ԱՆԻ կենտրոնի գործունեությունը 2016-ին

1534

Հայկական ուսումնասիրությունների ԱՆԻ կենտրոնը հիմնադրվել է 2014-ի հոկտեմբերի 31-ին, գործունեությունը սկսել 2015-ի հունվարին:

2016-ի ընթացքում, շնորհիվ մեր բարեկամների նվիրատվությունների, տեղեկատվական ու կազմակերպչական օժանդակության, ԱՆԻ կենտրոնը հնարավորություն ունեցավ իրականացնել հետևյալ ձեռնարկները՝ ունենալով ընդամենը երկու աշխատող:

1. Հունվարի վերջերին կենտրոնը վերահրատարակեց Հովհաննես Քաջազնունու «Հ. Յ. Դաշնակցությունը անելիք չունի այլևս», Սիմոն Վրացյանի «Խարխափումներ», Արշակ Ջամալյանի «Հ. Քաջազնունին և Հ. Յ. Դաշնակցությունը», Ռուբէն Դարբինեանի «Մեր Պատասխանը Յովհաննէս Քաջազնունիի», Վահան Նավասարդյանի «Հ. Յ. Դաշնակցության անելիքը» աշխատությունները, ինչպես նաև այս հատորները մեկ միասնական հատորում՝ «Հ. Յ. Դաշնակցությունը անելիք ունի՞, թե՞ չունի» խորագրով:

2. Այս վեց գրքերի վերահրատարակություններից հետո ԱՆԻ կենտրոնը փետրվար-մարտ ամիսներին կազմակերպեց շնորհանդեսներ Ստեփանակերտում, Գորիսում, Գավառում, Եղեգնաձորում, Կապանում, Վանաձորում, Գյումրիում, Երևանում:

3. Մարտին ԱՆԻ կենտրոնը Հայաստանի Գրողների միության և Հայաստանի Ազգային գրադարանի հետ կազմակերպեց քնարերգու բանաստեղծ Հովհաննես Ղազարյանի ԱՂՈԹԱՐԱՆ պոեմի շնորհանդեսը՝ ձոնված Հունահայոց թեմի Առաջնորդ, Գերաշնորհ Տեր Խորեն Արքեպիսկոպոս Դողրամաջյանին:

4. Մայիսին ԱՆԻ կենտրոնը Բեյրութում կազմակերպեց Հովհաննես Քաջազնունու, Սիմոն Վրացյանի, Արշակ Ջամալյանի, Ռուբէն Դարբինեանի, Վահան Նավասարդյանի, ինչպես նաև այս հատորները մեկ միասնական հատորում՝ «Հ. Յ. Դաշնակցությունը անելիք ունի՞, թե՞ չունի» խորագրով աշխատությունների շնորհանդես-վաճառք:

5. Մայիսին կենտրոնի համակարգող Թաթուլ Հակոբյանը Արցախյան հակամարտության և Հայաստան-Թուրքիա հարաբերությունների թեմայով դասախոսություններ կարդաց ԱՄՆ երեք քաղաքներում՝ Լոս Անջելեսում, Սան Ֆրանցիսկոյում և Լաս Վեգասում:

6. Սեպտեմբերին Թաթուլ Հակոբյանը Արցախյան կարգավորման, Երևան-Անկարա հարաբերությունների, Հայաստանի արտաքին քաղաքականության մարտահրավերների և հանրապետության անկախության հռչակման 25-ամյակի թեմաներով դասախոսություններ կարդաց ԱՄՆ յոթ քաղաքներում՝ Նեշվիլ, Նյու Յորք, Բոստոն, Վաշինգտոն, Չիկագո, Դետրոյտ և Նյու Ջերսի:

7. Հոկտեմբերին Գյումրիում ԱՆԻ-ն կազմակերպեց «Հայաստանի 2017-ի ընտրությունը. Հայացք ներսից և Սփյուռքից» խորագրով մեկօրյա խորհրդաժողով՝ նվիրված գարնանը Հայաստանում կայանալիք խորհրդարանական ընտրություններին:

8. Հոկտեմբերին ԱՆԻ-ն վերահրատարակեց Հայաստանի Առաջին Հանրապետության առաջին վարչապետ Հովհաննես Քաջազնունու «Ազգ և Հայրենիք» աշխատությունը:

9. Նոյեմբերին կենտրոնը իր շուրջ մեկ տասնյակ հրատարակություններով մասնակցեց Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության հովանու ներքո Անթիլիասի մայրավանքում բացված Հայ գրքի համահայկական 37-րդ ցուցահանդեսին:

10. Նոյեմբերին Բեյրութում Հայկազյան համալսարանի Հայկական Սփյուռքի ուսումնասիրության կենտրոնի հետ ԱՆԻ-ն կազմակերպեց դասախոսական երեկո, որը կրում էր “Ժամանակակից հայ պատմության քննական ներկայացումը” խորագիրը:

Տարվա ընթացքում ԱՆԻ-ի կայքում մաս-մաս հրատարակվել էր Ստեփան Սապահ Գուլյանի «Պատասխանատուները» և Ալեքսանդր Խատիսյանի «Հայաստանի Հանրապետության ծագումն ու զարգացումը» աշխատությունները, ինչպես նաև բազմաթիվ հայագիտական, պատմական և լրագրողական հոդվածներ:

Շնորհավոր ՆՈՐ ՏԱՐԻ և ՍՈՒՐԲ ԾՆՈՒՆԴ:

Հայաստանին, Արցախին և աշխարհին խաղաղություն:

Հայկական ուսումնասիրությունների ԱՆԻ կենտրոն

25 դեկտեմբեր, 2016 թվական

Կարդալ նաև՝ 

Ախալքալակում ներկայացվել է «Հայկազյան հայագիտական հանդես»-ը. տեսանյութ