«Բարգավաճը» Գագիկ Ծառուկյանին հորդորում է վերադառնալ ակտիվ քաղաքականություն

988

Դեկտեմբերի 3-ին տեղի է ունեցել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության քաղաքական խորհրդի ընդլայնված նիստը, որը քննարկել է ԲՀԿ հիմնադիր նախագահ Գագիկ Ծառուկյանի ակտիվ քաղաքականություն վերադառնալու հարցն ու ընդունել հայտարարություն։

«ԲՀԿ քաղաքական խորհուրդը, հաշվի առնելով հանրապետության բոլոր համայնքներում եւ Երեւանում տասնյակ հազարավոր մեր հայրենակիցների պահանջն ու ցանկությունը,

հաշվի առնելով մեր երկրում հանրային-քաղաքական մեծ համախմբում ապահովելու անհրաժեշտությունը, որը ի զորու է իրականացնել ժողովրդի անվերապահ աջակցությունն ու վստահությունը վայելող գործիչ Գագիկ Ծառուկյանը,

հաշվի առնելով երկրի ներքին եւ արտաքին լրջագույն մարտահրավերները բացառապես մեծ համախմբմամբ լուծելու հրամայականը,

հաշվի առնելով, որ Ծառուկյանի ակտիվ քաղաքականությունից հեռանալով որեւէ այլ գործիչ եւ քաղաքական ուժ ի զորու չեղավ լուծելու այդքան անհրաժեշտ հասարակական-քաղաքական համախմբման խնդիրը,

ԲՀԿ քաղաքական խորհուրդը, մեր տասնյակ հազարավոր քաղաքացիների անունից, դիմում է ԲՀԿ հիմնադիր նախագահ Գագիկ  Ծառուկյանին՝ քննարկելու ակտիվ քաղաքականություն վերադառնալու եւ մեծ համախմբմամբ, միասնական ջանքով ու ժողովրդի աջակցությամբ մեր երկրի առջեւ ծառացած  խնդիրները լուծելու հարցը»,- ասված է ԲՀԿ քաղաքական խորհրդի հայտարարության մեջ:

Այսօր՝ դեկտեմբերի 3-ին տեղի ունեցած ԲՀԿ քաղաքական խորհրդի ընդլայնված նիստին մասնակցել են ԲՀԿ քաղաքական խորհրդի անդամները, ԲՀԿ տարածքային կառույցների պատասխանատուներն ու տարածքային խորհուրդների ակտիվների ներկայացուցիչները, ասվում է կուսակցության մամուլի ծառայության տարածած հաղորդագրության մեջ։

ԲՀԿ քաղաքական խորհրդի ընդլայնված նիստը քննարկել է առաջիկա խորհրդարանական ընտրություններին ընդառաջ կուսակցության կազմակերպչական հարցերը։ Համաձայն հաստատված ժամանակացույցի՝ ԲՀԿ քաղաքական խորհրդի անդամները, ԲՀԿ խմբակցության եւ ԲՀԿ Երեւանի ավագանու անդամները հանրապետության մարզերում եւ Երեւանի համայնքներում կկազմակերպեն հանրային հանդիպում-քննարկումներ՝ երկրում առկա խնդիրների շուրջ հանրության տեսակետը լսելու եւ ԲՀԿ նախընտրական ծրագիրը ժողովրդի հետ քննարկումների արդյունքում ամբողջացնելու համար։

ԲՀԿ քաղաքական խորհրդի ընդլայնված նիստը քննարկել է առաջիկա խորհրդարանական ընտրություններին ընդառաջ նախընտրական հնարավոր դաշինքների հարցը։

Քննարկվել են  նաեւ ռեյտինգային ընտրակարգով կուսակցական առաջադրումները։

Առաջիկա խորհրդարանական ընտրություններին ընդառաջ քննարկվել են կուսակցական-կազմակերպչական մի շարք հարցեր եւս։

ԲՀԿ նախագահ Նաիրա Զոհրաբյանը,  ԲՀԿ քաղխորհրդի անդամներ Միքայել Մելքումյանը, Վահե Էնֆիաջյանը, Սերգեյ Բագրատյանը, ինչպես նաեւ կուսակցության տարածքային կառույցների պատասխանատուներ հանդես են եկել կուսակցության քաղխորհրդի եւ տարածքային կառույցների կատարած աշխատանքի հաշվետվությամբ եւ առաջարկներով։