Հայաստանի Առաջին Հանրապետության անկախության ճանաչումը. հունվար, 1920թ

448

Նորին Գերազանցություն Խատիսյանին

Երևան, 23 հունվար

Պատիվ ունեմ հաղորդելու Ձեզ Լորդ Քըրզոնից այսօր առավոտյան ժամը 10 և կեսին ստացված հետևյալ տեղեկությունը:

Բարձրագույն խորհուրդը Փարիզում որոշեց, որ Հայաստանի կառավարությունը պիտի ճանաչվի իբրև կառավարություն դե ֆակտո այն պայմանով, որ այս ճանաչումը ոչ մի դեպքում չի կանխորոշում սահմանների խնդրի վերջնական լուծումը:

Այս ճանաչումը անպայման վերաբերում է Հայաստանի նրա այժմյան վիճակին, Երևան մայրաքաղաքով, սակայն ոչ մի կերպ չի վերաբերում Թուրքահայաստանին:

Խնդրում եմ, Ձերդ գերազանցություն, ընդունել իմ անկեղծ շնորհավորանքները այս դեպքի առթիվ, որ այնքան նշանակալից է երկար ժամանակ տառապած հայ ժողովրդի ապագա բարօրության վրա ազդելու տեսակետից:

Ուորդրոպի տեղապահ՝ Գրանդի

12 ժամ 15 րոպեին

Յառաջ, 24 հունվար, 1920թ., շաբաթ, թիվ 17

 ——————-

Հայաստանի անկախության ճանաչումը. խմբագրական

Հեռագիրը հաղորդեց, որ Փարիզի Բարձրագույն խորհուրդը որոշել է Հայաստանի կառավարությունը փաստորեն ճանաչել իր ներկա սահմաններում: Պատմական այս խոշոր երևույթը մի հաղթանակ է այն արյունոտ պատմության, այն խիզախ կռվի, որ տարել է իր ուսերի վրա հայ ազատատենչ աշխատավորությունը:

Քայլ առ քայլ հիմնավորվում է Հայաստանի Հանրապետության անկախությունը, քայլ առ քայլ իրականանում են նրա դարերի ձգտումներն ու տենչանքները:

Այսօր մեր հանրապետությունը ճանաչվեց փաստորեն անկախ՝ ներկա սահմաններում, պետք է խորապես համոզված լինել, որ վաղվա օրը կճանաչվի և՛ փաստորեն, և՛ իրավապես Միացյալ և Անկախ Հայաստանը:

Հայ բովանդակ ժողովուրդը պիտի տոնի պատմական այս տոնը նրա համար, որ նրա սերնդե-սերունդ թափված արյունը հանուն ազատագրության ապարդյուն չի անցել:

Մեր անկախությունը մի շնորհ չէ, որ տրվում է մեզ մեծ պետությունների կողմից, այլ արդյունք է այն անողոք պայքարի, որ մենք վարել ենք մեր դարավոր թշնամիների դեմ: Մեր անկախությունը հայ բզկտված աշխատավորության հաղթանակն է:

Մեր հերոս բանակի, քրտնաջան բանվորության և աշխատավոր գյուղացիության գալիք մեծ տոնը, նրա կատարյալ հաղթանակի տոնը կլինի այն օրը, երբ մենք կստանանք Ազատ, Անկախ և Միացյալ Հայաստանը մեր ցանկացած սահմաններում:

Մենք դեռ սպասում ենք մեր տենչած այդ Միացյալ և Անկախ Հայաստանի փաստորեն և իրավապես ճանաչման մեծ տոնին:

Յառաջ, խմբագրական, 24 հունվար, 1920թ., շաբաթ, թիվ 17