Ծառուկյանի վերադարձը չափավորում է Աշոտյանի բառապաշարը

1076

Իշխող ՀՀԿ-ի փոխնախագահ Արմեն Աշոտյանը, ով երկու տարի առաջ՝ ոգևորված և հետևելով իր ղեկավար Սերժ Սարգսյանի անպարկեշտ բառապաշարին, գործարար Գագիկ Ծառուկյանի հասցեին վիրավորական արտահայտություններ էր թույլ տվել՝ նրան անվանելով չարիք և հրեշ, այսօր այսպես է արձագանքել Բարգավաճ Հայաստան կուսակցության հիմնադրի հայտարարությանը.

«Ես դրական եմ վերաբերում քաղաքական ուժերի ու գործիչների, այդ թվում՝  Գագիկ Ծառուկյանի ու ԲՀԿ-ի մտադրություններին մասնակցելու 2017 թվականի խորհրդարանական ընտրություններին։

Նախաձեռնելով սահմանադրական բարեփոխումները` մենք ստեղծեցինք բոլոր հիմքերը Հայաստանի քաղաքական համակարգը դարձնելու առավել բաց և առավել ճկուն։ Այժմ քաղաքական համակարգը կբարեփոխվի և կբարելավվի առաջին հերթին քաղաքական միավորումների մրցակցության շնորհիվ: Այս տեսանկյունից գալիք ընտրությունները կարևորագույն նշանակություն ունեն մեր կողմից առաջ քաշված զարգացման ուղեգծի իրականացման համար։ Հետևաբար, յուրաքանչյուր քաղաքական թիմ, որ ասելիք ունի ժողովրդին և կարող է պատշաճ ներկայանալ տրամաբանված ծրագրով, իրավունք ունի փորձել իր ուժերը գալիք ընտրություններում, և դա ողջունելի է:

Գագիկ Ծառուկյանի հայտարարությունը ընտրություններին մասնակցելու հայտ էր, և այն կարող է օգուտ բերել քաղաքական մրցակցությանը՝ անկախ այն բանից, որքանով ենք մենք համաձայն հայտարարության մեջ տեղ գտած դիտարկումների հետ, անկախ այն բանից, որքանով են իրենք համաձայն մեր հստակ դիտարկումների հետ:

Կարծում եմ՝ սպասվում է հետաքրքիր մրցապայքար»:

2015-ի փետրվարին, երբ Սերժ Սարգսյանը և իշխող ՀՀԿ-ն գրոհ սկսեցին և քաղաքականությունից հեռացրեցին Գագիկ Ծառուկյանին, Արմեն Աշոտյանը ՀՀԿ խորհրդի նիստի ժամանակ ընդգծեց, որ իրենք են տարիներ շարունակ «Դոդի Գագոյին» վերածել պարոն Ծառուկյանի և հիմա հակառակ պրոցեսը պետք է իրականացնեն:

https://www.youtube.com/watch?v=LqcJI_L8yVY