Հայ-ադրբեջանական բանակցություններ. հարցազրույց Աշոտ Մանուչարյանի հետ (1990թ)

1089

Այս հարցազրույցը տպագրվել է ՀՀՇ կուսակցության ՀԱՅՔ թերթի 1990 թվականի փետրվարյան համարներից մեկում: Այն վերցրել ենք http://www.hambardzum.am/ կայքից:

____________________________________________

Վերջերս Բալթյան խորհուրդը կազմակերպեց Հայաստանի եւ Ադրբեջանի ժողովրդական շարժումների պատվիրակությունների հանդիպումը Ռիգայում։ Այն նախատեսում էր քաղաքական երկխոսություններ՝ առաջացած բազմաթիվ հարցերի վերաբերյալ։ Հայկական կողմը ներկայացնում էին ՀՀՇ վարչության անդամներ Աշոտ Մանուչարյանը, Աշոտ Բլեյանը, Դավիթ Վարդանյանը և Համբարձում Գալստյանը։

«Հայքի» խմբագրությունը հարցազրույց ունեցավ Աշոտ Մանուչարյանի հետ։

Ի՞նչ նպատակ են հետապնդում այս քաղաքական խորհրդակցությունները։

― Վերջին ժամանակներս երկու ժողովուրդների միջեւ հակամարտությունը հասել է իր գագաթնակետին։ Այսօր մենք ապրում ենք այնպիսի ժամանակներ, երբ պետք է հաշվարկվեն երկրում կատարվող կամ կատարվելիք հնարավոր փոփոխությունների բոլոր վարկածները։ Կայսրությունը կարող է փլուզվել, կամ Ռուսաստանը, իր իսկ շահերից ելնելով, կարող է, թեկուզ ժամանակավորապես, դեմ-դիմաց թողնել Հայաստանը և Ադրբեջանը։

Ճակատագրի բերումով, այս երկու ժողովուրդները պիտի ապրեն հարևանությամբ։ Ուրեմն, պետք էր որոշել՝ ապրել անընդհատ կռվելո՞վ, թե՞ այլ ելք գտնել՝ միաժամանակ հաշվի առնելով Հայաստանի հետ Արցախի վերամիավորման փաստը։ Այս նկատառումներով էլ մեկնեցինք Ռիգա։

Ի՞նչ սկզբունքային հարցեր քննարկվեցին այնտեղ։ Ի՞նչ տվեց հանդիպումը։

― Քննարկվեցին պատգամավորների հարցը, բանտարկյալների հարցը և կայացավ ներքին համաձայնություն՝ հաջորդ հանդիպմանը Արցախի պատվիրակության ներկայության մասին։ Ըստ պայմանավորվածության, եթե հետագայում կայանան հանդիպումներ, կքննարկվի նաև Արցախի հարցը։

Կայացավ մի կարևոր որոշում, ըստ որի՝ երկու կողմերն իրենց գործողություններում պետք է առաջնորդվեն միջազգային իրավունքի սկզբունքներով։ Իհարկե, կացությունը շատ դժվար է և արդյունքների հասնել միանգամից հնարավոր չէ։

Սակայն ժամկետներ դրվեցին պատանդների ազատման համար և կայացավ նախնական պայմանավորվածություն, համաձայն որի՝ ադրբեջանական կողմը պետք է բանակցություններ վարի իր կառավարության հետ՝ բանտարկյալների տեղափոխման վերաբերլյալ։

Այս բոլոր հարցերը չէ, որ արտացոլվել են կոմյունիկնեում, սակայն բանավոր համաձայնություն է կայացվել և պետք է քննարկվի հաջորդ հանդիպումներում։

Իսկ ի՞նչ երաշխիքներ կան և որքանո՞վ են իրական նրանց խոստումները։

― Այս հարցը մեզ էլ էր հուզում։ Նախ, մենք փորձեցինք պարզել, թե ովքեր են ներկայացնում ադրբեջանական կողմը։ Արդյո՞ք նրանք չեն մասնակցել հայկական ջարդերին։ Քանի որ սա մեզ համար սկզբունքային հարց է, և մենք չենք կարող երկխոսության մեջ մտնել այն մարդկանց հետ, ում ձեռքերը արյունոտ են։ Մենք պետք է պարզեինք, թե որքանով են նրանք ներկայացնում ժողովրդական ճակատը, իսկ վերջինս՝ ադրբեջանական ժողովրդին։ Այս հարցի քննարկման ժամանակ էլ անդրադարձանք Սումգայիթի, Բաքվի, Կիրովաբադի ջարդերին։

Նրանց ասացինք, որ մեր ժողովուրդը այդ ջարդերը ուղղակիորեն կապում է Ադրբեջանի ժողովրդական ճակատի հետ։

Նրանք պատասխանեցին, թե ջարդերը կազմակերպել է կենտրոնը, թե դրանց միգուցե մասնակցել են ճակատից որոշ մարդիկ, սակայն ճակատի ընդհանուր դիրքորոշումը այլ է եղել։ Նրանք վկայակոչեցին իրենց ելույթները միտինգներում և ջարդերի դատապարտման քաղաքական գնահատականը՝ ժողովրդական ճակատի թերթում։ Նաև պնդեցին, թե ժողովրդական ճակատի որոշ ակտիվիստներ մասնակցել են հայերին ամբոխից փրկող ջոկատների աշխատանքներին։

Ադրբեջանական կողմից ովքե՞ր էին մասնակցում այս խորհրդակցությանը։

Հիքմեթ Հաջի Զադեն, Սաբիթ Բագիրովը։ Նրանք ճակատի տեսաբաններն են։ Ըստ նրանց տվյալների, Պանախովը ժողովրդական ճակատում չէ, իսկ Մամեդովը ռազմական խորհրդի անդամ է և իրեն ճակատից դուրս է հայտարարել։

Ինչո՞վ վերջացան խորհրդակցությունները

― Ինչպես գիտեք, Ազատի [գյուղ Հյուսիային Արցախում, այսօր ադրբեջանական վերահսկողության տակ- ԱՆԻ] հայտնի դեպքերի կապակցությամբ ՀՀՇ-ի վարչությունը հետեւյալ հեռագիրը ուղարկեց Ռիգա․ «Իրադրության կտրուկ փոփոխության պատճառով, որը հետեւանք էր զինվորականների, Խանլարի շրջանի հայ բնակչության բռնի տեղահանությանն ուղղված գործողությունների, ՀՀՇ վարչությունը հնարավոր չի համարում Ռիգայում համատեղ կոնսուլտացիաների հետագա շարունակումը ՀՀՇ-ի և Ադրբեջանի ԺՃ-ի ներկայացուցիչների միջեւ, որ տեղի էին ունենում Բալթյան խորհրդի նախաձեռնությամբ։ Կոնսուլտացիաների ժամանակ ձեռք բերված պայմանավորվածությունները, այդ թվում և համատեղ կոմյունիկեն, ՀՀՇ վարչությունը չի հաստատում և չեղյալ է հայտարարում։ Համատեղ կոնսուլտացիաները և բանակցությունները հնարավոր են միայն նման գործողությունների բացառման պայմաններում»։

Մենք այն ներկայացրեցինք ադրբեջանական կողմին, որը, ըստ իս, հանկարծակիի եկավ։ Ըստ նրանց հայտարարության, սա կենտրոնի հերթական սադրանքն է՝ վիժեցնելու համար այս հանդիպումը։ Խորհրդակցությունը ընդհատվեց, պայմանով, որ հանդիպում ընդհանրապես կարող է տեղի ունենալ, եթե ադրբեջանական կողմի գործողությունները չհակասեն մեր ժողովրդի շահերին եւ մասնավորապես վերջ չտրվեն Գետաշենի ենթաշրջանում կատարվող պրովոկացիաներին։ Այս հանդիպման ամենակարեւոր պահը, իհարկե, այն է, որ հարաբերությունները անմիջական են և ոչ մի երրորդ կողմ չի կարող դա օգտագործել այլեւայլ քաղաքական սադրանքների համար։

Հարցազրույցը վարեց՝ Անահիտ Ասատրյանը

Հայք, N 3, փետրվար, 1990թ.