«Նոյյան Տապան»-ը՝ նոր հասցեով, նոր ոճով, նոր որակով. Աբովյան-8

1119

Երևանում՝ 100 տարվա պատմություն ունեցող Աբովյան-8 հասցեում գտնվող երկհարկանի շենքում, որտեղ 1930-ական թթ. գործել է Աղասի Խանջյանը, բացվել է «Նոյյան Տապան» գրատների ցանցի գլխամասային գրախանութը: Թեև նոր հասցեում գրատունը գործում է այս տարվա հունվարից, պաշտոնական բացումը կատարվել է այսօր, փետրվարի 19-ին՝ Հովհաննես Թումանյանի ծննդյան և գիրք նվիրելու օրը:

Գրատների ցանցի տնօրեն Լուիզա Բերբերյանը ողջունել է հյուրերին և ասել, որ «Նոյյան Տապան»-ը դառնալու է բազմագործառնական մշակութային կենտրոն, մի միջավայր, որտեղ կհամախմբվեն գրասերները, մշակույթի գործիչներն ու մտավորականները:

«Նոյյան Տապան» գրատունը, իր գործունեության շուրջ 23 տարիների ընթացքում, կարևորագույն ներդրում է ունեցել Հայաստանի մշակութային և հասարակական կյանքում՝  նպաստելով հայ գիր ու գրականության պահպանմանը, ժամանակակից և դասական հեղինակների ստեղծագործությունների հանրահռչակմանը, ասել է Բերբերյանը՝ ընդգծելով, որ մեծ ջանքեր են գործադրում ունենալու կիրթ, գրագետ, զարգացած, մտավորականներով լեցուն հասարակություն:

«Սկսելով իր գործունեությունը 1994 թվականից, «Նոյյան Տապան»-ը դարձել է վստահելի գործընկեր Հայաստանի խոշորագույն ընկերությունների համար և մատակարարել որակյալ արտադրանք և՛ կորպորատիվ, և՛ անհատ գնորդներին»,- ասել է «Նոյյան Տապան» գրատների ցանցի տնօրենը:

Լուիզա Բերբերյանը ընդգծել է, որ «Նոյյան Տապան»-ը առանձնակի  դերակատարություն ունի ընթերցանության վարկանիշի բարձրացման գործընթացը  համակարգելու, տեղեկատվության տարափում գեղարվեստական արժեք ներկայացնող գրականություն տրամադրելու, գեղարվեստական ճաշակ սերմանելու և ձևավորելու, ընթերցանության նկատմամբ հետաքրքրություն առաջացնելու   գործում:

Տեղեկատվության մատչելիության և հասանելիության ապահովման նկատառումներից ելնելով, «Նոյյան Տապան» գրատունը  բացել է  նոր մասնաճյուղ, որը գործում է Կոմիտաս 50 հասցեում: