Կեղծ վերագրում, կեղծ լուսանկար, կեղք «Հաքքին.ազ»

1417

Ադրբեջանական «Հաքքին.ազ» կայքը մի քանի ժամ առաջ հատվածաբար ռուսերենով հրատարակել է իմ՝ Թաթուլ Հակոբյանի վերջին հրապարակումներից մեկը, որը վերաբերում է 1994 թվականի մայիսյան անժամկետ զինադադարից հետո հայկական բանակում՝ Հայաստան և Արցախ, զոհերի տխուր վիճակագրությանը՝ «Երկու հազար կյանք. հայկական բանակի զոհերը 1994-ի զինադադարից ի վեր»:

Հենց առաջին նախադասության մեջ «Հաքքին.ազ»-ը ինձ վերագրել է խոսքեր, որոնք պարզապես սուտ են:

Ահա այդ նախադասությունը. «Министерство обороны Армении в последнее время, в особенности после апрельской войны 2016 года, чуть ли не каждый день сообщают о гибели военнослужащих в результате нарушения режима прекращения огня»:

Իմ հոդվածում, որը լույս է տեսել փետրվարի 21-ին «Երկու հազար կյանք. հայկական բանակի զոհերը 1994-ի զինադադարից ի վեր» խորագրով ՍիվիլՆեթ-ում և ԱՆԻ-ում, ես գրել եմ հետևյալը.

«Հայաստանի պաշտպանության նախարարությունը և Արցախի պաշտպանության բանակը վերջին շրջանում, հատկապես 2016-ի Ապրիլյան պատերազմից հետո, օրը օրին հաղորդում են Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի և Արցախ-Ադրբեջան շփման գծի երկայնքով հրադադարի ռեժիմի խախտումների մասին: Վերջին տարիներին հայկական բանակի գործունեությունը ավելի թափանցիկ է դարձել, հատկապես՝ զինվորների զոհերի դեպքերի մասին իրազեկումների մասով»:

Ադրբեջանական լրատվամիջոցների և մասնավորապես Ալիևյան վարչակարգի խոսափողը հանդիսացող «Հաքքին.ազ»-ի վերջին օրվա լրահոսը այնքան հուսահատական էր՝ կապված ադրբեջանական վերջին կորուստների հետ, որ նրանք հավանաբար փորձել են դա «կոմպենսացնել» իմ՝ բոլորովին այլ նպատակով գրված հոդվածով՝ կեղծելով այն և ինձ վերագրելով իրենց ցանկությունները:

Ի դեպ, նյութի հետ «Հաքքին.ազ»-ը դրել է մի կեղծ լուսանկար, որը շրջանառության մեջ էր դրել մի քանի օր առաջ՝ «ապացուցելով», որ մի քանի օր առաջ հայերը դիվերսիայի արդյունքում տվել են վեց զոհ: Եվս մեկ ակնհայտ սուտ:

«Հաքքին.ազ»-ին հավանաբար զայրացրել է նաև երեկ ԱՆԻ կայքում տեղադրված այս հոդվածը, որի հեղինակը հանրահայտ Էյնուլլա Ֆաթուլաևն է. «Из Ходжалы скот успели вывести, а людей – нет: Эйнулла Фатуллаев»:

Նախկինում էլ, ինչպես վերջերս ադրբեջանական «Վզգլյադ.ազ» կայքը, ինձ վերագրել են խոսքեր, որոնք ես որևէ տեղ գրավոր կամ բանավոր, չեմ ասել: Սակայն ես հարկ չեմ համարել հերքել ադրբեջանական՝ ինձ վերագրված կեղծ խոսքերը երկու հիմնական պատճառով՝ առաջին. քարոզչական այս պատերազմում հաճախ անիմաստ է զբաղվել նման հերքումներով, երկրորդ՝ անգամ պատերազմի ժամանակ, մենք՝ լրագրողներս, չպետք է դառնանք պրոպագանդիստական գործիք:

Թաթուլ Հակոբյան