Նիկոլ Փաշինյան/Արայիկ Հարությունյան և Համո Օհանջանյան. Արցախի հարցում զուգահեռներ՝ 2020 և 1920

1341

Հայաստանի Հանրապետության (1918-1920/21 թթ) երրորդ վարչապետ, ՀՅԴ Բյուրո-կառավարության ղեկավար Համո Օհանջանյանի և ՀՀ գործող վարչապետ Նիկոլ Փաշինյանի կառավարման շրջանում Հայաստանն ունեցել է տարածքային լրջագույն կորուստներ:

1920 թվականի օգոստոս-դեկտեմբեր հատվածում Հայաստանը ամբողջովին կորցրել է վերահսկողությունը հետևյալ շրջանների վրա՝ Կարս-Անի, Իգդիր-Սուրմալու՝ Արարատ սարով, ինչպես նաև Ռուսաստանի հետ ստորագրել է համաձայնագիր, որով ընդունել է, որ Արցախ-Ղարաբաղը, Սյունիք-Զանգեզուրը և Նախիջևանը անցնում են բոլշևիկյան ուժերի վերահսկողության տակ:

1920թ մարտին հայկական կողմը կորցրեց վերահսկողությունը Շուշիի, իսկ նույն տարվա հոկտեմբերին մյուս բերդաքաղաքի՝ Կարսի նկատմամբ:

Հայաստանը 1919-1920թթ կորցրել է ավելի քան 30 հազար քառակուսի կիլոմետր տարածք, իսկ մնացած 30 հազարը Սիմոն Վրացյանի կառավարությունը խաղաղ ճանապարհով փոխանցել է Հայհեղկոմին՝ Բաքվում ձևավորված բոլշևիկյան կառավարությանը:

Այստեղ պետք է ընդգծենք, որ Հայաստանը Նախիջևանի նկատմամբ վերահսկողությունը կորցրել է 1919թ հուլիսին՝ Ալեքսանդր Խատիսյանի վարչապետության շրջանում, իսկ 1920թ մայիսի 24-ին դե ֆակտո ընդունել է Արցախի՝ բոլշևիկյան Ադրբեջանի վերահսկողության տակ անցնելը:

Չորսի խորհրդակցության ժամանակ՝ մայիսի 24-ին, Չանախչի գյուղում, այսօր ադրբեջանական զինուժի գրավման տակ գտնվող Ավետարանոցում, ներկայությամբ ՀՅԴ Արցախի ԿԿ ղեկավար Արսեն Միքայելյանի, գնդապետ Միրիմանյանի, զորահրամանատարներ Դրոյի և Նժդեհի, որոշվել է իշխանությունը փոխանցել Արցախի հայ բոլշևիկներին՝ ի դեմ Սաքո Համբարձումյանի:

1920թ մայիսի 24-ից անմիջապես հետո Նժդեհը նահանջեց դեպի Կապան, Դրոն՝ դեպի Խծաբերդ-Գորիս, և փաստացի, Հայաստանի Հանրապետությունը այլևս ունակ չէր պաշտպանել Արցախը:

Նիկոլ Փաշինյանը (և Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը), որի կառավարությունը 2020թ կորցրել է Արցախից և շրջակա տարածքներից 8 հազար քառակուսի կիլոմետր, փաստացի ճանաչել է Ադրբեջանը 86,6 հազար քառակուսի կիլոմետր տարածքով և վերջինիս կազմում՝ Լեռնային Ղարաբաղը:

Չնայած 1920 թվականից Արցախը անցավ Ադրբեջանի վերահսկողության տակ, 1923-ից՝ ԼՂԻՄ անունով Խորհրդային Ադրբեջանին, բայց բնիկ հայ ժողովուրդը շարունակեց կազմել գերակշռող մեծամասնություն՝ 75 տոկոս և ավելին:

Պատճառներից հիմնականն այն էր, որ Խորհրդային Ադրբեջանը ԽՍՀՄ մաս էր կազմում: Չնայած տարատեսակ ճնշումներին՝ Արցախի հայ ժողովուրդը 70 տարի մնաց բնօրրանում, պահեց իր ինքնությունը, լեզուն, սովորույթները:

Այսօր բոլորովին այլ իրավիճակ է: Ադրբեջանը իր պետականության ամենահզոր փուլում է, վարում է անկախ արտաքին քաղաքականություն, կարողանում է խոսել Ռուսաստանի և Թուրքիայի հետ և, ի տարբերություն 1922-1991 թվականների, ԽՍՀՄ մաս չէ: Հետևաբար, դժվար չէ պատկերացնել, թե ինչ սպառնալիքներ են սպասվում արցախահայությանը, երբ Հայաստանը Արցախի անվտանգության և պաշտպանության երաշխավորը չէ 2020թ նոյեմբերի 10-ից սկսած:

Այսպիսով, խնդրահարույց է ոչ միայն և ոչ այնքան այն, որ Փաշինյանը Օհանջանյանի նմանությամբ ճանաչում է Արցախը Ադրբեջանի կազմում, այլ թե ինչ ապագա է սպասվում արցախահայությանը այսօր ատամ կռճտացնող Ալիևի վերահսկողության տակ:

Արցախի հայ ժողովրդի համար այս մղձավանջային օրերին քաղաքական և նեղ անձնական նպատակներ հետապնդող բաժակաճառերի փոխարեն խիստ անհրաժեշտ են իրավիճակից ելքեր գտնելու իրատեսական մոտեցումները:

Ժամանակը, ինչպես 1994-ից ի վեր, թվում է, մեր օգտին չի աշխատում:

Թաթուլ Հակոբյան

ԱՆԻ կենտրոն, 30 մայիս, 2023թ