«ՀԱՊԿ անդամ Բելառուսը և Ռուսաստանը զենք են վաճառում Ադրբեջանին. մեր դաշնակիցները աշխատում են մեր դեմ»

1519

«Լապշինի դեպքը լակմուսի թուղթ էր, որը կրկին անգամ ցույց տվեց, որ մեր դաշնակիցները աշխատում են մեր դեմ», այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց լրագրող Թաթուլ Հակոբյանը:

«ՀԱՊԿ անդամ առնվազն երկու երկիր՝ Բելառուսը և Ռուսաստանը, զենք են վաճառում Ադրբեջանին, Ղազախստանն էլ տարբեր դիվանագիտական օղակներով պաշտպանում է Ադրբեջանի շահերը: Մենք բոլորս գիտեք, որ Հայաստանին իր կամքին հակառակ տարել, մտցրել են ԵՏՄ, այդ որոշումը կայացրել է Վլադիմիր Պուտինը, և Սերժ Սարգսյանը մի գիշերում չէր կարող հայ ժողովրդի կարծիքը հարցնել», ասաց լրագրողը՝ հավելելով, որ Լապշինի դեպքը որևէ կերպ չի անդրադառնա Ղարաբաղյան խնդրի կարգավորման վրա:

Քննարկմանը ներկա՝ ԱԺ «Ժառանգություն»  խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանն էլ նշեց, որ Լապշինի դեպքից հետո Հայաստանը պետք է դասեր քաղի, հասկանա, թե նման իրավիճակներում ինչպես պետք է գործի, ինչպես պետք է իր շահն առաջ տանի: Ըստ պատգամավորի՝ Բելառուսում Հայաստանի դեսպանի պահվածքը խոսում է այն մասին, որ ունենք համակարգային խնդիր. «Ամբողջ պետության վատ աշխատանքի արդյունքն է սա: Չի կարող պետությունը լավը լինել, իսկ դեսպանը վատը»:

Տեսակապի միջոցով քննարկմանը մասնակցում էր նաև ԼՂՀ ԱԺ պատգամավոր Հայկ Խանումյանը, որը նշեց, որ Լապշինի դեպքը հարված էր՝ ուղղված Արցախի զբոսաշրջությանը. «Ադրբեջանը համակարգված միշտ հարվածել է Արցախի տնտեսությանը: Ապրիլյան էսկալացիան հիմնականում այն ուղղություններով էր, որտեղ զարգացած է հանքարդյունաբերությունը և հիդրոէլեկտրաէներգիայի արտադրությունը, իսկ մինչ այդ փորձում էին գյուղատնտեսական աշխատանքները խանգարել: Տարեկան 15 հազար զբոսաշրջիկ է արտասահմանից այցելում Արցախ: Այդ թիվը անկում ապրեց 2014 թվականի օգոստոսի դեպքերից և 2016-ի ապրիլից հետո»:

Աղբյուրը՝ http://www.a1plus.am/1519301.html

9 փետրվարի, 2024թ