Սփյուռքյան օրագիր. խոհեր ու մտորումներ ամերիկյան ճանապարհներին և այլուր

2146

Այս կարճ գրությունները ֆեյսբուքի իմ էջում տեղադրել եմ 2023թ մարտին՝ Մ. Նահանգներ իմ այցելության օրերին և Երևան վերադառնալուց հետո:

Սփյուռքյան օրագիր – 1

Մ. Նահանգներում, Եվրոպայում, Միջին Արևելքում, Իրանում, Ռուսաստանում բազմաթիվ այցելությունների ընթացքում ինձ համար հայտնաբերել եմ, որ մեր Սփյուռքի բացարձակ մեծամասնությունը որևէ միության մեջ չէ, կոմիտեական չէ, կուսակցական չէ:

15 մարտի, 2023թ. Նյուարկ, ԱՄՆ

Սփյուռքյան օրագիր – 2

Մ. Նահանգներում, Եվրոպայում, Միջին Արևելքում, Իրանում, Ռուսաստանում բազմաթիվ այցելությունների ընթացքում ինձ համար հայտնաբերել եմ, որ մեր Սփյուռքի բացարձակ մեծամասնության ձայնը չի լսվում, լսվում է շատ փոքր հատվածի ձայնը:

Ես, իմ համեստ կարողությունների շրջանակում, փորձելու եմ մեծամասնության կարծիքը ևս լսելի դարձնել՝ օգտագործելով ԱՆԻ կենտրոնի կայքն ու Ֆեյսբուքը: Չլսվող մեծամասնության մեջ մենք ունենք խորը մտածողներ, սառը դատողներ, Հայաստանին/Արցախին անմնացորդ նվիրվածներ և ուղղակի լավ մարդիկ:

16 մարտի, 2023թ. Պանարամա Սիթի/Լոս Անջելես, Կալիֆոռնիա ԱՄՆ

Սփյուռքյան օրագիր – 3

Մի քանի օր առաջ Հարթֆորդում/Կոննեկտիկուտ նահանգ, հանդիպում էի տեղի հայերի հետ և նրանցից մեկը, ով Արցախից էր (ԱՄՆ բազմաթիվ քաղաքներում ապրում են Բաքվի ջարդերից փրկված, արմատներով Արցախից հազարավոր հայեր), դիմեց ինձ և ասաց, որ հայերը մեծ սխալ գործեցին՝ պետք էր ամեն տարի 1-2 գյուղ վերադարձնել և հեռացնել պատերազմի սպառնալիքը:

Ես շատ ուշադիր ու հարգանքով լսեցի իմ հայրենակցին: Ես պատասխան չունեի, բայց հիշեցի մի այլ բան:

Երբ 44-օրյա աղետից առաջ գրում էի, որ պետք է փնտրել արժանապատիվ լուծումներ և փոխզիջումներ անել, ԱՄՆ-ում բնակվող և քաղաքացիություն ունեցող իմ լավ հայրենակիցները ինձ մեղադրում Արցախն ու Հայաստանը բավարար չափով չսիրելու մեջ: Մեղմ ասած:

Պանորամա Սիթի, Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ, 17 մարտի, 2023

Սփյուռքյան օրագիր – 4

Ամեն հայ ինքն է որոշում, թե որտեղ պետք է ապրի՝ Նոյեմբերյանում, Ննգիում, Նիժնի Նովգորոդում, Նյուրնբերգում, թե Նյու Յորքում: Դա իր ընտրությունն է և իրավունքը:

Բայց հայերի, ավելի ճիշտ՝ հայաստանցիների նոր ալիքը դեպի Կալիֆոռնիա՝ Մեքսիկայի ապօրինի ճանապարհով, մտահոգիչ է և Հայաստանի անվտանգության լրջագույն սպառնալիք:

Այսօր հայության երկու մեծ շերտ է արտագաղթում դեպի ԱՄՆ, Ռուսաստանի հայեր, որոնք ժամանակին հեռացել են Հայաստանից ու հիմա ուզում են հեռու լինել Պուտինի պատերազմից, երկրորդ՝ հայաստանցիներ:

Բըրբենք, Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ, 18 մարտի, 2023

Սփյուռքյան օրագիր- 5

Երբ Դուք՝ սիրելի հայրենակիցներ, 44-օրյա աղետի մեջ մեղադրում եք Նիկոլին (Ձեր գործն է և իրավունքը) կամ ՀՀ/Արցախի նախկին ղեկավարներին (Ձեր գործն է և իրավունքը), ապա մի քիչ նրբանկատ եղեք և փորձեք չվիրավորել հայաստանցիներին և մեզ չնույնացնել ղեկավարների հետ:

Դա վիրավորական է հատկապես այն մայրերի ու հայրերի համար, որոնց որդիները զոհվել են այս աղետալի պատերազմում, որոնց որդիները հաշմանդամ են դարձել:

Եռաբլուրը՝ Ձեզ վկա, որտեղ այցելում և նկարներ եք դնում Ձեր Ֆեյսբուքի էջերում:

Հայաստանի ամեն քաղաքում, ամեն գյուղում Եռաբլուր կա՝ ծածանվող եռագույնով ու մեզ բոլորիս հիշեցնող պատգամով՝ ՊԱՏԱՍԽԱՆ ԵՆՔ ՏԱԼՈՒ մի ողջ սերունդ մահվան դուռն ուղարկելու համար:

Սփյուռքյան օրագիր֊ 6

Երբ Դուք՝ Սփյուռքի սիրելի հայրենակիցներ, Հայաստանի և Արցախի փրկության ճանապարհը տեսնում եք Իսրայել դառնալու մեջ, ապա ինչու չեք տեսնում այն իսրայելցուն/հրեային, տվյալ դեպքում՝ հային, որ պետք է վերադառնա Հայաստան եւ Արցախ:

Բարոյական և այլ տեսակետից իրավունք չունեմ որևէ հայի, ով ընտրությամբ և կամ ի ծնե բնակվում է Սփյուռքում, կոչ անելու լինել դեպի Հայաստան վերադարձող հայը և իր օրինակով ցույց տալ Իսրայել դառնալու հաջողությունը, ինչպես դա անում են աշխարհի տարբեր անկյուններում բնակվող հրեաներ՝ վերադառնալով Իսրայել:

Բայց երբ Իսրայելի անունն ենք տալիս, ապա արդար կլիներ, որ ամենքս սկսեինք մեզանից և մեր օրինակով:

Ֆրանկֆուրտ, Գերմանիա, 20 մարտի, 2023թ.

Սփյուռքյան օրագիր – 7

Սփյուռքում (անշուշտ նաև՝ Հայաստանում/Արցախում) կա երկու հակադիր տեսակետ և այդ երկու տեսակետների հեղինակները ատում են միմյանց:

Առաջին՝ Նիկոլն ու թիմը դավաճաններ են, նրանք իրականացնում են թուրքի ծրագիրը, 44-օրյա պատերազմում արել են ամեն ինչ, որ մեր բանակը պարտվի:

Երկրորդ՝ եղել է 5-րդ շարասյուն (սրա հեղինակը միայն Նիկոլը չէ, թեև ամենակարկառուն ներկայացուցիչն է) և այդ շարասյունը դավաճանել է, թուրքին տեղեկատվություն փոխանցել, որ մեր բանակը պարտվի:

Իմ կարծիքով, և այդ մասին ես խոսում եմ Սփյուռքում՝ հրապարակային ելույթներում, երկու տեսակետներն էլ քարոզչական են, անհիմն են, հակագիտական ու պրիմիտիվ: Եթե Նիկոլն ու թիմը դավաճաններ են ու մեր հողերը հանձնել են թուրքին, ապա թույլ չտայիք՝ չէ՞ որ դուք եք նաև Շուշին ազատագրել Լևոնից թաքուն 1992-ին և ի հեճուկս առաջին նախագահի: Եթե դուք կարողացել եք իշխանությունից թաքուն 1992-ին Շուշին ազատագրել, ապա իշխանությունից թաքուն Շուշին պահեիք 2020-ին: Ծիծաղելի է, չէ՞: Նաև՝ ողբերգական: Ու սրան հավատում են պատմաբան դոկտորներ, Հարվարդի ու այլ տեղերի քաղաքագետներ:

Նույնքան ծիծաղելի է 5-րդ շարասյան առասպելը: Եթե կար/կա, ապա դու ի՞նչ եք, իշխանություն չե՞ք:

Իրականում, մենք պարտվել ենք Ադրբեջանին ռազմի դաշտում 2020-ին, ինչպես հաղթել ենք Ադրբեջանին ռազմի դաշտում 1991-1994-ին: Հաղթել է պետությունը, առաջին հերթին՝ Հայաստանը: Պարտվել է պետությունը, առաջին հերթին՝ Հայաստանը:

Ամաչում ե՞նք, որ պարտվել ենք Ադրբեջանին: Հավանաբար ամաչելու է, մանավանդ, որ 30 տարի ծաղրել ենք թուրքին, նաև՝ թանկանոց, բյուջեի փողերով ստեղծված մուլտերի մակարդակով:

Նոր Նորք, Երևան, Հայաստան, 21 մարտի, 2023թ

Սփյուռքյան օրագիր – 8

Սփյուռքը, սիրելի ընկերներ և հետևողներ, չունի հեռախոսհամար, չունի հրշեջ և շտապ օգնության մեքենա, որ տագնապի, հրդեհի կամ պատերազմի դեպքում զանգահարենք:

Այո, Սփյուռքում բնակվող մեր հայրենակիցները՝ անհատներ, կազմակերպություններ, օգնել են և օգնում են Հայաստանին/Արցախին, անհատ մարդկանց, իրենց բարեկամին, ընկերոջը: Այս օգնությունը շատ կարևոր է, մենք չենք կարող լինել երախտամոռ:

Բայց պետք է նաև գիտակցենք, որ Սփյուռքն ու միլիոնավոր հայերը Հայաստանին/Արցախին օգնելուց բացի և առաջին հերթին, օգնում են տեղի կառույցներին՝ եկեղեցի, դպրոց, կուսակցություն, ակումբ և այլն, ունեն ընտանքիներ, բարեկամներ:

Հետևաբար, չպետք է մեր ակնկալիքները լինեն անիրատեսական: Վազգենի և Սերժի հետ պետական հեղաշրջում իրականացրած Քոչարյանը 1998-ին ասում էր, որ եթե Հայոց ցեղասպանության հարցը բերենք օրակարգ ու ավելի ակտիվ աշխատենք, ապա տարեկան Սփյուռքից կբերենք 500 միլիոն դոլար:

1992-ից ի վեր ՀԱՅԱՍՏԱՆ համահայկական հիմնադրամը՝ 30 տարվա ընթացքում չի հանգանակել 500 միլիոն, Քոչարյանը ասում էր՝ 1 տարում կբերեմ:

Պետք չէ նաև ակնկալել, որ նոր պատերազմի դեպքում Սփյուռքը ջոկատներ կուղարկի: Այո, կլինեն անհատ սփյուռքահայեր, ովքեր կգան ու կպայքարեն հանուն հայրենիքի, ինչպես եղել է Արցախյան առաջին և երկրորդ պատերազմում, բայց նրանց թիվը կլինի մատերի վրա հաշվելի:

Իսկ այն պնդումը, թե Սփյուռքը մեր նավթն է, հայկական քարոզչական առասպել է:

Ուրեմն, մեր հույսը մենք պետք է լինենք:

Նոր Նորք, Երևան, Հայաստան, 22 մարտի, 2023թ

Սփյուռքյան/հայկական օրագիր – 9

44-օրյա աղետից առաջ և հետո Սփյուռքում, Արցախում/Հայաստանում իմ հրապարակային ելույթներում, գրություններում, զրույցներում նշել եմ արցախյան խնդրի 3 հիմնական ճանապարհ, որ, անշուշտ, հայտնագործություն չէ:

ա/ հայերն ու ադրբեջանցիները հավերժ պատերազմի մեջ են,

բ/ հայերն ու ադրբեջանցիները հավերժ ստատուս-քվոյի մեջ են,

գ/ հայերն ու ադրբեջանցիները գտնում են խաղաղության և համակեցության ճանապարհը:

Հատկապես այս վերջինը ընդունվել է սրերով, համարվել պարտվողականություն, դավաճանություն, ադրբեջանամետություն:

Բայց գիտե՞ք ինչն է ապշեցնողը:

Պատերազմի կողմնակիցների մեծագույն մասը չի մասնակցել՝

ա/ Արցախյան առաջին պատերազմին,

բ/ քառօրյա պատերազմին,

գ/ 44-օրյա պատերազմին և հիմնականում պատերազմներից ու Հայկական բանակից հեռու են պահել իրենց զավակներին:

Նոր Նորք, Երևան, 9 ապրիլի, 2023

Թաթուլ Հակոբյան

լրագրող, ԱՆԻ կենտրոն