Կարսի հանձնումից հետո. Չխենկելիի վրաց-հայ-թաթարական կառավարությունը

1172

Չորրորդ գլուխ, մաս երկրորդ

նախորդ մասը

Թուրք-անդրկովկասյան պատերազմը և Բաթումի բանակցությունները 

1918 ապրիլ 1-մայիս 26 

Կարսի դատարկման մասին սրտակեղեք տեղեկություններ էին գալիս: Կարսի նահանգային կոմիսար Ձամոյանը ապրիլի 14-ին պաշտոնապես հաղորդեց հետևյալը. «Անակնկալ և արտակարգ արագ հանձնման հետևանքով, որ տեղի ունեցավ Թիֆլիսից եկած հրամանով, Անդրկովկասի այս մեծագույն ամրությունը պաշտպանելու պատրաստված բնակչությունը հարկադրված եղավ լքել ամեն ինչ և Կարսը թողնել ապրիլի 12-ի երեկոյան ժամը 5-ին՝ համատարած հրդեհի մատնելով քաղաքը: Վառվում էին լավագույն շենքերը: Բնակչության նահանջի պատկերը աննկարագրելի է»:

Այսպիսի պայմաններում Չխենկելու վարչապետությունը անհանդուրժելի էր: Մենք մեր այդ տեսակետը պարզեցինք վրաց մենշևիկներին, որոնք հայտնեցին, թե համաձայն են հետ վերցնել Չխենկելու թեկնածությունը, բայց չեն ուզում ուրիշ մենշևիկի անուն տալ նրա փոխարեն: Վրացիները հաղորդեցին նաև, որ իրենք համաձայն են, որ վարչապետ դառնա Քաջազնունին և նրան աջակցելու պատրաստակամություն էին հայտնում: Այդ հայտարարությունից հետո մենք սկսեցինք խորհրդակցել առանձին: Քաջազնունին բացարձակապես անընդունելի համարեց վրացիների առաջարկը, ասելով հետևյալը. «Այժմ ամեն բան վերջացած է: Կարսը հանձնված է, այն հետ ստանալը անկարելի է, պետք է հաշվի առնել կատարված իրողությունները: Անկարելի է մեր վրա վերցնել վաղվա պատասխանատվությունը: Եթե մենք ընդունենք վրացիների առաջարկը, դա պիտի նշանակի, որ մենք մարտահրավեր ենք նետում մահմեդականներին և պատերազմի գլուխ անցնում թուրքերի դեմ: Մեր ներկա ուժերով մենք իրավունք չունենք այդպիսի քայլ անել»:

Ի վերջո, մենք մերժեցինք վրացիների առաջարկը:

Կեսգիշերին, սակայն, վրացի մենշևիկները նորից եկան մեզ մոտ և հայտնեցին, որ կրկնում են իրենց առաջարկը՝ կամ Չխենկելին, կամ՝ Քաջազնունին:

Մենք նորից քննության առանք իրադրությունը: Գիտեինք, որ հանրային կարծիքը մեզ դատապարտում է Չխենկելու դահլիճին մասնակցելու համար: Բայց ամեն բանից ի վեր էինք դասում Անդրկովկասի ժողովուրդների համերաշխության պահպանման գաղափարն ու անհրաժեշտությունը: Այդ պատճառով էլ, առավոտյան ժամը 4-ին եկանք այն եզրակացության, որ այլ ելք չունենք, քան ընդունել Չխենկելու վարչապետությունը և մտնել նրա կառավարություն: Ու մենք տվեցինք մեր հավանությունը:

Կուսակցական գործիչները զանգվածներին սկսեցին բացատրել ստեղծված տագնապալի վիճակը և դրանից բխող անխուսափելի հետևանքները: Եվ դա հաջողվեց շնորհիվ այն բանի, որ Հ. Յ. Դաշնակցությունը զմայլելի կազմակերպություն է, որն ազդեցություն ունի ժողովրդական զանգվածների վրա: Կուսակցական կարգապահությունը հաղթանակեց:

Միևնույն ժամանակ, Հայոց ազգային խորհուրդը զբաղված էր փախստականներին Ալեքսանդրապոլ փոխադրելու և տեղավորելու հարցով, ինչպես նաև՝ հայկական գավառների պաշտպանության գործով: Արդեն շատերն էին գիտակցում, որ պատերազմը կդառնա զուտ հայ-թուրքական և պիտի շարունակվի հայկական հողի վրա: Զգացվում էր, որ շուտով կովկասյան ազգությունների հակամարտությունները իրենց ծայրահեղ աստիճանին պիտի հասնեն տարբեր կողմնորոշումների պատճառով:

Ապրիլի 15-ին զորվար Նազարբեկյանը և Վեհիբ փաշան պաշտոնապես հաղորդեցին Կարսի հանձնման մանրամասնությունները: Վեհիբ փաշան իր հաղորդագրության մեջ մեղադրում էր զորավար Նազարբեկյանին այն բանում, որ հայ զորավարը թնդանոթային կրակ էր բացել թուրքական զորքերի ուղղությամբ, մի բան, որ հակառակ էր հանձնման պայմաններին: Իսկ զորավար Նազարբեկյանը մատնանշում էր այն պարագան, որ բնականոն պայմաններում բերդը կարող էր պաշտպանվել մեկ ամիս ևս, բայց հաշտության լուրերը և բանագնացների հանդիպումը զորքերի և ժողովրդի մեջ սպանեցին դիմադրության ոգին:

