«Ադրբեջանի 86,6 հազար քառակուսի կիլոմետրը ներառում է նաև Լեռնային Ղարաբաղը». Նիկոլ Փաշինյան

1342

Այսօր`մայիսի 22-ին, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը վերահաստատել է և ավելի հստակ նշել, որ 86 հազար 600 քառակուսի կիլոմետր Ադրբեջանը ներառում է նաև Լեռնային Ղարաբաղը:

«Հայաստանի այսօրվա կառավարությունն ինչ ասի չասի, Հայաստանի Հանրապետության բոլոր կառավարությունները ճանաչել են Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, և ես ասել եմ, որ ավելի եմ կոնկրետացրել և ավելի կոնկրետ դժվար եմ պատկերացնում, թե ինչպես կարող եմ ասել՝ 86, 6 հազար կմ տարածքային ամբողջականությունը Հայաստանի Հանրապետությունը պատրաստ է ճանաչել և, մեր ընկալմամբ, Ադրբեջանը պատրաստ է ճանաչել Հայաստանի Հանրապետության 29 հազար 800 քառակուսի կիլոմետր տարածքային ամբողջականությունը։ Եթե մենք ճիշտ ենք հասկանում այս հարցում Ադրբեջանի հետ իրար, Հայաստանի Հանրապետությունն, այո՛, ճանաչում է Ադրբեջանի 86, 6 հազար տարածքային ամբողջականությունը, էն ըմբռնմամբ, որ Ադրբեջանը ճանաչում է Հայաստանի Հանրապետության 29 հազար 800 քառակուսի կիլոմետր տարածքը»,- մամուլի ասուլիսում, ինչպես մեջբերում է Ազատությունը, ասել է Փաշինյանը:

Նա շեշտել է, որ Լեռնային Ղարաբաղի հայության իրավունքների և անվտանգության հարցը պետք է քննարկվի Ստեփանակերտ-Բաքու երկխոսության միջոցով։

«Մենք կարևոր ենք համարում այդ բանակցությունների միջազգային երաշխիքների ստեղծումը։ Ի՞նչ նկատի ունեմ, նկատի ունենք, օրինակ, որ կարող է Լեռնային Ղարաբաղի հայության իրավունքների և անվտանգության հարցն ուղղակի մոռացության մատնվել և Ադրբեջանը շարունակի ուժային լծակի գործադրմամբ ԼՂ հայության էթնիկ զտման և ցեղասպանության քաղաքականությունը, և մենք կարևոր ենք համարում, որ լինեն երաշխիքներ, որ այդ քաղաքականությունը չի շարունակվի»,- ասել է Փաշինյանը։

Արխիվային լուսանկար՝ Նիկոլ Փաշինյանը Թեհրանում, 2019թ