Ապրիլ 24-ի փոխարեն՝ Մայիս 28. «Ավրորա-2017» մրցանակաբաշխության օրը

1417

«Ավրորա-2017» մրցանակաբաշխությունը տեղի կունենա Մայիսի 28-ին՝ Հայաստանի Առաջին Հանրապետության հռչակման օրը: Հենց այդ օրը հայտնի կդառնա «Ավրորա»-ի երկրորդ մրցանակակիրը: «Ավրորա»-ի առաջին մրցանակաբաշխությունը կայացել էր Ապրիլի 24-ին՝ Հայոց ցեղասպանության հիշատակման ու ոգեկոչման օրը:

«Մենք տեսնում ենք ճանապարհ մահից մինչև կյանք, ճանապարհ հուսահատությունից մինչև հույս, ճանապարհ սպանությունից, դժոխքից մինչև հաղթանակ։ «Ավրորայի» իմաստը գիտեք՝ այդ է։ Եվ հայ ժողովուրդը, որին փորձեցին ոչնչացնել, որին փորձեցին ջնջել աշարհի պատմությունից և աշխարհի երեսից ապրիլի 24-ին, այն փրկյալ հայերը հիմնականում մի քանի տարի հետո ստեղծեցին առաջին հայկական հանրապետությունը, և դա շատ կարևոր սիմվոլիզմ է»,- նոյեմբերի 30-ին հրավիրած ասուլիսի ընթացքում ասել է «Ավրորա» նախաձեռնության ղեկավար Արման Ջիլավյանը։

Նա նշել է, որ 2017թ․ «Ավրորա» մարդասիրական մրցանակի միջոցառումները տևելու են մեկ ամսից ավելի՝ Ապրիլ 24-ից Մայիս 28-ը: Հայաստանում կայանալիք միջոցառումներից բացի, կլինեն միջոցառումներ աշխարհի տարբեր կենտրոններում՝ և՛ քաղաքական, և՛ տեղեկատվական։

2017Թ. «ԱՎՐՈՐԱ» ՄՐՑԱՆԱԿԻ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԸ՝ ԱՊՐԻԼԻ 24-ԻՑ ՄԱՅԻՍԻ 28-Ը

«Ավրորա» մրցանակի հավակնորդների անունները կհայտարարվեն ապրիլի 24-ին: Հավակնորդներից մեկը մայիսի 28-ին Երեւանում կճանաչվի 2017 թվականի «Ավրորա» մրցանակի դափնեկիր: Ապրիլի 24-ից մայիսի 28-ն ընկած ժամանակահատվածում «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունն աշխարհով մեկ կկազմակերպի մի շարք միջոցառումներ՝ ներկայացնելով մրցանակի 2017 թվականի հավակնորդների ոգեշնչող պատմությունները, ինչպես նաեւ մարդասիրական գործունեությունն աշխարհում:  

«Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը եւ 1 միլիոն դոլարի նվիրատվությամբ «Ավրորա» մրցանակն ստեղծվել են Հայոց ցեղասպանությունը վերապրողների անունից եւ ի երախտագիտություն նրանց փրկողների: 2016թ. ապրիլի 24-ին Երեւանում կայացած «Ավրորա» անդրանիկ մրցանակաբաշխության ընթացքում Բուրունդիի REMA հիվանդանոցի եւ Խաղաղության տան (Maison Shalom) հիմնադիր Մարգարիտ Բարանկիցեն դարձավ մրցանակի առաջին դափնեկիրը:

Բարանկիցեն գնահատանքի արժանացավ այն բացառիկ ազդեցության համար, որ նա ունեցել է Բուրունդիում քաղաքացիական պատերազմի տարիներին՝ փրկելով հազարավոր կյանքեր եւ օգնության ձեռք մեկնելով որբերին ու փախստականներին: Հետեւելով այս բացառիկ մրցանակի կանոններին՝ դափնեկիրը 1 միլիոն դոլար դրամաշնորհը տրամադրել է իրեն ոգեշնչած կազմակերպություններին՝ «Բրիդերլեխ Դելեն» (Լյուքսեմբուրգ) հիմնադրամին, «Ժան-Ֆրանսուա Պետերբրոկ» հիմնադրամին եւ Լյուքսեմբուրգի Մեծ Դքսի եւ Մեծ Դքսուհու հիմնադրամին:

Հայերը փորձում են վերափոխել ընկալումը՝ զոհից արժանապատիվ եւ ստեղծարար քաղաքացիների: Հավատարիմ մնալով այդ ջանքերին՝ «Ավրորա» մրցանակաբաշխությունը փառաբանում է մարդկայնության համընդհանուր ոգին եւ տոկունությունը: Այս անգամ այն իր գագաթնակետին կհասնի մայիսի 28-ին Երեւանում:

Մայիսի 28-ը՝ Առաջին հանրապետության օրը, Հայոց ցեղասպանությունը վերապրողների կամքի դրսեւորումն է, որոնք Եղեռնից ընդամենը երեք տարի անց հռչակեցին  Հայաստանի առաջին հանրապետությունը: Մրցանակի հանձնման արարողությունը եւ ուղեկցող միջոցառումները կարժեւորեն այդ ուղին՝ մահից դեպի կյանք, սարսափից դեպի հույս, կործանումից՝ վերածնունդ:

2017 թվականի «Ավրորա» մրցանակի հավակնորդների անունները կհայտարարվեն ապրիլի 24-ին: Հավակնորդներից մեկը մայիսի 28-ին Երեւանում կճանաչվի 2017 թվականի «Ավրորա» մրցանակի դափնեկիր: Դափնեկրին եւ հավակնորդներին կորոշի «Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովը՝ 66 երկրից ներկայացված 558 առաջադրումներից:

««Ավրորա» մրցանակի հիմքում այն մարդկանց հարգանքի տուրք մատուցելու ցանկությունն է, որոնք իրենց կյանքը նվիրել են այլոց փրկության գործին: Ուրախալի է, որ այս կարճ  ժամանակում նախաձեռնությունը հնչեղություն ու ճանաչում ձեռք բերեց աշխարհի տարբեր երկրներում եւ համայնքներում», – ասել է «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր Նուբար Աֆեյանը:

«1918թ. մայիսի 28-ին ցեղասպանությունը վերապրողները համարձակություն ունեցան հռչակելու անկախություն: Նրանց այս քայլը փաստում է, որ վերապրողները ոչ միայն հաղթահարում են սարսափելի դժվարությունները, այլ նաեւ դառնում են համաշխարհային հանրության ստեղծարար ու նվիրված անդամներ: «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը կարեւորում է հուսալքությունից լավատեսություն վերափոխման հեռանկարը. հնարավորություն, որը բոլորինն է», – նշել է  նախաձեռնության համահիմնադիր Ռուբեն Վարդանյանը:

Ապրիլի 24-ից մայիսի 28-ն ընկած ժամանակահատվածում «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունն աշխարհով մեկ կկազմակերպի մի շարք միջոցառումներ՝ ներկայացնելով մրցանակի 2017 թվականի հավակնորդների ոգեշնչող պատմությունները, ինչպես նաեւ մարդասիրական գործունեությունն աշխարհում: Միջազգային մարդասիրական գործիչների մասնակցությամբ Aurora Dialogues քննարկումների շարքըմեկնարկել է Երեւանում՝ «Ավրորա» անդրանիկ մրցանակաբաշխության օրերին: Այս քննարկումները եւս կընդլայնվեն՝ դառնալով «Ավրորայի» միջոցառումների հիմնական բաղադրիչներից մեկը:

https://auroraprize.com/hy/aurora/detail/10532/2017-24-28

Արման Ջիլավյանի մամուլի ասուլիսի ամբողջական տեսանյութը՝