1918-1919 աշնանը և ձմռանը սովից ու տիֆից Հայաստանում մեռավ ավելի քան 150 հազար մարդ

747
Հայկական ուսումնասիրությունների ԱՆԻ կենտրոնը վերահրատարակության է պատրաստում Հայաստանի Առաջին Հանրապետության վարչապետ և արտգործնախարար Ալեքսանդր Խատիսյանի “Հայաստանի Հանրապետության ծագումն ու զարգացումը” կոթողային աշխատությունը: Հայաստանի Առաջին Հանրապետության շրջանում դժվար է նշել մեկ այլ հայ պաշտոնյայի, պետական գործչի, ով այնքան շատ ներկա եղած լինի հայ ժողովրդի համար ճակատագրական քննարկումների, բանակցած ու ստորագրած լինի այնքան կարևոր փաստաթղթեր: ԱՆԻ կենտրոնը այս արժեքավոր հատորը վերածելով արևելահայերնի և աբեղյանական ուղղագրության՝ առաջին անգամ այն կհրատարակի Հայաստանում:

_______________________________

Յոթերորդ գլուխ

Իմ մասնակցությունը Քաջազնունու կառավարությանը

Կովկասյան դեպքերի նկարագրությունը ես ընդհատեցի հունիսի 15-ին, այսինքն այն օրը, երբ մենք մեկնեցինք Պոլիս: Այդ պահին արդեն կազմվել էր Հայաստանի առաջին կառավարությունը նախագահությամբ Հովհաննես Քաջազնունու: Հունիսի վերջին այն արդեն մեկնել էր Երևան: Որպես ներքին գործերի նախարար՝ կառավարության մեջ էր Արամը: Աշնան ընթացքում՝ հոկտեմբերի վերջին, Քաջազնունին վերակացմեց կառավարությունը, այն դարձնելով կոալիցիոն: Կառավարության կազմ մտան չորս նախարարներ Ժողովրդական կուսակցությունից, Դաշնակցության ներկայացուցիչները հինգ հոգի էին: Այս վերակազմված կառավարությունն էր, որին ես մաս կազմեցի որպես պարենավորման և ժողովրդական առողջապահության նախարար՝ սպանված Կարճիկյանի փոխարեն:

Երբ Թիֆլիսից Երևան էին գնում, գնացքում էին նաև Ժողովրդական կուսակցության նորընտիր նախարարներից Ղուլյանը, Վերմիշյանը և Էնֆիաջյանը: Ուլուխանլու կայարանի մոտ, Երևանից յոթ կիլոմետր հեռավորության վրա, թուրք պահակները կանգնեցրին մեր գնացքը: Մեր իրերը նայելու պատրվակով նրանց մեզ առաջարկեցին դուրս գալ գնացքից և իրերը թողնել գնացքում: Մենք չէինք համաձայնվում: Սկսվեցին խոսակցություններ և վեճեր: Թուրք զինվորները, հրացաններն առնելով, սպառնական դիրք բռնեցին: Արդեն մթնում էր, գնացքում անհանգստությունը սաստկանում էր:

Այդ ժամանակ Երևանի կայարանում մեզ սպասող անձինք՝ Երևանի պարետ Շահխաթունու գլխավորությամբ, կարծելով, թե մեր գնացքը ուշացել էր, մի քանի սպաների հետ բարձրանում են շոգեմեքենան և ընդառաջ գալիս մեզ: Հասկանում են եղելությունը, բանակցությունների մեջ մտնում թուրք սպաների հետ և ազատում են գնացքը: Այսպես, վերջապես հասանք Երևանի կայարան:

Արդեն երեկոյան ժամը 10-մ էր: Կայարանը լուսավորված չէր, հորդ անձրև էր տեղում, բոլորի դեմքերը մռայլ ու հոգնած էին: Կայարանում մեզ դիմավորեց ներքին գործերի նախարար Արամը, որ շատ տխուր և հոգնած էր երևում: Իր առաջին խոսքերն ուղղված էին ինձ. «Օ, շատ ծանր է, չափազանց ծանր մեր աշխատանքը այստեղ»:

Կայարանը ամայի էր: Մենք ցրվեցինք մեզ հատկացված բնակարանները:

Հետևյալ օրը՝ նոյեմբերի 22-ին, իմացանք, որ արևմտյան ճակատում՝ Եվրոպայում, զինադադար է կնքվել: Բայց կրքերը տակավին հուզված էին Կարճիկյանի սպանությամբ, որի հանդիսավոր թաղումը կատարեցինք: Սպանողը՝ դաշնակցական Եգոր Մինասյանը, բանտարկված էր: Դատարանում նա հայտնեց, որ սպանել է Կարճիկյանին՝ նրան մեղավոր նկատելով այն բանի համար, որ կովկասյան իշխանությունները զրկեցին Կովկասը ռուսական օգնությունից և, այդպիսով, թուրքերին հնարավորություն տվեցին Բաքվում կոտորած իրականացնել:

