Արտգործնախարար Արարատ Միրզոյանի ելույթը ՄԱԿ անվտանգության խորհրդի հրատապ նիստում. 16 օգոստոսի, 2023

4618

Օգոտսոսի 16-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը մասնակցել է  ՄԱԿ Անվտանգության խորհրդի հրատապ նիստին, որը հրավիրվել էր Հայաստանի պահանջով՝ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման և Լեռնային Ղարաբաղի լիակատար շրջափակման հետևանքով ԼՂ-ում հումանիտար իրավիճակի վատթարացման առնչությամբ։

Արարատ Միրզոյանի ամբողջական ելույթը ներկայացված է ստորև։

«Տիկին նախագահ,

Հարգելի՛ գործընկերներ,

Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Անվտանգության խորհրդին այս արտահերթ նիստը գումարելու համար՝ Լեռնային Ղարաբաղում հումանիտար իրավիճակը քննարկելու նպատակով, որը ստեղծվել է Լաչինի միջանցքի` Լեռնային Ղարաբաղը Հայաստանի և արտաքին աշխարհի հետ կապող միակ ճանապարհի` 8-ամսյա արգելափակման հետևանքով:

Այսօր ես այստեղ եմ հայցելու այս հեղինակավոր կառույցի աջակցությունը մեր տարածաշրջանում արդար և համապարփակ խաղաղության և կայունության հասնելու հեռանկարը պահպանելու հարցում, որը լրջորեն խաթարվում է Ադրբեջանի կողմից՝ ԼՂ-ում մարդասիրական աղետի հրահրման միջոցով:

Վերջին երկու տարիների ընթացքում Հայաստանը միջազգային հանրության աջակցությամբ ջանք չի խնայել մեր տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատման համար։ Եվ կարծում եմ, որ այսօր մենք դեռ հնարավորություն ունենք հասնելու այս նպատակին։ Սակայն ԼՂ-ում առկա հումանիտար իրավիճակը մեծապես կարող է վատթարացնել խաղաղության հեռանկարները Հարավային Կովկասի ողջ տարածաշրջանում և դրանից դուրս։

Տիկնայք և պարոնայք,

Այսօր ես կցանկանայի մանրամասնել՝ առաջարկելով ձեզ դատել ոչ թե արդարացումների հիման վրա, որոնք կարող էիք համարել ճշմարիտ կամ կեղծ, այլ արժեքների և փաստերի հիման վրա:

Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրը սկսվում է մարդկության բոլոր անդամների անկապտելի արժանապատվության և հավասար ու անօտարելի իրավունքների ճանաչմամբ՝ որպես աշխարհում ազատության, արդարության և խաղաղության հիմք: Անկախ իրենց բնակության վայրից՝ բոլոր մարդիկ օժտված են նույն իրավունքներով և արժանապատվությամբ, նրանց պետք է վերաբերվել մեծագույն հարգանքով և հոգատարությամբ նույնիսկ պատերազմի ժամանակ: Ցավոք, Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը զրկված է նման վերաբերմունքից՝ հայտնվելով լիակատար շրջափակման մեջ։

Այժմ թույլ տվեք ներկայացնեմ իրադարձությունները, փաստերն ու թվերը, որոնք ցույց են տալիս շրջափակված Լեռնային Ղարաբաղում առկա իրողությունները:

2020թ. նոյեմբերի 9. Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների կողմից ստորագրված եռակողմ հայտարարություն, որի 6-րդ կետի համաձայն՝ «Լաչինի միջանցքը (5 կմ լայնությամբ), որը կապ կապահովի Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի միջև…, կմնա Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ ուժերի վերահսկողության ներքո:

2022թ. դեկտեմբերի 12. Ադրբեջանը բնապահպանական մտահոգությունների կեղծ պատրվակով արգելափակեց Լաչինի միջանցքը: Այդ պահից ի վեր ներքին սահմանափակ պաշարների աստիճանական օգտագործումը հանգեցրել է սննդի սուր պակասի և խանութների փակմանը: Մինչ շրջափակումը սպառվող սննդամթերքի շուրջ 90%-ը ներկրվում էր Հայաստանից, և Լեռնային Ղարաբաղի բնակչությունն այսօր չի ստանում օրական 400 տոննա առաջին անհրաժեշտության ապրանք: Ներկայումս պարենի խիստ պակաս կա, այդ թվում՝ մանկական սննդի, ալյուրի, շաքարավազի, ինչպես նաև դեղորայքի, վառելիքի և այլն: Ավելին, վառելիքի բացակայության և ադրբեջանական կողմից աշխատողների թիրախավորման պատճառով գրեթե բոլոր գյուղատնտեսական աշխատանքները դադարեցվել են։ Արդյունքում շփման գծին հարակից մոտ 10000 հեկտար հողատարածք մնում է անմշակ։

2022թ. դեկտեմբերի 20. ՄԱԿ Անվտանգության խորհուրդն առաջին անգամ քննարկեց հարցը, և խորհրդի անդամների ճնշող մեծամասնությունը կոչ արեց Ադրբեջանին վերացնել շրջափակումը:

2022թ. դեկտեմբերից պարբերաբար և 2023թ. մարտից ամբողջությամբ (ընդհանուր առմամբ մոտ 180 օր) Ադրբեջանը խափանել է Լեռնային Ղարաբաղ բնական գազի միակ մատակարարումը։ Գազամատակարարման դադարեցումն արդեն իսկ հանգեցրել է մի շարք բացասական հումանիտար հետևանքների, ինչպիսիք են. 1. հիվանդանոցների աշխատանքի խաթարում, 2. դպրոցներում և մանկապարտեզներում կրթական գործընթացների խաթարում, 3. կենսական նշանակություն ունեցող հաստատությունների և սոցիալական ծառայությունների աշխատանքի խաթարում, 4. մարդկանց տները գազով տաքացնելու անկարողությունը, 5. շատ տներում տաք ջրի հասանելիության կորուստ, (6) տրանսպորտային միջոցների համար վառելիքի բացակայություն և այլն։

2023թ. հունվարի 9-ից (ավելի քան 210 օր) Ադրբեջանը խափանել է Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի միջև միակ բարձրավոլտ գծով էլեկտրաէներգիայի մատակարարումը։ Այդ ժամանակից ի վեր, ապավինելով միայն տեղական էլեկտրաէներգիայի սահմանափակ ռեսուրսներին, Լեռնային Ղարաբաղը ստիպված է եղել ընդամենը մի քանի ժամով իրականացնել էլեկտրաէներգիայի հովհարային անջատումներ։

2023թ. փետրվարի 22. Արդարադատության միջազգային դատարանը հրատապ միջոց է կիրառել «Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին» միջազգային կոնվենցիայի շրջանակներում (Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի) գործի շրջանակներում, ըստ որի Ադրբեջանը պետք է «ձեռնարկի անհրաժեշտ բոլոր միջոցները՝ ապահովելու Լաչինի միջանցքով անձանց, տրանսպորտային միջոցների և բեռների՝ երկու ուղղություններով անխափան տեղաշարժը»:

2023թ. ապրիլի 23. Ադրբեջանը, խախտելով Արդադադատության միջազգային դատարանի որոշումը և 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը, անցակետ է տեղադրել Լաչինի միջանցքում։

2023թ. հունիսի 15. Ադրբեջանն ավելի հեռուն գնաց՝ Լաչինի միջանցքը փակելով ամբողջությամբ՝ արգելելով ցանկացած, նույնիսկ մարդասիրական մուտք դեպի Լեռնային Ղարաբաղ, այդ թվում՝ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի համար։

2023թ. հուլիսի 6. Արդարադատության միջազգային դատարանը վերահաստատեց 2023թ. փետրվարի 22-ի իր որոշումը:

2023թ. հուլիսի 25. ԿԽՄԿ-ն՝ միակ միջազգային մարդասիրական կազմակերպությունը, որը գործում է ԼՂ-ում ավելի քան 30 տարի, հայտարարել է. «Չնայած համառ ջանքերին, ԿԽՄԿ-ն ներկայումս ի վիճակի չէ մարդասիրական օգնություն հասցնել քաղաքացիական բնակչությանը Լաչինի միջանցքով կամ այլ ուղիներով»:

2023թ. հուլիսի 26. Հայաստանի Հանրապետությունը հումանիտար ավտոշարասյուն է ուղարկել, որը մինչ օրս մնում է Լաչինի միջանցքի մուտքի մոտ, քանի որ ադրբեջանական կողմը մերժում է մուտքը:

2023թ. օգոստոսի 2․ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը վերահաստատեց իր խորը մտահոգությունը Լաչինի միջանցքով ազատ տեղաշարժի հետ կապված մարտահրավերների առնչությամբ՝ հիշեցնելով Արդարադատության միջազգային դատարանի որոշումների կատարման անհրաժեշտության մասին նախորդ հայտարարությունը, «ներառյալ 2023թ. փետրվարի 22-ին ընդունված և 2023թ. հուլիսի 6-ին վերահաստատված որոշումները` կապված Լաչինի միջանցքով անձանց, տրանսպորտային միջոցների և բեռների՝ երկու ուղղություններով անխափան տեղաշարժի հետ»: Գլխավոր քարտուղարն այնուհետև առանձնահատուկ մտահոգություն հայտնեց տեղում վատթարացող հումանիտար իրավիճակի վերաբերյալ և կոչ արեց «հրատապ քայլեր ձեռնարկել՝ կարիքավոր մարդկանց մարդասիրական օգնություն հասցնելու հասանելիությունը հեշտացնելու համար»:

2023թ․ օգոստոսի 7․ ՄԱԿ-ի մարդու իրավունքների փորձագետների խումբ․ Սննդի իրավունքի հարցերով հատուկ զեկուցողը, կրթության իրավունքի հարցերով հատուկ զեկուցողը, տարեցների կողմից մարդու բոլոր իրավունքներից օգտվելու հարցերով անկախ փորձագետը և հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների հարցերով հատուկ զեկուցողն ահազանգել են Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շարունակվող շրջափակման և սարսափելի հումանիտար ճգնաժամի վերաբերյալ, որը «բնակչությանը կանգնեցրել է սուր պակասի առջև» և «բնակիչների՝ հատկապես երեխաների, հաշմանդամություն ունեցող անձանց, տարեցների, հղի կանանց և հիվանդների կյանքը լուրջ վտանգի տակ դրել»։

Ամփոփելով նշենք, որ շրջափակման պատճառով Լեռնային Ղարաբաղում տնտեսական ակտիվություն չկա։ Հազարավոր մարդիկ մնացել են գործազուրկ, քանի որ աշխատավարձ վճարելու հնարավորություն չկա։ Նույնիսկ այն մարդիկ, ովքեր գումար ունեն, չեն կարողանում ոչինչ գնել, քանի որ խանութները դատարկ են։ Կանայք, երեխաները, տարեցները երկար հերթեր են կանգնում, որպեսզի կարողանան հաց կամ միրգ ու բանջարեղեն գնել։ Երբեմն նրանք ստիպված են լինում ոտքով անցնել տասնյակ կիլոմետրեր՝ դատարկ խանութներ և դեղատներ հասնելու համար։ Լեռնային Ղարաբաղի իշխանությունները ստիպված են եղել պարենային կտրոններ տրամադրել որոշակի սննդամթերքների համար, այդ թվում՝ բրնձի, շիլայի, շաքարի և այլն: Սովի լուրջ վտանգ կա։

Եվս մի քանի այլ տվյալներ.

120․000՝ Լեռնային Ղարաբաղում ապրող մարդկանց թիվը, ովքեր զրկված են իրենց հիմնարար իրավունքներն իրականացնելու հնարավորությունից:

20․000՝ տարեց մարդկանց թիվը, ովքեր հասարակական տրանսպորտի բացակայության պատճառով անգամ տեղաշարժվելու հնարավորություն չունեն։

30․000՝ ԼՂ-ում ապրող երեխաների թիվը, ովքեր տառապում են թերսնումից և սննդի պակասից։

270՝ երեխաների թիվը, ովքեր չեն կարողանում վերադառնալ Լեռնային Ղարաբաղ և վերամիավորվել իրենց ընտանիքների հետ։

2000՝ Լեռնային Ղարաբաղում բնակվող հղի կանանց թիվը, ովքեր անգամ տարրական հասանելիություն չունեն առողջապահական ծառայություններին։

9.000՝ հաշմանդամություն ունեցող անձանց թիվը, ովքեր զրկված են պատշաճ բուժսպասարկումից։

4.700 և 8.450՝ համապատասխանաբար շաքարային դիաբետով և արյան շրջանառության հիվանդություններ ունեցող մարդկանց թիվը, որոնց առաջին անհրաժեշտության դեղամիջոցները սպառվում են։

Այս բոլոր իրադարձությունները վերջին 8 ամիսների ընթացքում կրկնապատկել են մահացությունների թիվը ԼՂ-ում։ Ավելին, դեղամիջոցների, ախտահանիչ միջոցների և հիգիենայի այլ պարագաների բացակայությունը համաճարակների վտանգ է ստեղծում։

710՝ ողջ շրջափակման ընթացքում ԿԽՄԿ ուղեկցությամբ տարհանված հիվանդների և նրանց ուղեկցող անձանց ընդհանուր թիվը, ովքեր իրենց առողջական վիճակն ապացուցելու և տարհանման «թույլտվություն» ստանալու համար անցել են նվաստացուցիչ ընթացակարգ։

1՝ հստակ անուն-ազգանունով մարդ՝ Վագիֆ Խաչատրյան, ով առևանգվել է անցակետի մոտ՝ ԿԽՄԿ ուղեկցությամբ վիրահատության նպատակով Հայաստան տեղափոխվելու ճանապարհին: Նա առևանգվել է՝ լինելով միջազգային մարդասիրական պաշտպանության ներքո։ Սա միակ միջադեպը չէ, երբ Ադրբեջանը միտումնավոր խոչընդոտել է ԿԽՄԿ-ի աշխատանքը։

1՝ մեկ այլ անձ՝ հստակ անուն-ազգանունով՝ Կարո Հովհաննիսյան, ով երեկ է կյանքից հեռացել։ Դիահերձման եզրակացության համաձայն, նա մահացել է սովի և տևական թերսնման պատճառով։

2՝ 3-ամյա Լեոն և 6-ամյա Գիտան, ովքեր մահացել են Մարտակերտում, քանի որ իրենց մայրը ստիպված է եղել մենակ թողնել երեխաներին և ոտքով գնալ մոտակա քաղաք՝ նրանց համար սնունդ գտնելու հույսով:

Տիկնայք և պարոնայք,

Նախորդ ամիսներին ձեզանից շատերը փորձել են հասցեագրել Լաչինի միջանցքի բացման խնդիրը։ Այնուամենայնիվ, չնայած բոլոր կոչերին, 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ստանձնած պարտավորություններին, Արդարադատության միջազգային դատարանի իրավաբանորեն պարտավորեցնող որոշումներին, իրավիճակը չի բարելավվել։ Հակառակը, Ադրբեջանն աստիճանաբար, բայց հետևողականորեն սրել է շրջափակումը՝ ընդհուպ մինչև Լեռնային Ղարաբաղի լիակատար պաշարում։ Հայաստանն իր մտահոգությունն է հայտնել Լաչինի միջանցքի փակման հետևանքով հումանիտար ճգնաժամի խորացման վերաբերյալ Ադրբեջանի հետ բոլոր բանակցություններում, որոնց առանձին օժանդակել և միջնորդել են ԱՄՆ-ն, ԵՄ-ն, Ռուսաստանը։ Եվ, այնուամենայնիվ, ապարդյուն:

Այս ողջ ընթացքում Ադրբեջանի կողմից ցուցաբերած ներգրավվածությունը կարող է բնութագրվել ցանկացած կերպ, բայց ոչ բարեխիղճ: Անվտանգության խորհրդում այս հարցի վերաբերյալ առաջին քննարկման ժամանակ Ադրբեջանը հրաժարվեց ստանձնել որևէ պատասխանատվություն իր գործողությունների համար և նույնիսկ հայտարարեց, որ չի վերահսկում Լաչինի միջանցքը։ Վերջին ութ ամիսների ընթացքում Ադրբեջանը մի շարք պատրվակներ է առաջ քաշել իր գործողություններն արդարացնելու նպատակով։ Սկզբում այսպես կոչված էկոակտիվիստներ էին՝ մտահոգված շրջակա միջավայրի պահպանությամբ, հետո Լաչինի միջանցքով զենք տեղափոխելու անհիմն մեղադրանքները, ավելի ուշ՝ ռազմական սադրանքները և այլն։

Լաչինի միջանցքը համաձայնեցվել է որպես Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի միջև կապող օղակ և չունի այլընտրանք։ Լաչինի միջանցքը պետք է բացվի, իսկ ինչ վերաբերում է այլ հնարավոր հաղորդակցություններին, դա պետք է լուծվի Բաքու-Ստեփանակերտ երկխոսության միջազգային մեխանիզմի շրջանակներում։

Այսպիսով, այսօր ես այստեղ եմ, որպեսզի հայցեմ ձեր աջակցությունը մարդասիրական բնույթի խնդիրները լուծելու համար, և մենք այս Խորհրդից ակնկալում ենք.

  • դատապարտել քաղաքացիական անձանց նկատմամբ, որպես պատերազմի մեթոդ, սովի կիրառումը, որն արգելված է միջազգային մարդասիրական իրավունքով,
  • դատապարտել հումանիտար օգնության ապօրինի մերժումը և Լեռնային Ղարաբաղի խաղաղ բնակչությանը գոյատևման համար անհրաժեշտ իրերից զրկելը, ներառյալ՝ օգնության մատակարարման և հակամարտության հետևանքով առաջացած պարենային անապահովությանն արձագանքելու հասանելիության կանխամտածված խոչընդոտումը,
  • պահանջել միջազգային մարդասիրական իրավունքով ստանձնած պարտավորությունների լիարժեք կատարում, ներառյալ քաղաքացիական անձանց, մասնավորապես կանանց և երեխաների, ինչպես նաև կարևոր քաղաքացիական ենթակառուցվածքների պաշտպանություն,
  • կոչ անել անհապաղ վերականգնել Լաչինի միջանցքով մարդկանց, տրանսպորտային միջոցների և բեռների տեղաշարժի ազատությունն ու անվտանգությունը՝ համաձայն նախկինում ձեռք բերված պայմանավորվածությունների,
  • ապահովել Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հետ լիարժեք համագործակցությունը և մարդասիրական օգնության ապահով և անխոչընդոտ մատակարարումը,
  • Լեռնային Ղարաբաղ գործուղել կարիքների գնահատման անկախ միջգերատեսչական առաքելություն և տուժած բնակչությանը տրամադրել  մարդասիրական օգնություն։

Այս հումանիտար հարցերն ակնհայտորեն պետք է լուծվեն միջազգային հանրության վճռական միջամտությամբ՝ նախքան բացասական հետևանքները կհանգեցնեն ԼՂ ժողովրդի էթնիկ զտման։ Ըստ Լեռնային Ղարաբաղի ընտրված ներկայացուցիչների, «սա կանխամտածված հանցագործություն է՝ պայմանավորված ցեղասպանություն իրականացնելու ակնհայտ մտադրությամբ։ Ադրբեջանի իշխանությունները նպատակաուղղված հրահրել են Լաչինի միջանցքի շրջափակումը՝ իմանալով, որ դա կհանգեցնի Լեռնային Ղարաբաղի ողջ բնակչության աստիճանական ոչնչացմանը, սակայն նախընտրել են շարունակել գործողությունների նման ընթացքը»։

Միևնույն ժամանակ Միջազգային քրեական դատարանի նախկին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյի զեկույցում նշված է, որ այն, ինչ տեղի է ունենում Լեռնային Ղարաբաղում, արդեն իսկ ցեղասպանություն է: Ըստ Օկամպոյի, «Ադրբեջանի անվտանգության ուժերի կողմից Լաչինի միջանցքի շրջափակումը, որը խոչընդոտում է ցանկացած սննդամթերքի, բժշկական պարագաների և այլ առաջին անհրաժեշտության ապրանքների հասանելիությանը, պետք է համարվի ցեղասպանություն՝ համաձայն Ցեղասպանության մասին կոնվենցիայի II հոդվածի «գ» կետի. «կյանքի համար միտումնավոր վատ պայմաններ ստեղծելը, հավասար է ֆիզիկական ոչնչացման»։ Սովը ցեղասպանության անտեսանելի զենքն է: Առանց անհապաղ կտրուկ փոփոխությունների հայերի այս խումբը մի քանի շաբաթից կոչնչացվի»։

Հարգելի Անվտանգության խորհուրդ, նման աղետի կանխումը ՄԱԿ-ի և այս Խորհրդի հիմնական պարտականությունն է: Ես իսկապես կարծում եմ, որ այս նշանավոր կառույցը, չնայած աշխարհաքաղաքական տարաձայնություններին, կարող է հանդես գալ որպես ցեղասպանության կանխարգելման, այլ ոչ ցեղասպանության ոգեկոչման կառույց, երբ արդեն շատ ուշ կլինի:

Եզրափակելով՝ ես կցանկանայի վերադառնալ իմ ելույթի հենց սկզբին։ ՄԱԿ-ի ամենակարևոր սկզբունքներից մեկը ոչ ոքի անուշադրության չմատնելն է, և 4-ամյա Էդվինը, 6-ամյա Անաստասիան, 7-ամյա Մարիան, 5-ամյա Դավիթը, 5-ամյա Տաթևը, 8-ամյա Սամվելը և շատ ուրիշներ դեռ հույս ունեն, որ իրենց անուշադրության չեն մատնի:

Շնորհակալություն»: