«Երկի՞ր ենք, թե՞ բանդա». Սամվել Բաբայանը՝ Ջրառատի արյունալի միջադեպի մասին․ «Ազատություն»

1624

Լևոն Երանոսյանն անձամբ ներգրավված է Ջրառատի միջադեպում. Սամվել Բաբայան

Փոխոստիկանապետ Լևոն Երանոսյանն անձամբ ներգրավված է Ջրառատի արյունալի միջադեպում, «Ազատության» Ռուզաննա Ստեփանյանի հետ զրույցում համոզմունք է հայտնել «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» (ՕՐՕ) դաշինքին աջակցող՝ Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանը, շեշտելով, որ ոստիկանության զորքերի հրամանատարն իր բարեկամներով գործել է իշխանությունների կողմից հրահանգավորված՝ փորձելով այդ կերպ վախի մեջ պահել ժողովրդին և թույլ չտալ մասնակցել Սեյրան Օհանյանի դաշինքի նախընտրական հավաքին:

Գեներալ-լեյտենանտ Լևոն Երանոսյանի ընտանիքը, այդ թվում նրա եղբայրը՝ ոստիկանության գնդապետ Լեռնիկ Երանոսյանը, գրանցված են Ջրառատ գյուղում, իսկ հանրապետական գյուղապետը նրանց քրոջ որդին է՝ Սամվել Գալստյանը։

Պարոն Բաբայան, փաստորեն Դուք վստահ եք, որ անձամբ փոխոստիկանապետ Լևոն Երանոսյանը ներգրավված է այս արյունալի միջադեպում։

Բաբայան. – Միանշանակ, միանշանակ, ոչ թե մենակ այդ նույն անձը՝ ես չեմ գտնում, որ իրան էլ կարգադրություն չի եղել, որովհետև անհնարին է՝ ի՞նչ է նշանակում փոխոստիկանապետը, իր էդ ռանգով, էդ ջահել էրեխոնց վրա զենք հանեն, կրակեն, էդ ո՞վ է էդքան էս երկրում… էդ դուխը որտեղի՞ց է դրանց։ Ասենք՝ կարելի է մեկը իր ավտոմատը հանի ու կրակի, էլի․․․ Երկի՞ր ենք, թե՞ բանդա է։ Դա պարզ ցույց է տալիս, որ դա խմբավորում է, բանդիտական խմբավորում է նստած էդ գյուղերում՝ մարդկանց վախեցնում են։

«Ազատություն». – Իսկ այդ «դուխը», որ ասում եք, որտեղի՞ց իրենց քաջությունը։

Բաբայան. – Իշխանությունն է տալիս՝ չի կարող հանրապետության մեջ որևիցե մի անձ օրենքի շրջանակից դուրս գա ու իշխանությունը չկարողանա դրանց սսկել, իշխանությունը եթե չի գործում, անթողության է թողել, ուրեմն դա լինելու է, սա է խնդիրը։

«Ազատություն». – Պարոն Բաբայան, Դուք կարծում եք, որ իշխանությունը հրահանգել է տեղում՝ տվյալ դեպքում Լևոն Երանոսյանին, նրա եղբորը, հանրապետականներին, որպեսզի տեղում պայքարեն Սեյրան Օհանյանի ղեկավարած դաշինքի՝ ՕՐՕ-ի դեմ։ Դա է՞ նպատակը։

Բաբայան. – Այո, այնտեղ, եթե Էջմիածնից պատկերացում ունեք, այնտեղ տարբեր մեծ խմբավորումներ կան՝ երեք-չորս հոգի։ Ասենք, եթե այդ մարդու գյուղում կարողանում են կազմակերպել հանրահավաք, հիմա ես ո՞նց մյուսից հետ մնամ, պետք է խանգարել՝ թույլ չտալ, թե չէ շեֆը կասի, որ դու լավ չես աշխատում։ Մարդիկ մրցակցության մեջ են, այսինքն՝ անսպասելի, իրենք չեն սպասել, որ իրանց տենց հակադրվելու են, հակադրվել են, որը բերել է դրան, արդեն դրանից հետո պետք է զենք գործադրեն, ուրիշ բան չունեն անելու։

«Ազատություն». – Այսինքն՝ նպատակը, որ կանխեն, ՕՐՕ դաշինքն այնտեղ չկարողանա ինչ-որ…

Բաբայան. – Այո, ոչ թե միայն ՕՐՕ դաշինքն, այլ ընդհանրապես ընդդիմադիր ուժերին հնարավորություն չտալ, վախեցնել ժողովրդին, ցույց տալ, որ իրենք են էդ տեղում տեր-տիրակալը, էդ ժողովուրդն էլ վախեցած գնա ընտրության, ընտրի իրանց։ Այսինքն՝ վախի մթնոլորտ ստեղծելն է։

«Ազատություն». – Պարոն Բաբայան, իսկ ո՞րը պետք է լինի արձագանքը, և արդյոք այս միջադեպից հետո, որտեղ նաև որ Դուք պնդում եք, որ անձամբ Լևոն Երանոսյանը ներգրավված է եղել, արդյո՞ք նրա նկատմամբ պետք է ծառայողական քննություն սկսվի։

Բաբայան. – Նրան իսկույն պետք է գործից ազատել ու էդ քրեական գործը բացահայտել մինչև վերջ, եթե օրենք է գործում: Եթե օրենք չի գործում, ամեն խմբավորում ոնց ուզում է, այնպես էլ առաջնորդվում է այս փուլում, ուրեմն դա էլ հասկանանք, որ ամեն մարդ՝ ասենք՝ «զինվեք, ժողովուրդ ջան, ով ձեզ կրակում է, դուք էլ իրանց կրակեք»։ Ուրիշ ի՞նչ ես պատկերացնում՝ եթե փոխոստիկանապետը իրա ուսադիրներով մեջները կանգնած կռվին մասնակցում է, բայց հայտարարում է, որ ինքը հանրապետությունում չի, կամ տեղում չի, բայց կադրում տեսնում ես, որ տեղում է, ի՞նչ է սա նշանակում։ Պետք է պատասխանատվության կանչել, իսկույն այդ մարդուն ազատել պաշտոնից, քրեական գործ հարուցել ու նորմալ քրեական գործ տանել, որ ինչն է եղել պատճառը և որտեղից է այդ զենքն իրենց մոտ: