Քաջազնունու «Ազգ և Հայրենիք»-ը փետրվարի 14-ին կներկայացվի «Արթբրիջ»-ում

2069

Հայկական ուսումնասիրությունների ԱՆԻ կենտրոնը երեքշաբթի օրը՝ փետրվարի 14-ին, ժամը 13-ին, Երևանի «Արթբրիջ» սրճարան-գրախանութում (Աբովյան, 20) կներկայացնի Հայաստանի Առաջին Հանրապետության առաջին վարչապետ Հովհաննես Քաջազնունու «Ազգ և Հայրենիք» աշխատության վերահրատարակված հատորը:

Փետրվարի 14-ը Քաջազնունու ծննդյան օրն է: 1868-ի այդ օրը նա ծնվել է Ախալքալաքում:

Հայ քաղաքական ու փիլիսոփայական մտքի պատմության այս բացառիկ աշխատությունը առաջին անգամ հատվածաբար տպագրվել է ՀՅԴ «Հայրենիք» (Բոստոն) ամսագրում՝ 1923-1924 թվականներին:

Թեև այն մի քանի անգամ վերահրատարակվել է Սփյուռքում և Հայաստանում, այդ թվում՝ 2008-ին Երևանում, Քաջազնունու «Ազգ և Հայրենիք»-ը շարունակվում է մնալ պահանջված գրքերի ցանկում։

ԱՆԻ կենտրոնի կողմից վերահրատարակվելուց հետո «Ազգ և Հայրենիք»-ի առաջին շնորհանդեսը կայացել է Անթիլիասում՝ 2016թ. հոկտեմբերի 28-ին՝ Հայ գրքի 37-րդ տոնավաճառում, և 2016թ. նոյեմբերի 1-ին Բեյրութի Հայկազյան համալսարանում:

Փետրվարի 14-ին, ժամը 13․00-ից 13․45-ը, Երևանի «Արթբրիջ» սրճարան-գրախանութում  կկայանա գրքի երրորդ շնորհանդես-վաճառքը:

«Քաջազնունին հայ քաղաքական մտքի պատմության մեջ բացառիկ տեղ ունի: Եվ որպես պետական-քաղաքական գործիչ, և որպես գրող ու մտածող, ցավոք, Քաջազնունին ըստ արժանվույն գնահատված չէ ո՛չ Սփյուռքում, ո՛չ Հայաստանում: Վերահրատարակելով նրա աշխատությունները, ԱՆԻ կենտրոնը իր համեստ լուման է ներդնում այս խոշոր անհատականությանը ժամանակակիցներին ծանոթացնելու համար»,- ասել է Սիվիլիթաս հիմնադրամի փորձագետ և ԱՆԻ կենտրոնի համակարգող, լրագրող Թաթուլ Հակոբյանը, ով «Արթբրիջ» սրճարան-գրախանութում կներկայացնի «Ազգ և Հայրենիք» հատորը։

Շնորհանդեսի ընթացքում ներկաները հնարավորություն կունենան ձեռք բերել նաև Թաթուլ Հակոբյանի և ԱՆԻ կենտրոնի հեղինակած և հրատարակած շուրջ երկու տասնյակ մյուս գրքերը, այդ թվում՝

Հովհաննես Քաջազնունի – «Հ. Յ.Դաշնակցությունը անելիք չունի այլևս» (արևելահայերեն),

Սիմոն Վրացյան – «Խարխափումներ» (արևելահայերեն),

Արշակ Ջամալյան – «Հ. Քաջազնունին և Հ.Յ. Դաշնակցությունը» (արևելահայերեն),

Ռուբէն Դարբինեան – «Մեր Պատասխանը Յովհաննէս Քաջազնունիի» (արևմտահայերեն),

Վահան Նավասարդյան – «Հ. Յ. Դաշնակցության անելիքը» (արևելահայերեն),

«Հ. Յ. Դաշնակցությունը անելիք ունի՞, թե՞ չունի» (արևելահայերեն),

Եղիշէ Քաջունի – «Զօրավար Անդրանիկ – Հայկական առանձին հարուածող զօրամասը» (արևմտահայերեն),

«Արցախյան օրագիր․ կանաչ ու սև» (արևելահայերեն),

«Արցախեան օրագիր․ կանաչ ու սև» (արևմտահայերեն),

“Карабахский дневник” (ռուսերեն)

“Karabakh Diary” (անգլերեն)

«Հայացք Արարատից․ հայերը և թուրքերը» (արևելահայերեն)։

«Հայացք Արարատից․ հայերը և թուրքերը» (արևմտահայերեն)։

«Armenians and Turks» (անգլերեն)։