Արթուր Բաղդասարյան․ «Օրինաց երկրից»՝ «Հայկական վերածնունդ»

1657

Ապրիլի 2-ին կայանալիք ընտրություններին «Հայկական վերածնունդը» առաջին անգամ է մասնակցում։ Իրականում «Հայկական վերածնունդը» նույն «Օրինաց երկիրն» է, որի հիմնադիրն ու անփոփոխ առաջնորդը Արթուր Բաղդասարյանն էր։ Հենց նա էլ «Հայկական վերածնունդի» հիմնադիրն է կամ «Օրինաց երկրի» ռիբրենդինգի հեղինակը։

1997-ին հիմնադրված «Օրինաց երկիրը» մասնակցել խորհրդարանական բոլոր ընտրություններին և միշտ հաղթահարել 5 տոկոսի շեմը։ 1999-ին «Օրինաց երկիրը» համամասնական ընտրակարգով ստացավ քվեների 5 տոկոսից ավելին, 2003-ին՝ գրեթե 13 տոկոս, 2007-ին՝ գրեթե 7 տոկոս, 2012-ին՝ շուրջ 5․5 տոկոս։

Նախագահական ընտրություններում Արթուր Բաղդասարյանը մասնակցել է մեկ անգամ՝ 2008-ին և քվեների շուրջ 17 տոկոսով զբաղեցրել երրորդ տեղը և անմիջապես աջակցել Սերժ Սարգսյանին՝ նրանից ստանալով նախագահին առընթեր Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնը։ Քաղաքական իմաստով, դա լուրջ հարված էր «Օրինաց երկրի» և Արթուր Բաղդասարյանի ունեցած ժողովրդայնությանը։

Բաղդասարյանը ունի քաղաքական հարուստ կենսագրություն։ Մասնագիտությամբ իրավաբան, նա սկսել է լրագրությունից, աշխատել «Ավանգարդ» թերթում։ 25 տարեկանում մտել է ակտիվ քաղաքականություն, Հայոց համազգային շարժման իշխանության տարիներին՝ 1993-ի նոյեմբերին, ընտրվել Շենգավիթի շրջխորհրդի գործկոմի նախագահի տեղակալ։ Մեկուկես տարի անց՝ 1995-ին, Շենգավիթի թիվ 5 ընտրատարածքից ընտրվել է խորհրդարանի պատգամավոր՝ 27 տարեկանում դառնալով Հայաստանի պատմության մեջ ամենից երիտասարդ օրենսդիրը։

30 տարեկանում Մոսկվայում ստացել է իրավաբանական գիտությունների դոկտորի գիտական կոչում, իսկ մեկ տարի վաղ՝ 1996-ին, առաջին նախագահի մասին գրել «Լևոն Տեր–Պետրոսյան. դիմանկարի փորձ» գիրքը։

«Լևոն Տեր–Պետրոսյանը պետական և քաղաքական գործչի ելույթների անբաժան ուղեկիցն են՝ սթափ բանականությունը, կուռ տրամաբանությունը, մտքի փիլիսոփայական խորությունը», գրում է Բաղդասարյանը և ապա․ «Խորն է և հարուստ մեր ազգի մտավոր ընդերքը. այն ծնել է արժանավոր բազում քաղաքական և պետական գործիչներ։ Սակայն այսօր և այս ժամին չկա նրանց մեջ մեկը, ով ավելի ունակ, ուրեմն և ավելի արժանի կլիներ առաջնորդել այս ժողովրդին դեպի երազելի ապագա, քան Լևոն Տեր-Պետրոսյանը»։

Մարդկային և քաղաքական ի՜նչ ապրումներ էր ունենում Բաղդասարյանը, երբ 2008-ին Տեր-Պետրոսյանը նրան մեղադրում էր դավաճանության մեջ։

Բաղդասարյանին դավաճանության մեջ մեղադրեց նաև երկրորդ նախագահը՝ Ռոբերտ Քոչարյանը, երբ Հայաստանի հատուկ ծառայությունները Երևանի «Մարկո պոլո» սրճարանում 2006-ին գաղտնալսեցին Բաղդասարյանի և Հայաստանում Մեծ Բրիտանիայի փոխդեսպանի զրույցը, որի ընթացքում «Օրինաց երկիրի» առաջնորդը եվրոպացիներին հորդորում էր միջամտել, եթե իշխանությունները կեղծեն 2007-ի խորհրդարանական ընտրությունները։

Հատված գաղտնալսված սղագրությունից, որ տարածեց Քոչարյանին սատարող թերթերից «Գոլոս Արմենիին»․

Բաղդասարյան – Դուք տեղեկատվություն ունե՞ք, թե ինչ պատվիրակություններ են ժամանելու։ Փոխդեսպան – Մենք ստույգ գիտենք, որ նախագահը դեմ է ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի պատվիրակություններին։

Բաղդասարյան – Քոչարյանը ատում է անգլիացիներին, դա փաստ է։

Փոխդեսպան – Գիտեմ։ Եվ դա փոխադարձ է։

Բաղդասարյան – Եթե ընտրությունները կեղծվեն, ապա «Նոր հարեւաններ» ծրագրում պետք է խնդիրներ ծագեն։ Եվ ամերիկացիների հետ՝ նույնպես։ Առանց այդ էլ այստեղ կցանկանային թքած ունենալ ամերիկացիների վրա։

1998-ի և 2003-ի ընտրություններում «Օրինաց երկիրը» և Արթուր Բաղդասարյանը աջակցել էին նույն Քոչարյանին, ով խիստ վիճելի և աղմկահարույց ընտրություններում, 10 տարի զբաղեցրեց նախագահի աթոռը։ Այդ սատարման դիմաց՝ Քոչարյանի, ՀՀԿ-ի, ՀՅԴ-ի միջև քաղաքական պայմանավորվածության արդյունքում 35-ամյա Բաղդասարյանը 2003-ին ընտրվեց Ազգային ժողովի նախագահ և այդ պաշտոնում մնաց մինչև 2006-ը, երբ ստիպողաբար հրաժարական տվեց Քոչարյանի հետ ունեցած տարակարծության պատճառով։

Բաղդասարյանը, թվում է, գերազանց հարաբերություններ ուներ, գուցե և ունի Սերժ Սարգսյանի հետ, անգամ այն տարիներին, երբ Քոչարյանը ատելությամբ էր լցված Բաղդասարյանի և «Օրինաց երկրի» դեմ։ Հենց Քոչարյանի ցուցումով բազմաթիվ ՕԵԿ-ականներ, հիմնականում՝ գործարարներ, լքեցին կուսակցության շարքերը 2006-2007 թվականներին։

2013-ի նախագահական ընտրություններում Բաղդասարյանը և «Օրինաց երկիրը» աջակցեցին Սերժ Սարգսյանին՝ ընդդեմ Րաֆֆի Հովհաննիսյանի։

2017-ի ապրիլի 2-ի քվեարկությանը «Հայկական վերածնունդը» ներկայացրել է ամենաերկար՝ 300 հոգանոց ցուցակ, որտեղ միայն մեկն է, որ կուսակցական չէ։

Ցուցակը գլխավորում է Բաղդասարյանը, նրան հետևում են իր երկար տարիների հավատարիմ երեք քաղաքական գործիչները՝ Մհեր Շահգելդյանը, Հեղինե Բիշարյանը և Հովհաննես Մարգարյանը։