Այսպես թե այնպես, Կարսը թուրքերի ձեռքն ընկավ, և մեր զորքերը նահանջեցին դեպի Ալեքսանդրապոլ:

Այս փաստերից պարզ երևում է, որ Անդրկովկասի անկախության հայտարարման, հաշտության բանակցությունների և Կարսի հանձնման ծանրակշիռ խնդիրներում վրացիները բախտորոշ դեր կատարեցին: Նրանք խանդավառ ճառերով ողջունեցին պատերազմը, բայց հազիվ 9 օր անցած, հաշտության խոսք բացեցին և կատարեցին ճակատագրական քայլեր: Եվ այս դերը կարողացան խաղալ, որովհետև իրենց հետևում կանգնած էին նաև Անդրկովկասի մահմեդականները:

Չխենկելու դահլիճի կազմը հետևյալն էր. վարչապետ և արտգործնախարար՝ Չխենկելի, ներքին գործերի՝ Ռամիշվիլի, ելևմտական՝ Ա. Խատիսյան, հաղորդակցության՝ Մելիք Ասլանով  (թաթար), արդարադատության՝ Խան Խոյսկի (Ադրբեջանի ապագա վարչապետը), զինվորական՝ Գեորգաձե (վրացի), հանրային կրթության՝ Ուսուպբեկով (Ադրբեջանի ապագա վարչապետը), առևտրի՝ Հաջինսկի (թաթար), աշխատանքի՝ Արամայիս Երզնկյան, պարենավորման՝ Ավետիք Սահակյան, խնամատարության նախարար՝ Հ. Քաջազնունի, և պետական վերահսկիչ՝ Հայդարով (թաթար):

Չխենկելու դահլիճը իր կազմով ուժեղ էր, այն իր մեջ ներգրավել էր Անդրկովկասի ապագա հանրապետությունների գրեթե բոլոր վարչապետներին, նախարարներին ու դեսպաններին:

Սեյմում Չխենկելու կարդացած հայտարարությունը երկու հիմնական նպատակ էր պաշտպանում՝ հաշտություն և անկախություն: Դրանից բացի, այն ծանուցում էր շինարարական հետևյալ ծրագիրը. «Հողային հարցի լուծում, գործավոր դասակարգի  վիճակի բարելավում, ելևմտական անկախ կցության ստեղծում, պարենավորման գործի կանոնավորում, հաղորդակցության միջոցների վերականգնում և կառավարական հաստատությունների պատշաճեցում պետական նոր իրավակարգին»:

Չխենկելու հայտարարության ընթերցումից հետո արըագահտվեցին Անդրկովկասի երեք գլխավոր կուսակցությունների, այսինքն՝ ազգությունների ներկայացուցիչները: Մուսավաթի, այսինքն՝ թաթարների կողմից խոսեց Ռասուլզադեն, ով առանձին խանդավառությամբ ողջունեց Անդրկովկասի անջատումը Ռուսաստանից: Վրացի մենշևիկների կողմից խոսեց Ծերեթելին՝ փայլուն հռետոր, ով կարևոր դեր էր կատարել հեղափոխական Ռուսաստանում: Ծերեթելին Ռուսաստանից Անդրկովկասի անջատումը պատճառաբանեց երկու գլխավոր շարժառիթներով՝ արտաքին ճնշում (թուրքերի կողմից) և անկարելիություն ապրել Ռուսաստանի հետ ընդհանուր կյանքով այն օրից ի վեր, երբ իշխանությունը անցել է բոլշևիկների ձեռքը, որոնք սպանում են ժողովրդի ոգին և գործում են միմիայն բռնությամբ:

Հ. Յ. Դաշնակցության կողմից Սեյմի այս պատմական նիստում խոսեց Խաչատուր Կարճիկյանը, ով ասաց հետևյալը.

«Քաղաքացիներ, Սեյմի անդամներ, Հ. Յ. Դաշնակցության խմբակցության կողմից պետք է հայտարարեմ, որ մեր խմբակցությունը պիտի պաշտպանի քաղաքական այն ծրագիրը, որ այստեղ ներկայացվեց Անդրկովկասյան հանրապետության վարչապետի հայտարարության մեջ:

Գլխավոր, ամենից էական հարցի՝ Անդրկովկասի հանրապետության ամրապնդելու վերաբերմամբ մենք կարծում ենք, որ կառավարությունը արտաքո կարգի դժվարություններ ներկայացնող խնդիրների առաջ է կանգնած: Անկախության հայտարարման փաստը՝ ներկա արտակարգ կարևորություն ունեցող վայրկյանին և Անդրկովկասի ազգություններին սպառնացող մահացու վտանգի տակ, ինքնին արդեն ասում է, որ այդ քայլը կատարվել է արտաքին ուժերի ճնշման հետևանքով: Այդ ուժերի ճնշումը գալիս է բոլշևիկյան Ռուսաստանից և արտաքին թշնամուց: Եվ ահա այդ արտաքին ուժերը, որոնք հարկադրեցին մեզ հատկապես այսպիսի վայրկյանին հայտարարել Անդրկովկասի անկախությունը, դրդում են Անդրկովկասի ազգություններին և Անդրկովկասի դեմոկրատիային հրապարակ բերել որոշ տատանումներ: Ներկա պահին արդյոք դա է՞ փրկության ճանապարհը, թե գնում ենք դեպի կործանում:

Ահա հարցեր, որոնք մեզ մտահոգում են: Անդրկովկասյան ժողովուրդների այս վարանումը ցույց է տալիս, որ չկա այն վստահությունը, որ անհրաժեշտ է երևան բերել ներկա հանդիսավոր վայրկյանին: Պետք չէ ժխտել այս փաստը:

Տարակույս չկա, որ շատ շատերը, և ոչ միայն քաղաքական խմբակցություններն ու կուսակցությունները, այս հիմնական հարցի մասին տարակարծիք են: Եվ ահա Անդրկովկասյան նոր կառավարության առջև դրված է մի պահանջ՝ ներշնչել այդ վստահությունը, հասկացնել Անդրկովկասյան ժողովուրդներին, թե անկախությունը ինքնըստինքյան բարիք է և որ դա է Անդրկովկասի փրկության ճանապարհը: Այս ուղղությամբ, Անդրկովկասյան կառավարության առջև կանգնած են շատ ծանր դժվարություններ: Եվ եթե այն կարողանա հաղթահարել այդ դժվարությունները, վստահություն ներշնչել Անդրկովկասի դեմոկրատիային, թե անկախությունը պիտի փրկի Անդրկովկասը և տանի դեպի ազատ կյանք, դա պետք է լինի նոր կառավարության մեծագույն ծառայությունը հանդեպ Անդրկովկասի: Որովհետև, եթե չլինի այդ վստահությունը, եթե շարունակվեն վարանումները, այդ պարագայում մեր կուսակցության կողմից ես պիտի ասեմ, որ ոչ մի կառավարություն և ոչ մի ուժ չպիտի կարողանան ամրապնդել Անդրկովկասի անկախությունը  և հաստատուն հիմք գցել պետական նոր կազմի համար:

Կառավարության առջև դրված մեկ այլ արտակարգ ծանր խնդիր է հաշտության կնքումը: Այն հանգամանքը, որ նոր կառավարության գլուխ կանգնած է հաշտության նախկին պատվիրակության նախագահը, ասում է արդեն, որ նոր կառավարության համար պիտի դրվեն հաշտության շատ ծանր պայմաններ: Տրապիզոնից այստեղ եկած պատվիրակությունըլիովին վստահ էր, որ հնարավոր պիտի լինի կնքել մի հաշտություն, որ պիտի փրկի Անդրկովկասը: Պատվիրակությունը ոչ միայն ինքը վստահ էր, այլև կարողացավ այդ վստահությունը ներշնչել նաև զանգվածներին: Այդ պարագան ծանր պարտականություններ է դնում ոչ միայն պատվիրակության, այլ նաև կառավարության վրա: Այդ մուրհակով կառավարությունը պարտավորվում է վճարել:

Կառավարության առջև դրված հարցերից ոչ նվազ դժվարություն է ներկայացնում նաև Անդրկովկասի հողային միավորների ստեղծումը ըստ ազգությունների: Անկասկած, առանց այդ հիմնական հարցի լուծման, հնարավոր չէ խոսել խաղաղության և հանգստության մասին: Եթե կառավարությունը կարողանա լուծել այդ խնդիրը, որի առջև այսքան ծանր արգելքներ են դրված, այն ժամանակ կդառնա Անդրկովկասին արժանի կառավարություն:

Ահա այս գլխավոր հարցերի վերաբերյալ Հ. Յ. Դաշնակցության խմբակցությունը իր բոլոր միջոցներով պիտի պաշտպանի նոր կառավարությանը՝ ամեն կերպ աջակցելով և ջանալով դյուրացնել կառավարության գործը զանգվածներին պատրաստելու, նրանց վստահություն ներշնչելու և երկրում համապատասխան մթնոլորտ ստեղծելու աշխատանքում»:

Այս ճառերից հետո Սեյմը ընդունեց հետևյալ բանաձևը. «Լսելով անկախ Անդրկովկասյան հանրապետության առաջին դահլիճի ղեկավարի հայտարարությունը, Սեյմը ծայրահեղորեն անհրաժեշտ է գտնում իրագործված տեսնել հայտարարության մեջ հիշված կետերը արտաքին և ներքին քաղաքականության վերաբերյալ և, խոստանալով իր լիակատար աջակցությունը կառավարությանը, անցնում է հերթական հարցերին»:

Հետևյալ օրը կառավարությունը արդեն գործի վրա էր: Ես ևս գնացի ելևմտական նախարարություն և սկսեցի աշխատանքը: