«Լուսավոր Հայաստան»-ը, «Հանրապետություն»-ը և «Քաղաքացիական պայմանագիր»-ը նախընտրական միավորում են կազմում

319

«Հանրապետություն» կուսակցության մամուլի ծառայությունը տարածել է հաղորդագրություն, համաձայն որի այսօր՝ դեկտեմբերի 1-ին տեղի ունեցած «Լուսավոր Հայաստան», «Հանրապետություն», «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունների ներկայացուցիչների հանդիպման ընթացքում ձեռք են բերվել համագործակցության վերաբերյալ հստակ պայմանավորվածություններ:

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության մամուլի խոսնակ Ռուբեն Ռուբինյանը ՍիվիլՆեթին ասել է. «Երեք ուժերը միտված են կայուն, հստակ և երկարաժամկետ համագործակցության թե ընտրություններից առաջ, թե դրանց ընթացքում, թե դրանցից հետո»: Նա հավելել է, որ ներկայում իրական հնարավորություն է ստեղծվել հիմնելու մեկ ընդդիմություն։

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ֆեյսբուքյան էջում տեղադրված հայտարարության մեջ ասվում է. «Ուրախ ենք տեղեկացնել, որ այսօր տեղի է ունեցել «Լուսավոր Հայաստան», «Հանրապետություն», «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունների ներկայացուցիչների հանդիպում, որի ընթացքում ձեռք են բերվել համագործակցության վերաբերյալ հստակ պայմանավորվածություններ: Դեկտեմբերի 12-ին երեք կուսակցությունները հանդես կգան համատեղ հայտարարությամբ»:

Լուսանկարում՝ «Լուսավոր Հայաստան» կուսակցության առաջնորդ Էդմոն Մարուքյանը