Կարճիկյանի հանդիսավոր թաղումից հետո կյանքը մտավ իր բնականոն հունի մեջ: Մեր առջև դրված էին ահագին կարևորություն ունեցող խնդիրներ՝ պատրաստություն հաշտության խորհրդաժողովի, որ պետք է տեղի ունենար Փարիզում, պատվիրակության ընտրություն և հրահանգների մշակում, վիճելի հարցերի կարգավորում Վրաստանի հետ և պայքար սովի և տիֆի համաճարակի դեմ, որ իր ահռելի ծավալով սպառնում էր Հայաստանի ժողովրդի գոյությանը:

Նոյեմբերի 24-ին անգլիացիները Էնզելիից մտան Բաքու, և զորավար Թոմսոնը հրատարակեց իր ծանոթ կոչը Ադրբեջանին: Նոր շրջան էր սկսվում Կովկասի կյանքում:

Իմ առաջին տպավորությունները Երևանից ծայր աստիճան ճնշող էին՝ ձմեռ, ձյուն, ցուրտ, ցեխ փողոցներ, հրապարակներում քաղցածների բազմություններ, փողոցների անկյուններում, պատերի տակ մեռնող գաղթականներ, մթերքների սպառնալից բացակայություն, ճանապարհները փակված և ամեն տեսակ արգելքներ Հայաստանի ժողովրդին պարենավորելու դեմ: Քաղաքը կիսով չափ ավերակ էր: Պատրաստված պետական պաշտոնյաները մատի վրա էին հաշվվում, իսկ 7 կիլոմետր հեռավորության վրա կանգնած էին թուրքական զորքերը: Բառի բուն իմաստով, մենք աշխատում էինք գիշեր-ցերեկ:

Զինադադարից հետո մեր պատվիրակության զեկուցումը Պոլսի բանակցությունների մասին, հարկավ, կորցրել էր իր արժեքը, բոլորի հայացքները այժմ ուղղված էին դեպի Փարիզ: Հաշտության նոր պատվիրակության ընտրությունը մեզանից շատ ժամանակ չպահանջեց: Մեր կուսակցությունը կանգ առավ Ավետիս Ահարոնյանի, իսկ Ժողովրդկան կուսակցությունը՝ Միքայել Պապաջանյանի վրա: Պատվիրակության երրորդ անդամ նշանակվեց դոկտոր Համո Օհանջանյանը, որը արդեն արտասահմանում էր: Հարց կար Արամին և ինձ ուղարկել որպես պատվիրակ, բայց Քաջազնունու պնդումով մեր թեկնածության խնդիրը մեջտեղից հանվեց, որովհետև երկուսիս ներկայությունն էլ Հայաստանում անհրաժեշտ էր:

Ընտրված պատվիրակությանը տրվեց հրահանգ՝ պահանջել թուրքահայկական հողերը և ելք դեպի ծով, առանց սակայն հիշելու այդ ելքի վայրը: Կիլիկիայի մասին խոսք անգամ չկար: Պատվիրակությանը հրահանգ տրվեց համերաշխ գործել Պողոս Նուբար փաշայի հետ, իսկ եթե պետք լինի նրան հանձնել նախագահությունը, իսկ Ահարոնյանին՝ փոխնախագահությունը:

Այսպիսի հրահանգով դեկտեմբերի 12-ին պատվիրակությունը մեկնեց Երևանից: Հիշում եմ, որ քաղաքական և հողային պահանջների տեսակետից ամենից չափավորներն էին Ռուբեն Տեր-Մինասյանը և Քաջազնունին: Քաջազնունին նույնիսկ գտնում էր, որ դեպի ծով ելք չպետք էր պահանջել:

Երբ թուրքերը հեռացան, ավելի ևս սաստկացվ սովի տագնապը, որովհետև նրանք իրենց հետ տարան մեր հացի պաշարները: Գաղթականները կրկնապատկել էին Հայաստանի բնակչության թիվը: Տիֆի համաճարակը հարյուրավոր զոհեր էր տանում: Առավոտները Երևանի փողոցներում տասնյակներով, իսկ հետո նաև հարյուրներով դիակներ էին գտնվում, ժամանակ չէին ունենում նույնիսկ հավաքելու այդ դիակները: Տիֆիզ հիվանդացան և մեռան ներքին գործերի նախարար Արամը, նրա հետևից՝ պետական վերահսկիչ Մինաս Բերբերյանը և Հայաստանի գլխավոր առողջապահական տեսուչ դոկտոր Անդրեասյանը: Տիֆը դարձավ ժողովրդական մի ահռելի աղետ:

Արամի մահից հետո ներքին գործերի նախարարությունը ինձ հանձնվեց, հակառակ նրան, որ Կարճիկյանի սպանությունից հետո ելևմտական նախարարությունն էլ տրվել էր ինձ, բացի խնամատարության գործը:

Ոչ ոք չի կարող ասել, թե 1918 և 1919 թ. աշնանը և ձմռանը սովից ու տիֆից որքան մարդ մեռավ Հայաստանում, բայց իրականությունից բնավ հեռու չպիտի լինի, եթե ասեմ, որ մեր կորուստը այդ ամիսներին 150 հազարից պակաս չէր: