Իրանի նախագահ Հասան Ռոհանին Հայաստանում

1593

Նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով պաշտոնական այցով այսօր՝ դեկտեմբերի 21-ին, Հայաստանի է ժամանել Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոհանին: Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում բարձրաստիճան հյուրին դիմավորել է Սերժ Սարգսյանը:

*****

Իրանը Հայաստանի անկախությունը ճանաչել է 1991թ. դեկտեմբերի 25-ին: 1992թ. փետրվարի 9-ին Թեհրան այցելեց արտգործնախարար Ռաֆֆի Հովհաննիսյանը. այցի ընթացքում ստորագրվեց Հայաստանի և Իրանի միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին հռչակագիր: Նույն տարվա ապրիլին Երևանում բացվեց Իրանի դեսպանությունը: Մ. Նահանգներից հետո Իրանը երկրորդ պետությունն էր, որ Հայաստանում բացեց դեսպանություն: 1992-ի դեկտեմբերին Թեհրանում բացվեց Հայաստանի դեսպանությունը:

Իրանի նախագահներից միակը, որ չի այցելել Հայաստան, Ալի Աքբար Հաշեմի Ռաֆսանջանին է: Նրան հաջորդած բոլոր երեք նախագահները՝ Մոհամմադ Խաթամին, Մահմուդ Ահմադինեժադն ու Հասան Ռոհանին այցելել են Երևան:

Մոհամմադ Խաթամին Հայաստան է այցելել 2004-ի սեպտեմբերին:

Մահմուդ Ահմադինեժադը Հայաստան այցելել է երեք անգամ՝ 2007-ի մարտին (մի քանի ժամով Ագարակ, որտեղ Ռոբերտ Քոչարյանի հետ բացումը կատարեց Իրան-Հայաստան գազատարի), նույն տարվա հոկտեմբերին և 2011-ի դեկտեմբերին:

Հայաստանի բոլոր երեք նախագահները այցելել են Թեհրան:

Լևոն Տեր-Պետրոսյանը Իրան այցելել է 1992-ի մայիսին (Արցախյան կարգավորման հարցով, մայիսի 7-ին ստորագրվել է Թեհրանի հայտարարությունը, մեկ օր անց հայկական ուժերը մտան Շուշի) և 1995-ի մարտին:

Ռոբերտ Քոչարյանը Իրան այցելել է 2001-ի դեկտեմբերին և 2006-ի հուլիսին:

Սերժ Սարգսյանը Իրան այցելել է երեք անգամ՝ 2009-ի ապրիլին, 2011-ի մարտին և 2013-ի օգոստոսին: