«Բալասանյան» դաշինքին 2 մանդատ նվիրելու որոշումը՝ Սահմանադրական դատարանում

1227

Սահմանադրական դատարանը վարույթ է ընդունել ԱԺ 32 պատգամավորների հայցադիմումը, հաղորդում է ԳԱԼԱ-ն:

Խոսքը թիվ 34 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի թիվ 141 ա որոշման դեմ ներկայացրած հայցադիմումի մասին է, համաձայն որի տեղի է ունեցել Գյումրու ՏԻՄ ընտրությունների արդյունքում ընտրություններին հաղթած կուսակցությունների միջեւ մանդատների բաշխման գործընթացը, երբ 2 մանդատ շնորհվեց «Բալասանյան» դաշինքին, ինչի արդյունքում՝ Գյումրու քաղաքապետը դարձավ Սամվել Բալասանյանը:

Ընտրություններից հետո երեք կուսակցություններ՝ Հայկական վերածնունդը, Բարգավաճ Հայաստանը եւ ԳԱԼԱ-ն, հայտարարեցին, որ մանդատների բաշխման մասին որոշումը համարում են անօրինական ու անտրամաբանական եւ հայտարարեցին բոյկոտի մասին:

Այս կուսակցությունները նաեւ դիմեցին վարչական դատարան, հիմա արդեն գործն ուղարկվել է Սահմանադրական դատարան:

Հայցվոր կողմ է Հայաստանի Ազգային ժողովը՝ 32 պատգամավորներով:

«Սահմանադրական դատարանն արդեն իսկ գործն ընդունել է վարույթ, նշանակված է դատավորը՝ պարոն Նազարյանը, ով աշխատանքային քննարկման ընթացքում երեքշաբթի օրը՝ ամսի 13-ին, կնշանակի առաջին նիստի օրը: Այսինքն, 13-ին աշխատանքային քննարկում է հրավիրել, որի ժամանակ որպես զեկուցող դատավոր պետք է առաջարկություն ներկայացնի, թե երբ է առաջին նիստը կայանալու: Այդ մասին մենք էլ կիմանանք, որովհետեւ ՍԴ-ում ես եմ լիազորված ներկայացուցիչը ԱԺ 32 պատգամավորի կողմից, եւ, բնականաբար, մեզ կծանուցեն անպայման»,- ԳԱԼԱ-ին ասել է ԱԺ պատգամավոր Հովհաննես Մարգարյանը:

ՍԴ ներկայացվող ձեւաթղթի տակ ստորագրել են պատգամավորներ ԱԺ ՀԱԿ, «Ժառանգություն», «Օրինաց երկիր» եւ ԲՀԿ խմբակցություններից: ՀՅԴ եւ ՀՀԿ խմբակցություններից պատգամավորներ չեն ստորագրել:

Պատգամավորները պահանջում են գործը քննել բանավոր ընթացակարգով՝ հաշվի առնելով այս հարցի հասարակական հնչեղությունը:

Կարդալ նաև՝ 

Գյումրիում «Բալասանյան» դաշինքը հաղթել է

https://www.aniarc.am/2016/10/04/naira-zohrabyan-gyumri-local-elections/