Քերի Քավանո. հանդիպում և հուշեր

1166

Օգոստոսի 31-ին մեկ օրով մեկնեցի Վրաստանի մայրաքաղաք, որտեղ, ըստ նախնական պայմանավորվածության, պետք է հարցազրույց վարեի ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի նախկին համանախագահ Քերի Քավանոյի հետ։ Ղարաբաղյան կարգավորման գործընթացում բազմաթիվ դիվանագետներ են ներգրավվել, սակայն Քավանոն եղել է վառ անհատականություն, նոր գաղափարներ հղացող միջնորդ, անմիջական զրուցակից: Հարցազրույցի որոշ հատվածներ օգտագործվելու են Երևանի Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի կողմից պատրաստվող ֆիլմում, ինչպես նաև, իմ «Արցախյան օրագիր. Կանաչ ու սև» գրքի նոր` հայերեն 4-րդ հրատարակության մեջ` 2015-ի կեսերին:

Այսօր Քավանոն դիվանագիտություն է դասավանդում ամերիկյան համալսարաններից մեկում, սակայն շարունակում է մոտիկից հետևել ինչպես Արցախյան հակամարտության զարգացումներին, այնպես էլ կովկասյան իրադարձություններին: Հարցազրույցի ընթացքում ամերիկացի նախկին դիվանագետն ասաց, որ 90-ական թվականների վերջերին և հաջորդող մի քանի տարիներին հակամարտության խաղաղ կարգավորման համար ստեղծվել էին բարենպաստ պայմաններ երկու հարթության մեջ: Առաջին, ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահությունը` Ռուսաստան, Միացյալ Նահանգներ, Ֆրանսիա, աշխատում էին ներդաշնակ, որպես մեկ միասնական թիմ, երկրորդ` նախկին նախագահներ Ռոբերտ Քոչարյանի և Հեյդար Ալիևի միջև ստեղծվել էր վստահություն և փոխադարձ հարգանք: Քավանոն պատմեց, որ այն ժամանակ նախագահներ Վլադիմիր Պուտինը, Ժակ Շիրակը և Ջորջ Բուշը միասնական ջանքեր էին գործադրում և իրավամբ ձգտում էին լուծում գտնել: Մինչդեռ այսօր, ըստ ամերիկացի դիվանագետի, նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի միջև չկա վստահություն, իսկ Ռուսաստանն ու Արևմուտքը լրջագույն հակամարտության մեջ են Ուկրաինայի հարցով:

Քավանոն հիշեց նաև 1999-ի հոկտեմբերի 27-ը: Առավոտյան և կեսօրից հետո ամերիկացի բարձրաստիճան դիվանագետները պետքարտուղարի տեղակալ Սթրոբ Թալբոթի գլխավորությամբ Բաղրամյան 26-ում հինգ-վեց ժամ տևողությամբ բանակցություններ էին վարել Ռոբերտ Քոչարյանի և վարչապետ Վազգեն Սարգսյանի հետ: «Նախագահականից մենք ուղևորվեցինք օդանավակայան: Մեզ ուղեկցում էր Վարդան Օսկանյանը: Վազգեն Սարգսյանը գնաց խորհրդարան: Մենք Երևանից թռանք Անկարա: Երբ օդանավը վայրէջք կատարեց, առաջին բանը, որ մեզ տեղեկացրին թուրքերը՝ Հայաստանի խորհրադարանում կատարված ահաբեկչությունն էր»,- հիշեց Քավոնոն: Նա մինչև այսօր դժվարանում է ասել, թե ի՞նչ կապ կարող էր լինել կամ կա՞ որևէ կապ այդ ահաբեկչության և ղարաբաղյան կարգավորման այն տարբերակի միջև, որը քննարկվում էր 1999թ. նախագահներ Քոչարյանի և Ալիևի միջև: Այդ ժամանակ, որպես լուծման տարբերակ, քննարկվում էր տարածքների փոխանակման տարբերակը:

Քի Վեսթի բանակցություններին անդրադառնալով՝ Քավոնոն որևէ մանրամասն չգաղտնազերծեց՝ չբացառելով, որ հակամարտող կողմերը և միջնորդները կրկին այդ տարբերակը մի օր դնեն սեղանի վրա: Նա ասաց, որ Ֆլորիդայի Քի Վեսթ կղզում բանակցություններ կազմակերպելու գաղափարը տվել է հենց ինքը:

Հիշեցնենք, որ Քի Վեսթի բանակցությունները կայացան 2001թ. ապրիլին: Սպասումները մեծ էին, որ Քի Վեսթում հնարավոր կլինի լուծում գտնել: Բանակցությունները բացեց պետքարտուղար Քոլին Փաուելը, իսկ տունդարձի ճանապարհին Սպիտակ տանը Քոչարյանին և Ալիևին առանձին ընդունեց նախագահ Բուշը: Վերադառնալով Բաքու՝ Ալիևը հրաժարվեց շարունակել բանակցությունները Քի Վեսթի սկզբունքներով։ Թեև Քի Վեսթի փաստաթուղթը չի հրապարակվել, սակայն հայտնի է, որ Ադրբեջանը պատրաստակամություն էր հայտնում հրաժարվել Արցախից (նախկին ԼՂԻՄ-ը՝ 4.4 հազար քառակուսի կիլոմետր տարածքով և Լաչինի միջանցքով միացվում էր Հայաստանին), որի դիմաց վերադարձվում էին ազատագրված յոթ (բացառությամբ Լաչինի միջանցքի) շրջանները, իսկ Բաքուն Հայաստանի տարածքով ստանում էր Նախիջևանի հետ «սուվերեն հաղորդակցության» իրավունք:

Հայաստան-Ադրբեջան սահմանի և Արցախ-Ադրբեջան շփման գծի երկայնքով վերջին շաբաթների լարվածությունը, որի հետևանքով սպանվեց 6 հայ և շուրջ 35 ադրբեջանցի զինվորական, հակամարտության կողմերին ավելի է հեռացնում խաղաղությունից և լուծումից: Քավոնոն համաձայնեց, որ Ադրբեջանի՝ տարիների ձեռք բերած սպառազինությունը որևէ կերպ չօգնեց, որպեսզի նրանք հաջողության հասնեն սահմանային վերջին բախումների ընթացքում: Սակայն, ըստ Քավանոյի, դրանից Ադրբեջանը կարող է այլ դասեր քաղել: «Գուցե Ադրբեջանը կմտածի, որ բավարար չափով չի զինվել և առաջիկայում կսկսի նոր սպառազինություններ ձեռք բերել»,- ասաց նա հարցազրույցում, որը կայացավ «Հին Թիֆլիս» հյուրանոցում:

***

Թբիլիսի մեկնելուց և Քավանոյի հետ զրուցելուց առաջ ես էլ հիշեցի Քի Վեսթը և դրան հաջորդած օրերը: Որպես «Ազգ» օրաթերթի լրագրող ես շտապել էի Արցախ-Ադրբեջան սահման` Աղդամի հատված, որպեսզի հարցազրույց վերցնեմ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ, որոնք նախօրեին ծանր և հուսահատ բանակցություններ էին վարել Հեյդար Ալիևի հետ: Դա Քի Վեսթից անմիջապես հետո էր` 2001թ. գարնանը:

Մայիսյան այդ օրը համանախագահները անցան Ադրբեջան-Արցախ շփման գիծը (ադրբեջանցիները ականազերծեցին մի փոքր հատված, դիվանագետները և նրանց ուղեկցողներն ու միջազգային լրագրողներ անցան չեզոք գոտի՝ no man’s land, ապա սահմանի փոքր հատված ականազերծեցին արցախյան կողմից), թեթև նախաճաշ արեցին և անմիջապես ուղևորվեցին Աղդամի մզկիթ: Մի քանի շաբաթ առաջ այդ նույն մզկիթից ամերիկացի համանախագահ Քավանոն որպես նվեր Հեյդար Ալիևի ծննդյան օրվա առիթով մի քար էր տարել Բաքու: Ադրբեջանական լրատվամիջոցները գրեցին, որ Ալիևը լացել է այդ քարի վրա: Դա հաստատեց նաև Քավանոն:

Ուրեմն, մզկիթում տեղ չկար: Մեր կովերը առավոտյան լավ արածելուց հետո շվաք էին գտել մզկիթում: Տարօրինակ, անհարմար, ծածաղելի վիճակ էր ստեղծվել: Համանախագահներին, նրանց ուղեկցողներին ու միջազգային լրագրողներին տեղ չկար: Ես, որ գյուղից եմ ժամանակավոր եկել քաղաք, ու լրագրության մեջ ինձ սպառելուց հետո կրկին վերադառնալու եմ մեր տուն, մեր գյուղ, փորձեցի կովերին դուրս քշել մզկիթից:

– Հո, հո, հո, հո-հո, հո,- հիշեցի իմ մանկությունը, երբ մեր Մարալ կովին դպրոցից տուն գալուց հետո տանում էի Քաջքանոցի ձորը արածեցնելու՝ գոտուս տակ դնելով մի գիրք:

Մեր կովերը ոչ մի կերպ տեղի չէին տալիս Մինսկի խմբի միջնորդներին և կովի հայացքով նայում էին ռուս, ամերիկացի և ֆրանսիացի միջնորդներին՝ իրենց թրքոտ պոչերով խփելով մեջքների վրա նստող բոռերին:

Համանախագահների այդ այցը տևեց մի քանի օր: Այդ օրերին ես, որպես հայ լրագրող, ուղեկցում էի նրանց ամենուր: Շուշիից նրանք պետք է ուղղաթիռով հասնեին Հայաստան: Ուղղաթիռում տեղ չկար: Ես խնդրում, աղաչում, պաղատում էի ռուս համանախագահ Նիկոլայ Գրիբկովին, որ ինձ էլ վերցնեն: Գրիբկովն ասում էր՝ տեղ չկա: Փորձում էի հայ-ռուսական ավանդական բարեկամությունը հիշեցնելով կոտրել Գրիբկովի համառությունը: Ես նույնն անում էի բոլոր նրանց հետ, ում ճանաչում էի: Ի վերջո, Արցախի այն ժամանակվա արտգործնախարար Նաիրա Մելքումյանը ինձ ուղղակի խցկեց ուղղաթիռի մեջ, երբ վերջինի անիվները պետք է արդեն պոկվեին գետնից: Օդ բարձրացող ուղղաթիռ մագլցելու համար ինձ օգնեց Քավանոն: Դա իմ կյանքում առաջին անգամ էր, երբ նստում էի ուղղաթիռ և մինչև օրս վերջինն է:

Ուղղաթիռը անցավ Քարվաճառի և Սևանի վրայով և մեկ ժամ չէր անցել, երբ վայրէջք կատարեց Սպիտակ-Վանաձոր ճանապարհի հարակից դաշտում: Մայիսյան անձրևներից կանաչած խոտերը ծածանվում էին ուղղաթիռի վայրէջքի հետ: «Ի~նչ լավ խոտ էր, իսկը մեր Մարալ կովի արածելու խոտ»,- ուղղաթիռի երկաթյա փոքրիկ աստիճաններով իջնելիս կրկին հիշեցի իմ մանկությունը, մեր Մարալ կովին:

Համանախագաները ուղևորվեցին հայ-թուրքական սահման, այնտեղ, որտեղ Կարսից եկող երկաթուղագիծը հասնում է Գյումրի: Այնտեղ Քավանոն լրագրողներին ասում էր, որ ղարաբաղյան հակամարտության լուծման դեպքում Կովկասում կբացվեն բոլոր ճանապարհները, և խաղաղություն կհաստատվի, ժողովուրդները բարեկեցիկ կապրեն:

Այդ օրերից անցել է ավելի քան 13 տարի: Արցախյան հակամարտությունը չի լուծվել, սահմանները շարունակում են մնալ փակ:

Թաթուլ Հակոբյան

Այս գրությունն արվել է 2014թ. սեպտեմբերին