Արարատը՝ Խոր Վիրապից. Վահագն Գրիգորյանի լուսանկարը

5971

Արարատը Հայկական լեռնաշխարհի ամենաբարձր լեռն է՝ 5.165 մետր: Կազմված է երկու կոնաձև մասերից՝ Մասիս՝ 5.165 մետր, և Սիս՝ 3.925 մետր:

Արարատի հիմքը ունի մոտ 130 կմ եզրագիծ և գրավում է 1200 քառ կմ տարածություն:

Արարատի գագաթը պատված է հավերժական ձյունով (ստորին սահմանը՝ 4100-4250մ), որից սնվում են մոտ 30 սառցադաշտ:

Արարատ անունը առաջին անգամ գրավոր աղբյուրներում հիշատակվել է մ. թ. ա. VII դարում Աստվածաշնչում (Գիրք ծննդոց) և հետագայում ենթարկվել զանազան ստուգաբանությունների՝ «Արայի արատ», «Հուր-արտա», «Հարա-հարա» (Լերինք լերանց), «Արիա-վարդա» (Արիաց երկիր) և այլն: Այստեղից է նաև «Ուրարտու» թագավորության անունը:

Արարատը այն բիբլիական սուրբ լեռն է, որի վրա իջևանել է Նոյյան տապանը՝ ջրհեղեղի ժամանակ: Համաշխարհային ջրհեղեղից լեռան գագաթին փրկվել են ութ հոգի՝ նոր մարդկության նախահայր Նոյը, իր կինը, որդիները և որդիների կանայք: Նոյի և իր ընտանիքի փրկության պատմությունը արձանագրված է Աստվածաշնչում (Ծննդ. 7,8): Այսպիսով Մասիսի գագաթից է սկսվել նոր՝ հետջրհեղեղյան մարդկության պատմությունը:

Արարատից Նոյը իջել է դեպի հարավ-արևելք, որտեղից և առաջացել է այդ տարածաշրջանի անվանումը՝ Նախիջևան:

Առաջին անգամ Մասիսի գագաթը փորձել է բարձրանալ Հակոբ Մծբինեցի ճգնավորը՝ Նոյան տապանը տեսնելու և նրանից որևէ մասունք բերելու նպատակով: Սակայն ճանապարհին նա հոգնել է և ննջել: Այդ ժամանակ Աստծո հրեշտակը նրան տապանից մի խաչաձև փայտ ուղարկեց: Հենց նույն տեղում, որտեղ նա ննջել էր բխեց մի աղբյուր, որը կոչվեց Հակոբա աղբյուր: Մասիսի հյուսիսարևելյան լանջին՝ Ակոռի գյուղում, IV դարում հիմնվել էր Ս. Հակոբ վանքը:

1829-ին Դորպատի համալսարանի պրոֆեսոր Ֆրիդրիխ Պարրոտի, այնուհետև 1846թ.-ին անգլիացի Հ. Դ. Սեմյուրի հետ Մասիսի գագաթն է բարձրացել հայ գրող Խաչատուր Աբովյանը:

Արարատը եղել և մնում է հայ ժողովրդի ներշնչանքի աղբյուրը:

http://findarmenia.org/arm/nature/ararat