ԱՆԻ կենտրոնը փետրվարի 14-ին Երևանում կներկայացնի Քաջազնունու «Ազգ եւ Հայրենիք»-ը

1165

Հայկական ուսումնասիրությունների ԱՆԻ կենտրոնը հաղորդում է, որ 2017 թվականի փետրվարի 14-ին Երևանում կներկայացնի Հայաստանի Առաջին Հանրապետության առաջին վարչապետ Հովհաննես Քաջազնունու «Ազգ և Հայրենիք» աշխատության վերահրատարակված հատորը:

Փետրվարի 14-ը (հին տոմարով՝ փետրվարի 1, նոր տոմարով՝ փետրվարի 14) Քաջազնունու ծննդյան օրն է: 1868-ի այդ օրը նա ծնվել է Ախալքալաքում:

«Ազգ և Հայրենիք» հատորը լույս է տեսել արևելահայերեն՝ մեսրոպյան ուղղագրությամբ: Գրքի հրատարակությունը հովանավորել է Սարգիս Պուտագեանը Բեյրութից: Խմբագրման ու սրբագրման աշխատանքներում իր սիրահոժար օգնությունն է բերել Արթուր Լազարյանը Գերմանիայից:

Հայ քաղաքական ու փիլիսոփայական մտքի պատմության այս բացառիկ աշխատությունը առաջին անգամ հատվածաբար տպագրվել է ՀՅԴ ՀԱՅՐԵՆԻՔ (Բոստոն, ԱՄՆ) ամսագրում՝ 1923-1924 թվականներին, բացառությամբ վերջին երկու հատվածների:

ՀՅԴ-ի շարքերը լքելուց հետո Քաջազնունին խզել է աշխատակցությունը ՀԱՅՐԵՆԻՔ-ի հետ, և հոդվածաշարը մնացել է անավարտ, գրում է նրա մոտ բարեկամներից Սիմոն Վրացյանը՝ Հայաստանի Առաջին Հանրապետության վերջին վարչապետը:

Քաջազնունու անտիպ թողած ձեռագիրների մեջ մնացել է նաև «Ազգ և Հայրենիք»-ի վերջին մասը՝ երկու գլուխ, որոնք և ավելացվել են հատորին, երբ այն առաջին անգամ լույս է տեսել Սփյուռքում: Վրացյանը ենթադրում է, որ վերջին երկու գլուխները Քաջազնունին գրել է Դաշնակցությունից հեռանալուց հետո:

ԱՆԻ կենտրոնի կողմից վերահրատարակվելուց հետո Քաջազնունու «Ազգ և Հայրենիք» հատորի առաջին շնորհանդեսը կայացել է Անթիլիասում՝ 2016թ. հոկտեմբերի 28-ին՝ Հայ գրքի 37-րդ տոնավաճառում, և 2016թ. նոյեմբերի 1-ին Բեյրութի Հայկազյան համալսարանում:

Փետրվարի 14-ին Երևանում կկայանա գրքի երրորդ շնորհանդես-վաճառքը: Առաջիկայում գիրքը կներկայացվի նաև Ախալքալաքում՝ Քաջազնունու ծննդավայրում, ապա՝ մայիսին Կանադայում:

«Քաջազնունին հայ քաղաքական մտքի պատմության մեջ բացառիկ տեղ ունի: Նրա այս հատորը շատ ծանոթ չէ Հայաստանի ընթերցողին: Եվ որպես պետական-քաղաքական գործիչ, և որպես գրող, ցավոք, Քաջազնունին ըստ արժանվույն գնահատված չէ ո՛չ Սփյուռքում, ո՛չ Հայաստանում: Վերահրատարակելով նրա աշխատությունները, ԱՆԻ կենտրոնը իր համեստ լուման է ներդնում այս խոշոր հային, այս խոշոր անհատականությանը ժամանակակիցներին ծանոթացնելու համար», ասել է Սիվիլիթաս հիմնադրամի փորձագետ և ԱՆԻ կենտրոնի համակարգող, լրագրող Թաթուլ Հակոբյանը:

Երկու տարիների ընթացքում ԱՆԻ կենտրոնը վերահրատարակել է հետևյալ հատորները.

Եղիշէ Քաջունի – «Զօրավար Անդրանիկ – Հայկական առանձին հարուածող զօրամասը»,

Հովհաննես Քաջազնունի – «Հ. Յ.Դաշնակցությունը անելիք չունի այլևս»,

Սիմոն Վրացյան – «Խարխափումներ»,

Արշակ Ջամալյան – «Հ. Քաջազնունին և Հ.Յ. Դաշնակցությունը»,

Ռուբէն Դարբինեան – «Մեր Պատասխանը Յովհաննէս Քաջազնունիի»,

Վահան Նավասարդյան – «Հ. Յ. Դաշնակցության անելիքը»,

«Հ. Յ. Դաշնակցությունը անելիք ունի՞, թե՞ չունի»,

Հովհաննես Քաջազնունի – «Ազգ և Հայրենիք»:

Այս տարվա՝ 2017-ի ընթացքում, ԱՆԻ կենտրոնը կվերահրատարակի Ալեքսանդր Խատիսյանի «Հայաստանի Հանրապետության ծագումն ու զարգացումը» և Ստեփանոս Սապահ-Գյուլյանի «Պատասխանատուները» հատորները:

Հայկական ուսումնասիրությունների ԱՆԻ կենտրոն