Խաղաղությունը ե՞րբ է գալու

1041

Հայաստանի և Ադրբեջանի նախագահների միջև Վաշինգտոնում հանդիպում չկայացավ, ինչը նշանակում է, որ կողմերը խոսելու բան չունեն, որ բանակցային գործընթացը խորը փակուղում է: Դա նշանակում է, որ, ցավոք, սահմանում և սահմանամերձ գյուղերում շարունակելու են զոհվել երիտասարդ տղաներ, անմեղ քաղաքացիներ: Մենք որոշեցինք վերհիշել և հիշեցնել Արցախյան կարգավորման բանակցային գործընթացը:

1994-ի մայիսյան զինադադարից ի վեր հակամարտության կողմերին ներկայացվել են հինգ առաջարկություններ կամ նախագծեր, որոնցում առանցքային են եղել չորս հիմնական տարրեր. Արցախի կարգավիճակ, հայկական ուժերի կողմից ազատագրված/վերահսկելի տարածքների վերադարձ, փախստականների վերադարձ և անվտանգության երաշխիքներ:

1997-ի ամռանը և ապա աշնանը ԵԱՀԿ համանախագահները Բաքվին, Ստեփանակերտին և Երևանին ներկայացրին նախ փաթեթային, ապա փուլային տարբերակները: Փաթեթային առաջարկը Բաքուն ընդունեց, իսկ Ստեփանակերտը կտրականապես մերժեց: Հայաստանի համար ևս առաջարկը մերժելի էր, սակայն Երևանը այն վերապահումներով ընդունելի համարեց՝ վստահ լինելով, որ Ստեփանակերտը մերժելու է:

Փուլային առաջարկը ևս Բաքուն ընդունելի որակեց: Նույնն արեց Երևանը, բայց մի շարք վերապահումներով, մինչդեռ Ստեփանակերտը կրկին մերժեց: Եվ՛ փաթեթային, և՛ փուլային առաջարկները նախատեսում էին հետևյալ գործողությունները. հայկական ուժերի դուրս բերում Արցախին հարակից բոլոր շրջաններից, բացի Բերձոր/Լաչինը (ոչ թե միջանցքը, այլ ողջ Բերձորի շրջանը), միջազգային խաղաղապահ ուժերի տեղակայում Արցախի և Ադրբեջանի միջև, տեղահանվածների վերադարձ մշտական բնակության վայրեր:

Փաթեթայինի և փուլայինի միջև հիմնական տարբերությունը Արցախի կարգավիճակին էր վերաբերում: Փաթեթայինով Արցախին տրվում էր ամենաբարձր ինքնավարություն Ադրբեջանի կազմում, ինչն անընդունելի էր Երևանի և Ստեփանակերտի համար, մինչդեռ փուլային տարբերակը չէր անդրադառնում կարգավիճակի խնդրին ընդհանրապես՝ ամենավիճելի այս հարցը թողնելով ապագային:

Ստեփանակերտի իշխանությունները հայտարարեցին, որ փաթեթային և փուլային տարբերակների միջև էական տարբերություն չկա, քանի որ երկու դեպքում էլ կարգավիճակի հարցը լուծվում էր հօգուտ Ադրբեջանի:

Փաթեթայինի դեպքում վեց շրջաններ վերադարձնելու դիմաց Արցախւ ստանում էր ընդամենը բարձր ինքնավարություն Ադրբեջանի կազմում, փուլայինի դեպքում՝ վեց շրջաններ վերադարձնելու դիմաց կարգավիճակի հարցը բաց էր թողնվում և ակնհայտ էր, որ, ստանալով վեց շրջաններ, Բաքուն ապագայում չէր համաձայնվի Արցախին տալ անկախություն, ինչին ձգտում է Ստեփանակերտը:

Լևոն Տեր-Պետրոսյանը իր հայտնի ասուլիսով (սեպտեմբեր, 1997թ.) և ընդարձակ հոդվածով (“Պատերա՞զմ, թե՞ խաղաղություն”, նոյեմբեր, 1997թ.) փորձեց հայ հանրությանը համոզել, որ փուլային տարբերակը այն առավելագույնն է, որ կարող է ստանալ Արցախը: Սակայն նա հանդիպեց ոչ միայն հանրության, այլ իր իսկ թիմակիցների կոշտ դիմադրությանը:

Արդյունքում, Հայաստանի պաշտպանության նախարար Վազգեն Սարգսյանը, ով երկու տարի անց զոհ գնաց Հայաստանի խորհրդարանում իրականացված ահաբեկչությանը, ինչպես նաև իշխանության ղարաբաղյան թևը՝ գլխավորությամբ վարչապետ Ռոբերտ Քոչարյանի, փաստացի պարտադրեցին Տեր-Պետրոսյանի հրաժարականը:

Մեկ տարի անց՝ 1998-ի վերջերին, ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահությունը ներկայացրեց կարգավորման նոր առաջարկ, որը ստացավ “ընդհանուր պետություն” անվանումը: Այս փաստաթղթի հեղինակը Ռուսաստանի արտգործնախարար Եվգենի Պրիմակովն էր: Երևանը վերապահումներով, Ստեփանակերտը՝ լուրջ վերապահումներով ընդունեցին առաջարկը, մինչդեռ Բաքուն կտրականապես մերժեց:

“Ընդհանուր պետություն” առաջարկությունը հակամարտության հետևանքների վերացման հարցում չէր տարբերվում նախորդ երկու փաստաթղթերից: Հիմնական տարբերությունը վերաբերում էր Արցախի կարգավիճակին: Ներկայացված առաջարկության հենց սկզբում ասվում էր, որ “Լեռնային Ղարաբաղը հանրապետության ձևի պետական և տարածքային կազմավորում է և Ադրբեջանի հետ կազմավորում է ընդհանուր պետություն` նրա միջազգայնորեն ճանաչված սահմաններում”:

“Ընդհանուր պետության” սկզբունքը ենթադրում էր, որ Արցախն ունենալու է հիմն, զինանշան ու դրոշ, ազգային գվարդիա և ոստիկանություն, պետական լեզուն լինելու է հայերենը: Արցախի բնակիչները ունենալու էին Ադրբեջանի անձնագիր՝ հատուկ նշումով: Նրանք կարող էին ընտրել իրենց ներկայացուցիչներին Ադրբեջանի խորհրդարանում, մասնակցել նախագահական ընտրություններին: Արցախը չէր կարող ունենալ իր դեսպանությունները, բայց կարող էր տարբեր երկրներում Ադրբեջանի դեսպանություններում ունենալ իր ներկայացուցիչներին:

Հեյդար Ալիևը հայտարարեց, որ այդ առաջարկը անընդունելի է Ադրբեջանի համար, քանի որ, փաստացի, Ադրբեջանի կազմում ստեղծվում են երկու անկախ պետություններ, և Բաքուն վերահսկողություն չի ունենում Ստեփանակերտի վրա: Բաքվից լսվեցին նաև տարօրինակ մեկնաբանություններ: Այսպես, Ալիևի խորհրդական Վաֆա Գուլուզադեն մտահոգություն հայտնեց, որ եթե Ադրբեջանը ընդունի այդ առաջարկը, ապա ղարաբաղցի հայը կարող է դառնալ Ադրբեջանի նախագահ:

1999-ի գարնանը Վաշինգտոնում սկիզբ դրվեց Քոչարյան-Ալիև երկկողմ բանակցություններին, որոնց արդյունքում 2001-ի գարնանը ծնվեց ոչ պաշտոնական մի փաստաթուղթ, որը կրում էր Քիվեսթյան անունը:

Այդ փաստաթուղթը, որ կրկին մերժեց Ադրբեջանը, ի տարբերություն նախորդ երեքի, չի հրապարակվել: Հայտնի է, որ այն մասամբ հիմնված էր տարածքների փոխանակման փիլիսոփայության վրա: Արցախը Լաչինի միջանցքով միացվում էր Հայաստանին, իսկ Ադրբեջանը, որպես փոխհատուցում, ստանում էր Նախիջևանի հետ ցամաքային կապի հնարավորություն` “սուվերեն անցում” Մեղրիի շրջանով Հայաստանի ծայր հարավում:

Լեռնային Ղարաբաղը նախկին ԼՂԻՄ տարածքով՝ 4.4 հազար քառակուսի կիլոմետրով, միացվում էր Հայաստանին, իսկ հայկական ուժերի վերահսկողության տակ գտնվող ավելի քան 7 հազար քառակուսի կմ. տարածքը վերադարձվու էր Ադրբեջանին:

