Ֆաթալի Խան Խոյսկու հեռագիրը Համո Օհանջանյանին՝ Ագուլիսի հայկական ջարդերի առիթով

480

1918-1920 թթ. Հայաստանն ու Ադրբեջանը անկախ պետություններ էին: Չնայած երկու երկրների միջև տարածքային վեճերին ու հավակնություններին, որոնք նաև վերաճում էին սահմանային ընդհարումների և հայ-թաթարական արյունալի բախումների, Բաքվում գործում էր Հայաստանի դիվանագիտական առաքելությունը, իսկ Երևանում՝ Ադրբեջանինը, այսինքն՝ երկու երկրները միմյանց մայրաքաղաքներում ներկայացված էին դեսպանների մակարդակով:

Հայաստանում իշխող ուժը ՀՅԴ-ն էր, Ադրբեջանում՝ Մուսավաթը:

__________________________________________

Ադրբեջանի արտգործնախարարի հեռագիրը Հայաստանի արտգործնախարարին

Բաքու, 21 հունվար, 1920թ.

Ստացված մասնավոր և պաշտոնական տեղեկությունների համաձայն, հայերի և հայկական կանոնավոր զորամասերի միջոցով Զանգեզուրի մոտավորապես քառասուն ավերված գյուղերի փախստական մահմեդականները՝ զրկված տնից, տեղից, շատերը՝ ծնողներից, կանանցից ու երեխաներից, եղբայր ու քույրերից, մահից ազատված փախել են Նախիջևանի գավառը:

Ահա այդ փախստականները՝ մնալով բաց երկկնքի տակ, կոտորվելով քաղցից ու ցրտից, չափազանց գրգռված հայերի նման վարմունքից, իշխանության համար բոլորովին անսպասելի շարժվում են դեպի Ագուլիս գյուղը և գրավում հիշյալ գյուղի հայկական տները, որտեղի բնակչությունը, վախենալով այս տարերային շարժումից, փախել էր:

Այս դեպքից հետո տեղական վարչությունը բոլոր միջոցները գործ է դնում՝ արգելելու որևէ հայկական գյուղում բնակեցնելու ոչ միայն Զանգեզուրի գավառի փախստական մահմեդականներին, այլև անցյալ տարվա օգոստոս ամսին հայերի կողմից ավերված մի շարք թուրքական գյուղերի փախստականներին, գյուղեր, որոնք գտնվում են Էջմիածնի, Սուրմալուի և Երևանյան նահանգներում, նաև Նախիջևանի գավառում գտնվածներին:

Իբրև հետևանք ձեր հեռագրի՝ կարգադրված է նորից հետազոտել Ագուլիսում կատարված դեպքերը և եթե ստուգվի ադրբեջանյան սպաների մասնակցության խնդիրը փախստականների շարժման մեջ Ագուլիսի վրա, այդպիսիները կկրեն համապատասխան պատիժ. նաև կվերադարձվեն աղջիկները, եթե նրանք փախցված կլինեն:

Յառաջ, թիվ 17, 24 հունվար, 1920թ.

Կարդալ նաև՝

Ներքին և Վերին Ագուլիսի կոտորածները. դեկտեմբեր, 1919

Հայ-թաթարական/ադրբեջանական ջարդերի անցյալից. 1918-1920 թթ