեն:

Թաթուլ Հակոբյան

Լուսանկարում՝ Մոնթե Մելքոնյան

Կարդալ այս թեմայով նախկին հրապարակումները՝

https://www.aniarc.am/2017/02/21/about-2000-victims-since-1994/

https://www.aniarc.am/2015/04/21/armenian-casualties-karabakh-war/