«Հեղինակազրկված կուսակցության» վարչապետը «ինտելեկտուալ ընդդիմություն» է երազում

1030

Հարց – Պարոն վարչապետ, Հանրապետական կուսակցությանը անդամակցության հայտ ներկայացնելով՝ Դուք պլանավորում եք ընտրել այդ կուսակցությանը որպես Ձեր քաղաքական և վարչական հիմք առաջիկա ընտրություններում և գործունեության մեջ: Հաշվի առնելով կուսակցության օբյետիվորեն բավականին ցածր վարկանիշը, ինչպիսի՞ մեխանիզմներ եք պլանավորում կիրառել այն արմատական փոխելու համար: Օրինակ, քրեական գործեր հարուցել ապօրինի գործող իշխանավորների դեմ…

Կարեն Կարապետյան – Ես բացատրել եմ իմ դրդապատճառները և մոտիվացիան՝ ինչու եմ Հանրապետական կուսակցություն ընդունվել: Այնտեղ 7 կետ է նշված… Ինչպե՞ս եմ աշխատելու և ի՞նչ եմ անելու, որ, ոնց եք ասում՝ քրեական գործե՞ր… Քրեական գործեր, ապօրինի հարստացում և այլն, դա մի գործընթաց է, որ դա ես անելու էի, անկախ նրանից, Հանրապետական մտնելու եմ, թե՝ ոչ: Որովհետև դրա անհրաժեշտությունը այսօր հասարակության մեջ կա: Իսկ մենք ի՞նչ ենք անելու, որ Հանրապետական հաղթի: Դա էլ եմ հայտարարել 7 կետի մեջ: Պատճառներից մեկը. ես Հանրապետականի հետ շփվելիս նկատել եմ իրենց մեջ, կուսակցության մեջ, առաջին հերթին փոխելու և փոխվելու ցանկություն: Կստացվի՞ դա, ժամանակը ցույց կտա: Կա՞ դրա անհրաժեշտությունը, միանշանակ կա»։

Հարց – Ո՞րն է Ձեր երազած ընդդիմությունը:

Կարեն Կարապետյան – Ինտելեկտուալ ընդդիմությունը:

****

Վարչապետ Կարեն Կարապետյանը դեկտեմբերի 3-ին մասնակցել է Հայաստանի երկարաժամկետ սոցիալ-տնտեսական զարգացման թեմայով քննարկմանը՝ «Վերափոխել Հայաստանն ու ներգրավել սփյուռքը՝ միասնականությամբ և համատեղ պատասխանատվությամբ» խորագրով:

Քննարկումը կազմակերպել էր Հայ բարեգործական ընդհանուր միությունը՝ (ՀԲԸՄ) իր 110-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում: Վարչապետն այցելել է ՀԲԸՄ կենտրոնատեղիի շենք և մինչ հանդիպումը շրջայց կատարել այնտեղ տեղակայված «IDeA» հիմնադրամի, «Լույս» հիմնադրամի, «Impact Hub Yerevan» ցանցի գրասենյակներում, ծանոթացել նրանց գործունեությանը և ծրագրերին, ողջունել ստեղծագործ նախաձեռնությունները և մաղթել հաջողություններ: Այնուհետև մեկնարկել է Հայաստանի երկարաժամկետ սոցիալ-տնտեսական զարգացման թեմայով քննարկումը, որի ընթացքում կառավարության ղեկավարը պատասխանել է բազմաթիվ հարցերի։