Նախքան Քի Վեսթ մեկնելը, Բաքվի օդանավակայանում Հեյդար Ալիևը հայտարարեց, որ հանուն Ղարաբաղյան կարգավորման պատրաստ է անգամ Անտարկտիդա մեկնել: Սակայն վերադառնալով տուն, Ալիևը հրաժարվեց նախնական այն պայմանավորվածություններից, որ ձեռք էր բերվել Քի Վեսթում: Հայաստանում, Արցախում և Սփյուռքում Ռոբերտ Քոչարյանը ենթարկվեց սաստիկ քննադատություն Ադրբեջանին հողեր զիջելու և Մեղրիից հրաժարվելու մտադրության մեջ:

2004-ից սկսվեց բանակցությունների նոր փուլ, որն ընդունված է անվանել Պրահյան գործընթաց: Թվում էր, թե կողմերը 2006-ին Փարիզի մերձակա Ռամբույե ամրոցում մոտ են ընդհանուր սկզբունքների շուրջ համաձայնության հասնելուն, սակայն բանակցությունները փակուղի մտան Քարվաճառը վերադարձնելու և Արցախում հանրաքվե անցկացնելու ժամկետների չհամաձայնեցնելու անհնարինության պատճառով:

Պրահյան գործընթացի հիմնական նորամուծությունը հետաձգված հանրաքվեի գաղափարն էր, որը ենթադրում էր հետևյալը՝ Արցախյան ուժերը դուրս են գալիս հինգ շրջաններից, Քարվաճառի վերադարձը կապվում էր Արցախում սպասվելիք հանրաքվեի ժամկետների հետ: Վիճելի էր նաև Լաչինի միջանցքի կարգավիճակի հարցը:

2007-ի նոյեմբերին Մադրիդում Մինսկի խմբի եռանախագահությունը Երևանին ու Բաքվին փոխանցեց 14 կետանոց փաստաթուղթ, որը ևս հիմնված էր հետաձգված հանրաքվեի փիլիսոփայության վրա: Փաստաթուղթը աշխատանքային էր և ենթակա փոփոխությունների: Բանակցությունների տարբեր փուլերում այն մերժում էր մեկ Հայաստանը, մեկ՝ Ադրբեջանը, կախված նրանից, թե ինչ դետալ էր փոխվում:

Մադրիդյան փաստաթղթի հիմնական կետերն էին՝ Արցախի վերջնական կարգավիճակի որոշվում հանրաքվեի միջոցով, հայկական ուժերի դուրսբերում նախկին ԼՂԻՄ հարակից տարածքներից, համաձայնեցված լայնության միջանցքով կապ Հայաստանի և Արցախի միջև, փախստականների վերադարձի իրավունք, միջազգային խաղաղապահ գործողության իրականացում:

1994-ի մայիսյան հրադադարից ի վեր կողմերի դիքորոշումները չեն մոտեցել: Ավելին, դրանք ավելի են կարծրացել՝ համեմվելով պատերազմական հռետորաբանությամբ ու թշնամական քարոզչությամբ: Վերջին երկու տարիներին հրադադարի ռեժիմը այնքան հաճախ է խախտվում, այնքան հաճախակի են դարձել միմյանց տարածքները գնդակոծելը և դիվերսինոն գործողությունները, որ, փաստացի, հրադադարը, ըստ էության, չի գործում:

Կարելի է նշել բազմաթիվ պատճառներ և մատնանշել մեղավորներ, թե ինչու չի լուծվում ղարաբաղյան հակամարտությունը: Բայց հիմնական պատճառն այն է, որ հակամարտության կողմերը, ձգտելով խաղաղության, չեն ուզում այդ խաղաղության համար գին վճարել: Ու քանի դեռ նրանք պատրաստ չեն գին վճարել, խաղաղությունը երբեք չի գալու:

Այսօրվա “ո՛չ խաղաղություն, ո՛չ պատերազմ” կամ “և՛ խաղաղություն, և՛ պատերազմ” իրավիճակը շարունակվելու է ևս տասնամյակներ՝ խլելով նորանոր կյանքեր Հայաստան-Ադրբեջան սահմանում և Արցախ-Ադրբեջան զորքերի շփման գծում:

Թաթուլ Հակոբյան

Այս գրությունը լույս է տեսել ՍիվիլՆեթի կայքում՝ 2016թ ապրիլի 2-ին, գրվել է 4-օրյա պատերազմից ժամեր առաջ