Բյուրակն գյուղի բնակչությունը 1886-1931 թվերին և խորհրդային տարիներին. Ամասիայի շրջան

2954

Բյուրակն գյուղը գտնվում է Շիրակի մարզի Ամասիայի տարածաշրջանում, Ամասիա համայնքի կազմում, ավանից 12 կմ հարավ-արևմուտք, մարզկենտրոնից՝ 16 կմ հեռավորության վրա, Ախուրյան գետի աջակողմյան գետահովտում` ծովի մակարդակից մոտ 1700 մետր բարձրության վրա:

Բյուրակնը նախկինում ունեցել է Գյուլլիբուլաղ Թուրքի, Գյուլլիբուլաղ Կարափափախ անվանումները:

Պետք է իմանալ, որ նախկինում եղել է նաև Գյուլլիբուլաղ Հայի անունով բնակավայր, որը այսօրվա Վարդաղբյուրն է Սարապատ համայնքի կազմում՝ Շիրակի մարզի Աշոցքի տարածաշրջանում:

Զավեն Կորկոտյանի “Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)” աշխատության համաձայն՝ 1886 թվականին Գյուլլիբուլաղ Կարափափախը ունեցել է 673 բնակիչ, որոնք բոլորը դրված են “այլ” դասակարգման տակ: Մյուս երկու դասակարգումներն են “հայ” և “թաթար”:

Ինչպես Գյուլլիբուլաղ Կարափափախ, այնպես էլ շրջակա մի շարք գյուղերում բնակվում էին կարափափախներ:

1897 թվականի ցարական Ռուսաստանի մարդահամարի համաձայն՝ Գյուլլիբուլաղ Կարափափախը ուներ 958 բնակիչ, որից 955-ը՝ սուննի կարափափախ, 2-ը՝ հայ, 1-ը՝ “այլ”:

1908 և 1914 թվականների մարդահամարների համաձայն՝ գյուղն ունեցել է համապատասխանաբար 1.020 և 1.137 բնակիչ, բոլորը՝ կարափափախ:

1922-ին Գյուլլիբուլաղ Կարափափախը ունեցել է 826 բնակիչ, որից 791-ը՝ թրքո-թաթար, 35-ը՝ հայ: 1922-ի հաշվառման ժամանակ Հայաստանում բնակվող մուսուլմանները, այդ թվում՝ կարափափախները, դրվել են “թրքո-թաթար” դասակարգման տակ:

1926 թվականին անցկացված Խորհրդային Միության առաջին մարդահամարի համաձայն, Գյուլլիբուլաղ Կարափափախը ուներ 1142 բնակիչ, որից 1134-ը՝ կարափափախ, 8-ը՝ հայ:

Զավեն Կորկոտյանը իր գրքում ներկայացնում է նաև 1931 թվականի տվյալներ, ըստ որի Գյուլլիբուլաղ Կարափափախը ուներ 1279 բնակիչ, որից 1268-ը՝ թուրքական խումբ, 11-ը՝ հայ:

Քանի որ մարդահամարների մեթոդաբանությունը վերոնշյալ մարդահամարների կամ հաշվառումների ժամանակ տարբեր է եղել, այդ պատճառով՝ Գյուլլիբուլաղ Կարափափախ գյուղի բնակչության հիմնական ազգային խմբի համար օգտագործվում է մի քանի բնորոշում՝ իսլամ, կարափափախ, թրքո-թաթար, թուրքական խումբ:

Գյուլլիբուլաղ Կարափափախը եղել է սուննի կարափափախներով բնակեցված ամենախոշոր բնակավայրը Խորհրդային Հայաստանում:

Խորհրդային Միության հաջորդ՝ 1939, 1959, 1970, 1979 և 1989 թվականների մարդահամարների ժամանակ արդեն օգտագործվել է ադրբեջանցի անունը: 1939-ին գյուղն ունեցել է 1.388, 1959-ին՝ 1.529, 1970-ին՝ 2.459, 1979-ին՝ 2.580, իսկ 1989-ին՝ 305 բնակիչ:

Խորհրդային Հայաստանում բնակվող մուսուլմանները, այդ թվում՝ կարափափախները, դասակարգվեցին ադրբեջանցի ընդհանուր անվան տակ: 1922-ին Խորհրդային Հայաստանում կային մեկ տասնյակից ավելի պարսկական, ավելի ճիշտ՝ թաթական գյուղեր, որոնք նույնպես դարձան ադրբեջանական: Դրանցից ամենահայտնին Մեղրու շրջանի Նյուվադին էր՝ Արաքսի ափին:

Իսկ ովքեր էին կարափափախները: Բառացի թարգմանաբար՝ “սև գլխարկ” կրողները թյուրքալեզու են, դավանում են սուննի ուղղությանը (Օսմանյան կայսրության տարածքում բնակվողները): 1897 թվականի մարդահամարի տվյալներով՝ Կարսի մարզում կարափափախները կազմում էին ընդհանուր բնակչության 10 տոկոսը՝ շուրջ 30 հազար, և թվաքանակով զիջում էին միայն հայերին, թուրքերին, քրդերին և հույներին:

Խորհրդային Հայաստանից ադրբեջանցիները, այդ թվում Գյուլլիբուլաղի  բնակիչները, հեռացան հիմնականում 1988-ի վերջերին:

Պատրաստեց Թաթուլ Հակոբյանը

Կարդալ և դիտել նաև՝