Սգի և ցասման օրեր

1025

Գյումրեցի տղամարդիկ սկսեցին հեկեկալ, կանայք ողբալ, երբ մեքենայից իջեցրին և քաղաքի Սուրբ Նշան եկեղեցում դրեցին երկու տարեկան աղջնակին՝ սպիտակ դագաղի մեջ: Դա ավելի շատ նման էր օրորոցի և իր չափերով ու գույնով տարբերվում էր մյուս հինգ դագաղներից, որոնք պատից պատ՝ դեմքով դեպի խորանը, դրված էին սև քարով, 19-րդ դարում կառուցված եկեղեցու ներսում՝ գմբեթից կախված մեծ լուսամփոփի տակ:

Օրորոցի մեջ Հասմիկ Ավետիսյանի թմբլիկ, անշունչ մարմինն էր: Եկեղեցի այցելող տղամարդիկ գլուխները կախ անցնում էին հինգ դագաղների կողքով, և հեկեկում էին, երբ նրանց հայացքը հանդիպում էր օրորոցի նմանվող սպիտակ դագաղին: Եկեղեցու հարևանությամբ հերթապահող շտապ օգնության մեքենաները հիվանդանոց էին հասցնում ուշագնաց կանանց: Սգո բարձր երաժշտության տակ, որ հասնում էր հարևան փողոցներ, եկեղեցու ներսից մերթ ընդ մերթ լսելի էի ողբի ձայներ:

Մի քանի օր Գյումրին սուգ ու ցասում էր ապրում: Կատարված ոճրագործությունը մտել էր յուրաքանչյուրի տուն, ամեն մարդ ողբերգությունը համարում էր հենց իրենը: Ոչ ոք չի հավատում, որ կատարված ոճրագործությունը իրականացրել է ռուս զինծառայողը միայնակ: Որևէ մեկի մոտ կասկած չկա, որ մարդասպանին բռնել են հայ իրավապահները և հանձնել ռուսական կողմին: Ոչ ոք չի հավատում, որ մարդասպանին բռնել են ռուս սահմանապահները, ինչպես ներկայացվում է պաշտոնապես, երբ նա իբր թե փորձել է անցնել Թուրքիայի տարածք: Մարդիկ հարցնում են՝ եթե ռուսները թաքցնելու բան չունեն, ապա ինչո՞ւ չեն ոճրագործին հանձնում Հայաստանի արդարադատությանը: Ավետիսյանների տունը հենց քաղաքի կենտրոնական հատվածում է՝ շրջապատված բազմաթիվ տներով: Ինչպե՞ս է պատահում, որ մարդասպանը 22 կրակոց է արձակում, և հարևաններից ոչ ոք դրանց ձայնը չի լսում: Բազմաթիվ այսպիսի հարցեր կան, որոնց պատասխաններ չեն տրվում:

Այս ամենին գումարվում էր Հայաստանի իշխանությունների ոչ համարժեք արձագանքը կատարված ոճիրին: Ո՛չ Գյումրիում, ո՛չ Շիրակի մարզում, ո՛չ Հայաստանում գոնե մեկ օրով չհայտարարվեց սուգ: Պաշտոնյաների հայտարարությունները վախվորված էին՝ հանկարծ բարեկամ ռուսները չնեղանան:

Մինչդեռ քաղաքացիների մի հատված՝ մի քանի հազար մարդ, հունվարյան ցրտին արդարություն էր փնտրում Գյումրիի փողոցներում: Բողոքի ցույցերն սկսվեցին ավտոերթով: Մի քանի մեքենա՝ վրան փակցված եռագույնը և սև ժապավեններ, հավաքվեցին Գյումրիում տեղակայված 102-րդ ռուսական ռազմակայանի մոտակայքում: Երթին տարերայնորեն միացան հարյուրավոր ավտոմեքենաներ և շարքային քաղաքացիներ: Առաջին կանգառը Գյումրիում Ռուսաստանի հյուպատոսության շենքն էր: Հավաքվածներից մեկը հում ձվեր նետեց հյուպատոսության շենքի ապակիներին: Գյումրիի հյուպատոսության նախկին շենքի վրայից մեկ այլ ցուցարար ռուսական դրոշը իջեցրեց և շպրտեց գետին: Ռուսական եռագույնը, վերջին 25 տարիներին առաջին անգամ նետվեց բարեկամ Հայաստանի հողին: Ապա երթը շարունակվեց դեպի մարզպետարանի և մարզային դատախազության շենքեր, իսկ երեկոյան՝ 102-րդ ռուսական ռազմակայանի գլխավոր մուտքի հարակից տարածք:

Որքան էլ ռուսական և մասամբ նաև հայկական հեռուստաալիքները փորձեցին մեծ կարևորություն չտալ բողոքի և ընդվզումի այդ ինքնաբուխ գործողությանը, 102-րդ ռազմակայանի դեմ ցույցը աննախադեպ էր: Հեգնական էր, որ հայ իրավապահները ըմբոստացած հայ ժողովրդից պաշտպանում էին ռուսական ռազմակայանը: Սա այն դեպքում, երբ այս ռազմակայանը Գյումրիում է, որպեսզի ապահովի Հայաստանի անվտանգությունը:

Մոտ երկու հազար գյումրեցիներ պահանջում էին, որպեսզի ոճրագործը հանձնվի Հայաստանի արդարադատությանը: Նրանք վերջնագիր ներկայացրին: Հավաքվածներին միացավ Շիրակի մարզի դատախազը, ով ցուցարարների ներկայությամբ զանգահարեց Հայաստանի գլխավոր դատախազին՝ ներկայցնելով փակուղային վիճակը: Գլխավոր դատախազը խոստացավ մյուս օրը վաղ առավոտյան լինել Գյումրիում: Ցուցարարները համաձայնեցին ցրվել՝ պայմանավորվելով մյուս օրը երեկոյան՝ Ավետիսյանների ընտանիքին հողին հանձնելուց հետո, հավաքվել մարզի դատախազության դիմաց:

Հունվարի 15

Հունվարի 15-ի կեսօրին մահվան թափորը Սուրբ Նշան եկեղեցու բակից շարժվում էր դեպի գերեզմանատուն: Եկեղեցու զանգերի հնչյունների ներքո Ավետիսյանների ընտանիքի վեց դիակները դուրս էին բերվում և դրվում վեց առանձին նույնանման մեքենաների մեջ: Մեքենենարից վերջինի մեջ դրվեց երկու տարեկան Հասմիկի սպիտակ օրորոցը, իսկ մեքենայի դիմացի և հետևի ապակու վրա՝ նրա ժպտացող լուսանկարը: Քիչ անց եկեղեցին, հարակից տարածքը դատարկվեց: Թափորը շարժվեց դեպի գերեզմանատուն, որտեղ նույն ուղղությամբ փորված վեց փոսերում դրվեցին հինգ սև և մեկ սպիտակ դագաղները: Ապա մարդիկ մաս-մաս սկսեցին հեռանալ գերեզմանից՝ թողնելով օդում ոլորվող խունկի քուլաները, որոնց հետևում ուրվագծվում էին հինգ մեծ և մեկ փոքր գերեզմանաթմբեր՝ ծածկված սպիտակ, կարմիր թարմ ծաղիկների փնջերով ու սպիտակ գույնի փափուկ խաղալիքներով:

Նույն օրը ցուցարարները հավաքվեցին մարզի դատախազության շենքի դիմաց: Նրանք հստակ պատասխաններ էին ակնկալում Գյումրի ժամանած գլխավոր դատախազից, մինչդեռ նա չուներ նման պատասխաններ: Մի քանի ժամ դատախազության շենքի դիմաց մնալուց հետո ցուցարարների մի հատվածը շարժվեց դեպի ռուսական հյուպատոսության շենք: Ճանապարհին նրանց միացան ևս մի քանի հարյուր քաղաքացիներ: Հենց հյուպատոսության շենքի դիմաց զայրացած ամբոխին կանգնեցրեց հատուկ ջոկատայինների պատնեշը: Իրավակարգի պաշտպանները դեպի օդ կրակոցներ արձակեցին: Եղան բախումներ: Շտապ օգնության մեքենաները հիվանդանոց էին տեղափոխում վիրավոր ցուցարարներին և ոստիկաններին:

Նույն օրը ավելի վաղ՝ Ավետիսյանների թաղումից հետո, իմ գործընկեր մի քանի լրագրողների հետ կրկին ուղղվեցինք Մյասնիկյան փողոց, 118 տուն՝ ոճրագործության վայրը: Այնտեղ հերթապահում էին նույն երկու ոստիկանները: Դարպասի մոտ մոմեր էին վառվում, մի քանի սպիտակ ծաղիկներ էին դրված ու մի քանի սպիտակ, փափուկ խաղալիքներ:

Ոստիկանները ինչ-որ տեղ զանգեցին, ապա մեզ թույլ տվեցին մտնել դարպասներից ներս: Ավետիսյանների տան դուռը կողպված էր և կնքված: Բակի պարանին փռված էր արդեն չորացած լվացքը: Տունը միհարկանի է և պատուհաններից երևում է ներսը: Վառարանի վրա դրված է թեյամանը: Անկողինները, որտեղ գնդակահարվել են ընտանիքի անդամները, հավաքված չէ: Պատուհանի գոգին երեխաների խաղալիքներն են:

Թաթուլ Հակոբյան

Այս գրությունը լույս է տեսել ՍիվիլՆեթի կայքում՝ 2015թ հունվարի 18-ին