«Հովհաննես Քաջազնունու մեծ ողբերգությունը»․ Արարատ Հակոբյանի հոդվածը ՎԷՄ-ում

1615

ՎԷՄ համահայկական հանդեսի վերջին համարում՝ փետրվար 2017, լույս է տեսել պատմական գիտությունների դոկտոր Արարատ Մ․ Հակոբյանի 30 էջանոց հոդվածը (մաս առաջին) Հայաստանի Առաջին Հանրապետության առաջին վարչապետ Հովհաննես Քաջազնունու մասին՝ վերնագրված «Հովհաննես Քաջազնունու մեծ ողբերգությունը Սմենովեխական խարխափումներից մինչև ստալինյան հալածանքներ»։ 

Ներկայացնում ենք հոդվածի ՄՈՒՏՔ-ը

Հովհաննես Քաջազնունին Հայոց Նոր պատմության առեղծվածային դեմքերից մեկն է, որի կյանքի ու գործունեության մասին գրված հուշերում ու վկայություններում դժվար է գտնել նրա անցած բարդ ճանապարհի տարբեր հանգրվաններում դրսևորված հակասական պահվածքի և անգամ՝ դատապարտելի քայլերի բացատրությունը։ Հայ քաղաքական մտքի տարեգրության մեջ Հովհաննես Քաջազնունու անունը երբեմն նույնացվել է ոչ թե Հայաստանի առաջին հանրապետության առաջին վարչապետի՝ ավելի քան պարտավորեցնող իրողության, այլ 1923-ին Բուխարեստում հրատարակած «Հ. Յ. Դաշնակցութիւնը անելիք չունի» գրքույկի հետ, որը բոլշևիկյան քարոզչամքենայի կողմից կատարված «այլ ևս» հավելումի միջոցով 70 տարի շարունակ օգտագործվում էր իբրև հակադաշնակցականության յուրօրինակ «Մանիֆեստ»։

Պատմության բեկումնային պահերին անգամ ամենահամոզված քաղաքական գործիչների մոտ նկատվող հուսալքության ու տատանումների դեպքերը փոքր թիվ չեն կազմում համաշխարհային պրակտիկայում, և Հայոց պատմությունն այդ առումով ամենևին էլ բացառություն չէ։ Ուստի, մեր օրերի պատմագիտության խնդիրը ոչ թե նման իրողությունների վրա քաղաքական կապիտալ կուտակած քարոզիչների փաստարկների կրկնությունն է, այլ տարբեր պատճառներով խարխափումերի մեջ հայտնված պատմական անհատների պահվածքը հասկանալու և բացատրելու ունակությունը։

Հասկացման տեսությունը՝ հերմենևտիկան, մեզ ընձեռում է նման հնարավորություն, ուստի՝ օգտվելով նրա մեթոդաբանական մոտեցումներից, ընթերցողի ուշադրությանն ենք ներկայացնում 1920-ական թթ. հայ իրականության մեջ ևս դրսևորված՝ խորհրդային վարչակարգի հետ հաշտվելու և համակերպվելու ընդհանուր մտայնության թակարդն ընկած Հովհ. Քաջազնունու (նաև մի քանի այլ գործիչների)՝ սմենովեխական խարխափումների պատմությունը։

Սույն հրապարակման երկրորդ մասում, իբրև հարցի շարունակություն, պատրաստվում ենք տպագրել 1937-ի ձերբակալությունից առաջ և հետո Քաջազնունու դեմ խորհրդային չեկայի հավաքած նյութերը, նրա հարցաքննության, գնդակահարության դատապարտվելու, տանջալից մահվան և ապա քաղաքական արդարացման վերաբերյալ փաստաթղթերը, որոնք նոր-նոր են միայն բացվել ուսումասիրողների համար։

Արարատ Հակոբյանի՝ ՎԷՄ համահայկական հանդեսում տպագրված հոդվածը (առաջին մասը)`«Հովհաննես Քաջազնունու մեծ ողբերգությունը» վերնագրով, կարդալ այստեղ