«Ես էլ եմ հիվանդ, երկիրն էլ… Երկի՛րն ի՞նչ է անելու, ու՛ր է գնալու…». Ռուբեն Հովսեփյան

2085

Գրող Ռուբեն Հովսեփյանի Ֆեյսբուքի 2016 թվականի գրառումներից ծաղկաքաղ, որ վերցրել ենք ԵՐԿԻՐ կայքից:

***

«Ես էլ եմ հիվանդ, երկիրն էլ… առավոտյան Գերմանիա եմ մեկնում ՝բուժվելու հույսով։ Երկի՛րն ի՞նչ է անելու, ու՛ր է գնալու…»:

***

«Երբ պատերազմ է, բանակն է խոսում, երբ ցույց է՝ ոստիկանությունը… Այլ ուժեր չկա՛ն»:

***

«Ճշմարտությունն ասելու փոխարեն հիմարություններ ենք դուրս տալիս… Ճշմարտությունն այն է, որ պատերազմն ավարտված չէ, նույնիսկ, այս կամ այն ճակատամարտն ավարտված չէ, իսկ ճակատամարտերում կարող ես նաեւ կորուստ ունենալ՝ բարձունք, դիրք, տարածք։ Կորուստը վերականգնել է պետք եւ ոչ թե արժեզրկել «անմշակ», «ամայի» պիտակներով։ Սա ի՛նչ վերաբերմունք է…»:

***

«Ինչ հրեշավոր է «նվազագույն կորուստներով» արտահայտությունը, երբ խոսքը վերաբերում է մարդկային կյանքին…»:

***

«Ուրբաթ օրը, կեսօրին, մի քանի րոպեով, աշխատասենյակիս դուռն առանց կողպելու, կողքի սենյակը մտա եւ երբ հետ եկա, աթոռիս թիկնակին գցած գարնանային բաճկոնակս չկար։ Գրպաններում անձագիրս էր, բանկոմատի քարտեր, բանալիներ… Գրասեղանին վերջին օրերին նվեր ստացած գրքեր էին դարսված։ Ոչ մի գիրք չէր թռցրել գողը… Տխուր է»:

***

«Ձեր տղամարդկանց նկատմամբ ներողամիտ եղեք, սիրելի կանայք, նրանք, հիմնականում, հանուն ձեզ են մեղք գործում»:

***

«Ավագ թոռս՝ Ռուբենն առնականացավ, հայացավ, ճանաչեց իր երկիրը, կինոբեմադրիչ դարձավ Հայոց բանակում… Մեր բանակը մեկ-երկու կիսագրագետ գեներալները չեն։ Մեր բանակը՝ մեր զավակներն են եւ մեր կիրթ, հմուտ սպաները, որոնց, ավաղ, լավ չենք ճանաչում… Մենք չենք գիտակցում, որ նրանք անհրաժեշտ են ոչ միայն բանակին, այլեւ ողջ հասարակությանը։ Մենք նրանց առջեւ պիտի լայնորեն բացենք հասարակության կիսաբաց դռները… Շնորհավոր տոնդ, Հայոց բանակ»:

***

«Այս երաժշտության տակ կարելի է թե՛ պարել, թե՛ … թաղվել»: